Քաղաքական կիբերհարձակում` արագ ու սպասված
Կոտրելով Բունդեսթագի համակարգչային ցանցը` դեռևս 2 տարի առաջ հակերները մի քանի շաբաթում «բացեցին» բոլոր գաղտնիքները: Համբուրգում հրապարակվող Die Zeit օրաթերթի հեղինակները խորը լրագրողական հետաքննության ժամանակ վերլուծել են հատուկ ծառայությունների փաստաթղթերը, զրուցել պատգամավորների և ՏՏ մասնագետների հետ ու եկել եզրահանգման, որ հակերների «հետքերը» տանում են Ռուսաստան:
Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ 2015-ին գրանցվեց ամենախոշորածավալ կիբերհարձակումը: Այն տևեց մի քանի շաբաթ: Այն այնքան սարսափելի էր, որ թվում էր, թե մի հանցավոր խումբ հարձակվել է Ռեյխսթագի վրա, գրավել գրասենյակներ, պարալիզացրել է ամբողջ աշխատանքը: Բայց իրականում այդ «մարտն ու պայքարը» վիրտուալ դաշտում էին: Այդ ընթացքում գաղտնալսվել է նվազագույնը 16 պատգամավորական բյուրո, ձայնագրվել է մի քանի համակարգիչների գաղտնի ինֆորմացիա:
«Հարձակվողների» թիրախում էին կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամերի գրասենյակները ու սոցիալ-դեմոկրատ Մարտին Ռաբանուսի համակարգիչները:
Die Zeit հրապարակման մեջ նշվում է, որ հարձակումից անմիջապես հետո, Գերմանիայի դատախազությունը հետախուզություն սկսեց: Անգելա Մերկելը հայտարարեց, որ սկսվել է «հիբրիդային պատերազմ»: Դաշնային ոստիկանությունը համոզված էր, որ հակերների հարձակումը պատվիրել են արտասահմանից , և այն կատարում է հակերական Fancy Bear կազմակերպությունը:
Խոսքն այն հակերների մասին է, որոնք անցած ամռանը կոտրել են Հիլարի Քլինթոնի և նախընտրական շտաբի ղեկավարի էլեկտրոնային փոստարկղերը: Իսկ անցած շաբաթ օրը, կեսգիշերին նրանք բացել են Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբի սերվերները, «բացել» նամակագրությունը, հաշիվները և ֆինանսա-բանկային փաստաթղթերը:
Գերմանիայի հատուկ ծառայության տվյալով` հակերական խմբի սերվերներից մեկի տվյալների ուսումնասիրությունը հուշում են, որ այդ ամենի հետում կանգնած է Ռուսաստանը: Ավելին, քննիչները համոզված են, որ հակերական հարձակումը ռուսական ռազմական գործակալներնի և հետախույզների ձեռագիրն է:
Պարզվել է, որ Մակրոնի «Առաջ» շարժման համակարգչային ինֆորմացիան, բազան կոտրած հակերների անունների մեջ հիշատակվում է Գեորգի Պոտրովիչ Րոկոշ անունը, որը ենթադրաբար աշխատում է ՓԲԸ «Էվրիկա»-ում և սերտ կապ ունի Ռուսական հատուկ ծառայությունների ու ՊՆ հետ:
«Գլխավոր հետախուզական վարչությունը Ռուսաստանի ամենաազդեցիկ ծառայությունն է: Այն գլխավորում է գեներալ Իգոր Կորոբովը, որը նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականներից է» , - գրում են լրատվամիջոցները: Դեռ 2006-ին Ռազմական հետախուզության նոր մասնաշենքի բացման ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ ԳՀՎ գործակալները «աչքերով և ականջներով» աշխատում են ամբողջ աշխարհով մեկ»:
2013-ի փետրվարին Գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Գերասիմովը նշել էր, որ թվային տեխնոլոգիաների այս դարաշրջանում քաղաքական նպատակներին հնարավոր է հասնել ոչ միայն ավանդական ռազմական ճանապարհով, այլ նաև խոշորածավալ դեզինֆորմացիա տարածելու շնորհիվ:
«Արևմուտքը դեռ չի հասկացել, ինչ հնարավորություններ է տալիս կիբերտիրույթը», - նշում է CrowdStrike ՏՏ-ընկերության ղեկավար Դմիտրի Ալպերովիչը: Հենց նա էր հակերային խմբին տվել Fancy Bear անվանումը:
Բունդեսթագի համակարգիչների վրա հարձակումից 2 տարի անց այն շարունակում է թողնել իր բացասական հետքը ռուս-գերմանական հարաբերությունների վրա: Վերջերս Անգելա Մերկելը և Պուտինը հանդիպել էին ՌԴ նախագահի Սոչիի նստավայրում և դարձյալ անդրադարձել այդ թեմային: «Ռուսաստանն երբեք չի ներխուժում այլ պետությունների ներքին կյանք», - քմծիծաղով ու կիսաժպիտով նշել էր Պուտինը:
Գողացված տվյալները այս պահին դեռ որևէ տեղ չեն հայտնվել, Գերմանիայի ներքին գործերի կիբերանվտանգության բաժնի պետ Անդրեաս Կյոնենի համոզմամբ, մի օր դրանք անպայման ի հայտ կգան:
«Իհարկե, գողացված տվյալները հնարավոր է երբեք էլ դուրս չգան ջրի երես, և չի բացառվում, որ գերմանացի պատգամավորների նամակագրությունը շատ ձանձրալի, տաղտկալի ու սարսափեի անհետաքրքիր է, եթե այն համեմատենք Վաշինգտոնի քաղաքական դավադրությունների հետ: Քաղաքական Բեռլինի վիճակը երբեմն առողջարան է հիշեցնում է», - ենթադրում են լրագրողները:
Շատ հավանական է, որ «արջերն» արդեն նոր զոհ են փնտրում: «Անցած տարվանից Գլխավոր հետախուզական վարչությունը կազմակերպել է ավելի քան 70 նոր հարձակում Գերմանիայում», - նշվում է հոդվածում:
«Բունդեսթագի համակարգչային ցանցի վրա հարձակումը ընդամենը ազդակ էր, - նշում է BSI-ի նախագահ Արնե Շեյնբոմը, - և մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ գրոհին»:
Die Zeit-ի լրագրողներին հաջողվել է տեսնել գաղտնի փաստաթղթեր, որոնց նշվում է, որ Բունդեսթագի պատվերով Security Networks ընկերությունը նոր կիբերհարձակում էր նախաձեռնել, որը կրկնօրինակում էր 2 տարի առաջ կազմակերպվածին: Փորձագետների գնահատմամբ` որոշակի պայմանների դեպքում հակերները դարձյալ կկարողանան առանց բարդությունների ներխուժել ցանցեր ու ստանալ իրենց անհրաժեշտ ինֆորմացիան: