BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս խոսել երեխաների հետ. ոչ ռաբիզ դաստիարակութ

Ինչպե՞ս խոսել երեխաների հետ. ոչ ռաբիզ դաստիարակության ուղեցույց

Տարրական դասարաններում աղջիկներն ավելի քիչ են հակված մտածելու, որ տղաների պես իրենք էլ խելացի են: Իսկ օրինակ՝ ԱՄՆ-ում մինչև 3 տարեկան սպիտակամորթ երեխաներն անվերապահորեն հավատում են, որ աֆրո-ամերիկացիներն ավելի ջղային դեմքի արտահայտություն ունեն, քան սպիտակները:
Այս կարծրատիպերն ավելի հեռուն են գնում, քան պարզապես պատկերացումները: Դրանք կարող են ձևավորել երեխայի վարքը: Մինչև 6 տարեկան աղջիկներն ավելի քիչ են դիմում գործողությունների, որոնք խելք են պահանջում, քան տղաները: Սա էլ իր հերթին կարող է երկար ժամանակով խորացնել գենդերային տարբերությունն, օրինակ՝ գիտության և մաթեմատիկայի ոլորտում:  

Ընդհանրացման խնդիրը


Շատ ծնողներ փորձում են կանխել ստերիոտիպերի ձևավորումը՝ խուսափելով ասել օրինակ՝ տղաները լավ են մաթեմատիկայից կամ աղջիկները չեն կարող լիդեր լինել: Փոխարենը՝  պոզիտիվ արտահայտություններ են անում, օրինակ՝ աղջիկները կարող են լինել այն, ինչ ցանկանում են: Բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ պոզիտիվ մտքերը կարող են բացասական հետևանք ունենալ:
Երեխաների համար ավելի կարևոր է, թե ինչպե՛ս ենք խոսում, քան, թե ի՛նչ ենք խոսում: Նույնիսկ եթե պոզիտիվ կամ չեզոք մտքեր ենք արտահայտում, ինչպես օրինակ՝ «աղջիկները կարող են լինել այն, ինչ ուզում են», «իսպանացիներն ապրում են Բրոնքսում» կամ «մահմեդականներն այլ ուտելիք են ուտում», ընդհանրացնում ենք մարդկանց: Կարծես, կարող ենք ինչ-որ մեկին բնորոշել՝ միայն իմանալով նրա սեռը, էթնոպատկանելությունը կամ կրոնը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ երկու տարեկան երեխաներն էլ, լսելով ընդհանուր մտքեր, եզրակացնում են, որ խմբերը կայուն և էական տարբերություն են ստեղծում անհատների միջև:
Մի հետազոտություն է անցկացվել, որտեղ երեխաներին ծանոթացրել են մարդկանց պայմանական՝ «Զարփիների» խմբի հետ: Եթե նրանք լսում էին որոշակի արտահայտություններ որոշակի անհատների վերաբերյալ (օրինակ՝ այս «զարփիները» շշուկով են խոսում), երեխաները շարունակում էին նրանց վերաբերվել՝ որպես անհատների, նույնիսկ երբ բոլորը նույն անվամբ էին բնորոշվում և նույն հագուստը հագնում: Բայց երբ նրանք լսում էին նույն միտքը ընդհանուր բնորոշմամբ (օրինակ՝ «զարփիները շշուկով են խոսում»), սկսում էին մտածել, որ բոլոր «զարփիները» նույնն են ու  տարբեր են մնացած բոլորից:
Ընդհանուր արտահայտությունները երեխաներին ստիպում են մտածել, որ ինչ-որ խմբի անդամ լինելը ենթադրում է որոշակի վարք: Հետևաբար ընդհանրացումները՝ նույնիսկ պոզիտիվ և չեզոք, նպաստում են, որ մարդիկ աշխարհին նայեն սոցիալական ստերիոտիպային դիտանկյունից:

Խմբից դեպի անհատ


Եթե երեխան անընդհատ լսում է, որ մահմեդականներն ահաբեկիչ են, նույնիսկ չիմանալով, թե ինչ է նշանակում մահմեդական և ինչն՝ ահաբեկիչ, կարող է ֆիքսել, որ ովքեր էլ լինեն մահմեդականները, նրանք ահաբեկիչ են:
Երբ ընդհանրացման փոխարեն խոսքը որոշակիացվում է, հնարավոր է խուսափել այդ տեսակ խնդիրներից: Այսպիսի նախադասություններն օրինակ՝«Նրա ընտանիքն իսպանացի է, և նրանք ապրում են Բրոնքսում», «Մահմեդականների այս ընտանիքն ուրիշ ուտելիք է ուտում», «Այս աղջիկները լավ են մաթեմատիկայից», «Դու կարող ես դառնալ այն, ինչ ուզում ես», օգնում են խուսափել խմբերի մասին ընդհանուր բնորոշումներից:
Երբ օրինակ՝ երեքամյա երեխան հայտարարում է, որ կիթառ նվագում են տղաները, սա արդեն խնդրահարույց է: Դա նշանակում է, որ երեխան սկսել է մտածել, որ սեռով է պայմանավորված, թե մարդն ինչ կարող է անել և ինչ՝ ոչ: Այս դեպքում պետք է ուղղակի հարցուփորձ անել և հասկանալ, թե ինչու է նա այդպես մտածում, թե ում է մտովի պատկերացնում, երբ ասում է, որ տղանե՛րն են կիթառ նվագում: Այդպես հնարավոր է որոշակիացնել և անհատականացնել օրինակը, հետևաբար՝ խուսափել նաև ընդհանրացումից:
Երեխաներն աշխարհի մասին իրենց պատկերացումները ձևավորում են ամեն րոպե մեծահասակներից լսած խոսակցությունների հիման վրա:

Տարածել