Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում պայքարում են հրդեհը շիջելու համար. ահա, թե ինչպես
Բարդ ռելիեֆի, ուժեղ քամու և տապի պատճառով կրակի տարածման վտանգն ահագնանում է` սպառնալով նաև բնակավայրերին և հանգստավայրերին: Այրվում է մոտ 20 հա անտառ:
Հրդեհը չի հաջողվում մարել նույնիսկ արտասահմանից եկած օգնությամբ: Բորժոմիում են արդեն 95 արդբեջանցի և 79 հայ հրշեջներ, որոնք հրդեհի բազմաթիվ հատվածներում և կյանքի համար վտանգավոր պայմաններում կրակի դեմ միասին են պայքարում: Հայաստանը Վրաստան է ուղարկել 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական մեքենա, աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ, որոնք գործի են անցել տեղ հասնելուն պես և Վրաստանում կմնան այնքան ժամանակ, որքան պետք լինի հրդեհը մարելու համար: Ադրբեջանը երկու ուղղաթիռ է ուղարկել, որոնք զինված էին ջրի բաքերով: Բելառուսը` Մի 26 ուղղաթիռ, որը հնարավորություն ունի միաժամանակ մեծ ծավալով ջուր տանել դեպի հրդեհի օջախներ: Նույն ուղղաթիռով Վրաստան են ժամանել տասը բելառուս փրկարարներ: Աղետի գոտում աշխատում է նաև թուրքական ուղղաթիռ:
Նախատեսվում է, որ առաջիկա ժամերին կրակի դեմ պայքարի գլխավոր օջախը հրշեջների համար լինելու է Բորժոմի-Խաշուրի-Թբիլիսի ավտոմագիստրալը: Եթե հրդեհը վտանգավոր տարածությամբ մոտենա ճանապարհին, հազարավոր բնակիչներ և զբոսաշրջիկներ լեռնային տեղանքում շրջափակման մեջ կընկնեն: Նրանց հնարավոր կլինի էվակուացնել միայն ուղղաթիռով կամ լեռնային ոլորաններով, ոտքով:
Վրաստանի կառավարությանն իրենց օգնությունն են առաջարկել Միացյալ Նահանգները, Իսրայելը, Գերմանիան, Հունաստանը և Ռումինիան: Նախագահ Մարգվելաշվիլին բնական աղետի դեմ պայքարելու է ուղարկել երկրի զինուժին` հետևակին և ինժեներական վաշտերին: Նա շնորհակալություն է հայտնել հարևան երկրներից օգնության եկած փրկարարներին` նաև հայ հրշեջներին օպերատիվ արձագանքելու համար:
Այս ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշբիլին հաստատել է տեղեկությունը, որ Վրաստանի իշխանությունները չեն բացառում ահաբեկության վարկածը, քանի որ ականատեսները պնդում են` կրակը բռնկվել է Բորժոմիի կիրճի միաժամանակ մի քանի կետերում:
Կարդա նաև
Ինչու է Ֆինլանդիան արդեն 9-րդ տարին համարվում աշխարհի ամենաերջանիկ երկիրը
Newmag-ն Արմենիա Հ/Ը «Բարի լույսում» ներկայացրել է պատանիների, դեռահասների ու ամենափոքրիկների համար չորս նոր գիրք (տեսանյութ)
Տեղի ունեցավ Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)