ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը՝ գրքում] Աստրիդ Լինդգրեն. Լյոնեբ

[Շարունակությունը՝ գրքում] Աստրիդ Լինդգրեն. Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները

Երբևէ լսե՞լ ես Lյոնեբերգացի Էմիլի մասին. այն տղայի, որ ապրում է Սմոլանդում՝ Լյոնեբերգայի Քաթհուլտ ագարակում։ Ինչպե՞ս թե, չե՞ս լսել։ Իսկ Լյոնեբերգայում, վստա՛հ եղիր, մարդ չես գտնի, որ չճա­նաչի քաթհուլտցիների թոկից փախած տղային՝ Էմիլին, որ մի տարվա մեջ տարվա օրերից ավելի շատ չարություն­ներ էր անում, և որն այնպես էր վախեցրել լյոնեբերգացի­ներին, որ նրանք ուզում էին Էմիլին Ամերիկա ուղարկել։ Իրոք կատակ չեմ անում, լյոնեբերգացիները փող էին հա­վաքել ու մի կապոցով տարել էին Էմիլի մայրիկին։
— Հուսանք՝ սա բավարար կլինի՝ Էմիլին Ամերի­կա ուղարկելու համար։
Նրանց կարծիքով Լյունեբերգայում շատ ավե­լի հանգիստ կլիներ առանց Էմիլի, և, անշուշտ, իրավունք էլ ունեին նման կարծիքի, սակայն Էմիլի մայրիկը անասելի զայրացավ ու կապոցն այնպես շպրտեց, որ փողերը ցրիվ եկան ողջ Լյոնեբեր­գայով մեկ։
— Էմիլը փոքրիկ, անուշիկ երեխա է,— ասաց նա։— Մենք նրան հենց այդպիսին էլ սիրում ենք։ Լինան էլ իր հերթին, որ սպասուհի էր Քաթհուլտի ագարակում, ասաց.
— Մենք պիտի խեղճ ամերիկացիների մասին էլ մի քիչ մտածենք։ Նրանք մեզ ի՞նչ վատություն են արել, որ Էմիլին նրանց վզին փաթաթենք։ Այդ խոսքի վրա Էմիլի մայրիկը խիստ հայացքով նայեց Լինային, ու Լինան գլխի ընկավ, որ ինչ–որ հիմարություն էր դուրս տվել։ Նա կմկմաց ու փորձեց շտկել իրավիճակը։
— Դե՛ հա, էլի, տիկի՛ն տիրուհի,— ասաց նա,— էդ Վիմերբիի օրաթերթն էր գրել, որ Ամերիկայում սար­սափելի երկրաշարժ էր եղել… Ուզում էի ասել՝ շատ կլիներ խեղճերին, որ դրա հետ հիմա էլ Էմիլի՜ն…
— Լռի՛ր, Լինա՛,— ասաց Էմիլի մայրիկը,— գնա՛ գոմ՝ կովերին կթելու, դու մենակ դրանից ես գլուխ հանում։
Լինան առավ կաթի դույլն ու սկսեց այնպիսի եռանդով կովերին կթել, որ ցայտում էր աջ ու ձախ։ Նա միշտ ավելի լավ էր աշխատում, երբ մի քիչ բար­կացած էր լինում, դրա համար էլ այժմ սովորա­կանից ավելի արագ էր կթում ու հետն էլ քթի տակ մռթմռթում էր.
— Ամեն դեպքում ինչ–որ չափով արդարություն պիտի լինի՞, թե՞ չէ։ Բոլոր աղետները հո ամերիկացի­ների գլխին չե՞ն թափվելու։ Բայց ես հաճույքով դրանք կփոխանակեի, չբռնե՞մ նամակ գրեմ նրանց. «Էս ձեզ՝ Էմիլը, էստեղ ուղարկե՛ք ձեր երկրաշարժը»։

Ա՛յ թե մեծամտացել էր Լինան։ Հը՛մ, նամակ գրողիս տեսեք։ Պատրաստվում էր Ամերիկա նամակ գրելու. Լինան, որ չէր կարող այնպես գրել, որ գոնե իր հա­րազատ Սմոլանդում հնարավոր լիներ նրա գրոտածը կարդալ։ Չէ՛, թե իրոք կար մեկը, որ կարողանար Ամե­րիկա նամակ գրել, ապա դա Էմիլի մայրիկն էր։ Ա՛յ, նա գրելուց լավ էր։ Նա Էմիլի բոլոր չարությունները գրի էր առնում իր կապույտ տետրակում, որ պահում էր խոհանոցի պահարանի դարակում։
— Ինչների՞ս է պետք գրելդ,— ասում էր Էմիլի հայ­րիկը։— Թե որ էդ լակոտի բոլոր չարությունների մասին գրես, մեր մատիտների վերջը կտաս, դրա մասին չե՞ս մտածել։
Էմիլի մայրիկին դա չէր հուզում։ Նա ճշգրտորեն գրի էր առնում Էմիլի բոլոր չարաճճիությունները, որ մի օր, երբ Էմիլը մեծանա, իմանա, թե ինչեր էր անում փոքր ժամանակ, ինչո՞ւ չէ, որպեսզի այդ ժամանակ հասկանա, թե ինչու են իր մոր մազերը սպիտակել, և գուցե ավելի շատ սիրի մորը՝ ճերմակած մազերով, որոնք սպիտակել են հենց իր պատճառով։
Բայց հանկարծ չմտածես, թե Էմիլը չար էր, ամենևին, նրա մայրիկը իսկապես ճիշտ էր, երբ ասում էր, որ Էմիլը հրաշալի փոքրիկ տղա էր, և նա իրոք հրեշտակի նման էր իր ոսկեգույն գանգուր մազերով ու հեզ կապույտ աչքե­րով։ Իհարկե, Էմիլը բարի էր, և նրա մայրիկն էլ արդա­րացի էր, երբ այդպես էր գրում իր կապույտ տետրակում։ «Էրեկ Էմիլը բարի էր,— հուլիսի 27–ին գրել էր նա իր նոթատետրում։— Նա ամբոխչ օրը վոչ մի չարու­ցյուն չէր արել, այդպես էր պատահել որովհետև նա բարցր ջերմուցյուն ուներ ու վոչինչ չէր ուզում»։
Սակայն արդեն հուլիսի 28–ին Էմիլի ջերմությունն այնքան էր իջել, որ նրա խիզախությունների նկարա­գրությունը մի քանի էջ էր զբաղեցրել մայրիկի տետ­րակում։ Որովհետև Էմիլը փոքրիկ ցլիկի չափ ուժեղ էր և հենց որ առողջացել էր, սկսել էր սրտի ուզածի չափ չարություն անել։
— Կյանքում էս տղայի նմանը չեմ տեսել,— ասում էր Լինան։

ZANGAK

Տարածել