[բացատրագիր] Ինչո՞ւ է այդքան սկանդալային Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը

[բացատրագիր] Ինչո՞ւ է այդքան սկանդալային Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը

Նախ, պատկերացնելու համար, թե որքան զգայուն հարց է Երուսաղեմի կարգավիճակը, բավական է իմանալ, որ այս քաղաքն արաբերեն հնչում է ալ-Կուդս (القدس), բառացի՝ Սրբություն:

Այն իսլամական երրորդ սուրբ քաղաքն է Մեքքայից ու Մադինայից հետո: Քաղաքը նույնքան կարևոր է նաև հրեաների ու քրիստոնյաների համար: Երուսաղեմը  բաժանել անհնար է, քանի որ սրբավայրերը ոչ միայն կողք կողքի են, այլև որոշ դեպքերում՝ նույնիսկ միաձուլված: Քաղաքին միջազգային կարգավիճակ տալու գաղափարը ժամանակին քննարկվել է, բայց իրականություն չի դարձել:

Երուսաղեմին տիրանալու ժամանակակից փուլը սկսվել է 1967 թվականին, երբ արաբաիսրայելական պատերազմի հետևանքով Իսրայելը գրավեց Արևելյան Երուսաղեմը: Քաղաքի հենց այս հատվածում են տեղակայված քրիստոնեական, հրեական և մուսուլմանական կարևորագույն սրբատեղիները: Պատերազմից հետո սկսվեց հրեական բնակավայրերի զանգվածային շինարարություն նաև Երուսաղեմի այս հատվածում, աստիճանաբար փոխվեց ժողովրդագրական պատկերը: 50 տարվա ընթացքում քաղաքում հրեաների թիվն ավելացավ 200 հազարով: Իսրայելը այն հռչակեց իր մայրաքաղաք, բայց ՄԱԿ-ն ու ամբողջ աշխարհը դա համարեցին անօրինական, Արևելյան Երուսաղեմն էլ՝ օկուպացված: Միաժամանակ, պաղեստինցիները Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա մայրաքաղաքը, երբ վերջապես կստանան բաղձալի անկախություն:

Երուսաղեմի կարգավիճակը արաբաիսրայելական բանակցության միջոցով որոշելու կողմնակից է ամբողջ աշխարհը: Քանի որ այն չափազանց զգայուն հարց է հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների համար, քաղաքի կարգավիճակի միակողմանի ճանաչումը որևէ մեկի կողմից, արդեն իսկ լարվածության խթանում է: Իսկ երբ դա անում է Իսրայելի գլխավոր դաշնակից, բայց միաժամանակ միջնորդական առանցքային դեր ունեցող ԱՄՆ-ը, այն էլ՝ նախագահի մակարդակով, մուսուլմանների համար սա կարմիր գծի խախտում է:

Երուսաղեմի նկատմամբ նման դիրքորոշումը առաջին հերթին հարվածում է ԱՄՆ հեղինակությանը որպես միջնորդ, այս որոշումը ի զորու է նույնիսկ կաթվածահար անել ԱՄՆ հարաբերությունները տարածաշրջանի մուսուլմանական դաշնակից երկրների հետ: Թուրքիայի դեպքում արդեն ամեն ինչ վատ է, բայց Թրամփի որոշումը նոր հնարավորություններ է բացում նաև վերջին 5 տարում Մերձավոր Արևելքում իր դերը կտրուկ ավելացրած Իրանի համար, քանի որ ամերիկամետ արաբական երկրներում սպասվում է հակաամերիկյան տրամադրությունների աճ: Երուսաղեմի հարցը ի զորու է նույնիսկ գործակցության դաշտ ստեղծել Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև, որոնք այսօր միմյանց դեմ փաստացի պատերազմում են Յեմենում և Սիրիայում, պայքարում են ազդեցության գոտիների համար ամբողջ Մերձավոր Արևելքում: Երուսաղեմին անզգույշ դիպչելը փոխում է ստատուս քվոն ու պայմանավորվածությունների նոր հնարավորություն է բացում ամբողջ Մերձավոր Արևելքում:


Կարդացեք նաև․


Պաղեստինում հայտարարել են, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով՝ Թրամփը բացել է դժոխքի դռները:

Բայց մյուս կողմից, ԱՄՆ դաշնակից Ծոցի արաբական երկրների իշխանությունները ԱՄՆ դեմ կտրուկ քայլեր չեն անի: Խոսքն այնպիսի երկրների մասին է, որոնք լուրջ դեր ունեն նավթի համաշխարհային շուկայում: Գործակցության գլոբալ կծիկն այնքան բազմաշերտ է՝  նավթից մինչև զենքի վաճառք, ենթակառուցվածքներից մինչև Իրանի զսպում, որ քաղաքականության կտրուկ փոփոխությունն այստեղ գրեթե անհնար է:

Թրամփը ցնցում է սառեցված, բայց չլուծված մի հարց, որը նոր վայրիվերումների միջոցով կարող է վերաթարմացնել արաբաիսրայելական կարգավորման գործընթացը ու հանգել նոր լուծումների: Դժվար է հավատալ, որ ԱՄՆ նախագահը նման քայլի է գնացել իր իսրայելամետ ընտրողներին տված խոստումը պահելու համար: Ավելի հավանական է, որ Թրամփն ունի Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության նոր ծրագիր, որն էլ սկսում է իրականացնել՝ բացելով նոր վերադասավորումների լայն հնարավորություն:

Ամեն դեպքում, ցնցումներն ամենականխատեսելին են: Ու քանի որ խոսքը Հայաստանին անմիջական հարևանությամբ տեղի ունեցող տարածաշրջանում է, նաև հաշվի առնելով Երուսաղեմում հայկական բացառիկ ներկայության փաստը, անհրաժեշտ է շատ ուշադիր հետևել ու էլ ավելի ուշադիր մեկնաբանել սպասվող զարգացումները:

Գրել կարծիք