Կարելի՞ է հիվանդ երեխային դպրոց ուղարկել կամ որքա՞ն պետք է կշռի դպրոցական պայուսակը․ ամեն ինչ դպրոցականի առողջության մասին

Կարելի՞ է հիվանդ երեխային դպրոց ուղարկել կամ որքա՞ն պետք է կշռի դպրոցական պայուսակը․ ամեն ինչ դպրոցականի առողջության մասին

newmag-ը ներկայացնում է այն հիմնական խնդիրները, որոնց առնչվում են դպրոցականն ու նրա ծնողները։ Մենք գտել ենք խնդրի լուծման հնարավոր տարբերակները։

Ինչպե՞ս պաշտպանել երեխային վարակներից

Ժամանակին պատվաստել ու չմոռանալ լվանալ ձեռքերը․ ավելի լավ միջոց դեռ չեն հայտնաբերել: Սխտորի ապարանջան, դիմակներ, իմունային խթանիչներ առանց բժշկի դեղատոմսի, հոմեոպատիկ դեղահաբեր, օկսոլինի քսուկը չեն ապացուցել իրենց էֆեկտիվությունը: Երեխայի պատվաստման ազգային օրացույցը առողջապահության նախարարությունը հաստատում է հաշվի առնելով համաճարակաբանական և ֆինանսական իրավիճակը երկրում: Որոշ դեպքերում այն չի ներառում որոշ պատվաստումներ, որոնք արժե անել: Դրանցից է մարդու պապիլոմա վիրուսը, հեպատիտ A, ռոտավիրուս, ջրծաղիկ, մենինգոկոկային վարակ: Այդ պատճառով կարելի է ուղղորդվել ամերիկյան օրացույցով` այն որոշ չափով ամբողջական է: Գրիպից խորհուրդ է տրվում պատվաստվել այն պատվաստանյութերով, որոնք համապատասպանում են Առողջապահության Համաշխարհային կազմակերպության չափանիշներին ու չեն պարունակում իմունային խթանիչներ:

Ե՞րբ կարելի է ասել, որ երեխան կասկածելիորեն հաճախ է հիվանդանում

Առողջ երեխան կարող է 6-8 անգամ սուր շնչառական վիրուսային վարակ տանել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս ցուցանիշն անհանգստության առիթ չի համարում:

 Եթե երեխան հիվանդացել է, ե՞րբ կարելի է նրան դպրոց ուղարկել

Հիմնականում հստակ պատասխան չկա: Եթե Դուք երեխային ուղարկել եք դպրոց ու հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, չի նշանակում, որ Դուք սխալ եք վարվել: Բայց նման որոշում կայացնելիս առաջնորդվեք 3 եթե-ներով.

  • …եթե երեխան ի վիճակի է սովորել
  • … եթե դպրոցում այնպիսի իրավիճակ է, որ ուսուցչուհին կարող է բավականաչափ ուշադրություն և ժամանակ հատկացնել երեխային և Ձեզ ժամանակին տեղեկացնել, եթե երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատանա:
  • … եթե երեխայի մոտ վտանգավոր վարակիչ հիվանդություն չկա, օրինակ` ջրծաղիկ:

Մյուս բոլոր դեպքերում անհրաժեշտ է ուղղակի հետևել, որ երեխան ճիշտ հազա, փռշտա: Հազալ ու փռշտալ պետք է թղթե անձեռոցիկի, թաշկինակի մեջ, այնուհետև թափել այն ու լվացվել, հակառակ դեպքում երեխան կարող է տարածել վարակը ձեռքի ափի մեջ կուտակված բակտերիաներով:

Ինչպե՞ս ազատվել ու պաշտպանվել ոջիլից 

Ոջիլի դեմ պայքարի մի քանի միջոց կա: Բայց սկսել պետք է պերմետրին պարունակող շամպունից: Երեխայի գլուխը լվանալուց սանրեք այն մետաղական սանրով 7-10 օրվա ընթացքում: Բնակարանը հատուկ մշակման կարիք չունի, բայց, ամեն դեպքում, լավ կլինի 50°C-ով լվանալ ու մաքրել իրերը, որոնք շփվում են գլխի հետ: Եթե որոշ իրեր լվանալու ենթակա չեն, կարելի թ դրանք 2 շաբաթով դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ: Սանրերը 5-10 րոպե պահեք տաք ջրի տակ: Ոջիլները չեն թռչում կամ թռվռում, դրանք սողում են, այնպես որ դրանք փոխանցվում են անմիջական շփման միջոցով, օրինակ` գրկախառնվելիս, ուրիշի սանր կամ մազակալ օգտագործելիս:

Որքա՞ն ծանր պետք է լինի երեխայի դպրացական ուսապարկը

Մանկաբույժների Ամերիկյան Ակադեմիան խորհուրդ է տալիս հետևել երեխայի ուսապարկի քաշին, այն չպետք է գերազանցի երեխայի քաշը 10-20%: Ավելորդ քաշը վնասում է երեխայի քայլվածքին, առաջացնում է մեջքի ցավեր: Որպեսզի ուսապարկի քաշը չգերազանցի թույլատրելի սահմանը, պետք է ընտրել ամենաանհրաժեշտ իրերը, իսկ ուսապարկ ընտրելիս ընտրեք ամենաթեթևը, կանթերը պետք է լայն ու փափուկ լինեն:

Ինչպե՞ս պահպանել երեխայի մեջքի ուղիղ կեցվածքը

  • Անհրաժեշտ է ապահովել հարմար աշխատավայր:
  • Ամուր մկաններ, որոնք օգնում են ուղիղ պահել երեխայի ողնաշարը, թույլ մկաններով մեջքը ուղիղ պահելը դժվար է:
  • Ինքնավերահսկում. կարելի է կոմպակտ էլեկտրոնային սարքերի միջոցով վերահսկել մեջքի ուղղաձիգ կեցվածքը։ Երբ մեջքը կորանում է, սարքն ազդանշան է տալիս:

Որքա՞ն պետք է քնի երեխան

Կախված է երեխայի տարիքից: Քնի ամերիկյան ակադեմիան 6-12 տարեկան երեխաներին խորհուրդ է տալիս  քնել 9-12 ժամ, 1-ից 18 տարեկաններին` 8–10 ժամ: Կարևոր է նաև հաշվի առնել, որ դեռահասները հաճախ բուերի են «վերածվում»: Սա կարելի է անվանել աճի, զարգացման առանձնահատկություններից մեկը:

Որքա՞ն ժամանակ պետք է անցկացնի երեխան համակարգչի առջև

Հստակ սահամաններ չկան: Ենթադրվում է, որ որոշում կայացնողը ծնողները պետք է լինեն: Ծնողները պետք է հետևեն, որ համակարգչի պատճառով երեխայի քունը չխանգարվի, այդ պատճառով քնելուց 1 ժամ առաջ պետք է հեռացնել երեխային էկրանից: Պետք է հետևեն, որ երեխան ակտիվ շարժվի մեկ ժամից ոչ պակաս, դրսում շատ ժամանակ անցկացնի, այդ կերպ կարելի է խոչընդոտել կարճատեսության զարգացմանը:


Կարդացեք նաև․


 

Ինչպե՞ս պահպանել երեխայի հոգեկան առողջությունը

Առաջին հերթին կարևոր է ուշադիր լինել ու ճիշտ ժամանակին օգնության հասնել երեխային: Անհանգստանալ պետք է, եթե.

  • Երեխան հանկարծակի դառնում է ագրեսիվ, դյուրագրգիռ, անընդհատ լարված է։
  • Երկար ժամանակ ընկճված վիճակում է
  • Չի շփվում հարազատների ու ընկերների հետ
  • Հաճախ է անհանգստանում
  • Չի հետաքրքրվում այն ամենով, ինչը նախկինում հետաքրքրել է իրեն
  • Հրաժարվում է դպրոց գնալ
  • Դժվարությամբ է կենտրոնանում
  • Երեխայի մոտ նոր վախեր են ի հայտ գալիս
  • Այլ կերպ ասած՝ երեխայի վարքում ցանկացած փոփոխություն նշան է. ուրեմն նրա կյանքում ինչ-որ բան այն չէ:

Դպրոցում լարված միջավայրը ( ուսուցչի հոգեբանական ճնշումը, չափազանց խստապահանջ վերաբերմունքը երեխայի ուսումնառության հանդեպ) կարող է ազդել երեխայի ֆիզիկական առողջության վրա: Գլխացավեր, անքնություն, ախորժակի բացակայություն, կամ՝ հակառակը, ստամոքսի խանգարում, սրտխառնոց, իրավիճակը կարող է բարդանալ, հաճախակի վնասվածքները, ինքնավնասումը, ատամների կրճտացնելը, մազեր պոկելը, եղունգ կրծելը, առատ քրտնարտադրությունը․ այս ամենը խրոնիկ սթրեսի արդյունք է:

Այս ախտանշանների դեպքում նախ փորձեք ինքներդ կարգավորել իրավիճակը: Դրա համար անհրաժեշտ է հասկանալ՝ որն է պատճառը: Երեխայի հետ խոսեք հանգիստ միջավայրում, առանց քննադատության, կտրուկ խորհուրդների: Հոգեբան Մարիա Չուրսինովան «Ֆենթեզի» մանկական կլինիկայի հոգեբույժ է, նա խորհուրդ է տալիս երեխայի հետ փնտրել պատճառներն ու լուծումները: Նա աշխատել է երեխաների հետ, որոնք հոգեբանական ծանր վիճակում էին հայտնվել դպրոցում ծաղրի, ճնշման պատճառով: Այդ երեխաներին ծնողները խորհուրդ են տվել «ուշադրություն չդարձնել», ինչն ըստ նրա՝ սխալ է:

Օգնեք երեխային պաշտպանել իրեն, երբ երեխան զգում է, որ կարող է ինքնուրույն ինչ-որ խնդիր լուծել և ունի Ձեր աջակցությունը, դա նրան օգնում է ավելի հեշտ հաղթահարել դժվարությունները: Եթե խնդիրն առաջացել է երեխայի ինքնագնահատականի պատճառով, անհրաժեշտ է կենտրոնանալ այն բանի վրա, ինչն իր մոտ ամենալավն է ստացվում, թույլ տվեք նրան հրաժարվել այն ոլորտից որում նա անընդհատ անհաջողություններ է ունենում: Սեփական փորձով ցույց տվեք, թե ինչպես պետք է պայքարել սթրեսի դեմ, երեխային պետք է ցույց տաք, որ ներքին ապրումներով պետք է կիսվել հարազատների հետ: Եթե գործադրած ջանքերն արդյունք չեն տալիս, դիմեք հոգեբանի օգնությանը: Դպրոցներում լավ մասնագետներ են հանդիպում, որոնք իրավիճակին ծանոթ են ներսից, բայց եթե հոգեբանը փորձառու չէ, կամ նրա կրթությունը թերի է, դիմեք ավելի փորձառու մասնագետի:

MEDUZA

Գրել կարծիք