Նամակ-ապտակ` թիմից հեռացած խաղընկերոջը

Նամակ-ապտակ` թիմից հեռացած խաղընկերոջը

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում եղավ ամենաանսպասելի տրանսֆերներից մեկը. «Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին տեղափոխվեց հակառակ ճամբար` «Միլան»:

Լեոնարդո Բոնուչին Իտալիայի չեմպիոնի կազմում անցկացրեց 7 տարի: Այդ ընթացքում իտալացի պաշտպանը 5 անգամ դարձավ երկրի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ եռակի սուպերգավաթակիր: Տրանսֆերն իսկապես անսպասելի էր, քանի որ Բոնուչին համարվում էր հավատարիմ յուվենթուսցի: Նրա տեղափոխությունը «Միլան» զարմացրել ու զայրացրել է իր արդեն նախկին թիմակից Կլաուդիո Մարկիզիոյին, որը հրաժեշտի նամակ է գրել: Այն որքան հուզիչ է, այնքան էլ խնամքով նկարագրում է Մարկիզիոյի ցավն ու զայրույթը:

«Սիրելի Լեո, 7 տարի առաջ դու եկար մեծ ընտանիք՝ «Յուվենթուս»` որպես երիտասարդ եւ խոստումնալից ֆուտբոլիստ: Սկզբում ամեն ինչ դժվար էր, մենք քննադատում էինք քեզ: Այնուհետև եկավ Անտոնիո Կոնտեն եւ ամեն ինչ փոխվեց: Մենք գնահատեցինք քեզ, հասկացանք, որ հիանալի խաղացող ես: Այս 7 տարիների ընթացքում դու առաջադիմելով՝ դարձար աշխարհի միգուցե ամենաուժեղ պաշտպանը: Դու շատ բան ես տվել «Յուվեին», «Յուվեն» էլ քեզ քիչ չի տվել:

Այս տարիներին դու դարձել ես սեւ-սպիտակների կուռքը: Մենք քեզ սիրել ենք ոչ միայն որպես ֆուտբոլիստ, նաեւ որպես «Յուվենթուսի» համակիր: Քեզ մոտ տեսել եմ հաղթանակի ձգտում, անձնազոհություն` հանուն մեր ակումբի գույների: Մենք աղոթել ենք, լացել եւ ուրախացել քեզ հետ, քանի որ  մեկ նպատակ ունեինք: Տվել ես երջանկություն եւ անմոռաց էմոցիաներ: Տեսնո՞ւմ ես, սիրելի Լեո, «Յուվենթուսը» հույս է, հավատ…Մենք և երկրպագուներն անմնացորդ սիրում ենք ակումբը: Մեզ համար դա գումարի հարց չէ, այլ սրտի:

Լեո, դու հեռանում ես, եւ ես շնորհակալ եմ այս տարիների համար: Դու գնում ես, ինչի իրավունքն ունես: Նախկինում տեսել եմ` ինչպես են հեռացել Բաջոն, Զիդանը, Իբրահիմովիչը, Վիերին և շատ այլ կուռքեր: Կան ֆուտբոլիստներ, որոնք յուվենթուսցի են մնում հավերժ: Հաջողություններ եմ մաղթում քեզ:

Կներես, բայց ցանկանում եմ մի բան ասել: Կարծում էի, թե յուրահատուկ ես վերաբերվում մեր սեւ-սպիտակ գույներին: Եվ ընհանրապես, կարծում էի, որ դու յուրահատուկ ես: Մտածում էի`մի օր ստադիոն եմ գալու եւ հրաժեշտ եմ տալու մեծագույն յուվենտինոյի՝ Լեոնարդո Բոնուչիին: Ցավոք, երեւի դա կլինի ուրիշ վայրում: Շատ եմ ցավում:

Ցտեսություն, Լեո՛: Շնորհակալություն ամեն ինչի համար, դու կլինես «Յուվենթուսի» պատմության ուժեղագույններից մեկը: Երբ մենք հանդիպենք որպես մրցակիցներ, ամենայն հավանականությամբ, երկրպագուները քեզ կսուլեն: Այդ ժամանակ ես ցավ կապրեմ, քանի որ կարող էիր դասվել այնպիսիների շարքին, ինչպիսիք են Դել Պիերոն, Բուֆոնը, Պլատինին… Ֆուտբոլում լեգենդներն ավելին են, քան աստղերը: Սա, իհարկե, երկրպագուների կարծիքով:

Ցտեսություն, Լեո: Հույս ունեմ` հեռանալդ արդարացված է:

Քեզ գրում է «Յուվենթուսի» երկրպագու»:

Գրել կարծիք