BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Արդեն դիտել ենք] «Մանիֆեստո». Քեյթ Բլանշեթի սադրի

[Արդեն դիտել ենք] «Մանիֆեստո». Քեյթ Բլանշեթի սադրիչ ու երկիմաստ կերպարանափոխումները

Առաջին կադր. այրվող պատրույգ, ճայթուկների խուլ ճայթյուն, ուրախացող տատիկներ։ Մորուքավոր տնանկը (Քեյթ Բլանշեթ)` գլորելով իր աղբն ու քաշելով սև, կեղտոտ շանը, բարձրաձայն արտասանում է սիտուացիոնիզմի մանիֆեստը (փարիզյան հեղաշրջման գաղափարախոս Գի Դեբորի տեքստը, 1968)։ Մորուքավոր տղամարդուց բացի մյուս բոլոր դրվագներում նույնպես Բլանշեթն է. զբաղված բորսայի բրոքեր (ֆուտուրիզմ), աղբաոչնչացման աշխատակից (ճարտարապետություն), կոնսերվատիվ և «հավատացյալ» բուրժուա մայրիկ (փոփ արտ), արվեստաբան-բիզնեկին (աբստրակտ էքսպրեսիոնիզմ), սգացող այրի (դադաիզմ), հարբած ռոք երգչուհի (կրեասյոնիզմ, ստրիդենտիզմ), տիկնիկագործուհի (սյուրռեալիզմ, սպացիալիզմ), անհասկանալի գիտական միջանցքներով զբոսնող գիտնական (սուպրեմատիզմ, կոնստրուկտիվիզմ), լուրերի հեռուստամեկնաբան և լրագրող (կոնցեպտուալ արվեստ) և, վերջապես, ուսուցչուհի (կինո):
Ինչպե՞ս է ստեղծվել այս էքսպերիմենտալ, արտ ինստալացիոն ֆիլմը։ Նախ սկսենք նրանից, որ «Մանիֆեստոյի» ռեժիսոր Ջուլիան Ռոզեֆելդն առաջին հերթին ճարտարապետ-նկարիչ է, Բավարիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ, Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, զբաղվում է վիդեոինստալյացիաներով։ Եվ իրոք, բոլոր դրվագների մանիֆեստներն ընտրելու, իրար կապելու և ըստ տեքստի տրամաբանական վիզուալ շարք ստեղծելու համար անհրաժեշտ է արվեստաբանական գիտելիքների մեծ պաշար։ Ռոզեֆելդը չի էկրանավորել արվեստի դասագրքերը և չի վերարտադրել արվեստի տեսաբանների, քննադատների և փիլիսոփաների մտքերը։
Նա միտքը հակադրել է իրականությանը, օրինակ՝ Շեքսպիրին և Տոլստոյին գրողի ծոցն ուղարկելով ցույց է տվել կամայական Ուոլ սթրիթի հաջողակ առօրյան, որտեղ շատ լավ էլ ապրում են առանց գրականության։ Նրա աղբաոչնչացման գործարանում աշխատակիցը հավաքում է տոննաներով դարսված անպետք իրականությունը, որը ժամանակին համարվում էր անգին, կամ գոնե կարևոր, թանկ, ուտոպիստական։ Ամենասատիրիկ դրվագներից մեկը. սեղանի շուրջ հավաքվել է ընտանիք, ուտելուց առաջ նրանք աղոթում են, և մայրն աղոթքի տեսքով բարձրաձայն ընթերցում է քանդակագործ Կլաս Օլդենբուրգի «Ես արվեստի կողմնակիցն եմ» մանիֆեստը։ Դպրոցի ուսուցչուհուն երեխաներին 2+2-ի պես բացատրում է Լարս ֆոն Թրիերի, Ժան Լյուկ Գոդարի, Ջիմ Ջարմուշի և Վերնոր Հերցոգի գաղափարները: Ամենակարևորը՝ ոչինչ օրիգինալ չէ, գողացեք և ոգեշնչվեք ինչից  կարող եք։ Դպրոցում երեխաներին սովորեցնում են գողանալ. ինչպիսի հեգնանք։
http://www.youtube.com/watch?v=sOA6ramO1aw
Ռոզեֆելդը սրամիտ է, չի կորցնում տեմպն ու ռիթմը: Իհարկե, յուրաքանչյուր միտք ուղղակի ստիպում է մտածել մի քանի վայրկյան, բայց ժամանակ չկա՝ ահա Բլանշեթի հերթական հերոսը հրապարակում է հաջորդը։ Արտ-փիլիսոփայական հոսքը, որը գրեթե անդադար թափվում է հանդիսատեսի վրա, չի խեղդում, բայց վերլուծության ժամանակ էլ չի տալիս։
Ֆիլմը ցուցադրելուց առաջ Ռոզեֆելդն ի ցույց է դրել դրա բոլոր դրվագները միաժամանակ` տարբեր էկրանների վրա։ Իհարկե, այդպիսով բախվել են նաև արվեստի ենթատեսակների և ժամանակաշրջանների մտավորականների գաղափարները, հակասել իրար: Եվ ստացվել է մեկ այլ մեսիջով վիդեոարտադրանք։ Այստեղ, որտեղ ամեն ինչ ըստ հերթականության է, առանձին-առանձին, կարծես տարբեր դարակների վրա շարված, հանդիսատեսը կարող է ընտրել իրեն հոգեհարազատ միտքը, համոզմունքն ու տեսակետը, և զարգացնել այն։ Արվեստի և պոսմոդեռնի սիրահարների համար ֆիլմն այս կերպ դառնում է ինտերակտիվ զրուցակից, խոսող մեկը, որը չի լսի քո կարծիքը, բայց կօգնի, որ դու սկսես խորհել և վերլուծել։ Եթե այս սադրիչ, երկիմաստ և սատիրիկ տեսարան-մինի պատմությունների գոնե մի դրվագը էմոցիաներ առաջացնի, ուրեմն էքսպերիմենտը հաջողված է:

Տարածել