«Peppa Pig» մուլտֆիլմն անվնաս է. Ներկայացնում ենք ապատեղեկատվության աղբյուրն ու ամբողջ պատմությունը

«Peppa Pig» մուլտֆիլմն անվնաս է. Ներկայացնում ենք ապատեղեկատվության աղբյուրն ու ամբողջ պատմությունը

newmag-ը նույնպես ապատեղեկատվության թակարդն էր ընկել: Հրապարակել էինք նյութ, որում ասվում էր` ըստ Հարվարդի համալսարանի գիտնականների` Պեպպա խոզուկը երեխաների մոտ աուտիզմ է առաջացնում:

Բրիտանական հայտնի հեռուստաշոուի մասին, այսպես կոչված, հարվարդյան ուսումնասիրության մասին տեղեկությունը վիրուսի պես տարածվեց ամբողջ համացանցում: Բայց պարզվեց, որ իրականում ոչ այդ հետազոտությունը գոյություն ունի, ոչ էլ գիտնականը:

Ի՞նչ կատարվեց

2016-ի հոկտեմբերի 20-ին «Morning News USA»-ը հրապարակեց, թե մանկական հայտնի հեռուստաշոուն («Պեպպա խոզուկը») կարող է աուտիզմ առաջացնել՝ երեխաներին մղելով անհնազանդության: Դիտումներ հավաքող այս արտահայտությունը տարածվեց համացանցում՝ հղում տալով Հարվարդի համալսարանի 2012 թվականի մի ուսումնասիրության:

Ի՞նչ էր պնդում հոդվածը

Այնտեղ մասնավորապես ասվում էր, որ ըստ փորձագետների՝ Պեպպան գերարժեքության բարդույթ ունի, ոչ պատշաճ վարք է դրսևորում, անքաղաքավարի է, չհանդուրժող, անհարգալից, չար, մեծամիտ և հպարտ: Սրանք չեն բնավորության այն գծերը, որոնք երեխաները պետք է կրկնօրինակեն:

Նրանք մեղադրում էին, որ Պեպպա խոզուկը անհարգալից վարքագիծ է զարգացնում երեխաների մոտ: Դրանից բացի, Հարվարդի համալսարանի հետազոտողները հրապարակեցին փորձարկման արդյունքը, որն անցկացրել էին 2012-ին: Այն ասում էր, որ «Պեպպա խոզուկի» դիտումը երեխաների մոտ աուտիզմի զարգացման հիմնական պատճառներից է:

Ո՞վ էր հեղինակը

Համաճարակաբան Մարկ Ուայլդեմբերգը, որը հիմնական փորձագետներից մեկն էր, ասել էր. «Երեխաները, որոնք օրը գոնե 30 րոպե դիտում են շոուն, նրանց մոտ աուտիզմի զարգացման հավանականությունը 56 տոկոսով բարձր է»: Հոդվածը շատ արագ տարածվեց, արտատպվեց ու հայտնվեց նույնիսկ The Washington Post-ում և The Los Angeles Times-ում: Վերջինի խմբագիրը նույնիսկ բաց նամակով դիմեց ընթերցողներին` բացատրելու ապատեղեկատվության ամբողջ պատմությունը:

Ի՞նչ պարզեցին լրագրողները

Պարզվեց, որ իրականությունը մի փոքր այլ է: Առաջին հերթին, Հարվարդի համալսարանի անունն օգտագործելն այնքան էլ տեղին չէր: Երկրորդը՝ Հարվարդը երբեք այդպիսի ուսումնասիրության մասին չի հիշատակել իր որևէ կայքում: Իսկ Մարք Ուայլդեմբերգ անունով պրոֆեսոր ևս գոյություն չի ունեցել Հարվարդում:  

Այդ դեպքում` որտե՞ղ ամբողջ աղմուկը

Աուտիզմի և հեռուստատեսության հնարավոր կապը առաջ էր քաշել մի տնտեսագետ՝ իրար կապելով եղանակը, կաբելային հեռուստատեսության բաժանորդագրությունն ու աուտիզմի աճման տեմպերը երեք նահանգներում: Ուսումնասիրությունը հրապարակվել էր որպես Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի աշխատանքային փաստաթուղթ, որը համապատասխան փորձագիտական ստուգում չէր անցել: Սա հետո լուրջ քննադատության արժանացավ:

P.S.

newmag-ի խմբագրությունը շնորհակալություն է հայտնում ընթերցողներին` տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ հղումներով օգնելու համար: Մեր առաջնային նպատակը օգտակար հոդված հրապարակելն էր: Խմբագրությունը երբեք չի փորձում մանիպուլացնել ընթերցողին` սնդուսափայլ վերնագրերով կամ կիսաճշմարտություններով:

Գրել կարծիք