BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մեհրիբան Ալիևային Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու

Մեհրիբան Ալիևային Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու Իլհամի իրական շարժառիթները

Դեռ 2016-ին, երբ Ալիևները հայտարարեցին երկրում Սահմանադրության փոփոխության ու ակնարկեցին առաջին փոխնախագահի պաշտոն ստեղծելու մտադրության մասին, ակնհայտ դարձավ, թե ինչո՞ւ և ո՞ւմ համար է մայր օրենքի փոփոխության հենց այդ կետը: Սեպտեմբերի 26-ի հանրաքվեով հաստատված նոր Սահմանադրությամբ, եթե գործող նախագահը պաշտոնից հեռանա վաղաժամ,  նոր նախագահի ընտրությունից առաջ, երկրի ղեկավարի պաշտոնը կստանձնի ոչ թե վարչապետը (այդպես հին Սահմանադրությամբ էր), այլ առաջին փոխնախագահը: Փետրվարի 21-ին հրամանագրով այդ մարդը Ալիևի կինն է` Մեհրիբան, որը դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի երկրորդ դեմքն է: 
Ադրբեջանը տեղային-կլանային հիմքով կառուցված կեղծ հանրապետական համակարգ է: Եվ Վիկիլիքսի հրապարակած տեղեկություններով, Ադրբեջանում իրականում ամենաազդեցիկ ընտանիքը ոչ թե Ալիևներն են, այլ Փաշաևները: Հենց այս ընտանիքից է սերում առաջին տիկինը, արդեն՝ առաջին փոխնախագահը: 2013-ին՝ Բաքվում վերջին նախագահական ընտրություններին ընդառաջ, նույնիսկ աղմուկ էր տարածվել, թե Փաշաևները պատրաստվում են տապալել Ալիևին, նրա դեմ հանել հենց կնոջը՝ առաջադրելով ու պաշտպանելով նրա թեկնածությունը:
Արևմտյան մամուլը մի քանի անգամ հրապարակել է Ադրբեջանի առաջին տիկնոջ մասին դիվանագետների՝ դիվանագիտական նրբանկատությամբ ձևակերպած կարծիքները: Պարզվում է՝ Ալիևան քաղաքական թեմաներին բավարար չափով չի տիրապետում: Ընդ որում ոչ Ադրբեջանի ներքին ու արտաքին, ոչ միջազգային քաղաքականությանը: Թեև նա Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր է, խորհրդարանի ոչ մի նիստի ներկա չի լինում:
Փոխարենը նրա տեսքն ու պլաստիկ վիրահատությունների քանակն ակտիվ քննարկվում են: Հստակ թիվը ոչ ոք չգիտի, բայց արդյունքը վերածվել է զավեշտի: 2008-ին Մեհրիբանը դստրերի հետ հանդիպում էր ԱՄՆ փոխնախագահի կնոջը: Սպիտակ տան գաղտնի ծառայությունների աշխատակիցները միայն տրամաբանությամբ են կարողացել կռահել, թե երեք ադրբեջանուհիներից որն է նախագահի կինը: Ենթադրել են, որ մայրերը, որպես կանոն, մեջտեղում են կանգնում:
2011-ին PlayBoy ամսագրի վարկածով Մեհրիբանը ճանաչվել է ամենասեքսուալ առաջին տիկինը: Նա բժշկական բարձրագույն կրթություն ունի, Հեյդար Ալիև ֆոնդի ղեկավարն է, ՅՈՒՆԵՍԿՈ-յի բարի կամքի դեսպան: Եվ սա ամենը չէ: Նա Ադրբեջանում ամենուր է, նրա պաշտոնների ու մրցանակ-շքանշանների ցանկը՝ երկար:

1995- Ադրբեջանի մշակույթի բարեկամներ> բարեգործական ֆոնդի հիմնադիր, ղեկավար


1996 - Ադրբեջանի ժառանգություն> պատմա-մշակութային ամսագրի հիմնադիր, խմբագիր


2002- Ադրբեջանի Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ


2004- Հեյդար Ալիև> հիմնադրամի նախագահ


2004- UNESCO-ի բարի կամքի դեսպան


2004- Յենի Ազերբայջան կուսակցության քաղխորհրդի անդամ


2005 - Ադրբեջանի Տարվա կին 


2005- Սուտակե խաչի շքանշանի առաջին կին ասպետ


2005  – Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր 


2006 - ISESCO-ի բարի կամքի դեսպան


2007 - «Ոսկե սիրտ» մրցանակի դափնեկիր


2009 - Հեյդար Ալիևի անվան մրցանակ


2010 - Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշան


2014 - Քուվեյթի պատվավոր դիպլոմ


2013 - Պակիստանի կանանց գերազանցության մրցական


2014 - Թուրք-գերմանական դաշնակցությանն աջակցության մրցանակ


2015- Հեյդար Ալիևի անվան շքանշան


Ինչքան էլ Ադրբեջանում առաջին տիկնոջ հեղինակությունը սրբություն լինի, Ադրբեջանից դուրս՝ կուլիսային խոսակցություններում և նույնիսկ բացահայտ հրապարակումներում հեգնում են՝ Ալիևն աջակցում է կնոջ «ձեռքբերումներին» և օգտվում է այդ «ձեռքբերումներից»: Այնտեղ, որտեղ տղամարդ քաղաքական գործչի հմտությունները չեն աշխատում, նախագահն առաջին պլան է մղում 52-ամյա գրավիչ տիկնոջը:
Ալիևան իր նոր պաշտոնով նաև անձեռնմխելիություն է ստացել: Նրան չեն կարող կալանավորել, քրեական պատասխանատվության ենթարկել, չեն կարող խուզարկել: Իսկ անվտանգությունը կապահովի երկրի հատուկ ծառայությունը: Սոցցանցերի ադրբեջանական հատվածում քննարկում, ծիծաղում և հեգնում են մեկ այլ տեղեկություն: Օրենքով ամրագրված է՝ առաջին փոխնախագահի և նրա ընտանիքի ծախսերը հոգալու է երկրի պետբյուջեն:
Աննախադեպ ու բացառիկ լինելուց բացի այս նշանակումը մի կարևոր տողատակ ունի: 2005-ին կլանային մրցակցության ֆոնին ձերբակալվել և 11 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանում ամենաազդեցիկ՝ «երևանյան ադրբեջանցիների» («երազների») կլանի ղեկավար Ալի Ինսանովը: Դրանով Ալիևն այն ժամանակ ցույց տվեց, որ չի պատրաստվում իշխանությունը փոխանցել կամ կիսել ոչ մի ազդեցիկ կլանի հետ: Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելը նաև Ադրբեջանի թիվ մեկ պաշտոնին հավակնող ինսանովների ճանապարհը փակելու փորձ է: Եթե ոչ դե յուրե, գոնե դե ֆակտո: Եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ դատական գործով հաղթած Ալի Ինսանովը բանտից դուրս է գալու մեկ տարուց, և արդեն իսկ կանխատեսումներ կան, որ փորձելու է հետ բերել նախկին դիրքերը:
Ադրբեջանում, սակայն, շատ ուրախ են նոր փոխնախագահի համար: Աշխարհի ոչ մի նախագահի մտքով դեռ չէր անցել փոխնախագահ նշանակել կնոջը: Հետևաբար, նրանք առաջինն են, և կարևոր չէ, թե ինչում: Աշխարհը ծաղրում է, բայց կարևորը՝ խոսում իրենց մասին:

Տարածել