BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Փարիզի լուսնոտը՝ Ամեդեո Մոդիլիանի. մեծ նկարչի փոքր

Փարիզի լուսնոտը՝ Ամեդեո Մոդիլիանի. մեծ նկարչի փոքր կյանքը

Ամեդեո Մոդիլիանին ծնվել է 1884 թվականի հուլիսի 2-ին նավաստիների,նավավերանորոգիչների և առևտրականների քաղաք Լիվոռնոյում: Քաղաքի հրեական համայնքում հիմնականում սեֆարդներ էին, որոնք հայտնվել էին 16-րդ դարում Մեդիչիի դքսերի հրավերով: Լուսավորյալ և շատ նախապաշարմունքներից զուրկ Մեդիչիները կանչել են հրեաներին, որպեսզի զարգացնեն առևտուրը իրենց սեփական հողերում: Եվ հրեաները արդարացրին իրենց հովանավորների սպասելիքները.առույգ և կրթված, Ամստերդամի, Թուրքիայի և ամբողջ Արևելքի հետ հուսալի կապեր ունենալով՝ նրանք շատ արագ ծովափնյա փոքրիկ գյուղակը վերածեցին խոշոր նավահանգստի, որին հարյուր տարի հետո տրվեց անկախ քաղաքի կոչում: Լիվոռնոյում հրեաներն ապրում էին ազատության մեջ: Քաղաքի հիմնադրման օրից նրանք օգտվում էին այնպիսի արտոնություններից, որպիսիք հրեաները չունեին ոչ մի տեղ:
Մոր՝ Եվգենիա Գարսենի կողմից Ամեդեոն սերում էր հարուստ հնագույն առևտրականների տոհմից: 15-ամյա Եվգենիա Գարսենին ամուսնացնում են Ֆլամինո Մոդիլիանիի հետ, որին նա չէր էլ ճանաչում: Որդու ծնվելու ժամանակ,ընտանիքի ֆինանսական վիճակն այնքան էր վատացել, որ պարոն Մոդիլիանին ստիպված էր համարել իրեն բոլորովին սնանկ:
Ամեդեոն լույս աշխարհ եկավ այն պահին, երբ ծննդատուն էին եկել բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վերցնելու պարտքի դիմաց գրված կարողությունը: Բայց, բարեբախտաբար, իտալական օրենքներում կար մի հոդված, ըստ որի արգելվում էր առգրավել ծննդկանի մահճակալը, այդ պատճառով էլ տանեցիները ողջ ընտանիքի ունեցած իրերը կուտակեցին մոր և երեխայի վրա: Մայրը այս ամենի մեջ տեսավ վատ նախանշան նորածնի համար և ճիշտ դուրս՝ եկավ.կարիքն ու աղքատությունը հետևում էին Ամեդեոյին նրա ոչ այդքան երկար կյանքի ընթացքում:
Առույգ, փայլուն կրթություն ստացած Եվգենիա Մոդիլիանին թողնում է ամուսնուն և առանձնանում երեխաների հետ: Տիրապետելով մի քանի եվրոպական լեզուների՝ նա երեխաների համար բացել էր մասնավոր դպրոց, նաև գումար վաստակելով գրական թարգմանություններ անելով:

Ամեդեոն ժառանգել է ոչ միայն մոր գեղեցկությունը, այլև նրա անվերջ ձգտումը դեպի հոգեկան ազատություն և արվեստ: Նա ստացել է փայլուն տնային կրթություն և ազատ տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների: Ուշադիր և Ամեդեոին պաշտող մայրը նկատեց որդու հետաքրքրությունը դեպի գեղանկարչությունը:
Մոդիլիանին ընդունվում է նկարչական դպրոց, իսկ 1906 թվականին ուղևորվում է Փարիզ՝ այն ժամանակվա ավանգարդ արվեստի մայրաքաղաք: 22-ամյա անչափ գեղեցիկ Ամեդեոն կանգ է առնում բավականին պատկառելի հյուրանոցում, ինչպես հարկն է պարկեշտ ընտանիքից դուրս եկած երիտասարդի համար: Բայց մեկ ամիս չանցած՝ Ամեդեոն տեղափոխվում է մի փոքր արհեստանոց Մոնմարտրում.կոկիկ կոստյումին փոխարինելու է գալիս բոհեմական մի հագուստ՝ վելվետից վերարկու, թավշյա վերնաշապիկ և լայնեզր սև գլխարկ:
Ժամանակակիցները միշտ նկատել են, որ Մոդիլիանին նույնիսկ շատ աղքատ ժամանկներում պահպանել է արիստոկրատին բնորոշ սովորություններ: Հատկապես բոլորին զարմացրել է այդ ժամանակվա համար հազվադեպ մի սովորություն՝ լվացվել  ամեն օր կաթսայի մեջ: Այդ կաթսայից նա երբեք չէր բաժանվում՝ տեղափոխելով իր հետ մի արհեստանոցից մյուսը: Նկարիչները իզուր չէ, որ սիրում էին Մոնմարտրը: Այդ ժամանակներում այն  հարմարավետ, լուռ գյուղակ էր, որտեղ շատ էժան հնարավոր էր վարձել փոքրիկ արհեստանոց, իսկ փարիզյան բարձր բլրակից կարող էիր տեսնել ամբողջ քաղաքը  ինչպես ափի մեջ:

Մոդիլիանին ընդունվում է գեղանկարչության ակադեմիա և շատ արագ դառնում է փարիզյան բոհեմի մի մասը: Մոդին (այսպես էին կրճատել ընկերները իր երկար իտալական ազգանունը) սովորում է գեղանկարչության ակադեմիայում, լարված աշխատում է, մասնակցում է ցուցահանդեսների, զբաղվում է ոչ միայն գեղանկարչությամբ, այլ նաև քանդակագործությամբ: Երբ նրան հարց էին տալիս իր ստեղծագործելու ձևի մասին, նա պատասխանում էր.«Սա Մոդիլիանիի ոճն է: Եթե նկարչին անհրաժեշտ է պիտակ, ապա նա մեռած է»:
Նա նկարում էր միայն դիմանկարներ և մերկ մարդկանց : «Մարդ.ահա՝ ինչ է ինձ հետաքրքրում: Մարդկային դեմք՝ բնության բարձրագույն արարչագործություն: Ինձ համար դա անսպառ աղբյուր է»:  Մոդիլիանիի մոտ միշտ եղել է խորը կարեկցանք դեպի մարդկանց վիշտը, և նրա կտավները լի են անհավանական նրբությամբ, սիրով և թախիծով:
«Ստեղծել ինչպես Աստված, տիրել արքայի նման, աշխատել ստրուկի պես»,- ասում էր նա՝ լցնելով իր թղթերը անհամար նկարներով: Նրա աշխատանքների հանգստության և ներդաշնակության մասին գրում են իր արվեստի բոլոր ուսումնասիրողները, բայց քչերը գիտեն, թե ինչի գնով է նա հասել այդ ներդաշնակությանը:
1914 թվականին Մոդին ծանոթանում է Լեոպոլդ Զբորովսկու հետ, որը դառնում է նրա համար ընկեր, դայակ, բժիշկ և պահապան հրեշտակ: Մոդիլիանիի ստեղծագործությանը Զբորովսկին սիրահարվում է առաջին իսկ հայացքից և միանգամից հայտարարում նրա մեծ ապագայի մասին: Զբոն և նրա կինը, ինչպես կարող էին, հոգ էին տանում Մոդիի մասին: Նրանք ապաստան էին տվել նրան իրենց բնակարանում, կերակրում էին, ապահովում  ներկերով և բնորդներով: Այդ փոքրիկ ընտանիքը ցուցաբերում էր արտակարգ համբերություն նկարչի հանդեպ, որը կարող էր լինել անտանելի և անտակտ: Միայն նրա գերագույն տաղանդի գիտակցումն ու Զբորովսկիների բարությունը օգնեցին այդ երեքին պահպանել ընկերությունը:

1910 թվականին «Ռոտոնդա» հայտնի սրճարանում Մոդին հանդիպում է Աննա Ախմատովային:  Ավելի ուշ բանաստեղծուհին հիշում էր. «Նա ուներ հունական աստծո գլուխ և ոսկյա կայծերով աչքեր: Նա ոչ ոքի նման չէր այս աշխարհում: Ես գիտեի, որ նա աղքատ է, և անհասկանալի էր, թե ինչպես է նա ապրում: Որպես նկարիչ նա հայտնի չէր: Երևի, մենք երկուսս էլ չէինք հասկանում մի բան.այն ամենը, ինչ կատարվում էր, մեզ համար կյանքի նախապատմություն էր.նրա՝ շատ կարճ, իմ՝ շատ երկար: Արվեստի շունչը դեռ չի այրել նրան : Բայց ապագան, որ նետում է իր ստվերը մինչև հայտնվելը, թակում էր պատուհանը: Եվ ողջ աստվածայինը Ամեդեոյի մեջ շողշողում էր խավարի միջից»:
Մոդիլիանիին շրջապատում էին սիրահարված կանանց ամբոխներ, բայց նա սպասում էր այն միակին, ում պատկերը հայտնվել էր նրա երազում բազում անգամներ: Դա տեղի ունեցավ 1917 թվականին.նա հանդիպեց նկարչուհի Ժաննա Էբյուտերնին: Ամեդեոն 33 տարեկան էր, իսկ Ժաննան՝ 19: Կանացի, փոքրիկ  կարապի երկար իրանով, ծանր մուգ ոսկեգույն ծամերով և լուսավոր աչքերով, հեզ, լռակյաց, նա սիրեց Մոդիին և գնաց նրա հետևից:
1918 թվականի նոյեմբերի 29-ին ծնվեց նրանց դուստրը: Ժաննայի սերը, երեխայի ծնունդը ոչ մի կերպ չփոխեցին նկարչի կյանքը: Ոչ մի հարմարավետություն, ոչ մի կենդանություն ցուրտ և սառը արհեստանոցում: Գումար չկար: Բայց Ժաննան չէր բողոքում, նախատինքի ոչ մի խոսք: Իսկ նա շարունակում էր տարված նկարել նրա դիմանկարները մեկը մյուսի հետևից: Ժաննան նրա ստեղծագործական տիեզերքի կենտրոնն էր և սիրած բնորդուհին: Մոդին նկարել է նրա շուրջ 20 դիմանկար:
Մոդիի վիճակը ոչ մի կերպ չէր կայունանում, իսկ միակ ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր 1917 թվականին, հաջողություն չունեցավ և ավարտվեց սկանդալով: «Մեծ մերկ կինը», որը ցուցադրված էր պատկերասրահի ցուցափեղկին, ոստիկանական լիազորին թվացել էր անպարկեշտ.կտավը պետք էր հեռացնել, իսկ ցուցահանդեսը փակել: Հույսը փոխվել էր հուսահատության, և այս պահերին Մոդիին թվում էր, որ նա մեջքի հետևում զգում է մահվան շունչը: Հիշում են, թե ինչպես նա մի օր մտել է սրճարան, խնդրել է խմելու որևէ բան, և հետո հանկարծակի խռպոտ ձայնով սկսել է երգել կադիշ (հրեական աղոթք): Ինքն իր մասին:
Կյանքը կտրուկ սլանում էր վերջնակետին: Եկավ չարաբաստիկ 1919 թվականի ձմեռը: Այդ ժամանակ Մոդին արդեն դարձել էր վախենալու չափ նիհար և թույլ, հազում էր, բայց կտրականապես հրաժարվում էր բուժվել: 1920 թվականի հունվարի 19-ի սառը, ցուրտ և քամոտ երեկոյան նա թափառում էր փողոցներով և անդադար հազում էր: Նրա վերարկուի մեջքի հատվածը փքվել էր սառցե քամուց: Ընկերները հորդորում էին գնալ տուն, բայց նա շարունակում էր գիշերային անիմաստ պտույտը:

Հաջորդ օրը նրա վիճակը կտրուկ վատացավ և նա ընկավ անկողին: Մոդիին այցելության եկած արհեստանոցի հարևանները տեսան նրան տենդի մեջ պառկած: Հղիության 8-րդ ամսում գտնվող Ժաննան նրա կողքին էր: Սենյակում ցուրտ է: Մոլբերտի վրա չորացել է նրա վերջին աշխատանքը՝ հղի Ժաննայի դիմանկարը: Շտապեցին բժշկի հետևից: Վիճակը գնալով վատանում էր: Նա արդեն առանց գիտակցության էր:
1920 թվականի հունվարի 22-ին Մոդիին տեղափոխեցին Շարիտե՝ աղքատների և անտունների հիվանդանոց:
Երկու օր հետո նա այլևս չկար: Հաջորդ օրը գալով հիվանդանոց Ժաննան երկար նայում էր նրա դեմքին, իսկ հետո դուրս եկավ՝ այդպես էլ չշրջվելով նրան մեջքով: Հարազատները Ժաննային տարան տուն: Առավոտյան տանեցիներն արթնացան փեղկի ձայներից.Ժաննան նետվել էր 6-րդ հարկի պատուհանից:
Հին գերեզմանոց Պեր Լաշեզ: «Ամեդեո Մոդիլիանի, նկարիչ: Ծնվել է 1884 թվականի հուլիսի 12-ին: Մահացել է 1920 թվականի հունվարի 24-ին Փարիզում: Մահը վրա հասավ նրա փառքի ճանապարհի շեմին»: Իսկ նրա մոտ գրվածք «Ժաննա Էբյուտերն: Ծնվել է 1898 թվականի ապրիլին Փարիզում: Մահացել է 1920 թվականի հունվարի 25-ին: Ամեդեո Մոդիլիանիի հավատարիմ ուղեկիցը, ով չցանկացավ ապրել առանց նրա»:
Ամեդեո Մոդիլիանիի «Պառկած մերկ կինը»  աշխարհի ամենաթանկ կտավներից մեկն է և այսօր նրա արժեքը գնահատվում է 170 միլիոն դոլար:

Տարածել