[Ամփոփ] Ալեքսանդր Լապշինի արտահանձնում. Փաստեր, ժամանակագրություն և հիմնավորումներ

[Ամփոփ] Ալեքսանդր Լապշինի արտահանձնում. Փաստեր, ժամանակագրություն և հիմնավորումներ

newmag-ը ներկայացնում է բելառուսցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձման գործի մանրամասները ըստ ժամանակագրության և հակիրճ:

2016թ. դեկտեմբերի 15

Ալեքսանդր Լապշինը ձերբակալվում է Մինսկում՝ ադրբեջանական իշխանությունների պահանջով։

2016թ. դեկտեմբերի 16

Բելառուսի իշխանություններն ընդունում են որոշում Ալեքսանդր Լապշինին կալանավորելու մասին։

2017թ. հունվարի 17

Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ա.Ստուկն որոշում է Ալեքսանդր Լապշինին ադրբեջանական կառավարությանը հանձնելու մասին։ Որոշումը Լապշինին հանձնում են հունվարի 21-ին։

2017թ. հունվարի 24

Ալեքսանդր Լապշինը բողոքարկում է գլխավոր դատախազի տեղակալի որոշումը Մինսկի քաղաքային դատարանում։

2017թ. հունվարի 26

Մինսկի քաղաքային դատարանը մերժում է Լապշինի բողոքը։ Այս որոշումը կարող էր բողոքարկվել 10 օրվա ընթացքում։

2017թ. փետրվարի 3

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրապարակավ հայտնում է իր դիրքորոշումը, նշելով «նա դեռ այստե՞ղ է….պետք էր նրան ուղարկել, որտեղ պետք էր… ես ձեզ հանձնարարել եմ հանձնեք նրան օրենքի համաձայն..»։

2017թ. փետրվարի 6

Ալեքսանդր Լապշինը բողոքարկում է Մինսկի քաղաքային դատարանի որոշումը Գերագույն դատարանում։

2017թ. փետրվարի 7

10: 00 Բելառուսի գերագույն դատարանը, դռնփակ նիստում որոշում է մերժել Լապշինի բողոքը։ Ալեքսանդր Լապշինին հանձնում են ադրբեջանական իշխանություններին։

14:00 Լապշինի փաստաբանը հայտարարում է, որ Բելառուսի գերագույն դատարանը կես ժամում, փակ ռեժիմով և բլոգերի բացակայությամբ քննել է նրա բողոքը ու մերժել՝ որոշելով արտահանձնել:

15:00 Լապշինի կինը դիմում է Մինսկի ներքին գործերի գլխավոր վարչության քաղաքացիության և միգրացիայի բաժին՝ հավելյալ պաշտպանություն պահանջելով: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն քննարկման է ընդունել նրա բողոքը:

20:23 Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանում է այս որոշումը՝ նշելով, որ դրանով Միսնկը ոչ միայն աջակցում է Ադրբեջանի կողմից իրականացվող օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականությանը, այլև կոպիտ ոտնահարում է ազատ տեղաշարժի և խոսքի ազատության հիմնարար իրավունքները։

23:58 Լապշինը Բաքվում է: Ալիևը նրա հետևից կառավարական ինքնաթիռ էր ուղարկել: Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը լուսանկարներ և տեսանյութ է տարածում, որտեղ բլոգերին օդանավակայանում դիմավորում են զինված հինգ ուժային: Նույնիսկ Բաքվի լրատվամիջոցներն անմիջապես գրում են՝ դա ավելորդ էր:

2017թ. փետրվարի 6, փետրվարի 8

01:02 ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Բաքվի օդանավակայանում Լապշինին նաև լրագրողներ էին սպասում, սակայն նա չի մեկնաբանել իր արտահանձնումը, չէր արձագանքել լրագրողների ռեպլիկներին:

10:30 Լապշինի կինը հայտարարում է՝ ամուսնուն ինքնաթիռ էին նստեցնում, երբ արտահանձնումը բողոքարկող դատական նիստը դեռ ընթանում էր: Եվ հակառակ հավելյալ պաշտպանության մասին իր դիմումի: Ոչ բարեկամները, ոչ փաստաբանները, ոչ դեսպանատները տեղեկացված չէին, թե իրականում ինչ է տեղի ունենում:

11:00 Ռուսաստանի Միջազգային գործերի խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը հայտարարում է, որ արտահանձնումը Մինսկի դիվանագիտական դեմարշն էր Մոսկվայի դեմ:

11:10 ՀՀ արտգործնախարարությունը հայտարարում է՝ այս արտահանձնումը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։ Եվ միանշանակ է, որ դեպի Արցախ այցելուների հոսքը ոչ միայն չի կանգնելու, այլև բազմապատկվելու է։

11:42 ՌԴ արտգործնախարարությունը դատապարտում է արտահանձնումը: Լուկաշենկոյից դժգոհության նոտայով հավելելում, որ ռուսական կողմը հիասթափված է:

12:01 Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ուշադիր հետևում է Լապշինի գործի ընթացքին և կապի մեջ է բոլոր անհրաժեշտ օղակների հետ:

12:37 Քնեսեթի պատգամավոր Քսենիա Սվետլովան Իսրայելի արտգործնախարարությանը զգուշացնում է՝ Լապշինի կյանքը վտանգված է, և կատարվածի համար պատասխանատու է հայտարարում Իսրայելի վարչապետին՝ մեղադրելով նրան անգործության մեջ: Ավելացնում է՝ նրան ձեռնաշղթաներով էին տանում, հինգ մարդ, ասես՝ Աբու Բաքր Ալ Բաղդադին է, ոչ թե բլոգեր: Ոչ ոք չգիտի, թե որտեղ է նա Բաքու հասնելուց հետո:  

12:52 Հայտնի է դառնում, որ իսրայելցի և ռուս դիվանագետներն աշխատում են, որ կարողանան այցելել Լապշինին:

12:58 Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Լապշինը տեղափոխվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարան:

13:00 Կրեմլը հայտարարեց, որ Լապշինի պաշտպանության համար ձեռնարկում է անհրաժեշտ իրավաբանական բոլոր գործողությունները:

15:00 Երևանում Բելառուսի դեսպանության դիմաց տեղի է ունենում հանրահավաք:

17:00 Բելառուսի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ ոչ Ռուսաստանը, ոչ Իսրայելը չեն դիմել Լապշինին Մոսկվա կամ Թել Ավիվ ուղարկելու հարցով:

17:49 Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը չի բացառել, որ պայմանավորվածություն կա՝ Լապշինը չի մնա ադրբեջանական բանտում: Ներկայում բանակցություններ են ընթանում և Ադրբեջանը փորձում է դիվիդենտներ շահել՝ հաշվի առնելով, որ Իսրայելն իր քաղաքացուն չի թողնի:

Ի՞նչ համար է մեղադրվում Լապշինը

Ադրբեջանը Ալեքսանդր Լապշինին վերագրվում է երկու արարք՝

  1. հանրային կոչեր է արել ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը, ինչով ըստ Ադրբեջանի խախտել է իր քրեական օրենսգրքի 281.2 հոդվածը։
  2. ապօրինաբար այցելել է ԼՂՀ տարածք, ինչով ըստ Ադրբեջանի խախտել է իր քրեական օրենսգրքի 318.2 հոդվածը.

Բայց արդյո՞ք Լապշինը պետք է ձերբակալվեր

Ալեքսանդր Լապշինին վերագրվող երկու արարքներից մեկը նույնիսկ Ադրբեջանի քրեական օրենսգրքով հանցագործություն չի համարվում, քանի որ քրեական օրենսգրքի 281.2 հոդվածում խոսքը Ադրբեջանի պահպանվող պետական սահմանը հատելու արարքի մասին է։ Պահպանվող եզրույթը ուղղակիորեն հաստատում է, որ տարածքը պետք է գտնվի ադրբեջանական իշխանությունների վերահսկման ներքո։ Մինչդեռ, անվիճելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը չի գտնվում ադրբեջանական իշխանությունների վերահսկման կամ պահպանման ներքո, հետեւաբար Ալեքսանդր Լապշինը որեւէ կերպ չէր կարող խախտել վերոհիշյալ նորմի պահանջը։

Ալեքսանդր Լապշինին վերագրվող մյուս արարքը հանցագործություն չի համարվում Բելառուսի քրեական օրենսգրքով։ Այսպես, Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 հոդվածը հանցագործություն է համարում. «հանրային կոչերը՝ ուղղված իշխանությունը բռնի զավթելուն, իշխանությունը բռնի պահելուն կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը։ Ելնելով Ալեքսանդր Լապշինի՝ ԼՂՀ անկախացման հրապարակային կոչերի բովանդակությունից, հստակ կարելի է պնդել, որ ադրբեջանական իշխանությունները հանցագործություն են համարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված Լապշինի հրապարակային կոչերը։ Մինչդեռ, Բելառուսի քրեական օրենսգիրքը Բելառուսի տարածքային ամբողջականության խախտման դեմ ուղղված կոչերը չի համարում հանցագործություն։

Արդյոք արտահանձնումը միջազգային իրավունքի խախտում է՞

Հայաստանի փաստաբանների պալատը վկայակոչում է Կոնվենցիայի 89-րդ հոդվածի 1-ին մասի «e»  կետը: Ըստ այդ կետի, անձի հանձնումը արգելվում է, եթե կան ծանրակշիռ հիմքեր ենթադրելու, որ արտահանձնումը պայմանավորված է այդ անձին հետապնդելով՝ կապված նրա՝ ռասայական, սեռային, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հետ: Լապշինի դեպքում  Ադրբեջանը իրականացնում է անձի հետապնդում՝ կապված նրա քաղաքական համոզմունքների եւ մասնագիտական գործունեության հետ:

Լապշինի հետապնդումը հակասում է նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության եւ դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու եւ լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից (հոդված 19):

Այս հիմքերը հաշվի առնելով Բելառուսը չէր կարող Ալեքսանդր Լապշինին հանձնել Ադրբեջանին։

Գրել կարծիք