Եկել է ծնողների ժամանակը. Ինչպես պաշտպանել երեխաներին

Եկել է ծնողների ժամանակը. Ինչպես պաշտպանել երեխաներին

Սա մտացածին կամ ինչ-որ տեղ կարդացած պատմություն չէ: Թբիլիսյան հասրակական տրանսպորտում նման պատմության մեջ է ընկել աուտիզմով հիվանդ երեխայի մայրը:

Սկզբում քեզ կարեկցում են, հետո՝ քննադատում, հետո՝ պայքարում քո դեմ, հետո դու հաղթում ես

Եթե Մահաթմա Գանդին ապրեր այսօրվա Վրաստանում և տեսներ, թե ինչպես են սահմանափակ հնարավորություններով մարդկանց հետ վարվում, ապա իր հայտնի «Սկզբում քեզ արհամարհում են, հետո՝ ծիծաղում են վրադ, հետո՝ քո դեմ պայքարում են, հետո դու հաղթում ես» արտահայտությանը մի քանի բառ էլ կավելացներ:

Գանդին կտեսներ, որ հալածողները վաղուց փոխել են իրենց ռազմավարությունը, և այսօր ավելի նուրբ են գործում և սատանայի պես հնարամիտ են: Նրանք «քաղաքականապես կոռեկտ» են դարձել և հրաժարվել ծաղրելու և արհամարհելու ռազմավարությունից: Այժմ նրանք կարեկցանք են ձևացնում և քննադատում: Ընդ որում այնպես, կարծես քեզնից ավելի շատ են մտահոգվում:

Օրինակ, կա տղամարդ, որը կնոջն իշխելը ներկայացնում է որպես հենց նրա համար օգտակար մի բան:

Նույն սցենարով է զարգանում մոր ու աուտիզմով տառապող երեխայի պատմությունը, ովքեր որոշել են հասարակական տրանսպորտից օգտվել: Սկզբում շշուկներ են լսվում. «Օհ, խեղճ աղջիկ»: Հետո երբ երեխան սկսում է չարաճճիություն կամ որևէ ոչ ստանդարտ բան անել, անպայման մեկ-երկու «գիտակ» է հայտնվում, ովքեր նկատում են, որ հասարակական տրանսպորտն այսպիսի երեխայի տեղ չէ, քանի որ նա տանջվում է և անհանգստություն ապրում (կարեկցանք): Անմիջապես հետո մեկը նետում է, թե վատ ծնող ես, քանի որ նման երեխային հասարակական տրանպորտով «քարշ ես տալիս» (քննադատություն): Այնուհետև պահանջում են, որ տրանսպորտը լքես՝ սեփական շահերից ելնելով:

Սա մտացածին կամ ինչ-որ տեղ կարդացած պատմություն չէ: Թբիլիսյան հասրակական տրանսպորտում նման պատմության մեջ է ընկել աուտիզմով հիվանդ երեխայի մայր Էկա Մաիսուրաձեն 2014թ-ին: Երբ փոքրիկ Սալոմեն ոտքով սկսել է խփել առաջին նստարանի դիմացն ամրացրած տախտակին, վարորդը պահանջել է մորից դադարեցնել դա: Նա չի հասկացել Էկայի բացատրություններն այն մասին, որ աուտիզմ ունեցող երեխաների գործողությունները չես կարող հրամաններով դադարեցնել, իսկ ֆիզիկապես նրանց ստիպել դա անելն անընդունելի բռնություն է:

Նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաև Մարի Կորկոտաձն 2013թ-ին:

Մարին ու Էկան անվեհեր դուրս եկան: «Ում դուր չի գալիս, կարող է իջնել ավտոբուսից», – պատասխանել են նրանք:

Փորձը ցույց է տալիս, որ նման պատասխանից հետո «կարեկցանքը» փոխակերպվում է ուղղակի ագրեսիայի. վարորդը գոռացել է Էկայի վրա՝ պահանջելով, որ նա երեխայի հետ միասին իջնի ավտոբուսից:

Այս երկու դեպքն էլ ծնողները հանրայնացրել են՝ չնայած ոչ մի արձագանքի չեն արժանացրել և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

2016թ-ին ամեն ինչ կրկնվեց. Էկային երեխաների հետ միասին կրկին ստիպել են իջնել տրանսպորտից: Այս անգամ շրջապատի ցուցաբերած ագրեսիայի մակարդակն ավելի բարձր է եղել:

Ի՞նչ պետք է անի նման իրավիճակում հայտնված ծնողը:

Սա ոչ միայն Մարիի և Էկայի խնդիրն է: Սահմանափակ հնարավորություններով հազարավոր երեխաների ծնողներ առօրյա կյանքում անընդհատ բախվում են բռնության և տարբեր տեսակի խտրականության հետ: Պարզապես, ի տարբերություն մնացածի, Էկան ու Մարին բացահայտ խոսում են այդ թեմայի մասին:

Ծնողները պետք է իմանան, որ նկարագրված բռնության տեսակը շատ տարածված է, մենք այն «ապրումակցում» ենք անվանում:

Հիմա ծնողների ժամանակն է: Նրանք պետք է իրենց ներդրումն ունենան հասարակական հանդուրժողականության զարգացման գործում: Առաջին հերթին, նրանք պետք է բռնություն կիրառողներին բացատրեն, որ երեխայի հատուկ կարիքների հետ գործ ունեն և ավելի մեծ համբերություն է պետք դրսևորել, որ նրանց պահանջները հակասում են օրենքին, քանի որ ժողովրդավարական և իրավական երկրում բոլորը հավասար իրավունքներ ունեն:

Չօգնե՞ց: Ուրեմն հանգիստ հավաքում եք 112 հեռախոսահամարը՝ մարդու իրավունքների պաշտպանի «թեժ գիծը», կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների համարները:

Սահմանափակ հնարավորություններով երեխայի իրավունքների պաշտպանությունը լուրջ գործ է, մենք դրան պետք է այնպես վերաբերվենք, ինչպես աշխատանքային պարտականությունների կատարմանը՝ պլանավորենք, իրագործենք, վերստուգենք արդյունքներն ու լայնորեն տարածենք դրանք:

Այս գործընթացում ծայրահեղ կարևոր է տուրք չտալ խղճմտանքին ու կարեկցանքին: Առաջին հայացքից խղճահարությունը նույն կարեկցանքն է, որից յուրաքանչյուր նորմալ մարդ զրկված չէ: Չնայած, եթե ավելի խորը նայենք, կհասկանանք, որ խղճահարությունը մարդկային թուլություն է: Մեզ խղճում են նրանք, ովքեր կարծում են, որ մենք իրավիճակի զոհ ենք կամ մեզ հետ դժբախտություն է պատահել:

Հենց նման վերաբերմունքն է ամենասխալը, որտեղից էլ գալիս են մնացած խնդիրները: Սահմանափակ հնարավորությունները դժբախտություն չեն, այլ իրողություն: Այնպիսի իրողություն, ինչպես այն, որ ես կին եմ: Արդյո՞ք ինձ կարելի է խղճալ, որ ես կին եմ ծնվել: Կամ ինչի՞ս է այդ խղճահարությունը, երբ ինձ նվաստացնում եմ, որ ես կին եմ ծնվել:

Հետևաբար, երբ ձեզ հասարակական տրանսպորտից դուրս են անում՝ կարեկցելով ձեզ, դա կրկնակի բռնություն է: Նրանք քեզ նվաստացնում են, խտրականություն են ցուցաբերում իբր հենց ձեր շահի համար: Ինչպիսի՜ երեսպաշտություն:

Ինչ վերաբերում է ծնողին «ամաչեցնելուն» նրա համար, որ սահմանափակ հնարավորություններով երեխային հասարակական տրանսպորտ է նստեցրել, ապա հետաքրիքր է, թե ինչպիսի այլընտրանք կարող են նման «խորհրդատուներն» առաջարկել: Երեխային տանը փակել և տեղաշարժվել տաքսիով կամ սեփական ավտոմեքենայո՞վ: Ի՞նչը կարող է ավելի ցինիկ լինել, քան անձնական տրանսպորտից չօգտվելու համար մարդուն քննադատելը: Դա նույն բանն է, ինչ դիտողություն անել նրա համար, որ մարդը հարուստ չէ:

Անպայման պետք է հիշել, որ եթե չեք հպատակվել ձևափոխված բռնությանը և որոշել եք հասարակական տրանսպորտով շարունակել ճանապարհը, բոլորի արտահայտած «կարեկցանքը» շուտով ագրեսիայի կվերածվի, ինչպես դա տեղի ունեցավ Մարիի և Էկայի հետ:

Եվ հենց այստեղ է սկսում այն պայքարը, որում դուք, ինչպես Գանդիի մեջբերման մեջ է ասվում, հաղթում եք: Հաղթում եք, քանի որ հասարակական տրանսպորտն ու այն ամենն, ինչ հասարակական է, պատկանում է մեզ՝ անկախ մեր առանձնահատկություններից:

Կարևորը չլռելն ու պայքարից չհրաժարվելն է: Պայքարը միշտ իմաստ ունի: Եթե աֆրոամերիկացիներ Քլոդեթ Կոլվինն ու Ռոզա Փարքսը 1955թ-ին Մոնտգոմերիում ենթարկվեին ավտոբուսներում գործող ռասիստական կանոններին, ապա ԱՄՆ-ում ազատության ու իրավահավասարության այսօրվա չափանիշներն ավելի ուշ կհաստատվեին:

ԱՆՆԱ ԱՐԳԱՆԱՇՎԻԼԻ, ԹԲԻԼԻՍԻ

JamNews

Գրել կարծիք