[Շարունակությունը՝ գրքում] Ժան–Ժակ Ռուսո․ Հասարակական դաշինքի մասին կամ քաղաքական իրավունքի սկզբունքները

[Շարունակությունը՝ գրքում] Ժան–Ժակ Ռուսո․ Հասարակական դաշինքի մասին կամ քաղաքական իրավունքի սկզբունքները

Աշխատությունը համաշխարհային քաղաքական փիլիսոփայության գլուխգործոցներից է, որը հաստատեց ժողովրդի ինքնիշխանության, ազատության, հավասարության և եղբայրության ըմբռնման սկզբունքները:

ԳԼՈՒԽ V

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ է ՄՇՏԱՊԵՍ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ՝ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Եթե  ես նույնիսկ  համաձայնեի այն ամենին, ին­չը մինչ այժմ ժխտել եմ, բռնապետության կողմ­նակիցները դրանից շատ բան չէին շահի։ Զանգ­վածներին հնազանդեցնելու և հասարակությունը կառավարելու միջև մշտապես զգալի տարբերու­թյուն գոյություն  կունենա։ Երբ  առանձին մարդիկ մեկը մյուսի հետևից ստրկացվում են մեկ մարդու կողմից, ապա որքան էլ լինի նրանց թվաքանակը, միևնույնն է, տվյալ դեպքում ես միայն տեսնում եմ տիրոջ և ստրուկների և ոչ մի դեպքում՝ ժողովր­դի և նրա ղեկավարի։ Եթե կուզեք, դա պարզապես մարդկանց կուտակում է, այլ ոչ թե միություն։ Այս­տեղ ո՛չ հասարակական բարիք գոյություն ունի, ո՛չ էլ քաղաքական մարմին։ Այդպիսի մարդը, նույ­նիսկ եթե ստրկացրել է աշխարհի կեսը, միևնույնն է, մնում է որպես առանձին անձ։

Նրա շահերը, քանի որ մյուսների շահերի հետ չեն համընկնում, մնում են միայն որպես մասնա­վոր։ Այդ մարդու մահանալուց անմիջապես հետո նրա միապետությունը ցիրուցան կլինի, և փո­խադարձ կապեր գոյություն չեն ունենա, ինչպես մոխրակույտ է դառնում կաղնին, երբ կրակը խժ­ռում է այն։ «ժողովուրդը,— ասում է Գրոցիուսը,— կարող է իրեն հանձնել թագավորի իշխանությա­նը»։ Այսպիսով՝ Գրոցիուսը ժողովրդին այդպիսին է ընդունում նաև մինչև արքային հպատակվելը։ Սակայն այդպիսի գործողությունը  քաղաքացիա­կան  բնույթ է կրում, և այն ժողովրդի կողմից ըն­դունված որոշում է ենթադրում։  Այսպիսով՝   նախ­քան  այդ գործողությունը  դիտարկելը, որի միջո­ցով ժողովուրդը թագավոր է ընտրում, վատ չէր լինի դիտարկել նաև այն գործողությունը, որի շնորհիվ ժողովուրդը  ժողովուրդ է դառնում, քա­նի որ առաջինին անպայմանորեն նախորդող այդ գործողությունը հասարակության իրական հիմքն է հանդիսանում։ Եվ, իսկապես, եթե նախնական համաձայնու­թյուն չլիներ, և եթե միայն ընտրությունը  միաձայն  չլիներ, ապա  որտեղի՞ց ի հայտ կգար մեծամաս­նության՝ փոքրամասնությանը  ենթարկվելու պար­տականությունը։ Եվ ի՞նչ իրավունքով հարյուր մարդ, որոնք ցանկանում են տիրակալ ունենալ, կքվեարկեն այն տասը մարդու համար, որոնք ոչ  մի  տիրակալ չեն ցանկանում ունենալ։ Ձայների մեծամասնության օրենքն ինքնին հիմնված է հա­մաձայնության վրա և ենթադրում է միաձայնու­թյուն՝ նվազագույնը գոնե մեկ անգամ։

 

ԳԼՈՒԽ VI

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՄԱՍԻՆ

Կարծում եմ, որ կան մարդիկ, որոնք հասել են այն աստիճանին, երբ խոչընդոտող ուժերը, որոնք նրանց խանգարում  են բնական վիճակում մնա­լու, գերակշռում են այն ուժերի նկատմամբ, որոնք ամեն անհատ կարող է գործադրել,  որպեսզի  պահպանի այդ վիճակը։ Այդպիսի պայմաններում սկզբնական վիճակն այլևս չի կարող գոյություն ու­նենալ, և մարդկային ցեղը կկործանվեր, եթե չփո­խեր իր գոյության ձևերը։ Բայց քանի որ մարդիկ չեն կարող ստեղծել նոր ուժեր, այլ կարող են միայն համախմբվել և ուղ­ղորդել արդեն գոյություն ունեցող ուժերը, ապա նրանց համար ինքնապահպանման այլ միջոցներ չեն մնում, քան համախմբվելով ստեղծել ուժերի հանրագումար որը կկարողանա հաղթահարել դիմադրությունը և այդ ուժերը  գործի դնել միակ շարժիչի օգնությամբ և ստիպել դրանց ներդաշ­նակ գործել։

Ուժերի այդ հանրագումարը կարող է առաջա­նալ միայն շատ մարդկանց համատեղ գործողու­թյունների դեպքում, քանի որ յուրաքանչյուր մար­դու ուժն ու ազատությունը նրա ինքնապահպան­ման հիմնական միջոցներն են, հետևաբար ինչ­պե՞ս կարող է նա, ինքն իրեն վնաս պատճառելով, դրանք տալ և հաշվի չառնել այն հոգսերը, որոնք իր իսկ նկատմամբ ունեցած պարտականություն­ներն են։ Իմ հետազոտության առարկան ընդգր­կող այդ դժվարությունը կարող է արտահայտվել հետևյալ բառերով՝ «Գտնել միության այնպիսի ձև, որը միահամուռ ուժերով կպաշտպանի և կպահ­պանի յուրաքանչյուր մասնակցի ունեցվածքը, և որտեղ յուրաքանչյուր անհատ, բոլորին միանալով, միայն  ինքն  իրեն կենթարկվի, բայց միևնույն ժա­մանակ  կմնա նույնքան ազատ, որքան  նախկինում  էր»։ Ահա այն հիմնական խնդիրը, որը լուծում է հասարակական դաշինքը։

Այդ դաշինքի հոդվածներն իրենց գործողու­թյան բնույթով հասցված են այնպիսի որակի, որ չնչին փոփոխությունն անգամ դրանք կդարձնի դատարկ և ոչ իրական։ Այդ իսկ պատճառով չնա­յած դրանք երբևիցե ճշգրտորեն չեն ձևակերպվել, միևնույնն է, ամենուր նույնն են և ամենուր էլ լռե­լյայն ընդունվում և կիրառվում են այնքան ժամա­նակ, քանի դեռ հասարակական դաշինքի խախտ­ման արդյունքում յուրաքանչյուրը կրկին ձեռք չի բերել իր սկզբնական իրավունքները և իր բնական ազատությունը՝ կորցնելով դաշինքի շնորհիվ ձեռք բերած ազատությունը, հանուն որի  նա հրաժար­վել էր բնական ազատությունից։ Այդ հոդվածները, եթե լավ ընկալվեն, հանգեց­նում են մեկ բանի, այսինքն՝ այդ միության  ան­դամներից յուրաքանչյուրի օտարմանն իր բոլոր իրավունքների հետ՝  հօգուտ ամբողջ համայնքի, քանի որ, նախևառաջ, երբ յուրաքանչյուրն ամ­բողջությամբ տրվում է այդ միությանը, ապա պայ­մանները բոլորի համար  նույնն են դառնում, իսկ եթե պայմանները բոլորի համար նույնն են, ապա ոչ մեկը շահագրգռված չէ, որ մյուսների համար այն ծանր բեռ հանդիսանա։

Բացի դրանից, քանի որ օտարումը կատարվում է առանց վերապահումների, ապա միությունը դառ­նում է կատարյալ այնքանով, որքանով այն կարող է այդպիսին դառնալ, և մասնակիցներից  ոչ մեկը հատուկ պահանջներ չունի, քանի որ եթե առան­ձին անհատներ որոշ իրավունքներ  դեռ  ունենային, ապա բարձրագույն իշխանության բացակայու­թյան պատճառով, որը կկարողանար լուծել հա­սարակության ու նրանց միջև ծագած խնդիրները, յուրաքանչյուրը, որոշ հարցերում իր սեփական դա­տավորը լինելով, շուտով  կսկսեր մյուս բոլոր հար­ցերում դատավոր դառնալու հավակնություն ունե­նալ։ Այսպիսով՝ բնական վիճակը կշարունակեր գոյատևել, միությունը անհրաժեշտության դեպքում կդառնար կա՛մ բռնակալական, կա՛մ անիմաստ։ Եվ, վերջապես, յուրաքանչյուրն, իրեն բոլորին ենթարկելով, իր անձն առանձին որևէ մեկին չի ենթարկում։ Ու քանի որ հանրության  անդամնե­րի մեջ չկա մեկը, որի նկատմամբ մյուսները նույն իրավունքները ձեռք չբերեին, որոնք  իրենք իրենց նկատմամբ զիջել են, ապա յուրաքանչյուրը ձեռք է բերում այն բանի համարժեքը, ինչը կորցնում է, և ավելի շատ ուժ է ձեռք բերում՝ պահպանելու հա­մար այն, ինչ ունի։

Եթե, այսպիսով, հասարակական դաշինքից հե­ռացնենք այն, ինչը նրա էությունն է, ապա կտես­նենք, որ այն հանգում է հետևյալին. մեզնից յուրա­քանչյուրն իր անձը և ողջ ուժը տալիս է ընդհանուր կամքի գերագույն ղեկավարությանը, և մենք բո­լորս յուրաքանչյուր անդամին ընդունում ենք որ­պես ամբողջի անբաժան մաս։

Պայմանագրային հարաբերությունների մեջ հանդես եկող առանձին անձանց փոխարեն միու­թյան այդ գործողությունն անմիջապես ստեղծում է բարոյական և կոլեկտիվ ամբողջություն, որը բաղ­կացած է այնքան անդամներից, որքան այն ձայն ունի, ամբողջություն, որն իր միասնականությունը՝ ընդհանուր եսը, կյանքը և կամքը ձեռք է բերում հենց այդ գործողության ճանապարհով։ Մյուս բո­լոր անհատների համախմբմամբ ստեղծված այդ հասարակական անհատականությունը նախկի­նում ստացել է հասարակական

 համայնք (cité)5  քաղաքաբնակին շփոթում են անվանումը, իսկ հիմա կոչվում է հանրապետու­թյուն կամ  քաղաքական մարմին, որին  իր անդամ­ներն ասում են պետություն, երբ այն պասիվ  է,  և գերիշխան,  երբ այն ակտիվ է, և վեհապետություն, եթե բաղկացած է նմանատիպ մարդկանցից։  Ինչ վերաբերում է միության անդամներին, ապա նրանք ամբողջության մեջ ընդունում  են ժողովուրդ անունը, իսկ առանձին կոչվում են քաղաքացիներ, որոնք գերագույն իշխանության մասնակիցներ են, և հպատակներ, որոնք ենթարկվում են պետու­թյան օրենքներին։ Սակայն այս եզրույթները եր­բեմն իրար են խառնվում, և մեկը դրվում է մյուսի փոխարեն, բայց, իհարկե, բավական է ընդամենը կարողանալ իրարից տարբերակել, և դրանք կօգ­տագործվեն իրենց ճշգրիտ նշանակությամբ։

«Cité» բառի իսկական իմաստը մեր օրերում գրեթե լրիվ մոռացվել է: Շատերը քաղաքը համարում են քաղա­քացիական համայնք և

քաղաքացու  հետ:  Նրանք չգիտեն, որ քաղաքը բաղկացած է տներից, իսկ քաղաքացիական համայնքը՝ քաղաքացինե­րից: Այդ մոլորությունը շատ թանկ նստեց կարթագենցիների վրա: Ես երբեք չեմ կարդացել, որ citoyen անվանումը տրվի որևէ տիրակալի հպատակին, նույնիսկ մակեդոնացիների մեջ չկար դա, իսկ մեր ժամանակներում  նույնիսկ անգ­լիացիների մեջ չկա, չնայած որ նրանք ազատությանն ավելի մոտ են կանգնած, քան մնացածները: Միայն  ֆրանսիացիներն են բավականաչափ համարձակորեն իրենց անվանում քաղաքացիներ, որովհետև նրանք բոլո­րովին չեն հասկանում այդ բառի նշանակությունը, ինչը երևում է նրանց բառարաններից: Եթե նրանք, իրենց այդպես անվանելով, հասկանային  բառի իմաստը, ապա այն ուզուրպացիայի ենթարկելով՝ վիրավորանք կհասցնեին Նորին Մեծությանը: Այդ անվանումը  նրանք անվանում են ոչ թե իրավունք, այլ առաքինություն: Երբ Բոդենը ուզում էր խոսել մեր քաղաքացիների և քաղաքաբնակների մասին, նա, մեկին մյուսի հետ շփոթելով, մեծ վրիպում էր թույլ տալիս: Դ’Ալամբերն իր «Cenève» հոդվածում չի շփոթել և ճիշտ տարբերակել է մարդկանց չորս (նույնիսկ հինգ, եթե չհաշվենք օտարերկրացիներին) տեսակ, որոնք ապրում են մեր քաղաքում, և որոնցից միայն երկուսից է բաղկացած հանրապետությունը: Մյուս ֆրանսիացի գրողներից, որոնց ես ճանաչում եմ, ոչ մեկը չի հասկացել «քաղաքացի» բառի իսկական իմաստը:

Ֆրանսերենից թարգմանեց Աշոտ Բլբուլ յանը

www.zangak.am

Գրել կարծիք