ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը՝ գրքում] Յոհաննա Սփիրի․ Հայդի

[Շարունակությունը՝ գրքում] Յոհաննա Սփիրի․ Հայդի

 ԳԼՈՒԽ I


ՍԱՐՆ Ի ՎԵՐ` ԴԵՊԻ ԱԼՄ ՕՀԻԻ ՏՆԱԿԸ


Գողտրիկ Մայենֆելդ գյուղը փռված է խոժոռ գագաթներով լեռների ստորոտին: Գյուղի փեշերից մի փոքրիկ արահետ ոլորվելով տանում է  դեպի բարձունքները: Ստորոտին խոտը  նոսր է ու կարճլիկ, բայց օդը հագեցած է ալպյան բարձր լեռնալանջերի ծաղիկների  անուշ բույրով:
Հունիսյան մի արևոտ ու պայծառ առավոտ արահետով քայլում էր այս լեռնային երկրից մի բարձրահասակ ու ամրակազմ կին: Մի ձեռքով նա բռնել էր շորերի կապոցը, մյուսով` մի փոքրիկ աղջկա ձեռքը: Երեխայի` առանց այն էլ արևահար այտերը սաստիկ կարմրել էին, և զարմանալի չէր. չնայած հունիսյան թեժ տապին` նրան այնպես էին շորերով կոլոլել, ասես ցուրտ ձմեռ էր:   Աղջնակը հազիվ հինգ տարեկան կլիներ, սակայն չէր երևում` ինչ տեսք ուներ, որովհետև երկու–երեք զգեստ էին մեկը մյուսի վրա հագցրել, դեռ  վրայից էլ փաթաթել բամբակյա մեծ, կարմիր շալով։ Խեղճը վերածվել էր կատարելապես տձև մի շորակույտի և ծանր գամերով ամրացված կոշիկները մի կերպ քարշ էր տալիս սարն ի վեր:
Մոտ մեկ ժամ բարձրանալուց հետո նրանք հասան Դյորֆլի անունով մի գյուղակի, որ մեր ճանապարհորդների հայրենի գյուղն էր: Գրեթե բոլոր տներից սկսեցին նրանց  ձայն տալ. մեկը` պատուհանից, մյուսը`դռնից: Կինը, սակայն, կանգ չառավ և բոլոր ողջույններին ու հարցերին պատասխանում էր քայլելով, մինչև հասան գյուղի ամենավերջին տանը, որտեղից ինչ–որ մեկը բղավեց.
— Սպասի՛ր մեկ վայրկյան, Դե՛թե, եթե շարունակելու ես բարձրանալ, հետդ գամ:
Դեթեն կանգնեց, իսկ երեխան իսկույն բաց թողեց նրա ձեռքն ու նստեց գետնին։
— Հոգնե՞լ ես, Հա՛յդի,— հարցրեց կինը:
— Ո՛չ, ուղղակի շոգ է,— պատասխանեց երեխան։
— Քիչ մնաց, հասնում ենք: Մի քիչ ուժերդ հավաքի՛ր ու մեծ քայլե՛ր արա, մի ժամից տեղ կհասնենք:
Հենց այդ պահին լիքը–լիքը ու բարեհամբույր դեմքով մի կին դուրս եկավ տնից և միացավ նրանց։ Երեխան հետևեց երկու կանանց, որոնք շուտով սկսեցին աշխույժ քննարկել Դյորֆլիի ու մերձակա գյուղերի բնակիչներին:
— Այդ ո՞ւր ես գնում երեխայի հետ, Դե՛թե,— հարցրեց կինը։— Սա պետք է որ քրոջդ երեխան լինի:
— Այո՛, նա է,— պատասխանեց Դեթեն,— տանում եմ պապի մոտ, պետք է այնտեղ մնա։
— Իսկապե՞ս, երեխային պապի մո՞տ ես թողնելու,— զարմացավ կինը,— խելքդ թռցրե՞լ ես, Դե՛թե։ Ինչպե՞ս կարող ես նման բան անել։ Ծերուկը երբեք չի համաձայնի ու երկուսիդ էլ հետ կուղարկի:
— Ոչ մի նման բան էլ չի անի: Նա երեխայի պապն է և պարտավոր է նրան տիրություն անել: Մինչև հիմա աղջիկն ինձ մոտ է եղել, բայց հիմա, Բա՛րբել, ինձ աշխատանք են առաջարկում, և ես չեմ կարող հանուն երեխայի գործիցս հրաժարվել։ Հիմա արդեն պապի` իր պարտքը կատարելու հերթն է:
— Դե, եթե նա սովորական մարդ լիներ, այո՛,— համաձայնեց Բարբելը,— բայց դու նրան լավ գիտես: Ի՞նչ է անելու այս մի մատ երեխայի հետ… Իսկ որտե՞ղ ես աշխատանք գտել:
— Ֆրանկֆուրտում,— ասաց Դեթեն,— մի շատ լավ ընտանիքի եմ հանդիպել Ֆրանկֆուրտից: Անցյալ տարի Բադ Ռագացում նրանք ապրում էին այն հյուրանոցում, որտեղ ես սպասուհի էի աշխատում: Դեռ այն ժամանակ ուզում էին ինձ հետները տանել, բայց ես չէի կարող: Հիմա վերադարձել են ու նորից են առաջարկում: Այս անգամ ես նման հնարավորությունը բաց չեմ թողնի:
— Չէի ուզենա այս երեխայի տեղը լինել,— թերահավատորեն ասաց Բարբելը,— ոչ ոք չգիտի`ինչ է անում ծերուկն այնտեղ` լեռներում:  Մարդկանց հետ չի շփվում, եկեղեցի չի գնում, տարին մեկ, հաստ գավազանը ձեռքին, իջնում է լեռներից, բայց բոլորը նրանից խույս են տալիս, անգամ վախենում: Իր այդ  փրչոտ, սպիտակած հոնքերով ու ահազդու մորուքով կարծես անհավատ լինի կամ ծեր հնդկացի: Մարդ չի ուզում նրան մենակ հանդիպել:
— Անգամ եթե այդպես է,— պնդեց Դեթեն,— նա աղջկա պապն է և պետք է հոգ տանի նրա մասին։ Եվ եթե աղջկան մի բան պատահի, մեղքը նրա վիզը:
— Շատ կուզեի իմանալ,— շարունակեց Բարբելը,— թե ինչ հանցանք է գործել ծերուկը, որ որոշել է մենակ ապրել վերևում ու այլևս մարդկանց աչքին չերևալ: Նրա մասին ինչ ասես` չեն խոսում, դու էլ լսած կլինես, քույրդ երևի պատմած կլինի։
— Իհարկե պատմել է, բայց ես բերանս փակ եմ պահում: Եթե ծերուկն իմանա, բանս բուրդ կլինի:
Բայց Բարբելը չէր ուզում նման հնարավորությունը կորցնել, նա պետք է իմանար` ինչ էր պատահել, որ ծերունին այդքան մարդատյաց էր դարձել և որոշել մեն–մենակ ապրել սարերում: Մարդիկ նրա մասին միայն շշուկով էին խոսում` ասես վախենալով նրա դեմ որևէ բան ասել, մյուս կողմից` չէին էլ պաշտպանում։ Բարբելը չգիտեր` ինչու էին Դյորֆլիում բոլորը ծերունուն Ալմ Օհի` քեռի Ալպ ասում. նա չէր կարող բոլոր բնակիչների քեռին լինել, բայց քանի որ բոլորը նրան այդպես էին անվանում, ինքն էլ էր այդ անունը գործածում:
Բարբելը վերջերս էր ամուսնացել ու տեղափոխվել Դյորֆլի: Մինչ այդ ապրում էր ներքևում` Փրեթիգաուում, և քիչ բան գիտեր Դյորֆլիի ու մերձակա գյուղերի անցուդարձի մասին։ Իսկ Դեթեն, որին նա լավ էր ճանաչում, ծնունդով Դյորֆլիից էր և իր ամբողջ կյանքը մոր հետ այդտեղ էր ապրել: Մի տարի առաջ Դեթի մայրը մահացել էր, և նա տեղափոխվել էր Ռագաց, որտեղ մի մեծ հյուրանոցում սպասուհու՝ լավ վարձատրվող աշխատանք էր գտել:
Այս առավոտ էլ նա երեխայի հետ Ռագացից էր գալիս: Մինչև Մայենֆելդ եկել էր խոտով բարձած սայլով: Սայլի տերն իր ծանոթներից մեկն էր և իրեն ու երեխային հետն էր վերցրել։ Բարբելն ուզում էր առիթից օգտվել ու վերջապես մի բան իմանալ ծերունու մասին: Ուստի նա մտերմաբար բռնեց Դեթեի թևն ու ասաց.
— Միայն դու գիտես ճշմարտությունը: Պատմի՛ր ինձ` ինչ է իրականում եղել ծերուկի հետ, և արդյո՞ք նա միշտ է այդպես ինքնամփոփ ու մարդատյաց եղել։
— Այդ մեկը հաստատ չեմ կարող ասել,— ասաց Դեթեն:— Հիմա ես քսանվեց տարեկան եմ, իսկ նա մի  յոթանասուն կլինի: Ես նրան երիտասարդ տարիքում չեմ տեսել: Բայց, միևնույնն է, եթե վստահ լինեի, որ հետո ամբողջ Փրեթիգաուն չի իմանա այս մասին, շատ բան կպատմեի քեզ, որովհետև մայրս ու նա նույն գյուղից էին` Դոմլեշգից։
— Ինձ ո՞ւմ տեղն ես դրել, Դե՛թե,— փոքր–ինչ վիրավորված ասաց  Բարբելը,— Փրեթիգաուում բամբասել այնքան էլ չեն սիրում: Բացի այդ, եթե պետք լինի, ես կարող եմ բերանս փակ պահել: Պատմի՛ր, չես փոշմանի։
— Դե, լա՛վ, լա՛վ, բայց տե՛ս` խոսքիդ տերը կլինես,— զգուշացրեց Դեթեն ու շուրջը նայեց, որպեսզի տեսնի` հո Հայդին մոտերքում չէր։  Երեխան չէր երևում: Հավանաբար հետ էր ընկել, իսկ իրենք, բամբասանքով ընկած, չէին էլ նկատել: Դեթեն կանգնեց ու նայեց շուրջը։ Արահետը մի քանի ոլորաններով էր ձգվում, բայց մինչև Դյորֆլի ամբողջությամբ տեսանելի էր: Ոչ ոք չէր երևում:
— Ահա նա,— հանկարծ գոչեց Բարբելը,— նայի՛ր այնտեղ,— և մատով ցույց տվեց հեռուն` կածանից ներքև:

www.zangak.am

Տարածել