Նեյրոպլաստիկություն. Դուք ունեք այն ուղեղը, որը վաստակել եք

Նեյրոպլաստիկություն. Դուք ունեք այն ուղեղը, որը վաստակել եք

Երկար տարիներ գիտնականները համարում էին, որ մեր ուղեղի զարգացումը կանգ է առնում վաղ տարիքում: Հիմա պարզվում է այդքան էլ այդպես չէ և մեր ուղեղը պլաստիկ է: Ահա գիտական հիմնավորումը:

Ժուկով-ժամանակով գիտնականներն այն կարծիքին էին, որ մարդու ուղեղը դադարում է իր զարգացումը անհատի կյանքի վաղ տարիներին, ինչից հետո ուղեղում դադարում են ձևավորվել նոր կապակցումներ նյարդային բջիջների միջև։ Այսօր արդեն գիտնականները միանգամայն այլ կարծիքի են։

Գիտական հետազոտությունների արդյունքում շարունակաբար ամրապնդվում է այն տեսակետը, որ ուղեղը շարունակաբար վերակազմակերպում է ինքն իրեն՝ ձևավորելով նոր նեյրոնալ կապակցումներ անհատի կյանքի ընթացքում։ Այս երևույթը կոչվում է նեյրոնալ պլաստիկություն կամ նեյրոպլաստիկություն, ինչի շնորհիվ ուղեղի նեյրոնները կարողանում են հարմարեցնել իրենց գործունեությունը՝ ի պատասխան փոփոխվող միջավայրին և նոր իրավիճակներին։

Ուղեղի զարգացման և նրանում նեյրոնալ կապակցումների ձևավորման մեջ միակ դերը անհատի գեներին վերապահված չէ։ Նեյրոպլաստիկության հիմնարար սկզբունքն այն է, որ ուղեղի աշխատանքը խթանում է ուղեղի վերակազմակերպումը։ Ուղեղի՝ մտավոր լարում պահանջող վարժանքները, նոր փորձառությունները, նոր սոցիալական միջավայրում հայտնվելը, մարտահրավերներին ընդառաջ գնալը նոր նեյրոնալ կապակցումներ են ձևավորում ուղեղում և նպաստում են ուղեղի զարգացմանը։

Որոշ հեղինակներ մարդու ուղեղի զարգացումը համեմատում են նրա մկանների աճի հետ։ Գաղտնիք չէ, որ որքան շատ ենք մարզում մեր մկանները, այնքան ավելի ուժեղ են նրանք դառնում։ Հակառակ երևույթը տեղի է ունենում, երբ մենք անուշադրության ենք մատնում մեր մարմինը և չենք մարզվում։ Հիմնվելով նեյրոնալ պլաստիկության գաղափարի վրա՝ կարող ենք փաստել, որ մարդու ուղեղը պլաստիկ է․ մեզանից յուրաքանչյուրի ուղեղն այս պահին ունի այն «ձևը», որը մենք տվել ենք նրան տարիների ընթացքում մեր զարգացրած և չզարգացրած հմտություններով, մեր ունեցած և չունեցած փորձառություններով, մեր ձեռնարկած և չձեռնարկած գործողություններով։

Մեզանից յուրաքանչյուրն ունի այն ուղեղը, որը նա վաստակել է։ Եթե համարում եք, որ մինչ այս պահն ապրել եք պատրվակներով և համապատասխան միջոցներ չեք ձեռնարկել Ձեր հնարավորություններն իրագործելու համար, ապա կարող եք գործի անցնել հենց այսօր։ Հիշե՛ք՝ նեյրոպլաստիկությունը կախարդական փայտիկ չէ․ ուղեղի վերափոխումն ու վերաձևակերպումը տեղի չի ունենում 1 օրվա ընթացքում։ Այն պահանջում է ջանք և եռանդ, ժամանակ և հետևողական աշխատանք։ Արդյունքները, վստահաբար, կարդարացնեն Ձեր ակնկալիքները։

 

Գրել կարծիք