ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Բացառիկ] Ռուբեն Գևորգյանց. Նամակ ընկերոջը (վավերա

[Բացառիկ] Ռուբեն Գևորգյանց. Նամակ ընկերոջը (վավերագրողի գրառումները)

Ողջո՛ւյն:
Հավանաբար արդեն ութն է:
Ես շատ եմ սիրել այգաբացները` լինի ամառ, թե ձմեռ: Քաղաքն արթնանում էր… Կյանքի՛ համար:
93-ի հունվարյան այգաբացը: Նա չկա: Բացում եմ աչքերս եւ այտերիս վրա զգում սարսափելի սառնություն: Քնում եմ տաք հագած, բրդյա գործված գլխարկով: Արթնանալ եւ վերկենալ անկողնուց շատ դժվար է: Բնակարնն, ասես, սառցեպատված է: Երկրորդ օրն է, ինչ ընդհանրապես չկա էլեկտրահոսանք (առաջ գոնե մի կերպ ապրել կարելի էր, քսանչորս ժամվա մեջ չորս ժամ տալիս էին), գազ չկա արդեն երկար ամիսներ:
Ընդհանրապես ոչինչ չկա...
Պետք է լվացվել: Խոհանոցում, գավաթի մեջ ջուրը սառել է: Խողովակներում ջուր չկա, ջրհան պոմպերը չեն աշխատում: Մարդիկ ջրի հերթ են կանգնում: Տղաս` ջրի հերթում է, ինձից շուտ է արթնացել: Մի կերպ լվացի երեսս, ձեռքերս: Վերցնելով երկու բիդոն, գնացի նավթի ետեւից: Միակ ջեռուցիցչը նավթավառն է: Բայց նավթ չկա: Կան` ահավոր հերթրեր նավթի համար (մեկ լիտրի գինը 400 ռուբլի է): Ռադիոն ավելի հաճախ լռում է, այն նույնպես էլեկտրական հոսանք է սպառում: Լռում է, փառք Աստծո, քանի որ ցանկացած երգ կամ պատմվածք հիշեցնում է այն մասին, որ ժամանակին կային լույս, տաք ջուր, օճառ, ժպիտներ, սեր, հաց... Ես մի պատառ հաց վերցի, որ ծամեմ հերթի մեջ կանգնած: Օրական, հատուկ քարտերով, մեզ տալիս են 250 գրամ հաց, եթե իհարկե, դա հաց է... Այն կիսաթխված է, խմորոտ, եւ հաստատ, ո՛չ ցորենից...
Բարեկամենրս: Արդեն կեսօր է: Երեկ բերեցին չոր սպիրտի հաբեր: (Ներիր ձեռագրիս համար, պարզապես ձեռքերս սառչում են): Հիմա թեյ կտաքացնեմ: Նավթ ճարեցի: Նրանք, ովքեր հիշում են պատերազմի տարիները, անվերապահ հաստատում են, որ այն ժամանակ անհամեմատ ավելի հեշտ էր: Իսկ նրանք, ովքեր վերապրեցին Լենինգրադի շրջափակումը, ասում են, որ այնտեղ ավելի վատ էր, քան այսօր Երեւանում: Հեռախոսը չի աշխատում: Եթե որեւէ մեկն իրեն վատ զգա, եւ անհրաժեշտ լինի «շտապ օգնություն» կանչել /եթե իհարկե նրանք վառելանյութ ունեն մեքենայի համար/, ապա պետք է գնալ ԺԷԿ, հեռախոսն այնտեղ, բարեբախտաբար, աշխատում է: Կամ գնալ հրապարակ` այնտեղ հերթապահ բժիշկներ կան: Բայց դու չես կարող պատկերացնել, թե դա ինչպիսի՛ ահ ու սարսափ է` քայլել բացարձակ մութ քաղաքով: Ձմեռը շատ դաժան է, հետն էլ` այս շրջափակումը: Շատ նորածիններ մահացան ծննդատներում: Շատ մարդկանց ձեռքերն ու ոտքերը ցրտահարվել, շարքից դուրս են եկել` եւ այդ ամենը եղել է ո՛չ թե փողոցներում, այլ իրենց տներում: Փողոցներում վխտում են շների ոհմակները, քաղցա՛ծ շների: Արդեն եղել են դեպքեր...
Մենք գազը ստանում ենք Թուրքմենստանից եւ Ռուսաստանից: Այն Հայաստան է մտնում Վրաստանով: Վրաստանը խլում է գազի առյուծի բաժինը եւ միայն մի չնչին մասն է հասնում Հայաստան: Գազատար խողովակներն անցնում են Վրաստանի այն տարածքով, որը բնակեցված է ադրբեջանցիներով: Դա Մարնեուլին է: Եվ արդեն քանի՛ անգամ այդ տարածքի գազատար խողովակները պայթեցնում են... եւ անպատիժ մնում... փակված են բոլոր գործարանները, բոլոր ձեռնարկությունները եւ պատերազմը դեռ շարունակվում է...
Կինս պարաֆինից մոմեր է սարքում: Դա հատուկ մի գիտությո՛ւն է: Նրա մոտ վատ չի ստացվում...
Արդեն մթնում է: Ամենասոսկալին` երեկոներն են, երբ իսպառ մթություն է եւ ոչինչ չես կարող անել: Հավաքվում ենք հարեւաններով, նստում մոմի աղոտ լույսի տակ: Եվ այսպես` ամեն երեկո: Ատո՛ւմ եմ հիշողությունը, ատո՛ւմ եմ հուշերը, քազի դրանք վաղո՛ւց անցա՛ծ-գնացա՛ծ երեւույթների, դեմքերի, հարազատների, մերձավորների հետ: Մեկը մեկնել է: Մեկը` մահացել: Մեկը պատերազմում է: Եվ երբ այնտեղ` Ղարաբաղի կռիվներում հանկարծ երեւանցի մի ծանոթի էի հանդիպում, դա անհասանելի՛ ուրախություն էր...
Ցավելի է, որ Ռուսաստանն այսօր կորցնում է իր հեղինակությունը, զիջելով իր ազդեցության տարածքներն ամերիկացիներին, ու միաժամանակ, կորցնելով իր ընկերներին, կորցնելով Հայաստանը, որն այնքան հավատարիմ է Ռուսաստանին ու նաեւ քրիստոնեության գաղափարներին: Բայց ես վստահ եմ, որ «Ռուսաստանը կարթնանա թմբիրից» եւ ամեն ինչ իր տեղը կընկնի... Հուսա՛նք:
Կինոյի մասին խոսք լինել չի կարող: Վերջերս հազիվ-հազ մի քիչ վառելանյութ ճարեցինք մեքենայի համար, եւ ընկանք քաղաքով մեկ... Նկարահանում էինք: Ծառերի սպանդ էինք նկարահանում: Բայց ի՞նչ արած...` երեխաները ցրտահարվում են, ծերերը պարզապես մահանում: Արդեն շա՛տ-շա՛տ են ցրտից եւ սովից մահացածները:
Մտովի տեղափոխվում են սրիկայաբարո լճացման «բարի» ժամանակները. գիտաժողովներ, Դիլիջան, Բոլշեւո, Ռեպինո, փառատոններ... ամեն ինչ ջարդուփշուր, ամեն ինչ ավերված... Մեր նոր ղեկավարները, բարձր պաշտոններ զավթած, ժամանակին անբան ու տկլոր` հիմա զխկտվում-հարստանում են, ձեռք են գցում ամեն տեսակի գույքի ու կարողությունների, աթոռների, պաշտոնների, իշխանությա՛ն...
Արդեն իրիկվա ինն է: Ես հանեցի նավթավառի ապակին, փոքր-ինչ բարձացրի լեզվակը, կարճացրի մկրատով: Նավթի հոտ առա: Հիշեցի մանկությունս, մանկությանս նավթավառը, որի վրա ճաշ էին եփում` ինչպես այսօր: Նավաթավառը սկսեց լավ վառել եւ մուր չանել: Մոմերը կարելի էր հանգցնել:  Պատից այն կողմ ինչ-որ մեկը փորձում էր երգել Շառլ Ազնավուրի երգը: Հաչացին շները: Միացրեցի մարտկոցային ռադիոն: Հաղորդում էին թարմ լուրեր Ղարաբաղից եւ սահմանից: Պատերազմը շարունակվում է: Այսօր առավոտյան նույնիսկ ռմբակոծում էին երկու քաղաք Հայաստանի տարածքում, զոհվում-սպանվում էին խաղաղ բնակիչներ` իմ հայրենակիցները, ահել, ջահել, կին, երեխա...Դա պատերազմի դաշտ չէր: Իսկ ռազմադաշտերում նույնիսկ մարդիկ էին սպանվում, եւ ոչ միայն սոսկ հայեր, այլեւ զինվորական գործունեություններին չտիրապետող, երիտասարդ ադրբեջանցիներ: Հատկապես` թմրադեղերի ազդեցության տակ, պատերազմի սպանդանոց ուղարկված թշնամու երիտասարդ զանգվածը, որտեղ նրանք հարյուրներով զոհվում են, իրենք էլ չիմանալով` հանուն ինչի: Զոհվում են շատերը: Պատերազմը դաժան է, անողոք: Յուրանքաչյուր կողմ պայքարում է ի՛ր ճշմարտության համար, սակայն ճշմարտությունը մեկն է: Եվ, ցավալիորեն, միշտ չէ, որ հաղթում է նա, ով արդար ու ճշմարիտ է: Ցանկանում եմ անաչառ լինել: Թող հաղթի ո՛չ թե նա, ով առավել ուժեղ է, ո՛չ: Թող հաղթի այն ժողովուրդը, ով դարերով ապրել ու ապրում է այս հողի վրա, կառուցելով, շենացնելով, ստեղծելով պատմական-մշակութային արժեքներ, նա, ով այս հողում է թողել իր նախնիներին, ու այժմ էլ, զենքը ձեռքին, պայքարում է, պաշտպանելով իր տունը, կրելով իր խաչը...
Լուսամուտից անդին քամի է: Սողոսկում է անցքերից ներս: Պատի ետեում լացեց նորածինը: Մայրը երեւի տաքացնում է նրան սեփական ջերմությամբ, ու երեւի, նա կդիմանա, կապրի` այո՛, կյանքը շարունակվում է եւ ժողովրդի ոգին դեռ մեռած չէ՛:
Իսկ աշխարհը լռում է: Եվ գերտերությունների քաղաքական այրերը սմոքինգներով ու ֆրանկներով, միմյանց ձեռք են սեղմում, դիվանագիտորեն ժպտում, նստում կլոր-երկար սեղանների առջեւ բանակցությունների, դես ու դեն գնում-գալիս զրահապատված մեքենաներով... եւ դրա նրանց, անշուշտ, դուր է գալիս: Խա՛ղ է գնում, իսկ փոքրիկ Հայաստանը դեռ տոկում է:
Ձեռքս թմրեց: Արդեն շատ ուշ է, ու ժամանակն է գնալու հացի հետեւից: Հերթում իմ համարն է 5471, նշանակում է պիտի կանգնեմ ամբողջ գիշեր: Ես ժպտում եմ, հիշում եմ Փարիզը, իմ Երեւանը` երբեմնի ամբողջությամբ լույսերի մեջ, սքանչելի Մոսկվան... Հրաշահամ փարիզյան հացը, Բորոդինյան... Դե, իսկ սա՛ էլ` մեր հացն է:
Եվ ես ստույգ գիտեմ եւս մի բան` վաղն առավոտ է լինելու, իսկական առավոտ, երբ այգաբացին երգելու են թռչունները:
Ավարտում եմ գրել: Վաղը դարձյալ մեկնում եմ Ղարաբաղ:
Ողջո՛ւյն Մերոնց:
Գրկում եմ, քո ընկեր Ռուբեն:

Հունվար-փետրվար 1993թ., Երեւան

Տարածել