Գրեմմիի դափնեկիր Քրիս Քորնելը՝ «Խոստում» ֆիլմի համար երգ գրելու մասին
«Հայոց ցեղասպանության մասին բավական տպավորիչ վավերագրական ֆիլմեր կան: Դրանցից մեկը, որ նայեցի, այն մասին էր, թե ինչպես էին մարդիկ, ունենալով բառացիորեն մի քանի րոպե տանից հեռանալու համար, առաջին հերթին վերցնում էին իրենց հետ հարազատների լուսանկարները, ոչ թե ոսկեղենը: Ինձ տպավորել էր այդ փաստը՝ ինչն է մարդուհամար ամենից կարևոր կործանարար վայրկյաններից առաջ»- նվագախմբային հնչողությամբ սինգլի խոսքերում Քրիս Քորնելը հենց այդ պատմությունն է փոխանցում.«եթե ոչնիչ անգամ չունենայի, բացի քո լուսանկարից, դա էլ բավական կլիներ ինձ փրկվելու համար»:
http://www.youtube.com/watch?v=WPiJ79Ure1I
Երաժշտական առումով երգը հեռու է Քրիս Քորնելի ոճից, որը ծանոթ է Soundgarden խմբում նրա հեղինակած երգերից: Հաղթական ու փողային մեղեդուն փոխարինում է նվագախումբը. «Ես չէի ուզում գրել երգ, որը նման կլինի 1915 ֆիլմում հնչածին: Չէի ուզում, որ լինեին ակնհայտ ժամանակակից հղումներ՝ բիթլզյան կամ Մետալիկայից վերցված տարրերով», -ասում է երաժիշտը, - «Այդ ամենը չէին համապատասխանի ֆիլմի ժամանակագրությանը, որովհետև պարզապես չկային այդ տարիներին: Այնպես որ ես լողացի այդ երկիմաստության ջրերով ու ընտրեցի օրկեստրալ եղանակով փրկություն գտնելու ուղին»:
Ժամանակի հետ Քորնելը խաղացել է նաև երգի խոսքերում: Ասում է. «կարծես ընտանիքի հին անդամներից մեկը, որն այլևս չկա, շշնջում է փրկության պատմությունը, թանկ լուսանկարների մջոցով խոստանում պատմել սերունդներին անցյալի մասին»:
http://www.youtube.com/watch?v=zwut1DUXaZc
Քրիս Քորնելը ֆիլմերի համար երգեր հազվադեպ է գրում: Նրա երգացանկում այդպսիք մի քանիսն են՝ առավելապես հայտնի են «12 տարվա ստրկություն», «Մեծ սպասելիքներ», «Կազինո Ռոյալ» ֆիլմերից: Երգիչը խոստովանում է՝ մեկ անգամ չէ, որ ինքն իրեն հարց է տվել՝ որքանո՞վ է հարազատ ու հասկանալի Հայոց ցեղասպանության թեման իրեն. «Կինս հույն է, նրա նախապապերը նույնպես վերապրել են ցեղասպանություն նույն այդ ժամանակահատվածում: Այդպես ես տեսա իմ մոտիկությունը թեմային: Բացի այդ ֆիլմի պրոդյուսերներից մեկը, որ հայ է, իմ մտերիմ ընկերն է, նրա հետ էլ երկար ենք խոսել այդ ցավոտ անցյալի մասին: Ցեղասպանությունը շատ է ազդել նրա սերնդի վրա ու անզեն աչքով էլ նկատելի է՝ ինչպես է դեռ արձագանքում սերունդների միջով... Կարծում եմ՝ մենք բոլոր պատասխանատվություն ունենք պահանջելու ճանաչում»:
Խոսելով մեր ժամանակներում ֆիլմի թեմայի կարևորության մասին՝ Քորնելը նշում է. «Ցեղասպանության ժխտումն է Սիրիայում կատարվող աղետալի դեպքերի պատճառներից մեկը, դա է, որ հանգեցրել է Իսլամական ահաբեկչության ամենաթողությանը»: Այդ պատճառով Քրիս Քորնելը երգից ստացված հասույթը փոխանելու է International Rescue Committee բարեգործական հիմնադրամին:
Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված «Խոստում» (The Promise) ֆիլմում խաղում են Քրիտիան Բեյլը և Օսկար Այզաքը: Ռեժիսորը օսկարակիր Թերի Ջորջն է: Ֆիլմի պրեմիերան կկայանա ապրիլին: