Մեկ հպումով ու մեկ ֆոտոյով. ինչպես են Instagram-ի օնլայն խանութները փոխում շոփինգի կուլտուրան

Մեկ հպումով ու մեկ ֆոտոյով. ինչպես են Instagram-ի օնլայն խանութները փոխում շոփինգի կուլտուրան

Վերջին շրջանում նկատելի է, որ Instagram ֆոտոսոցցանցը վերածվել է մեծ խանութի. մեծ ու փոքր բուտիկները, անհատ վերավաճառողներն ու հենդմեյդերները իրենց սպառողին փնտրում են հենց ասյտեղ: Ահա, թե ինչպես դա պատահեց:

90-ականներին, երբ առաջին անգամ համացանցում հայտնվեցին վիրտուալ խանութները, սպառողներից շատերը դրան վերաբերվեցին կասկածամտորեն: Իսկ լյուքս դասի շատ բրենդներ կարծիք հայտնեցին, որ  վաճառքի այդպիսի տարբերակը համահավասարեցնում է վաճառվող իրերի կարգավիճակը: Չէ ո՞ր թանկ հագուստ գնողները երբեք չեն փոխարինի աննկատ, անհոգի առցանց շոփինգը մեկ բաժակ շամպայնով, ֆոտոխցիկների լուսյերի ներքո կատարվող մեծ շուքով ու աղմկոտ գնումներով:

20 տարի անց փոխվեց ամեն ինչ: Ինտերնետային շոփինգն ամենասովորական ու տարածված երևույթն է: Ավելին, այսօր արդեն սպառողն իր զգեստը կամ պայուսակը տեսնում, հավանում ու նույնիսկ գնում է Instagram ֆոտոսոցցանցում:

Անցյալ տարի նոյեմբերին Net-А-Porter.com-ն օնլայն ամենահաջողակ ֆեշն-հարթակներից մեկը ամերիկյան 20 բրենդների հետ նոր ծառայություն առաջարկեց. հնարավորություն գնել դուր եկած իրը հենց ֆոտոյի միջոցով: Պարզապես պետք է սեղմել «Buy» կոճակը: Եթե մի ժամանակ սոցցանցից պետք էր տեղափոխվել խանութի օնլայն կայք, հիմա ամեն ինչ շատ ավելի պարզ է` տեսար- հավանեցիր- գնեցիր: Հատկապես, Instagram-ն արդեն վաղուց դարձել է իսկական վիրտուալ խանութ:  Այն սոցիալական ցանց է, որի գլխավոր շեշտը եղել է ու միշտ էլ կմնա տեսողական գործառույթը:  Այն իդեալական հարթակ է, հատկապես, նորաձևության ինդուստրիայի խաղացողների համար:

Իսկապես, Instagram-ն արդեն անձնական ֆոտոալբոմից վերածվում է լիարժեք բիզնես-հարթակի: Սոցցանցը վերջերս առաջարկեց մեկ ֆոտոյի տակ հրապարակել միանգամից մի քանի ֆոտո. մեկ նկար, մեկ վաճառվող իր, որը կարելի է տեսնել միանգամից մի քանի անկյուններից: Փոքրիկ բրենդները նույնպես ժամանակին հասկացան, ժամանակակից գնորդին պարտադիր չէ խանութ գնալ, բավական է, իրը տեսնել մի քանի ռակուրսով ու տեղում գնել:  Այս ֆորմատով հաջողությամբ աշխատում են նաև  վինտաժային իրեր վաճառողները: Եթե մի ժամանակ պետք էր ստեղծել հատուկ էջ eBay-ում կամ Etsy-ում, այսօր հերիք է նաև Instagram-ի հաշիվը: Ընդամենը մի քանի վայրկյան, ու երազանքների զգեստը կամ 50-ականների ոճով կարված ջինսը կլինի քոնը:

Սոցցանցային խանութները մեկ օրվա մեջ տեղադրում են մի քանի նոր իր: Որոշ բրենդներ ավելի են առաջ գնացել ու գնորդին առաջարկում են  հավանած իրի լուսանկարի տակ առաջինը հասցնել ու գրել փոստային ինդեկսը կամ որևէ մեկնաբանություն, ու վաճառվող ապրանքը ստանալ առաջինը ու ամենամատչելի գնով: Ամեն ինչ սպառվում է վայրկյանների ընթացքում: Շատ էջերում կարելի է տեսնել «Sold» կոճակը, այսինքն, մտածելու համար ունեք մի քանի վայրկյան: Պորբլեմը մեկն է, այսպիսի օնլայն գերարագ աուկցիոններում վերադարձի ու փոխանակման ծառայություն չկա:  Տարօրինակ չէ, որ շատ բրենդներ արդեն ստեղծվում են միայն սոցցանցերում, խանութ չեն բացում, իսկ խանութ կամ կայք ունեցող շատ ընկերություններ էլ փակում են ամեն ինչ ու ներկայանում միայն այստեղ: Սա վաճառող ընկերություններին շատ հարմար է, լավ ու հարմար կայք ունենալու համար գումար չես ծախսում, կատալոգ կազմելու վրա գումար չես ծախսում, պետք է ընդամենը լավ լույսի տակ արված մեկ ֆոտո:

Միայն խանութները չէ, որ տեղափոխվում են Instagram, մարդիկ, որոնք սոցցանցերում կամ օնլայն վաճառքի կայքերում առաջարկում էին անպետք կամ օգտագործված իրեր, նույնպես օգտվում են այս տարբերակից: Այդպիսի էջեր են Vestiaire Collective-ը, TheRealReal-ը: Այս էջերում կարելի է վերագնել բերնդային իրեր:  Մի քանի տարի առաջ Style Caster-ը հրապարակեց հոդված մեկ հեշթեգով վաճառվող ապրանքների մասին: Պետք էր, պարզապես, փնտրել #ShopMyCloset կամ #Instashop  ու ծրագիրը սոցցանցում միանգամից գտնում ու առաջարկում էր հազարավոր էջեր: Հոդվածում, որպես օրինակ, բերվում էր Էշլի Ստինհովենի պատմությունը: Էշլին իր Instagram- խանութը` Bloom Designer Findsը, մի քանի ամսում այնքան հայտնի դարձրեց, որ սկսեց օրական վաճառել հիսուն իր:  

Մի խոսքով, բրենդները կարող են հրաժարվել իրենց սովորական ինտերնետային խանութներից ու տեղափոխվել Instagram:  

Եվրոստատի տվյալներով` 2016 թվականին ինտերնետ օգտատերերի 2/3-ը առցանց գնումներ է արել: Հագուստ գնում են հիմնականում 16-24 տարեկանները:  Instagram-ի օգտատերի գրեթե կեսը հենց այս տարիքային խմբից են: Թվերն ամեն ինչ ասում են, ակտիվ երիտասարդ օգտատերերը նորաձևության ինդուստրիային թելադրում են իրենց պահանջներն ու սովորությունները: Instagram-ով «see now buy now» ֆորմատով գնում կատարելը դարձել է շատ պոպուլյար: Որոշ լյուքսային ընկերություններ այսօր էլ շարունակում են մի քիչ կասկածամտորեն վերաբերվել հազար դոլարով ինտերնետում հազվագյուտ կաշվից պայուսակ կամ կոշիկ գնելու հնարավորությանը, բայց տասը կամ քսան տարի առաջ օնլայն գնումներին ընդհանրապես, ոչ ոք չէր հավատում:

Instagram-ում մեկ ֆոտոյի միջոցով գնումներն, իհարկե, թերություններ էլ ունեն: Մինչ ավանդական բուտիկներն ու օնլայն խանութներն ամեն ինչ անում են, որ հաճախորդին հնարավորինս շատ պահեն իրենց խանութում կամ մտածում են, հնարավորինս լավ որակի ապրանք առաջարկել, մարդիկ ընդամենը դուր եկած զգեստի կամ ականջողի ֆոտոյի վրա սեղմում են «գնել» կոճակը: Բայց ամեն ինչ այնքան արագ է տեղի ունենում, որ, կարծես թե, ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչ որակ ունի ապրանքը, ոչ ոքի չի հետաքրքրում նկարից այն կողմ, գեղեցիկ մոդելի վրա, իդեալական նստած հագուստի կարերը մաքուր են, թե ոչ, կտրվածքն ուղիղ է, թե ոչ այնքան, կտորը լավն է, թե` ոչ այնքան: Չէ ո՞ր լուսանկարում իրականությունը միշտ էլ շատ ավելի իդեալական ու գեղեցիկ է:

Գրել կարծիք