«Չեզոքացում» գործողություն. միջազգային լրագրողական հետաքննություն Մակեեդոնիայի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության մասին

«Չեզոքացում» գործողություն. միջազգային լրագրողական հետաքննություն Մակեեդոնիայի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության մասին

Մակեդոնիայի հակահետախուզության փաստաթղթերը ցույց են տալիս. ռուսական հատուկ ծառայությունները փորձում են արգելափակել ՆԱՏՕ-ին երկրի անդամկացումը և ցանկանում Բալկաններում չեզոք երկրների գոտի ստեղծել։

Մակեդոնիայի կառավարությանը մոտ աղբյուրն անանունության պայմանով տասնյակ գաղտնի հաշվետվությունների արխիվը փոխանցել է Organized Crime and Corruption Reporting Project (OCCRP) միջազգային կոնսորցիումի լրագրողներին: Համատեղ հետաքննությանը մասնակցել է նաև մակեդոնական NOVA TVհեռուստաալիքն ու KRIK սերբական պարբերականը:

Փոխանցված փաստաթղթերը կազմված են հեռախոսազանգերի գաղտնալսման, արտաքին տեսագրությունների և աղբյուրների պատմածների հիման վրա: Եվ դրանցում ասվում է այն մասին, որ Արտաքին հետախուզության ծառայության ու Գլխավոր հետախուզական վարչության ռուս սպաները Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների հետ միասին փորձել են ազդել Մակեդոնիայի և այլ բալկանյան երկրների ներքին քաղաքականության վրա ՆԱՏՕ-ին անդամակցումը թույլ չտալու և Ռուսաստանի շահերը զարգացնելու համար: «Նովայա Գազետան» պատմում է OCCRP հետաքննության գլխավոր կետերի մասին:

«Ավերիչ պրոպագանդա»

Վերջին տարիներին Ռուսաստանն ուժեղացրել է իր ազդեցությունը Բալկաններում, մասնավորապես՝ Մակեդոնիայում, ասված է Մակեդոնիայի հակահետախուզության հաշվետվություններում:

Ռուսաստանի հետախուզական  գործունեությունն ակտիվացել է այն բանից հետո, երբ մի քանի բալկանյան երկիր հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Այս տարվա ապրիլին Չեռնոգորիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն: Իսկ Մակեդոնիան ու Բոսնիա և Հերցեգովինան անդամակցելու թեկնածուների կարգավիճակ են ստացել:

«ՌԴ-ն օգտագործում է այսպես կոչված «փափուկ ուժի» մեթոդները որպես Բալկաններն Արևմուտքից մեկուսացնելու ռազմավարական միջոց: «Բացի այդ, ռուսական արտաքին քաղաքականությունը սերտ փոխազդեցության մեջ է էներգետիկ ռազմավարության հետ, որի նպատակն է երկրի ռազմավարական էներգետիկ ռեսուրսների հանդեպ վերահսկողություն ստանալը», – ասված է հաշվետվություններում:

Այդ պլանի վերջնական նպատակը «Մակեդոնիան ռուսական քաղաքականությունից ամբողջապես կախված դարձնելն է», ենթադրում են մակեդոնացի հակահետախույզները:

Արտաքին հետախուզության ծառայության ու Գլխավոր հետախուզական վարչության գործակալները

Ռուս գործակալները երկար տարիներ զբաղվել են մակեդոնական բանակի և ոստիկանության նախկին ու ներկա աշխատակիցների հավաքագրմամբ «ռազմական պատրաստվածությամբ մարդկանց կրիտիկական զանգված ստեղծելու և հարկ եղած քաղաքական պահին նրանց ռուսական շահերին ծառայեցնելու համար», ասված է հաշվետվություններում:

Բացի այդ, Ռուսաստանի ներկայացուցիչները փորձել են ազդել մակեդոնական լրատվամիջոցների խմբագրական քաղաքականության վրա և դրամական միջոցներ են առաջարկել նրանց երկրում ռուսական քաղաքականությունը զարգացնելու համար:

Դեսպան Օլեգ Շչերբակը (ձախից) հանդիսավոր արարողությանը: Լուսանկարը՝ Մակեդոնիայում Ռուսաստանի դեսպանատան

«Ռուսաստանը զարգացնում է պանսլավոնական ինքնության և միասնական ուղղափառ հավատքի գաղափարը», ասված է փաստաթղթերում: Մակեդոնիայում ռուսական դեսպանության նախաձեռնությամբ վերջին ժամանակներս «բարեկամության մոտ 30 ասոցիացիա» է բացվել: Բացի այդ, դեսպանատունը հովանավորում է ողջ երկրում ուղղափառ եկեղեցիների շինարարությունը:

Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը

Ռուսաստանի և Սերբիայի համատեղ գործողություններն, ըստ մակեդոնացի հակահետախույզների, Մակեդոնիայում հանգեցրել են բարդ քաղաքական ճգնաժամի՝ հիմնական կուսակցությունների դիմակայության, որն ավարտվել է անկարգություններով խորհրդարանում: Այդ քաղաքական ճգնաժամն ուժեղանում է նաև ալբանական փոքրամասնության հետ էթնիկ տարաձայնություններով. ալբանացիները Մակեդոնիայի բնակչության մեկ քառորդն են կազմում, և ինքնավարություն հռչակելու նրանց նախորդ փորձերը քիչ էր մնացել քաղաքացիական պատերազմի բերեին:

2016թ-ի դեկտեմբերին երկրում արտահերթ ընտրություններ կայացան, որոնք պետք է վերջ դնեին քաղաքական ճգնաժամին: Սակայն նման բան տեղի չունեցավ: Կոալիցիոն կառավարությունը խորհրդարանի կողմից հաստատվեց միայն նախորդ շաբաթ՝ մայիսի 31-ին: Իսկ երկրի վարչապետ դարձավ Զորան Զաևը՝ «Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը:

Կոալիցիա կազմելու նախորդ փորձերը հանգեցրին ազգայնականների կողմից խորհրդարանի գրոհի. անկարգությունների արդյունքում այս տարվա ապրիլի 27-ին Զաևն ու տասնյակ այլ անձինք վնասվածքներ ստացան:

Ռուսաստանի իշխանությունները մեղադրեցին ԱՄՆ-ին և ԵՄ երկրներին Մակեդոնիայում իշխանափոխության կազմակերպման և Զաևին աջակցելու համար:

Հակահետախուզության հաշվետվություններից մեկում բերված է այս տարվա ապրիլի 7-ին ռուս դեսպան Օլեգ Շչերբակի և Մակեդոնիայի ԱԳՆ աշխատակցի միջև տեղի ունեցած զրույցը:

Ռուսաստանի դեսպանն, ըստ փաստաթղթի, խոստովանում է արտասահմանյան գործընկերոջը, որ Ռուսաստանի նպատակը «Բալկաններում չեզոք երկրների գոտու ստեղծումն է»՝ Չեռնոգորիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Մակեդոնիայի և Սերբիայի մասնակցությամբ:

Շչերբակն իբր նաև դժգոհություն է հայտնել, որ երկրում ռուսական քաղաքականությունն ու երկրի ներքին քաղաքական գործընթացներին «արտասահմանյան միջամտության» մասին ռուսական հայտարարությունները բավականաչափ աջակցություն չեն ստանում:

Շչերբակը չի բացառում, որ եթե մակեդոնական իշխանությունները չսկսեն հրապարակայնորեն աջակցել Կրեմլին, դա կհանգեցնի տնտեսական և դիվանագիտական համագործակցության դադարեցման:

Ռուս դիվանագետները հրաժարվել են պատասխանել OCCRP-ի հարցերին:

Մզկիթ Սկոպիեում: Լուսանկարը՝ journeywonders.com-ի

Սերբիայի օգնությունը

Գաղտնի փաստաթղթերի արխիվը ներառում է նաև BIA սերբական հետախուզության որոշ աշխատակիցների զրույցների գաղտնալսումը: Հաշվետվություններում ասված է, որ սերբ հետախույզներն ակտիվորեն օգնել են ռուս գործընկերներին իրականացնելու նրանց պլանները Մակեդոնիայում:

2013թ-ից ի վեր հակահետախույզները հետևել են BIA աշխատակից Գորան Ժիվալժևիչին, որն ակտիվորեն աշխատել է այն ուղղությամբ, որպեսզի թույլ չտա Մակեդոնիայի եվրաինտեգրացիան: Փաստաթղթերը խոսում են այն մասին, որ Ժիվալժևիչը ուղղորդումներ է տվել Մակեդոնիայի խորհրդարանի ռուսամետ անդամ Իվան Ստոիլկովիչին՝ սերբերի Դեմոկրատական կուսակցության առաջնորդին:

Ստոիլկովիչը նաև բազմիցս հանդիպել է հարևան Չեռնոգորիայի քաղաքական գործիչների հետ, որոնք դեմ են հանդես եկել իրենց երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Այդ քաղաքական ուժերի թվում են եղել նաև նրանք, ում մակեդոնացի հակահետախույզները ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ էին անվանում:

Գաղտնի փաստաթղթերը խոսում էին նաև այն մասին, որ Ստոիլկովիչը BIA սերբական հետախուզության աշխատակիցների հետ համաձայնեցրել է Սերբիայում Զորան Զաևի մասին քննադատական հրապարակումները: Սերբական լրատվամիջոցներն իրոք ակտիվորեն քննադատում էին Զաևին և գրում, որ Արևմուտքի միջամտությունն, ինչպես նաև ալբանացիների քաղաքական պահանջները կարող են պատերազմի բերել:

OCCRP լրագրողները զանգահարել են Ստոիլկովիչին:

«Երբ դուք ինչ-որ մեկի հետ հանդիպում եք, ես ձեզ այդ մասին հարցնո՞ւմ եմ: Դուք պետք է ամաչեք: Դուք ինձ վիրավորում եք», — պատասխանել է նա լրագրողներին:

Սերբական հետախուզության աշխատակից Ժիվալժևիչը հրաժարվել է հարցերի պատասխանել: Ռուսական իշխանություններից և հատուկ ծառայություններից մեկնաբանություններ նույնպես դեռևս չկան:

Նյութի ամբողջական տարբերակը «Նովայա Գազետայի» կայքում

JAMnews

Գրել կարծիք