BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ո՞վ էր արվարձանների Չեխովը, որի սուրճի բաժակում կի

Ո՞վ էր արվարձանների Չեխովը, որի սուրճի բաժակում կիսով չափ բուրբոն էր

Օրը ծույլ էր, ու նույնիսկ կիզիչ արևն էր կարծես ավելի մեղմ բաշխում իր շողերը՝ խնայելով հյուրերիս՝ խումհարից բորբոքված աչքերը։ Բոլորը խոսում էին շշուկով, սեղաններին դրված էին սուրճի և ջրի բաժակներ՝ այս փրկիչ զույգը, որ բոլորի պատկերացմամբ կարող է ակնթարթորեն կյանքի կոչել իրենց թմրած անդամներն ու մաքրել նախորդ երեկոյի ծայրահեղ բարձր ու չափազանց ուրախ ժամանցի հետքերն իրենց դեմքերից։ Սեղանին կարելի էր տեսնել քրտնած բարձր բաժակների մեջ պսպղացող ապերոլ շամպայնը՝ փորձառու կոնծաբանների համոզմունքով նման կիրակիների լավագույն դեղամիջոցը։ Ես էլ, հենված բարին, սպասելով, թե երբ է անցնելու հյուրերիս թըմբիրը, ու սկսվելու ամառվա նոր օրի հանդեսը, ինչն անխուսափելիորեն տեղի էր ունենալու վաղ թե ուշ, գլուխս շարժում էի 40-ականների ջազին համահունչ ու մտածում, թե ինչքան կուզեի ինքս մտածած լինել այդ նախադասությունը. «Հիանալի կիրակի կեսօր էր՝ մեկը նրանցից, որ մարդիկ նստում են սեղանի շուրջ և միմյանց պատմում, թե ինչքան շատ են խմել երեկ»։
 
 

____________________


Ժանգոտ մեխ


Շոտլանդական վիսկի


«Դրամբուի» լիկյոր


Մատուցել old fashioned բաժակով


_____________________


 
Ջոն Չիվերը ամերիկյան գրականության ամենաթախծոտ ու իրականությունը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, առավելագույն չափով ուղիղ ներկայացնող կերպարն էր։ Կենցաղային մանրուքներում մարդկային անհուն դժբախտությունը բացահայտելու հատկության համար նա ստացել է «արվարձանների Չեխով» մականունը։ Չիվերն ամբողջ կյանքն անցկացրեց իր «դևերի» դեմ պայքարում, որում ջախջախիչ պարտություն կրեց՝ ի վիճակի չլինելով ընդունել ինքն իրեն ու առավել ևս՝ սիրել։ Փոխարենը նա սիրում էր գրել ու համոզված էր՝ պետք է լինի այն, ինչ բոլորն ուզում են տեսնել, որպեսզի իր գործերը շարունակեն կարդալ։ Այս շատ պարզ մտքի հետևում կանգնած էին հեղինակի՝ տարիներ շարունակ ճնշված ինքնագիտակցությունը, տառապանքն ու խմիչքի մեջ խորտակած ընկճախտի նոպաները։

Ջոն Չիվերը ծնվել է ամերիկյան չափանիշներով հարուստ տանը. նման ընտանիքները սովորաբար ապրում են թանկ արվարձաններում, վայելում են բարձր հասարակության հարգանքը, նրանց պարբերաբար հրավիրում են կեղծ ժպիտներով, հնդկահավի սենդվիչներով ու թունդ կոկտեյլներով լի ուշ նախաճաշերի: Նրանց հետ բամբասում են սնանկացած հարևանի մասին, որն ամեն շաբաթ այլևս չի այցելում «ակումբ»։ Ջոնի հայրն ուներ կոշիկի մեծ գործարան, որն այնքան լավ էր աշխատում, որ Ֆրեդերիկ Չիվերին թույլ էր տալիս իր ընտանիքի հետ ապրել շքեղ, վիկտորիանական ոճի տանը։ Ամեն ինչ փոխվեց Մեծ ճգնաժամի տարիներին։ 20-ականները կործանարար էին հատկապես ամերիկյան տեքստիլի ու կոշիկի արտադրության համար. Ֆրեդերիկը կորցրեց ամեն ինչ։ Ջոնի մայրը՝ Մերին, փորձելով աջակցել սնանկացած ամուսնուն, հուշանվերների խանութ բացեց: Հեղինակի խոսքով, սա աննկարագրելի նվաստացում էր ամբողջ ընտանիքի համար։ Եվ այսպես՝ տեսիլը փոխվեց, և հիմա Չիվերների մասին էին բամբասում լողավազանի մոտ՝ սենդվիչներ ծամելով ու ջին խմելով։
Չնայած ընտանեկան դրամային՝ Ջոնի ծնողները տղային լավ ուսում տալու վերջին հուսահատ փորձն արեցին. նրան ուղարկեցին Թեյեր ակադեմիա։ Այստեղ, սակայն, նրա գնահատականներն ու վարքագիծն այնաստիճան անընդունելի էին, որ շուտով Ջոնին հեռացրին։ Մեկ ուրիշի համար սա կլիներ բացասական էպիզոդ կյանքում, իսկ Չիվերին այն բերեց ստեղծագործական առաջին հաջողությունը։ Իր այս փորձի վրա հիմնված «Հեռացվածը» պատմվածքը դարձավ 18-ամյա Չիվերի առաջին հրատարակված գործը։
Ջոն Չիվերն ասում էր, որ ինքը ծնված օրից եղել է պատմասաց, փաստերը հղկել է այնպես, որ դրանցից արժանի պատմություն ստացվի։ Իր կյանքում ևս նա կատարում էր բոլոր անհրաժեշտ վերադասավորումները, որպեսզի ուրիշի համար այն դառնա ուշադրության ու հարգանքի արժանի։
Չիվերի հերոսները նման են իրեն. նրանց արտաքնապես կատարյալ, նախանձաբեր անդորրի ու երջանկության պատրանքի տակ թաքնված է սեփական կյանքով խորին անբավարարվածությունն ու կսկիծը։ Իր հերոսների պես Ջոնն էլ ապրում էր երկակի կյանքով. հասարակության առջև պահելով կատարյալ պատկերը՝ նա ապրում էր մշտական ինքնախարազանման մեջ: Նա չէր կարողանում համակերպվել իր բիսեքսուալության հետ: Նա անկարող էր իր իրական դեմքը ցուցադրել նույնիսկ ամենամտերիմներին։ Իհարկե, ո՞վ կընդուներ այն մարդուն, որը տառապում էր սեփական բարոյական անկման գաղափարից ու ապարդյուն փորձում էր խղճի ձայնը լռեցնել խմիչքով։ Ո՞վ կկարողանար հասկանալ նրա բազմաթիվ սիրավեպերը կանանց և տղամարդկանց հետ, երբ տանը նրան սպասում էր օրինակելի ընտանիքը։ Հաստատ ոչ մարգարտաշար վզնոցներով ու անթերի կարմիր շրթներկով կանայք կամ դժգույն պոլո վերնաշապիկներով ու ճաղատության առաջին նշաններով տղամարդիկ։
Կար միայն մի շրջան ու մի վայր, որտեղ Ջոն Չիվերն ի վիճակի էր լինել ինքը: Անմիջապես պատերազմից հետո էր. նա ամեն առավոտ հագնում էր իր անթերի կոստյումը, նստում էր վերելակն ու հարևանների հետ առօրյա դատարկ խոսակցություններ վարելով՝ իջնում նկուղ, որտեղ հանում էր կոստյումը, ծալում և դնում աթոռին: Ու մնալով միայն անդրավարտիքով՝ գրում էր ամբողջ օրը։ Երեկոյան նա նորից հագնում էր կոստյումը, նստում վերելակն ու գնում տուն՝ ընտանիքի հետ ընթրելու։
Զարմանալիորեն ինչքան ավելի ինքնամփոփ ու դժբախտ էր Ջոնն իրական կյանքում, այնքան ավելի լավ էր ընթանում նրա ստեղծագործական կյանքը։ 1950-ականների վերջին Ջոն Չիվերն Արվեստի ու գրականության ազգային ինստիտուտի անդամ էր, քննադատները գովասանք չէին խնայում: Նա պարբերաբար արժանանում էր որևէ գրական մրցանակի։ Մանկության նվաստացուցիչ հիշողություններն արդեն մարել էին, Ջոնը վերադարձել էր բարձր հասարակություն և վերականգնել էր արիստոկրատի համբավը։ Նրան հարգում էին բոլորը, նա լավագույն երեկույթների մըշտական հյուրն էր: «Լողորդը» պատմվածքի հիման վրա նկարահանված ֆիլմում խաղում էր ժամանակի ամենագեղեցկադեմ ու առնական տղամարդկանցից մեկը։
Փառքի ու ճանաչման այս տարիներին հաջորդեց հարբեցողության, խմելը թողնելու անարդյունք փորձերի ու դրանից բխող ընկճախտի երկու երկար տասնամյակ։ Այնուամենայնիվ, ինչպես դպրոցից հեռացումը Չիվերը վերածեց գրական հաջողության, այնպես էլ այս շրջանի ավարտից հետո նա գրեց «Ֆալկոնը»՝ թերևս իր ամենամռայլ գործը, որում հեղինակն առաջին անգամ բացահայտ խոսեց իր բիսեքսուալության ու կախվածության մասին։


Կարդացեք նաև․



70-ականների սկզբին Չիվերն արդեն չէր թաքցնում, որ չի կարողանում մի ամբողջ օր անցկացնել առանց խմելու։ Այդ տարիներին նա դասավանդում էր Բոստոնի համալսարանում, ու նրա սուրճի բաժակի մեջ սովորաբար կիսով չափ բուրբոն էր։
«Ինչքան շատ է գրողը զարգացնում իր երևակայությունը, այնքան շատ է նա սնում իր անհանգստությունը, մինչև մի օր անխուսափելիորեն կուլ է գնում իր կործանարար վախերին, որոնց կարելի է հաղթել միայն ալկոհոլի ու հերոինի ջախջախիչ չափաբաժիններով»։

Կյանքի վերջին տարիներին տեղի ունեցավ այն, ինչը Ջոնը երբեք չէր սպասի. նրան սիրեցին կամ գոնե ընդունեցին այնպիսին, ինչպիսին նա կար։ Որպես մարդու, որն արդեն հոգնել էր ապացուցել բոլորին՝ ներառյալ իր կնոջն ու երեխաներին, որ ինքն այն է, ինչ բոլորն ուզում էին տեսնել։ Մարդու, որը «The NewYorker» ամսագրում հրատարակել էր իր օրագրերը՝ մանրամասն պատմելով իր հոմոսեքսուալ կապերի ու ցանկությունների մասին։ Ու չնայած այդ ամենին՝ իր վերջին «Oh What a Paradise It Seems» նովելի համար Ջոն Չիվերը ստացավ քննադատների լավագույն գրախոսականները։ Ու չնայած նովելը հաստատ զիջում էր նախորդ գործերին, ու գրողն ինքն էլ դա շատ լավ գիտակցում էր, այնուամենայնիվ գրական շրջանակները բարձր գնահատական տվեցին նրան՝ մասամբ հարգելով նրա խիզախությունը ու ոգու տոկունությունը, մասամբ էլ իմանալով, որ քաղցկեղից տառապող հեղինակն ապրում էր իր կյանքի վերջին օրերը։

Հեղինակ՝ Սոնա Գասպարյան


 

Տարածել