Կիբերսպորտի կնքահայրը․ ու՞մ փողերով Դմիտրի Սմիլյանցեվը ստեղծեց Moscow 5-ը

Կիբերսպորտի կնքահայրը․ ու՞մ փողերով Դմիտրի Սմիլյանցեվը ստեղծեց Moscow 5-ը

Հաջողության յուրօրինակ ճանապարհը․ ռուսական կիբերսպորտային կազմակերպության ղեկավարից մինչև միջազգային հանցագործ

Ռուսական կիբերսպորտի ամենահայտնի ընկերության՝ Moscow Five-ի ղեկավար Դմիտրի Սմիլյանցեվը 2012-ին հայտարարեց, որ ընկերությունն ունի կիբերխաղերի նոր համադրող՝ միլիարդատեր բիզնեսմեն Սերգեյ Մատվիենկո (նա Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի որդին է): Դմիտրի Սմիլյանցեվը հայտարարեց, որ Մատվիենկոյի հետ բանակցություններն ընթացել են այն ժամանակ, երբ Moscow Fiveի թիմը մասնակցում էր կիբերսպորտի League of Legends համաշխարհային խաղերին ու հայտնվել էր եզրափակիչ փուլում:  

Նույն ժամանակ Moscow Five-ի կայքում հայտնվեց լուսանկար, որը փաստում էր՝ Մատվիենկոն թիմի անդամ է. Դմիտրի Սմիլյանցեվը նրա հետ «լեզու է գտել»:  

Նկարում Սմիլյանցեվը կապույտ գույնի սպորտային հագուստով է, իսկ Մատվիենկոն՝ հատակին նստած:

Առաջին տպավությունն այն է, որ Սմիլյանցեվը փողի քսակ է գտել՝ ի դեմս Մատվիենկոյի: Սակայն դա միայն առաջին հայացքից: Իրականում Դմիտրի Սմիլյանցեվը վաղուց քաղաքականության մեջ էր: Այդ են վկայում սոցցանցերում արված նրա գրառումները: Նա ընդգծված հայրենասեր էր, Պուտինի երկրպագու: 2012-ի նախագահական ընտրություններին նա ակնհայտ պաշտպանում էր Վլադիմիր Պուտինի թեկնածությունը: Նա վստահ էր, որ միայն Պուտինը կարող է Ռուսաստանը դարձնել ուժեղ երկիր:Պատահական չէր, որ սոցիալական իր էջում նա տեղադրել էր ռուս քաղաքական գործիչների դիմանկարների հեղինակ Նիկաս Սաֆրանովի վրձնի գործը՝ «Մոսկովյան օրհնված առավոտը», և տեղեկացրել, որ նկարիչն է նվիրել իրեն այդ նկարը:


Կարդացեք նաև.


Յուրաքանչյուր մրցաշարից առաջ նա աղոթում էր, խնդրում Աստծուն հաղթանակ շնորհել իր թիմին: Նա խաղում էր հանուն Մայր Ռուսիայի և հաղթում՝ ապացուցելու համար, որ Ռուսաստանն ամենուժեղն է:  

Սմիլյանցեվի ծանոթությունը Վլադիմիր Դրինկմանի հետ 2003-ին էր: Նրանք ինտերնետով միասին Counter-Strike էին խաղում: Այդ խաղի ընթացքում Սմիլյանցեվը շատ խարդախությունների էր դիմում՝ օգտագործելով չիտկոդեր: Ինտերնետ-խաղը մտերմացրեց երկու երիտասարդներին, նրանց ընկերությունն օնլայն հարթակից տեղափոխվեց իրական կյանք: Դրինկմանը հաճախ էր ասում, որ Դմիտրի Սմիլյանցեվի հետ կարելի խմել ու հարբել:

Վլադիմիր Դրինկմանը մեծացել էր Կոմիի հանրապետությունում: Դպրոցական տարիքից հետաքրքրվում էր համակարգիչներով: Ինքնուրույն սովորել էր С++ : Համալսարանում աշխատում էր ցանցային ադմինիստրատոր:

Դմիտրի Սմիլյանցեվը մոսկվացի էր, մեծացել էր հայտնի դատապաշտպանի ընտանիքում, սովորել էր Բաումանի անվան տեխնիկական համալսարանի ինֆորմացիոն անվտանգության բաժնում:

Այս երկու ընկերները 2005-ից հանցավոր համաձայնության եկան. ներթափանցեցին ֆինանսական ընկերությունների, խանութների համակարգչային ցանցեր ու սկսեցին գողանալ կրեդիտ քարտերի տվյալներ: Սմիլյանցեվը նաև զբաղվում էր այդ տվյալների վաճառքով: Նրանք անգամ կարողացան թափանցել Nasdaq բիրժայի, 7-Eleven սուպերմարկետի, Carrefour ֆրանսիական ընկերության ցանցերը: 10 տարվա ընթացքում նրանց ձեռքում հայտնվեցին ավելի քան 160 մլն. կրեդիտ-քարտեր՝ այդ ընկերություններին հասցնելով ավելի քան 300 մլն. դոլարի վնաս:

Moscow 5-ի հաղթանակը կիբերսպորտի հերթական մրցաշարում

Վլադիմիր Դրինկմանին Ամերիկյան հատուկ ծառայություններին մատնացույց արեց հաքեր Ալբերտ Գոնսալեսը (Գոնսալեսը 130 մլն. կրետիդ քարտ գողանալու համար դատապարտված էր 20 տարվա ազատազրկան), որոշ ժամանակ անց թիրախում հայտնվեց Սմիլյանցեվը:

Սմիլյանցեվին և Դրինկմանին ձերբակալեցին Ամստերդամում: Նա ինքն, ըստ էության, մատնեց իր տեղը. սոցցանցի իր էջում տեղադրեց լուսանկար՝ Ամստերդամից: Ամերիկյան հատուկ ծառայություններն անմիջապես գործի անցան: Նրանք իմացան, որ Սմիլյանցեվը երկու սենյակ է վարձել Ամստերդամի հյուրանոցներից մեկում՝ մեկն իր համար, մյուսը՝ Դրինկմանի: Երկուսը մեկում՝ Ամերիկյան հատուկ ծառայությունները չէին էլ ակնկալում այսպիսի հաջողություն:

Ձերբակալությունից հետո լրատվամիջոցները կասկածի տակ դրեցին Moscow Five-ի ֆինանսավորման աղբյուրը: Մինչև այդ բոլորը վստահ էին, որ Դմիտրի Սմիլյանցեվի ֆինանսավորողը միլիարդատեր բիզնեսմեն Սերգեյ Մատվիենկոն է: Հիմա արդեն շրջանառվում էր գողացված գումարների լեգենդը: Լրատվամիջոցները Սմիլյանցեվին սկսեցին կոչել «Կիբերսպորտի կնքահայրը»:

Սմիլյանցեվի դատապաշտպան հայրը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ որդու մեղքը ապացուցված չէ, փաստերն անուղղակի են: Այնուամենայնիվ, գործն ընթացք ստացավ, Սմիլյանցեվին և Դրինկմանին մեղադրանք առաջադրվեց: Նույն գործով հետախուզում հայտարարվեց ևս 3 անձի համար:

2015 թվականի սեպտեմբերին Սմիլյանցեվն ու Դրինկմանն ընդունեցին իրենց մեղքը: Այս պահին Սմիլյանցեվը գտնվում է ամերիկյան բանտում, ասում են՝ բանտում ուսումնասիրում է իսպաներեն ու չիներեն: Դրինկմանը Հոլանդիայի հոգեբուժարանում է:

Մի քանի օրից՝ սեպտեմբերի 22-ին ամերիկյան դատարանը կհրապարակի դատավճիռը. ԱՄՆ օրենքով՝ նրանց սպառնում է 25-35 տարի ազատազրկում:

 

Գրել կարծիք