BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր-17] Ինչպես հայտնվեցի զինվորական հո

[Զինվորի օրագիր-17] Ինչպես հայտնվեցի զինվորական հոսպիտալում. «սրտացավ» պատմություն

Բանակում ծնունդները չեն մոռացվում, երկու անգամ է ու երկու դեպքում էլ անմահանում են: Առաջինը, հիմնականում նշում են զորամասում, երկրորդը՝ դիրքում: Կապտյորկայում հավաքվում են, բացում արկղերը, լցնում գաղտագողի տեղ հասցրած ավշարի շշերը, կենացներ ասում մեկանգամյա օգտագործման պլաստմասե բաժակներով, որ ձայն չլսվի, խմում են առանց ավելորդ հռհռոցի, ցածր երկխոսությամբ:
Ծնունդներից հիշում են, երբ խմել են անսահամանափակ`կորցնելով հաշիվն էլ, չափն էլ, շշերն էլ: Ամեն ինչ անշառ կանցնի, եթե հարբեցողների կազմում հասուն տղաներ լինեն կամ չխմողներ` վտանգը կզգան: Պայթյունավտանգ րոպեներին բոլորին համոզելով, հորդորելով ու ստիպելով տանում, մեջքը տրորում, պառկացնում են: Առավոտյան ամեն ինչ անցած է լինում: Եթե բոլորն էլ հարբել են, նշանակում է՝ երկարաժամկետ տույժերն անխուսափելի են, ամեն դեպքում դրա հավանականությունը մեծ է: Կան նաև այլընտրանքային տարբերակներ՝ ամեն ինչ ավարտվում է կռվով, անկեղծանում են մինչև հոգու խորքը, աթոռը դարձնում սառը զենք, շիշը սուր, սեղանը վահան: Կամ բռնվում են դեռ չսկսած, երբ դուռը թակում է հրամանատարը, տեղակալը, ռազմական ոստիկանը:
Նվազագույնը՝ մեկ շաբաթ արտահերթ վերակարգ, առավելագույնը՝ տասը օր կարգապահական վաշտ: Պատժի սանդղակն է: Լինում են դեպքեր, երբ մինչև այդ, պետք է վերականգնվել, բուժվել, գտնվել բժիշկների հսկողության տակ: Այսինքն հարբած քնում են գետնին, մրսում, թոքաբորբով լքում զորամասը: Այս անգամ կպատմեմ հոսպիտալում անցկացրած օրերի մասին: Այնտեղ հայտվում են՝ անուշադրության հետևանքով ու երբեմն էլ պատահաբար, անկախ իրենց կամքից: Հիմնականում հանդիպում են ծառայողական առաջադրանք կատարելիս տուժած, եղանակային պայմաններից վատառողջ զինծառայողներ, մեկ մեկ էլ ծնունդներից վթարված դեմքեր:
Հայաստանում զինվորական գլխավոր ու ամենամեծ հիվանդանոցը կենտրոնական կլինիկական հոսպիտալն է՝ Մուրացանի հոսպիտալը: Այդպես են անվանում, որովհետև գտնվում է գրողի անվան փողոցի վրա: Մոտ մեկ շաբաթ եմ մնացել, անցկացրածս օրերն էլ, ժամերն էլ բավականին տպավորիչ էին ու ամփոփում են հոսպիտալի անձնակազմի ու հիվանդների անցուդարձը:
Սրտի ծակոցներ ունեի, մեկ ամսից ավելի: Առաջին պատճառը՝ ծխելն էր, դա պարզ էր առանց հետազոտության ու ախտորոշման: Երբ ձեռքս տանում էի սրտիս, դիմացինս միանգամից դիագնոզը տալիս էր՝ սիգարետդ մի կողմ դիր, կանցնի: Ամեն ինչի իրական պատճառն իրականում միայն տուժածը գիտի: Վերջին շրջանում գիշերները չէի քնում, կարդում էի, ֆիլմեր դիտում, սկսել էի քիչ մարզվել, դարձել էի ավելի նստակյաց, շատ էի ուտում, գիրացել էի: Իմ համոզմամբ դրանք են վատառողջ լինելու գլխավոր պատճառները, գումարած ծխելն էլ, երբեմն խմելը:
Անոթային վիրաբուժության բաժանմունքում եմ: Զորամասի բուժկետից ուղեգիրը վերցրել եմ, ներկայացել հոսպիտալ, բերել են 7-րդ պալատ: 5 տեղանոց սենյակ է, 4-ը զբաղված: Երկուսը զինվոր են, մեկը սպա, մյուսն էլ զինծառայողի ծնող: Հոսպիտալը նորոգված չէ, պատերին ճաքեր կան, մահճակալները սովետական են, գույքը՝ զինվորական, բժշկուհիները՝ սպայական: Առաջին րոպեներն ամենաերկարն են, մինչև լեզու գտնես մյուսների հետ, տղերքին ճանաչես, բժիշկները՝ քեզ ճանաչեն: Իրենք էլ նույն տրամադրությամբ են:  Ժամկետայիններից մեկը մարզից է, մյուսը քաղաքից, երկուսն էլ Արցախում են ծառայում:
Հեռախոսն այստեղ նույնպես արգելվում է, բայց ավելի անարգել է հայտնվում զինվորի ձեռքում, քան զորամասում: Գլխավերևում սպաներ են, բայց սպիտակ խալաթով, ընդ որում և մեծ մասամբ կանայք են՝ մամաներ, մեկի որդին է ծառայում, մյուսը տանն այնքան խնդիրներ ունի, նույնիսկ խուսափում է զրուցել: Մի խոսքով՝ սկսում եմ հոսպիտալին ընտելանալ ավելի հեշտ, քան կարելի է պատկերացնել: Մեկ շաբաթը բավարար է, որ ամեն ինչ տեղն ընկնի:
Հոսպիտալի կարգուկանոնը սահմանում է՝ հիվանդներին կարելի է տեսակցել ամեն հինգշաբթի կեսօրից հետո, բայց այս կարգը հաճախ է խախտվում, երբեմն բժիշկներն են անտեսում խախտողներին, որովհետև տուժածի ծնողները կարող են մայրաքաղաք գալ Մեղրիից կամ Նոյեմբերյանից, նրանց ճամփան փակելը դժվար է:
Տղերքն արդեն հարմարվել են, մեկ ամիս է հոսպիտալում են, շուտով կավարտեն բուժումը, կգնան տուն, այնուհետև` զորամաս: Սա ընթացակարգն է, սովորաբար հոսպիտալային ապաքինումից հետո զինվորին տալիս են 20 օր տանն անցկացնելու համար: Այն անվանում են մայրական խնամք: Օրենքով սահմանված է ու բարոյապես հաստատված՝ մորից լավ, որևէ մեկը չի կարող որդուն կազդուրել:
Կես ժամ սպասելուց հետո բժիշկները եկան, ուղեկցեցին հետազոտության: Սարքերը կան, բավականին նոր են ու երևի ժամանակակից: Ամբողջ պրոցեդուրայից հասկացա միայն առաջինը՝ սրտի աշխատանքի ստուգումը, մնացածն արեցին անձայն ու առանց ինձ այս ու այն կողմ տանելու` տեղում:
Վերջացրին, թղթերը տպիչի վրայից վերցրին, դուրս եկան: Ես վերադարձա իմ սենյակ, իրենք՝ բաժանմունքի պետի մոտ: Սկսվեց բուժումը՝ система-ներ: Օրը երկու անգամ, մոտավորապես մեկ լիտր հեղուկ: Բժշկուհիները գալիս են, գործն անում, դուրս գալիս: Տղերքից մեկին սարք է ամրացված, ենթադրում եմ սրտի աշխատանքն է ստուգում, գրանցում, մյուսի թոքերն են բուժում: Կողքիս պառկած սպան կապիտան է, միջին տարիքի, կես կատակ, կես լուրջ խոստովանում է. «Զինվորներն այս օրն ինձ գցեցին, 100 տարի մնար բժշկի դուռը չէի ծեծի»:  



Զինվորի օրագրում` նախորդիվ




Իրականում այդպես էլ կա: Նրանց մասին քիչ ենք խոսում, քիչ եմ գրում, բայց իսկապես աշխատանքը բարդ է, պատասխանատու է ու երբեմն նաև անշնորհակալ: Չեք հանդիպի սպայի, ով ծառայության ընթացքում առողջական գոնե մեկ խնդիր չի ունեցել, ավելին, առողջությունը կոչումի նման է, երեք տարին մեկ սրվում է, բարձրանում, ավելանում, ծանրանում: Նրա հետ շփվում ենք ընկերոջ պես: Ի դեպ, հիվանդներն այստեղ հավասար են՝ զինվորն էլ, սպան էլ նույն կարգավիճակն ունեն, արտոնյալներ չկան, բուժվում են նույն ձևաչափով, սնվում նույն կերպ:
Հոսպիտալը հետաքրքիր վայր է նաև միմյանց ճանաչելու առումով: Այստեղ գումար շատերն ունեն, ընտանիքի վերջին կոպեկն էլ լինի ծնողներն ուղարկում են հիվանդին, այն էլ զինվոր տղային, հետն էլ ունեցածը կապում, ճամփում: Զինվորներից մեկի հետ ընկերացա, Նաիրի է անունը, Դաշտավանից, նույնիսկ վերջին կոնֆետն էր առաջարկում, հյուրասիրում, խանութ գնալիս հարցուփորձ անում, նոր դուրս գալիս: Մյուսը շատ ինքնուրույն էր, ինքնամփոփ, ձեռքը փակ: Ուտում էր միջանցքում, մեզանից հեռու, ծախսում էր անձայն, կշտանում առանց ակնարկելու: Փոխադարձ էր: Սպայի կինն էր ամուսնուն խնամում, չէինք խառնվում:
Հոսպիտալում գրեթե միշտ մեկ զորամասի չափ զինվոր կա, բոլոր տեղերից: Նույնքան մարդ էլ գալիս գնում է օրվա ընթացքում: Ժամանակավոր բնակիչներն ամառը շրջում են կապույտ, ձմռանը շագանակագույն հանդերձանքով: Այստեղ զինանձնակազմ ավելի բազմազան է, քան մեկ զորամասում: Հոսպիտալի բակն իսկական ճեմուղի է, մենք էլ կարծես ծերեր լինենք: Կեսօրին զույգերով դրսում ման էինք գալիս, պարապությունը կոտրում նարդու, շախմատի առաջ:
Հոսպիտալում մնալը շատերի համար առավելություն է, երբեմն լինում են դեպքեր, երբ զինվորներն են առիթներ փնտրում բժիշկներին այցելելու համար, մանավանդ, որ դրան հաջորդելու է մայրական խնամքը: Այստեղ վերկաց չկա, շարք կանգնել նույնպես: Չեն անհանգստացնում, չեն վազացնում, ոչ էլ տարածք ես մաքրում: Ընդամենը՝ քնիր, արթնացիր, սնվիր, դեղերն ընդունիր ու խելոք պահիր քեզ:    
Հիվանդանոցային մեկ շաբաթը զորամասային է մի քանի պատճառով: Այստեղ մեծ մասը ժամկետայիններ են, զորամասերից իրենց հետ տղայական բարքեր, ինքնահաստատվելու բոլոր մեթոդները ժառանգած, թևի տակ դրած բերած ասպետներ: Մեկ սենյակում տղաներ են ՝ հիգիենա ու տարբերություններ՝ ճաշակի, զբաղվածության, աղմուկի՝ բարդ է:
Եթե ուզում ես հոսպիտալում քեզ բուժեն և ոչ թե նոր հիվանդություններ ձեռք բերես կանոնադրային հարաբերությունների հետևանքով, պիտի նախ ինքդ կարգավորես սենյակի անցուդարձը, փորձես սահմանել նորմեր, որոնք կգոհացնեն բոլորին՝ գոնե տեսական մակարդակում, գործնականում արդեն հեշտ կլինի, որովհետև նախապես համաձայնված կլինեն քո առաջարկներին ու դրանցից հետ կանգնելը վտանգավոր է նրանցից յուրաքանչյուրի համար:
Ինքդ պիտի բացատրես յուրաքանչյուրին համատեղ կենցաղավարության կանոնները, որովհետև հանդիպում են շատ ծայրահեղությունների հասնող գաղափարներով երիտասարդներ, պետք է գտնել նրանց միավորող հիմնականը, որը կհաշտեցնի բոլորին ու չի խանգարի քեզ: Հեռավորութունն է ստիպում պահել պայմանավորվածությունը, հարգել միմյանց ու բարեկամանալ միայն լավ ճանաչելու դեպքում:
Արդեն լավ եմ, հետևում եմ սրտիս, աչքս էլ վախեցել է, այսուհետև ավելի զգուշավոր կլինեմ: Հոսպիտալից մեկ ամսից ավելի է վերադարձել եմ, բայց Նաիրի հետ կապս պահում եմ, ազնիվ տղա է, պայմանավորվել ենք էլի հանդիպել, բայց ոչ հոսպիտալում, ոչ էլ ծառայության ընթացքում: Հետո` ավելի ուշ:

Տարածել