[exclusive] ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ Քերրի Քավանո. Ի՞նչ սպասել Լեռնային Ղարաբաղում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերիի Քավանոն ներգրավված է եղել Քի Ուեսթի բանակցություններում Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Նա եղել է համանախագահ 1999-2001 թվականներին: Համարվում է Հարավային Կովկասի և ժամանակակից հակամարտությունների ամերիկացի ամենատեղեկացված փորձագետներից մեկը: newmag-ը ներկայացնում է նրա հոդվածը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
Մեծ է հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի համար` հայերի ու ադրբեջանցիների միջև առաջիկա 12 ամսում նոր բախում լինի: Իրավիճակը շարունակում է լարված մնալ 2016-ի ապրիլից: Այդ ժամանակ տեղի ունեցավ ամենամեծ արյունահեղությունը 1994-ի հրադադարից հետո, երբ սահմանվել էր տարածքների ներկա բաժանումը:
Լեռնային Ղարաբաղն ինքնավար շրջան է Ադրբեջանում (newmag - ԼՂԻՄ-ը ինքնավար մարզ էր Խորհրդային Ադրբեջանում)՝ հիմնականում բնակեցված հայերով, որոնք 1988-ից ձգտում էին ազատվել կենտրոնական իշխանության վերահսկողությունից: Երբ Հայաստանն ու Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերեցին, Լեռնային Ղարաբաղը ևս հայտարարեց անկախության մասին: Սա լայնամասշտաբ պատերազմի առիթ դարձավ, որի արդյունքում և Հայաստանի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի ուժերը կարողացան վերահսկողություն հաստատել ինքնավար մարզի գրեթե ամբողջ տարածքում, գումարած 7 շրջանների, որոնք Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն են կազմում (newmag.- 20 տոկոսը Բաքվի ներկայացրած թիվն է, որի մեջ դիտավորյալ ներառված է ամբողջ Արցախը):
Վերջին 6 տարիներին լարվածությունը կայուն աճում էր, քանի որ էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանն ավելացնում էր իր սպառազինությունը, հակամարտությունը փոխզիջումներով կարգավորելու դեմ քաղաքացիական դիմադրությունն աճում էր միաժամանակ և Հայաստանում և Ադրբեջանում, իսկ հրադադարի խախտումները սովորական էին դառնում:
2016-ի ապրիլի ռազմական բախումների ժամանակ կոպիտ հաշվարկով 350 մարդ է տուժել, 100-ից ավելի զինվորականներ ու խաղաղ բնակիչներ են սպանվել (newmag - Զոհերի և տուժածների թիվը սխալ է նշված): Ադբեջանը կիրառել է տանկեր, ուղղաթիռներ, հարձակողական ԱԹՍ-ներ և վերագրավել է Լեռնային Ղարաբաղի ուժերի վերահսկած տարածքի երկու փոքր կտոր: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահները, որոնք պատասխանատու են հակամարտության կարգավորման համար, բռնությունը դադարեցնելու նպատակով դիվանագիտական քայլեր ձեռնարկեցին, բայց նրանք դեռ չեն կարողանում վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացը:
Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության նոր փուլը տարբեր արձագանքներ ունեցավ: Ռուսաստանը համաձայնագրային պայմանավորվածություն ունի պաշտպանել Հայաստանին, Թուրքիան Ադրբեջանի երաշխավորն է, իսկ Իրանը սահմանակից է երկու երկրների հետ, բայց ունի նաև ադրբեջանական փոքրամասնություն, որը թվաքանակով գերազանցում է նույնիսկ Ադրբեջանի բնակչությանը (newmag- Իրանի ազերիները թյուրքախոս իրանցիներ են):
Բացի այդ, Հարավային Կովկասը Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նպատակով Արևմտյան արտաքին և ուղիղ ներդրումների հիմնական ուղղություններից մեկն է: Նոր գազա և նավթատարներ են կառուցում Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան: Այս երկրների տնտեսություններն այժմ կախված են այս խոցելի էներգետիկ ցանցի ապահովումից: Կոնֆլիկտի նոր փուլը քաղաքացիական անհանգստության կամ հումանիտար աղետի ռիսկ է պարունակում Հայաստանի, Ադրբեջանի կամ հարևան երկրների համար և նույնիսկ կարող է դառնալ տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության պատճառ: Լեռնային Ղարաբաղին ուշադրության բարձր մակարդակով հետևում և խաղաղություն պահպանելու հետարքրություն է դրսևորում նաև Վաշինգտոնը՝ արդեն 20 տարի Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահների հետ աշխատելով ԵԱՀԿ Մինսկի խմբում:
2016-ի ապրիլի բախումների մասշտաբով, կամ ավելի ծավալուն ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն իրական է: Դրա պատճառ կարող են դառնալ ազգայնական զգացմունքայնությունը, Հայաստանում արագ աճող քաղաքական դժգոհությունները և Ադրբեջանի հայտարարությունները, թե կարող է որոշ տարածքներում վերականգնել վերահսկողությունը ուժի միջոցով: Հակամարտությունը կարող է վերսկսվել անզգույշ ռազմական գործողության կամ կանխամտածված սադրանքի արդյունքում:
Անզգույշ ռազմական գործողություն
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից բաժանող շփման գծին և Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին բավականաչափ զինված հակամարտող զորամիավորումները տեղակայված են իրար շատ մոտ: Պատերազմող կողմերի միջև խաղաղապահներ չկան և ԵԱՀԿ-ի մոնիտորինգային խումբն էլ միայն 6 դիտորդներից է կազմված: Ներկա իրավիճակի անկայունությունը հաշվի առնելով, շփման գծում կամ սահմանին պատահական միջադեպը կարող է վերաճել ավելի ընդգծված ռազմական գործողության: Նման միջադեպեր երկու կողմից, էլ սկսած 1994-ից, գրանցվել են, սակայն հետագա էսկալացիայի չեն հանգեցրել, բայց 2016-ի ապրիլի բախումը նույնիսկ սա է փոխել: Այժմ հսկայական է ռիսկը, որ համեմատաբար փոքր ռազմական գործողությունը կարող է օգտագործվել քաղաքական դիվիդենտներ շահելու կամ ռազմաճակատում նոր առավելություն ստանալու նպատակով, ինչն էլ կարող է բերել էսկալացիայի:
Հարավային Կովկասի հարցերով շատ փորձագետներ հավատում են, որ 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմը հենց այսպես է սկսվել: Երբ բախումը սկսվեց, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Վաշինգտոնում մասնակցում էին Միջուկային անվտանգության համաժողովին: Բախումների համար լավագույն ժամանակը չէր, բայց կատարվածն Ադրբեջանի համար հասարակության աջակցությունը ստանալու և շփման գծում դիրքերը բարելավելու հնարավորություն էր: Հայկական կողմը նույնպես կարող էր էսկալացիայի գնալ, եթե հանգամանքներից ելնելով բախումները ընթանային իր վերահսկողությամբ:
Կանխամտածված սադրանք
Երկու կողմն էլ կարող էին սադրիչ գործողությունների գնալ՝ ռազմական, քաղաքական, տնտեսական գերակշռություն ստանալու նպատակով, որը կարող էր խոչընդոտել, եթե ոչ կտրուկ փոխել կայունությունը, որը տևում է արդեն երկու տասնամյակ: Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ ստատուս քվոն անընդունելի է, հիմնավորելով, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող անկախ լինել և նշելով, որ 90-ականներին զավթված 7 շրջանները շարունակում են օկուպացված մնալ ի հեճուկս ՄԱԿ-ի 4 բանաձևերի:
Ադրբեջանն ավելի է հակված ռազմական ուժ գործադրել՝ կարգավորումն իր ձեռքը վերցնելու և ստատուս քվոն փոխելու նպատակով: 2006-ից այս երկիրը սպառազինությունների գնման համար ավելի քան 22 միլիարդ դոլար է ծախսել՝ արսենալը համալրելով ժամանակակից զինատեսակներով, ինչը Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ (newmag – Հենց այդ պատճառով հայ-ռուսական համաձայնով, ՀՀ-ն 200 մլն դոլարի ժամանակակից զենք ու զինամթերք ձեռք բերեց ՌԴ-ից: ): Այս գնումները խախտեցին Հայաստանի ավանդական ռազմական կարողությունը, որը հիմնված է ոչ միայն զինատեսակների, այլև բարձրագույն ղեկավարության, պատրաստվածության և խնդրի նկատմամբ հավատարմության վրա: Հիմա, երբ Ադրբեջանի նախագահը հասկացել է, որ այդ տարածքները կարող են ազատագրվել ուժով և առանց քաղաքականության, նա կարող է օգտագործել Բաքվի ռազմական գերակայությունը շփման գծում ռազմավարական նշանակության փոփոխությունների հասնելու համար:
Ադրբեջանը կարող է նախաձեռնել նաև փոքր մասշտաբով ռազմական գործողություններ պոպուլիստական նպատակներով՝ կառավարության դեմ դժգոհությունները ճնշելու և շարունակվող տնտեսական բարդ շրջանը հաղթահարելու համար: 2016-ի ապրիլը ցույց տվեց այս քաղաքականության արդյունավետությունը: Նախագահ Ալիևին խիստ քննադատում էին ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական ակտիվիստների և մամուլի ազատության դեմ քայլերի համար: Այդ քայլերը և տնտեսության կտրուկ անկումը 2016-ին զանգվածային ցույցերի պատճառ դարձան, իսկ երբ Հայաստանի հետ բախումը սկսվեց, հայրենասիրությունը, այնուամենայնիվ, գերակայեց: Պատուհաններից դրոշներ կախեցին և երիտասարդները ռազմաճակատ մեկնելու պատրաստակամություն դրսևորեցին: Այսօր Ադրբեջանի տնտեսության անկումը շարունակվում է, էներգառեսուրսների գները փոփոխական են և ազգային արժույթն արժեզրկվում է: 2016-ին երկրի ՀՆԱ-ն կրճատվել է նվազագույնը 3 տոկոսով: 2017-ին աճող աղքատության ցուցանիշը հավանական են դարձնում սոցիալական հուզումները:
Նույն պատճառները կարող են Հայաստանին ևս դրդել սրել դրությունը Լեռանյին Ղարաբաղում: Հայաստանի տնտեսությունը նույնպես թույլ է ու ցույցերի ժամանակ շոշափվում է նաև ԼՂ հարցը: Ռազմական կարևոր առաջնորդներն ապրիլից հետո պաշտոնանկ են արվել: 2016-ի հուլիսին Ղարաբաղի պատերազմի տասնյակ վետերաններ Երևանում գրավել էին ոստիկանության շենքերից մեկը և պատանդներ էին պահում, իսկ հազարավոր հայեր դուրս էին եկել փողոցներ՝ նրանց աջակցելու: Սա բերեց սեպտեմբերին վարչապետի հրաժարականին (newmag- Վարչապետի փոփոխության պատճառները բոլորովին այլ էին): Ցուցարարները մեղադրում էին Հայաստանի առաջնորդներին դավաճանության՝ տարածքային զիջումների գնալու մեջ: Կառավարությունը ճնշման տակ էր և պետք է ցույց տար, որ կարող է կոշտ դիրքորոշում ունենալ բանակցությունների ժամանակ, ընդունակ է պաշտպանել ԼՂ-ը և շարունակել վերահսկել տարածքները:
Հայաստանը կարող է որոշել, որ ճիշտ ժամանակն է ԼՂ անկախությունը ճանաչելու համար: Ապրիլյան բախումների ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է գնալ այս դրամատիկ քայլին, եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ավելի մասշտաբային դառնան: Ադրբեջանը հստակեցրեց, որ այս քայլից հետո դուրս կգա Մինսկի խմբի բանակցային գործընթացից և կգնա ռազմական լուծման: Հայերը նաև հայտարարել էին, որ եթե հարձակում լինի, կթիրախավորի Ադրբեջանի էներգետիկ սեկտորը: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը մոտ է շփման գծին (Մարտակերտից հեռու չէ, իսկ այս քաղաքն ապրիլին ամենաթեժ կետերից մեկն էր) և սահմանին, հետևաբար նույնպես կարող է թիրախ լինել: Մեկ այլ պոտենցիալ թիրախ է Սանգաչալի տերմինալը, որտեղից արդյունաբերվող գազի և նավթի հասույթն Ադրբեջանի օֆշորային պլատֆորմներում է: Սա կարող է վնասել Վրաստանին, որն իր սպառած բնական գազի 90 տոկոսը ներկրում է Ադրբեջանից, և Թուրքիային:
Հակամարտության սրման նոր փուլից և լայնամասշտաբ բախումներից որևէ էական առավելություն արտաքին ուժերը չեն ստանա, այնպես որ սրող արտաքին միջամտությունը քիչ հավանական է: Սակայն Ռուսաստանն անկայուն դրությունից որոշակի օգուտ ստանում է՝ զենք վաճառելով երկու կողմին էլ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խոշոր դիմակայությունն անմիջական ռազմական շփման կարող է բերել Ռուսաստանին և Թուրքիային, կամ հակամարտության մեջ ներքաշել Իրանին, սակայն այս սցենարները պակաս հնարավոր են:
Նախազգուշացնող նշաններ
Քանի որ լարվածության ֆոնը բարձր է, և զինված ուժերն արդեն տեղակայված են, էսկալացիայի հանգեցնող չծրագրված, փոքրամասշտաբ կրակոցների մասով նախազգուշացնող ցուցիչներ չկան: Վտանգավոր նշան կարող է լինել, օրինակ, փոխհրաձգության դեպքերի աճը, որ հիմա տեղի է ունենում շփման գծում և անվիճելի է՝ նաև հայ-ադրբեջանական սահմանին: Այդպիսի միջադեպ էր օրինակ 2016-ի դեկտեմբերի 29-ին Չինարիում պատահածը, երբ 4 զինվորական զոհվեց: Սրան հետևեց Մինսկի խմբի համանախագահների՝ կողմերին ուղղված արագ հայտարարությունը՝ իրավիճակը կայունացնելու և դիակները վերադարձնելու կոչով (newmag- Իրականում ՄԽ համանախագահները հայտարարություն տարածեցին դեպքից մոտ տասն օր անց):
Դիտավորյալ գործողություններին կարող են նախորդել հրապարակային հայտարարություններ կամ այլ քայլեր՝ ապահովելու համար ներքին աջակցություն, նաև Մինսկի խմբի դեմ բողոք: Եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, դա կնշանակի հատել քաղաքական կարմիր գիծը, և պատճառ կդառնա Ադրբեջանի համար խաղաղ գործընթացի ձևաչափից դուրս գալու համար, սակայն սա միակ քաղաքական քայլը չէ, որ կարող է սադրել կոնֆլիկտը: Ընդդիմադիր օրենսդիրները Հայաստանի խորհրդարանում արդեն իսկ «ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին» օրինագիծ են ներկայացրել: 2016-ի նոյեմբերին ԼՂ ԱԺ խոսնակը հայտարարեց, որ պատրաստ է նոր Սահմանադրության նախնական տարբերակը, որով նախատեսվում է շրջանը վերանվանել Արցախի հանրապետություն: Նախագահ Ալիևը 2017-ի ամանորյա ուղերձում վերահաստատեց, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելով: Հայաստանի վարչապետն իր հերթին հայտարարեց, որ խաղաղության համար տարածքային զիջումների չեն գնա:
Լարվածության նշաններ փնտրելիս կարևոր է ուշադիր լինել նաև Ադրբեջանի զինուժի տեղաշարժերին և հարձակողական գործողությունների այլ նախապատրաստություններին: Սակայն Ադրբեջանի էներգետիկ սեկտորը թիրախավորելու Հայաստանի սպառնալիքներն իրականություն դառնալուց առաջ պակաս տեսանելի նախապատրաստական աշխատանքներ կպահանջեն: 2012-ին Երևանը զորավարժություն է անցկացրել, որի սցենարը ներառում էր նաև հրթիռային հարված հասցնել նավթային ենթակառուցվածքներին: 2016-ին Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել հեռահար, գերշճգրիտ բալիստիկ հրթիռային համակարգ, որը կարող է թիրախներ խոցել Ադրբեջանի տարածքի խորքում:
Տարածաշրջանում Մոսկվայի դիրքորոշումները նույնպես արժանի են խիստ ուշադրության: Ռուսաստանը հնարավորություն ունի պաշտպանել Հայաստանին՝ ՀԱՊԿ-ում գործընկերոջը, զենքը զեղչով վաճառելու, Գյումրիում մոտ 5 հազար զինծառայողներով ռազմաբազա պահելու ճանապարհով: Միևնույն ժամանակ Ռուսաստանն է Ադրբեջանին վաճառել վերջերս ձեռք բերած սպառազինության 80 տոկոսը: Մոսկվան երկու ժողովուրների հետ «ռազմավարական գործընկերության» է ձգտում և պնդում է, որ զենք վաճառելով միաժամանակ հավասարակշռություն է պահպանում որակի և քանակի մասով: Հավասարությունը, սակայն դժվար է չափել և ավելի դժվար է պահպանել: Կողմերից մեկի զենքի գնումները կամ արդեն ծրագրված առաքումները կարող են որոշիչ առավելություն ձևավորել և անուղղակի հանգեցնել ռազմական գործողությունների: Հայաստանում ցուցարարները քննադատում են Ռուսաստանին, նշելով, որ Մոսկվան ընդլայնում է Ադրբեջանի հարձակողական պոտենցիալը. որպես ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հավատարմության և հուսալիության շուրջ կասկածները Երևանում աճում են: Ադրբեջանում նման անհանգստություն է դիտվում Հայաստանին Իսկանդեր վաճառելուց հետո: Ամեն դեպքում, դրանից հետո՝ դեկտեմբերին, Ադրբեջանն Իսրայելից գնեց Երկաթե գմբեթ պաշտպանական համակարգը:
ԼՂ-ում ծավալուն ռազմական գործողությունները վտանգում են Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ նահանգների վերջին 25 տարվա աշխատանքը՝ ուղղված անկախությանը և ինքնավարությանը նպաստելուն, քաղաքական և տնտեսական զարգացմանը: Կարող են վտանգվել Միացյալ Նահանգների երկու այլ նպատակները՝ ՌԴ ռևանշիզմի զսպումն ու Ռուսաստանից ու Իրանից անկախ Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսներն արևմտյան շուկա հասցնելու նոր տրանսպորտային ցանցի ստեղծումը: Ավելին, պատերազմի երկարաձգումը կարող է սրել ԱՄՆ՝ առանց այդ էլ խնդրահարույց հարաբերությունները ՌԴ, Թուրքիայի և Իրանի հետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ներքաշվել հակամարտության մեջ:
Լայնածավալ ռազմական գործողությունները կարող են խաթարել ժողովրդավարական ինստիտուտները, անկարգությունների պատճառ դառնալ Հայաստանում և Ադրբեջանում, քանի որ կենսական ռեսուրսներն ու ենթակառուցվածքները կվնասվեն, բնակչությունը կտարհանվի: Երկու երկրներն արդեն դժվարություններ ունեն սեփական ժողովուրդների կենսական կարիքները հոգալու հարցում: Եթե հակամարտությունը ձգձգվի, հարևան Վրաստանը ստիպված կլինի կարգավորել հնարավոր ներգաղթյալների հոսքերը: Պատերազմի հետևանքով տնտեսական դժվարությունները Թբիլիսիի համար նույնիսկ ավելի արտահայտված կդառնան: Վրաստանն Ադրբեջանից էներգետիկ կախման մեջ է, տնտեսությունը՝ տարածաշրջանում խաչաձև առևտրից, զբոսաշրջությունից, էներգառեսուրսների տարանցիկ խողովակաշարերի հասույթից: ԱՄՆ-ը Վրաստանը դարձրել է տարածաշրջանում իր գլխավոր գործընկերը և Թբիլիսին կարող է ակնկալել Վաշինգտոնի քաղաքական ու տնտեսական աջակցությունը: Տարածաշրջանի էներգետիկ սեկտորում զանգվածային ներդրումները, մասնավորապես Հարավային գազային միջացքի ընթացիկ 28 միլիարդ դոլարը նույնպես կարող են վտանգվել:
Հայաստանի և Ադրբեջանի ռազմական խոշոր բախումը կարող է ավելի բարդացնել արդեն իսկ անհանգիստ ռուս-ամերիկյան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում ռուսական քաղաքական և ռազմական ազդեցությունն ընդլայնելու հնարավորություն ստեղծելով: ԼՂ շուրջ լարվածությունը 2016-ի նոյեմբերին արդեն հանգեցրել է Հայաստանի և Ռուսաստանի՝ երկար ժամանակ ծրագրվող պաշտպանական համատեղ ուժերի ստեղծմանը: Ռուսաստանը կարող է արձագանքել պատերազմին՝ մեծացնելով իր ռազմական զորամիավորումը Գյումրիում, ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով խաղաղապահ ուժեր տեղակայել կամ կատարել ՀԱՊԿ-ի շրջանակում իր պարտավորությունները:
Նորացված հակամարտությունը կարող է բարդացնել նաև ԱՄՆ հարաբերությունները Թուրքիայի և Իրանի հետ: 2016-ի ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացավ, որ իր երկիրը մինչև վերջ կաջակցի Ադրբեջանին: Այս հայտարարությունն արտացոլեց 2010-ին Թուրքիայի ստանձնած հանձնառությունը՝ երաշխավոր լինել Ադրբեջանի վրա հարձակման դեպքում: Ըստ երկու երկրների կառավարությունների, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները բնութագրվում են որպես մեկ ազգ, երկու պետություն: Ի հակադրություն սրան, Իրանն առաջարկել է իր դրական ջանքերը հակամարտությունը կարգավորելու հարցում: Թեհրանը վերահաստատել է իր առաջարկը 2016-ի դեկտեմբերին և 2017-ի փետրվարին:
Հաշվի առնելով ԱՄՆ ընթացիկ հարաբերությունները Թուրքիայի և Իրանի հետ՝ կարգավորման գործընթացին կամ անվտանգության հարցերին ամերիկյան միջամտությունն ավելի շուտ խնդրահարույց կարող է դառնալ և խոչընդոտներ ստեղծել, քան նպաստել խաղաղության երկարաժամկետ հեռանկարին: Վաշինգտոնը, սակայն, ակտիվ աշխատում է Երևանի և Անկարայի հետ հայ-թուրքական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ տնտեսական շրջափակումը դադարեցնելու և դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու մասով: Ակտիվ ռազմական գործողությունները կխանգարեն ԱՄՆ նպատակներին: Քիչ հավանական է, բայց ԱՄՆ շահերին կարող է առնչվել նաև Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի ակտիվ փուլի պայմաններում ռազմական գործողություններին Թուրքիայի և Ռուսաստանի միջամտությունը:
Եվ վերջապես այս հակամարտությունն առաջինն է, որը կարգավորելու միջնորդությունը ստանձնել է ԵԱՀԿ-ն: Ձախողումը կվնասի այս կառույցի համբավին և այլ կոնֆլիկտներում միջնորդական առաքելություն իրականացնելու հավակնություններին: Սա կարող է վատ անդրադառնալ նաև ԱՄՆ հեղինակության վրա, որը Մինսկի խմբի կարևոր դերակատարներից է գործընթացի հենց սկզբից:
Միացյալ Նահանգները չի կարող միայնակ կանխել Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսումը: Կարող է աջակցել մի շարք դիվանագիտական նախաձեռնությունների, որոնք ճնշում կգործադրեն կողմերի վրա՝ պահանջելով խաղաղ կարգավորման գործընթացին ավելի ակտիվ ներգրավվածություն և կնվազեցնեն ուժ կիրառելու հնարավորությունը:
Միջնորդական պատասխանատվությունը ԵԱՀԿ-ից ՄԱԿ-ին փոխանցելը
Այս գործընթացը կարող է կայանալ Ռուսաստանի և Ֆրանսիայի պարտադիր աջակցությամբ, ինչպես նաև ԵԱՀԿ այլ երկրների: Այս տարբերակը կարող է պահպանել բոլոր երեք համանախագահ երկրների ազդեցությունը որպես ՄԱԿ-Ի ԱԽ մշտական անդամներ, որոնք ունեն վետոյի իրավունք, և թույլ տալ նրանց խուսափել ուղղակի պատասխանատվությունից: Մինչև այժմ բարձր մակարդակի ուշադրությունը, որ Վաշինգտոնն ու Փարիզը ցուցաբերում են այս հարցի քննարկմանը կարող է նվազել, թեև Մոսկվայի ներգրավվածությունը, որպես տարածաշրջանում դոմինանտ ուժի, հավանական է նույնիսկ ավելի հետևողական դառնա: Ադրբեջանը գուցե ողջունի այս քայլը: Հայաստանը, սակայն, ԱՄՆ-ին վաղուց կողմնակալ է համարում, քանի որ Վաշինգտոնն ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ում աջակցություն էր հայտնել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից դուրս գալու սպառնալիքը
Եվ Հայաստանը, և Ադրբեջանը ԱՄՆ ներգրավվածությունը դիտարկում են որպես հակակշիռ ռուսական ազդեցությանը: Մինսկի խմբի գործընթացից ԱՄՆ դուրս գալը կխախտի հավասարակշռությունը: Այս հեռանկարը կարող է հարկադրել հակամարտող կողմերին դիրքերն ավելի մոտեցնել: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն մերժել փոխզիջումները, ԱՄՆ-ն կարող է սպառնալ՝ դրանով նաև նվազեցնելով ձախողված գործընթացին իր ներգրավվածությունը: Սակայն սա էլ կարող է ընդլայնել Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը: Քաղաքականություն թելադրող շատ գործիչներ Ռուսաստանում և Եվրոպայում Վաշինգտոնի նման քայլը կարող են դիտարկել որպես տարածաշրջանը ՌԴ-ին զիջում: Բացի այդ այս քայլը կարող է խանգարել նաև Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում հակամարտությունները կարգավորելու ԱՄՆ և ԵԱՀԿ ջանքերին:
Որպես կանոն, միջնորդական առաքելությունները չեն ձգտում լուծում պարտադրել, այլ հակամարտող կողմերին սեփական ջանքերով օգնում են գտնել երկկողմանի ընդունելի ճանապարհներ խաղաղ կարգավորման համար: ԱՄՆ-ը ՌԴ և Ֆրանսիայի հետ կարող է պասիվ միջնորդության փոխարեն ավելի կոպիտ քայլի գնալ՝ կողմերին պարտադրելով իրական փոխզիջումներ: Նման միասնական մոտեցումը, որին կաջակցեն նաև համանախագահ երկրների առաջնորդները, կարող է ռազմական գործողությունների քաղաքական արժեքն ավելի բարձրացնել և լրջացնել խաղաղության մասին երկխոսությունը:
Վստահության և անվտանգության ամրապնդմանն ուղղված համաձայնեցված միջոցառումներ
Անցած գարնանը Մինսկի խմբի առաջարկած վստահության և անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումների երկու առաջարկներ Ալիևն ու Սարգսյանը նորմալ էին ընդունել: Դրանք էին՝ ավելացնել ԵԱՀԿ դաշտային դիտորդների թիվը (6-ից դարձնել 15) և ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ: Երկու առաջարկներն էլ այժմ սառեցված են: Այս և նման այլ քայլերը կարող էին ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին զգուշացնել նախապես և օգնել բացահայտել զինադադարը խախտող կողմին: Ադրբեջանը երկար ժամանակ ընդդիմանում էր այս միջոցառումներին, հիմնավորելով, թե դրանք միայն կամրապնդեն Բաքվի համար անհանդուրժելի ստատուս քվոն: Հայաստանն ավելի դրական էր պատասխանում:
Եթե Բաքուն շարունակի արգելափակել նման քայլերը, համանախագահող երկրները կարող են այլընտրանքային մեխանիզմների դիմել ԵԱՀԿ ձևաչափից դուրս: Ինչպես օրինակ նման միջոցառումներ իրականացնել շփման գծի միայն հայկական կողմում: Միաժամանակ Մինսկի խումբը կարող է ռիսկի նվազեցման միջոցների դիմել՝ ճնշում գործադրել կողմերի վրա՝ ԵԱՀԿ-ում ձեռք բերված համաձայնություններով: Օրինակ՝ լայնածավալ զորավարժությունների մասին ծանուցել 42 օր առաջ:
Գտնել վստահության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ավելի նշանակալի միջոցառումներ
Լրացուցիչ միջոցները, ինչպիսիք են հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև տարածության ավելացումը, զինվորական հրամանատարությունների և քաղաքացիականների միջև թեժ գծերը, միջազգային դիտորդների թվի զգալի աճը կարող են նպաստել կայունությանը՝ ավելացնելով ռազմական գործողությունների կանխատեսելիությունն ու թափանցիկությունը: ԵԱՀԿ դիտորդների խմբի ներկա թիվը, եթե նույնիսկ ընդլայնվի քննարկվող չափով, ցավալիորեն համարժեք չէ նրանց առջև դրված առաջադրանքին: Տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը, որն այժմ պատասխանատու է միայն սահմանափակ մոնիտորինգի համար, նույնպես կարող է ընդլայնվել: Նման քայլերն ակտիվ ուսումնասիրելը կարող է կողմերին բարեխիղճ բանակցությունների բերել:
Տնտեսական աջակցությունը նվազեցնելը և մասնավոր ներդրումների բացակայությունը՝ քայլեր դեպի խաղաղություն
Moody's միջազգային վարկանշային գործակալությունը 2017-ի համար արդեն վարկային բացասական ցուցանիշներ է տվել Հարավային Կովկասի համար՝ որպես բացասական գործոններ նշելով աշխարհաքաղաքական հակամարտությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սրացումը: Նման պայմաններում պատերազմի վերսկսման հեռանկարի մասին հրապարակային հայտարարություններն ու մտահոգությունները կարող են խոշոր ներդրումները դուրս տանել: Այս մասով կարևոր են նաև միջազգային ֆինանսական կառույցների քայլերը: Օրինակ 2016-ի դեկտեմբերին Համաշխարհային բանկը 800 մլն դոլարի վարկ հաստատեց Հարավային գազային միջանցքի նախագծի համար: Սա ավելի տեսանելի է դարձնում հակամարտության թեժ փուլի վերսկսման արժեքը և ընդգծում է կարգավորման ուղղությամբ հրատապ առաջընթացի անհրաժեշտությունը: Բացի այդ ԱՄՆ-ը ևս կարող է լրացուցիչ ճնշում գործադրել՝ կրճատելով տարածաշրջանում Export-Import բանկի և Անդրծովյան մասնավոր ներդրումների կորպորացիայի (OPIC) գործունեությունը:
Ընդլայնել երկխոսությունը Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի միջև
Անկարան կարող է էական դեր խաղալ՝ աջակցելով վերջնական կարգավորմանը և հետագայում ինտեգրվելով Հարավային Կովկասի տնտեսական զարգացմանը: Թուրքիայի ավելի լայն ներգրավվածությունը կարող է խթանել խաղաղության ուղղված ջանքերը և խրախուսել դրանց Ադրբեջանի ներգրավվածությանը: Այս տարբերակը կարող է օգնել նաև նվազեցնել ՌԴ և Թուրքիայի ռազմական շփման հավանականությունը՝ լայնածավալ գործողության դեպքում դաշնակցական պարտավորությունները կատարելիս:
Մեղմացնող տարբերակներ
ԱՄՆ-ը կարող է մշակել միջոցառումների փաթեթ, որը կարող է կանխել ԼՂ-ում էսկալացիան: Միացյալ Նահանգները կարող է ավելի անմիջական աշխատել հրադադարը վերականգնելու ուղղությամբ: Նախկինում համանախագահող երեք երկրների միասնականությունն արդեն զգալի օգնել է: Պատերազմող կողմերի ղեկավարների հետ Ռուսաստանի ուղիղ բանակցություներին աջակցելն ապացուցված է, որ խելամիտ և արդյունավետ է:
Միացյալ Նահանգները կարող է աջակցել ՄԱԿ-ի ԱԽ-ում լուրջ ռազմական գործողությունները դատապարտող որևէ բանաձևի ընդունմանը: Երկրորդ տարբերակ՝ եթե հայտնի է, պետք է նշվի նախաձեռնողի անունը: Գործընկերների հետ աշխատելով, ԱՄՆ-ը պետք է «տուգանի» այն կողմին, որը կնախաձեռնի որևէ լուրջ սրում՝ հրապարակային դատապարտելով, պոտենցիալ տնտեսական օգնությունն այդ երկրին չհատկացնելով կամ պատժամիջոցներ օգտագործելով: Կարող են սահամնափակվել նաև միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունը և մասնավոր ներդրումները:
Առաջարկներ
ԼՂ-ում հակամարտության վերսկսման հեռանկարը միաժամանակ մարտահրավեր և հնարավորություն Դոնալդ Թրամփի վարչակազմի համար: Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր զարգացումներ ունենալու նախագահ Թրամփի ցանկությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դրական արձագանք է ստացել, բայց նաև քննադատվել է ազդեցիկ կոնգրեսականների կողմից: Իսկ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնված է Ղրիմում, Ուկրաինայում և Սիրիայում Մոսկվայի ագրեսիվ քայլերի վրա և ավելի է բարդացել ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությամբ: Գլխավոր հարցն այն է, թե ինչպես նախաձեռնել մերձեցում նման վիճելի քաղաքական միջավայրում: ԼՂ-ն կարող է պատասխան առաջարկել:
ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ-ՌԴ գործակցության առաջատար ֆորմատ է, որտեղ երկու երկրներն ունեն ընդհանուր և անվիճելի նպատակներ՝ նվազեցնել պատերազմի հավանականությունը և շարժվել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասով խաղադրույքը կարևոր է ԱՄՆ և իր եվրոպացի գործընկերների համար, բայց ոչ կենսական: Ավելի ակտիվ ներգրավվածությունը կարող է ստուգել համագործակցելու վերաբերյալ Մոսկվայի հայտնած պատրաստակամությունը՝ համեմատաբար ցածր քաղաքական գնով: Եվ ցույց տալ, որ Թրամփի վարչակազմը կառուցողական աշխատանք է տանում իսլամադավան երկու երկրների` Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Գործակցել ՌԴ հետ՝ ակտիվացնելու Մինսկի խմբի խաղաղ գործընթացը
Ավելի ակտիվ խաղաղ գործընթացը երկու կողմի համար էլ ավելի դժվար կդարձնի լայնածավալ ռազմական գործողությունների դիմելը: Մինչև այս ԱՄՆ-ը, ՌԴ-ը և Ֆրանսիան միասին աշխատել են՝ ցույց տալով հեռանկարներ, որոնց կողմերը կարող էին համաձայնել, բայց ներքաղաքական գործոններով պայմանավորված հրաժարվել են: Երեք համանախագահները պետք է մեծացնեն քաղաքական ճնշումը բանաձևերի հասնելու համար, ոչ թե բավարարվեն պասիվ մոտեցումներով, ինչը կողմերին է թույլ տալիս որոշել գործընթացի տեմպը: Դրան հասնելու համար համանախագահները պետք է ավելի ակտիվ ներգրավվեն և գուցե խրախուսման ու պատժի գործիքներ կիրառեն: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի էներգիան կարող է այս մասով արժեքավոր ֆոն լինել: Ռուսաստանը առաջնորդեց 2016-ի հրադադարը, իսկ ԱՄՆ-ը պետք է նույնն անի՝ բանաձևեր առաջարկելով:
ԱՄՆ-ը պետք է նաև նպաստի համանախագահների պարբերական քննարկումներին Թուրքիայի ընդգրկման հարցով՝ ընդգծելով Անկարայի քաղաքական ու տնտեսական դերը: Մոսկվան պետք է աջակցի այս քայլին: 2015-ին սիրիական սահմանին ռուսական ուղղաթիռի խոցմանը հետևած լարվածությունից հետո ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվում են: Սա է վկայում Մոսկվայի հրավերով 2016-ի դեկտեմբերին Անկարայի (և Թեհրանի) մասնակցությունը Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին: Համանախագահները կարող են նաև Իրանին ներգրավել այս զարգացումներին և նպատակը պետք է լինի Թեհրանին ոչ թե մասնակից, այլ տեղեկացված աջակից դարձնել՝ հաստատուն կայունությանը և վերջնական կարգավորմանն ուղղված ջանքերին:
ԼՂ շուրջ ԱՄՆ-ՌԴ գործակցությունը պետք է հակասական կամ բարդ չլինի, ինչպես այլ հարցերի՝ Ուկրաինայի, Սիրիայի կամ սպառազինությունների վերահսկման դեպքում: Այս հարցերը կտրուկ բաժանում են քաղաքական մոտեցումները և նպատակները: Դրսևորելով գործակցության փոխադարձ առավելությունները՝ ԼՂ կարող է դառնալ ԱՄՆ-ՌԴ գործակցության ընդլայնման սկզբնակետը:
Հակամարտությունը կանխելուն ուղղված միջոցառումներ
2016-ի վերջին հայ-ադրբեջանական սահմանին մտահոգիչ փոխհրաձգությանը հետևեցին 2017-ի հունվարին հրադադարի ամենօրյա խախտումները: Հաշվի առնելով հակամարտության սրման մեծ հավանականությունը՝ պետք է ձեռնարկվեն այն նվազեցնելու ուղղությամբ բոլոր հնարավոր քայլերը: Ինչպիսին են, օրինակ, վստահության և անվտանգության ամրապնդմանն ուղղված և այլ՝ ավելի նշանակալի միջոցառումները, նաև նման ռիսկային իրավիճակում արտաքին տնտեսական աջակցության և մասնավոր ներդրումների հեռանկարը: Տարածաշրջանում ռազմական զարգացումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը ԱՄՆ և ՌԴ միջև, ու քննարկումը, թե դեպի տարածաշրջան զենքի մատակարարումներում արդյոք պահպանվում է ռազմավարական հավասարությունը, նույնպես կարող են հուսադրող լինել:
Թրամփի ադմինիստրացիան պետք է նրբանկատորեն ուշադրություն դարձնի ԼՂ-ին առնչվող զարգացումներին և գործի ավելի արագ` կանխարգելիչ միջոցառումները խթանելու ուղղությամբ, ինչը կօգնի խուսափել բռնությունից, հետ պահել ռազմական գործողություններից և աջակցել խաղաղ կարգավորմանը: