Վերջ ռուսամետ ռոմանտիկային. ներկուսակցական ինտրիգներ Սերբիայում

Վերջ ռուսամետ ռոմանտիկային. ներկուսակցական ինտրիգներ Սերբիայում

Սերբիան այն երկիրն է, որտեղ անիմաստ է փնտրել հակառուսական գործիչների: Մոսկվային չի հուզում, թե ով կլինի Սերբիայի հերթական նախագահը: Շատ իզուր՝ համոզված է Carnegie հիմնադրամի վերլուծաբանը:

Վերջին տարիներին սերբական քաղաքականությունը դեգրադացիա է ապրում: Սերբիայում գրեթե վերացել է քաղաքական մրցակցությունը, ընտրություններն ընթանում են նախապես ծրագրված սցենարով: Ամեն ինչ ձևական է: Իշխանությունները վերահսկում են հանրային կարծիքը:

Սերբ Շեքսպիրը

2012-ին՝ նախորդ նախագահական ընտրություններին, Սերբիայում քաղաքական ազատություն էր: Բոլորի համար անսպասելի հաղթեց Տոմիսլավ Նիկոլիչը՝ իր մրցակցից առաջ անցնելով ընդամենը 2 տոկոսով: Դա մի քանի տարի առաջ էր: Հիմա Սերբիայում քաղաքական պատկերն այլ է: Հիմա ընտրություններն անցնում են արևելաեվրոպական ազգային պոպուլիզմի սխեմայով: Վկա՝ վերջին ընտրությունը:

Իշխանության թեկնածուն վարչապետ Ալեքսանդր Վուչիչն էր: Բոլորի համար պարզ էր՝ նա է հաղթելու, քանի որ նա էր երկրի գլխավոր հայրենասերը, ազգի փրկիչը: Նրան աջակցում էր պետական քարոզչամեքենան՝ լրատվամիջոցները, ադմինիստրատիվ ռեսուրսները, բյուջետային աշխատողներն ու ընտրական հանձնաժողովը: Թեև, նույնիսկ եթե իշխանական աջակցությունն էլ չլիներ, միևնույն է, Վուչիչը կհաղթեր, քանի որ սերբական լիբերալ ընդդիմությունը վարկաբեկված էր:

Թվում է՝ ամեն ինչ հարթ ու հասկանալի է, առանց հարցականների, առանց ինտրիգի: Շատ իզուր: Ինտրիգը կա, ու այդ ինտրիգը հենց ներիշխանական էր, ներկուսակցական: Ու դրա կենտրոնում նախագահն էր, հիմա արդեն՝ նախկին: Տոմիսլավ Նիկոլիչն իշխող Սերբական առաջադիմական կուսակցության հիմնադիրն էր: Նա նախագահի պաշտոնում մնաց ընդամենը մեկ ժամկետ և իրավունք ուներ առաջադրվել ևս մեկ անգամ: Սակայն կուսակցությունը որոշեց նրան ուղարկել թոշակի (թեև Նիկոլիչն ընդամենը 65 տարեկան է): Նիկոլիչի փոխարեն առաջադրվեց երիտասարդ վարչապետ Վուչիչը, նրա, ում Նիկոլիչն էր «հովանավորել ու առաջ տարել»:

Շեքսպիրյան դրամա: Սերունդների հակամարտություն: Մի կողմում Նիկոլիչի փորձ էր, իմաստությունը, մյուս կողմում՝ Վուչիչի էներգիան, առաջինը լինելու ձգտումը, փառասիրությունը:

Նիկոլիչը 1990-ականներից սերբական քաղաքական դաշտում էր: Նա առաջինը հասկացավ, որ ազգայնականության ժամանակներն անցել են, դուրս եկավ Արմատական կուսակցությունից ու ստեղծեց իր քաղաքական կուսակցությունը՝ Սերբական առաջադիմական կուսակցությունը: Զգուշավոր Վուչիչը նրան միացավ ավելի ուշ: Նիկոլիչը 4 անգամ մասնակցել է նախագահական ընտրությանը, տարիների ընթացքում (2000-2012թթ) 6%-անոց կողմնակիցների քանակը դարձրել է 50%: Ընդ որում, հաղթել է հենց ընդդիմադիր դաշտում ու իր հաղթանակով վերջ դրել լիբերալների 12-ամյա իշխանությանը: Նա իսկական քաղաքական գործիչ է, ով գիտի ինչ է քաղաքական պայքարը:  

Դառնալով նախագահ, Նիկոլիչը ստիպված էր կուսակցության առաջնորդի պաշտոնը զիջել Վուչիչին, ինչը Նիկոլիչի համար ճակատագրական դարձավ: Շուտով Վուչիչը կազմակերպեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու շատ արագ զբաղեցրեց վարչապետի աթոռը: Ավելին, նա կարողացավ իր «բուռը հավաքել» կուսակցական կառույցները, պետական ապարատը և լրատվամիջոցները: Նախագահ Նիկոլիչը դարձավ երկրորդական դեմք, կարևոր որոշումները վարչապետին էր՝ Վուչիչինը:

Նիկոլիչը, բնականաբար, հասկանում էր իրավիճակի լրջությունը, բայց, հավանաբար, մտածում էր, որ նախագահի երկրորդ ժամկետի պաշտոնավարումը կհասցնի վայելել: Բայց Վուչիչն այլ նպատակներ ուներ: Այստեղ էլ աշակերտը հաղթում է ուսուցչին, երիտասարդությունը՝ տարիների իմաստությանը: Բոլորը սպասում էին, որ Նիկոլիչը չի ների իր աշակերտին՝ կամ իր թեկնածություն էլ կառաջադրի, կամ կպահանջի վարչապետի պաշտոնը: Բայց հին նախագահի և երիտասարդ վարչապետի ընդհարումը, հիստերիկ խանդի տեսարանները մնացին կուլիսների հետևում:

Երկկողմ հաջողությունը

Նիկոլիչի և Վուչիչի ընդհարումն էպիկական ստացվեց: Հաշվի առնելով, որ նրանք կուսակից ընկերներ ու համախոհներ են, հակամարտությունն անձնական մրցակցության դաշտ պիտի տեղափոխել:

Այլ հարց է՝ կփոխվի՞ արդյոք սերբ ղեկավարության քաղաքական կուրսը: Ամենայն հավանականությամբ՝ այո՛, բայց՝ ոչ միանգամից: Ու այդ քաղաքական նոր ուղղվածությունը չի լինի ի նպաստ Ռուսաստանի:

Ե՛վ Վուչիչը, և՛ Նիկոլիչը շատ լավ հասկանում էին, որ Սերբիայի համար եվրաինտեգրմանն այլընտրանք չկա, որ Ռուսաստանը չի կարող փոխարինել ԵՄ-ին, կամ ՆԱՏՕ-ին: Ո՛չ սոցիալ-տնտեսական զարգացման, ո՛չ էլ անվտանգության ոլորտում: Ռուսաստանի հետ բարեկամությունն անհրաժեշտ է Արևմուտքի հետ բանակցություններում դիրքերն ուժեղացնելու համար:

Նիկոլիչը, բնականաբար, այս նոր դերակատարությունն իր վրա վերցնել չէր կարող: Նա չուներ արևմտյան կրթություն, նոր հորիզոններ, 60-ն անց տարիքում էլ հեշտ չէ վերափոխվելը: Նրա համար դժվար էր անգամ շփումն արևմտյան լիդերների հետ, թեև իր տարիքի համեմատ զարմանալի ճկուն էր (90-ականներին կամավորների հետ կռվել է Վուկովարում, 2013-ին համաձայնել է անձամբ հանդիպել Կոսովոյի վարչապետ Տաչիի հետ, հանդիպումը կայացել է Վատիկանում):


Սերբական երգիծարշավ. ինչպես հումորիստը մասնակցեց նախագահական ընտրությանը և քիչ մնաց հաղթի


Վուչիչին այդպիսի խնդիրներն անծանոթ են: Ճիշտ է, նա նույնպես իր քաղաքական կարիերան սկսել է Արմատական կուսակցությունում, 90-ականների վերջում նույնիսկ եղել է Միլոշևիչի Տեղեկատվության նախարարը: Բայց նա 20 տարով երիտասարդ է ու արևմտամետ: Նա կարողացավ սեփականացնել Նիկոլիչի պրագմատիկ ազգայնականի կերպարն ու կատարելագործել այն: Արևմուտքին նա ներկայանում է որպես այն միակը, ով ի զորու է վերահսկել սերբ ռադիկալներին ու Սերբիան տանել դեպի ԵՄ, Ռուսաստանին՝ որպես այն միակը, ով կարող է կանխել արևմտամետ լիբերալների մուտքն իշխանություն: Սերբիայի ներքին լսարանի համար էլ՝ այն միակը, ով ի շահ Սերբիայի կարող է լեզու գտնել բոլորի հետ՝ Չինաստանից մինչև ալբանական ղեկավարություն:

Վուչիչը մանիպուլյացիայի վարպետ է, ցանկացած իրավիճակում կարող է այնպես անել, որ բոլոր կողմերն էլ համոզված լինեն՝ որոշումն ի հօգուտ իրենց է։ Օրինակ՝ երբ նա մեկնեց Բոսնիա՝ Սրեբրենիցայի իրադարձությունների տարելիցին, Արևմուտքն այդ քայլն ընկալեց այսպես. պատասխանատու առաջնորդ, ով պատրաստ է ճանաչել 90-ականներին սերբ ազգայնականների հանցագործությունները: Իսկ սերբ հասարակությունը վստահ էր, որ համարձակ ու հայրենասեր վարչապետն այնտեղ է՝ պաշտպանելու սերբերի իրավունքները:

Կամ երբ Կոսովայի իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ Վուչիչը զիջեց  հյուսիսային սահմանային շրջանների վերահսկողությունը, Արևմուտքը գոհ էր, քանի որ չէր սպասում այդ չափ կոնստրուկտիվ մոտեցում: Գոհ էին նաև Սերբիայում, քանի որ Վուչիչն Արևմուտքից որոշ իրավասություններ կորզեց: Հիմա Արևմուտքը վստահ է, որ ալբանացիներն են խոչընդոտում բանակցությունների ընթացքը:

Եղբայրական սպառնալիքը

Մանիպուլյացիայի վարպետ Վուչիչը նմանատիպ հնարքներ կօգտագործի նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում: Նա հրաշալի հասկանում է, որ ռուսական սպառնալիքը վաճառքի առարկա է Արևմուտքի հետ բանակցություններում։ Գլխավորը ներքաղաքական դաշտում բացատրել, որ Սերբիան Ռուսաստանին կարող է ընդունել միաժամանակ և՛ սիրելի դաշնակից, և՛ սպառնալիք: Ու այդ հարցում Վուչիչն արդեն փորձ ունի: 2016-ին Մոնտենեգրոյի իշխանությունները հայտարարեցին, թե ռուսները հեղաշրջում էին պատրաստում իրենց երկրում: Վուչիչը կարողացավ Ռուսաստանին հավաստիացնել սերբ-ռուսական բարեկամության անձեռնմխելիության մասին, զուգահեռ, ակնարկեց, որ Մոնտենեգրոյի հեղափոխության փորձի հետևում այլ երկրներ կան ու, ավելին, հայտարարեց, թե իրեն են էլ ուզում հեռացնել պաշտոնից: Այդ նույն օրերին սերբական լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե Վուչիչի ծնողների տան մոտ զենքի թաքստոց են գտել, Վուչիչի ընտանիքին տարհանել են, խոսակցություններ տարածեցին, թե կան ուժեր, որ ամեն ինչ անում են երկիրը ապակայունացնելու համար: Ու վերջ, գործը փակվեց: Բայց կարևորը, որ Վուչիչը տպավորություն ստեղծեց, թե Սերբիային(այսինքն՝ իրեն)՝ Մոնտենեգրոյի նման, չեն ներում արևմտամետ նկրտումների համար:

Մանիպուլյատոր Վուչիչը կարող է համոզել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին իրենց շատ բան չպահանջել, կվստահեցնի, թե սերբ ազգայնականներն իրեն կսպանեն, ճիշտ այնպես, ինչպես 2003-ին սպանեցին արևմտամետ վարչապետ Զորան Ջինջիչին։ Բայց որքան Սերբիան մոտենա ԵՄ անդամակցության խնդրին, այնքան Բելգրադի ու Մոսկվայի հարաբերությունների վերանայման հարց կառաջանա: Օրինակ՝ Ռուսաստանը կստիպի Սերբիային հրաժարվել Ազատ առևտրի մասին համաձայնագրից:

Եթե Նիկոլիչը մնա նախագահի աթոռին, Արևմուտքին ինտեգրվելու գործընթացքն ավելի կձգվեր: Նիկոլիչը Վուչիչի լուրջ մրցակից էր, նրանք վաղուց իրար չէին վստահում: Ու եթե Վուչիչն Արևմուտքին սիրաշահելու համար գլուխ թեքեր ռուսներից, ապա Նիկոլիչը կարող էր դրանից օգտվել ու խաղից դուրս հանել Վուչիչին: Հիմա դրա վտանգը չկա: Հիմա Նիկոլիչը չկա: Վուչիչը ստեղծել է կառավարման իր մեխանիզմը, որը շատ նման է ռուսականին. բոլոր որոշումներն ընդունում է միայն ինքը: Իր կուսակությունում Վուչիչը մրցակից չունի: Ընդդիմադիր դաշտը կազմալուծված է. Լիբերալ ընդդիմությունը ոչնչացված է, Սոցիալիստական կուսակցությունը և արմատականները վերածվել են լոյալ ընդդիմության:

Սա նշանակում է, որ Վուչիչին քննադատող չկա ու չի լինի: Իշխանությունը Սերբիայի նոր նախագահին հնարավորություն կտա ռուս եղբայրների մասին ջերմ խոսքերի հետ մեկտեղ արմատապես փոխել երկրի քաղաքականությունը:

Ու երբ գա պահը, որ Սերբիան դառնա ԵՄ անդամ, ինչը շատ շուտով կլինի, Վուչիչը թեթև սրտով ելույթ կունենա պետական հեռուստատեսությամբ ու կխոսի սլավոնական անկոտրուն բարեկամության մասին:

Աղբյուրը

Գրել կարծիք