ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր - 16] Հիմա` ավել անե՞լ բանակում, թ

[Զինվորի օրագիր - 16] Հիմա` ավել անե՞լ բանակում, թե՞ ոչ. Զինուժի ներքին բարքերը Խորհրդային բանակից ու Միլենիումից հետո

Շնորհավորեք ինձ: Այսօր իմ ծննդյան տարեդարձն է: Օրագիրը գրել եմ ժամեր առաջ, ուղարկել newmag-ի խմբագրություն, հիմա զորամասում եմ` ձեզանից հեռու, ընկերներիս կողքին և հրամանատարներիս առաջ: Շուտով ճաշի ժամն է, զինակիցներս կշնորհավորեն ինձ արդեն երրորդ անգամ: Ուղիղ 0 ժամին մի մարդու պես եկան, արթնացրին, մաղթեցին բարեհաջող զորացրում: Սա կարևոր է ինձ համար էլ, իրենց համար էլ: Այդպես յուրաքանչյուրի վերջնաժամկետն է մոտենում: Շնորհավորանքների երկրորդ ռաունդը սկսվեց առավոտյան 08-ին՝ նախաճաշին՝ խաշած ձվով ու թռչնի կաթով:
Տարեդարձս՝ զինվորական է ու հոբելյանական: 25-ամյակս դիմավորել եմ՝ հայկական կամուֆլյաժով, ընկերներով շրջապատված, մայրիկի ու կնոջ ուղարկած կապոցը խժռելով: Ծնունդս բանակում նշում եմ երկրորդ ու արդեն վերջին անգամ: Վաղ առավոտյան անթերի սափրվել եմ, պահած օծանելիքը ցանել, բատինկաներս փայլեցրել: Սա այն օրերից է, երբ բոլորը ժպտում են քեզ, նույնիսկ սպաներն են գալիս շնորհավորում:
Երեկոն դեռ չգիտեմ ինչպես կանցնի, դժվար թե խմենք. стодневка եմ մտել: Այսպես են ասում, երբ զորացրվելուն մնում է 100 օր: Ծառայությանս ավարտին մնացել է ուղիղ 85 օր, հետևաբար չեմ ցանկանում հայտնվել սևազգեստ զինվորականների ուշադրության կենտրոնում, առավել ևս տոն օրն ավարտել պատժախցում, կարգապահական վաշտում՝ սիգարետ սպառելով:
Այսօր ինձ ազատել են բոլոր պարտականություններից, իհարկե ներքին կարգով՝ ժամկետայինների համաձայնությամբ: Ոչ մի աշխատանք և հանձնարարություն, բացի ֆիզիկական ներկայությունից: Մյուսներն ըստ օրակարգի և կարգացուցակի շարունակում են ծառայությունը: Իմ տոնը, տոն է միայն ինձ համար, մյուսների համար շարքային առավոտ է ու սովորական անցուդարձ:
Այս անգամ կպատմեմ՝ ներքին ու կանոնադրային հարաբերությունների մասին, հատկապես, թե ինչից են լարվում հարաբերություններն ու ինչպես են դրանք ավարտվում: Ու նաև իմացեք, թե ինչու եմ զինծառայությունը համարում՝ երաժշտական գործիք՝ մետաղե կոնտսրուկցիայով:
Առաջինը հայրս է պատմել զորամասային կռիվների մասին: Ծառայել է արևելյան Սիբիրում` Չիտայում, 1960-ականների վերջերին: Խորհրդային Միության սոցիալիստական երկրների երիտասարդները հայրենիքում ծննդավայրում չպետք է ծառայեին: Հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, ուզբեկներ ու այսպես տասից ավելի: Հայերը գրեթե բոլոր զորամասերում եղել են հարգված, արտոնյալ, վերահսկող: Ամենացանկալի մահճակալին և ամենաշատը նրանք էին քնում, ավելի քիչ էին աշխատում և ավելի համախմբված էին: Այսպես մերոնք են պատմում ՝ գուցե մի քիչ չափազանցնելով: Տղայական կռիվների հիմնական թեման բանվորությունն էր՝ ում ջոկն է, դասակն է բարեկարգելու տարածքը, խնամելու ծառերը, մաքուր պահելու զորանոցը, ժամանակին ընդունելու և հանձնելու վերակարգը: Բոլորը՝ բացի հայերից: Ավելի շատ աշխատում էին ուզբեկները, տաջիկները, ավելի քիչ՝ հայերը:
Հետխորհրդային ու ազգային բանակը՝ սովետական բարքերի մի մասը մոռացավ, անցավ հայրենականին, հայկականին, մինչդեռ բազմաթիվ օրինաչափություններ ժառանգեց ինքնաբերաբար՝ իրավահաջորդի պես: Մաքրության, կանաչապատելու առաջադրանքները մնացին, պարզապես կրքերն ավելի թեժացան, այստեղ ծառայում են արդեն հայերը ու միայն հայերը:
- Տղեն ավել չպետքա անի:
Ընտանեկան ու ժառանգական այս ուղերձը մոդայիկ էր մինչև 2000-ականներ կամ մի քիչ էլ ավելի: Բանակից առաջ հարազատ ու բարեկամ այրերն էին հրահանգում. ավելը ձեռքդ չվերցնես, խայտառակ կլինենք: Նրանք ասում, անցնում էին, տուժում էին իրագործողները: Այսպես միջանձնային հարաբերություններն էին լարվում, դեպքերն ավելանում, վնասը դառնում անդառնալի: Ամենացավոտ թեման զուգարանի մաքրությունն էր, հարյուրավոր վեճերի ու քաշքշուկի մասին լսել եմ, որոնք ավարտվել են ողբերգություններով: Հիմա զուգարանները զինվորները չեն մաքրում, փոխվել է ձևն էլ, ձևաչափն էլ: Սանհանգույցին հետևելու համար քաղաքացիական հաստիքներ են ստեղծվել: Տարաձայնությունները տարեցտարի պակասել են, բայց չեն վերացել: Ծառայությունը պահանջում  է հավասարություն ամեն ինչում՝ սա հիմա բոլորն էլ գիտակցում են: Գրեթե բոլորը: Չկա մի զորամաս և զինծառայող, որը երբևէ չհանդիպի այսպիսի խնդրի՝ իրեն են հանձնարարում կամ ինքն է հանձնարարում: Այո, նաև ինձ էլ, ես էլ:



Զինվորի օրագրում` նախորդիվ




Ավագ սերժանտ եմ, անձնակազմի ղեկավարը, մինչդեռ ցանկացած գործ անում ենք միասին: Մի զինվոր ունեինք, զորամաս մտնելուն պես հատակի փայտով, կտորը պարզաջրելով ու մեծ խանդավառությամբ ամբողջ սենյակը փայլացնում էր, օրվա ցանկացած ժամի ինքնաառաջադրվում՝ բոլոր աշխատանքներին մասնակցելու համար: Բոլորը սովորել էին կենցաղային այսպիսի տնտեսությանը, ուրախացել, խաղաղ ծառայել` մինչև մեր միջամտությունը: Երբ ես և ընկերս պահանջեցինք, որ վերականգնեն հավասարությունը, արդարությունը, որ յուրաքանչյուրն իր հատվածը մաքրի, խելքի եկավ ու մաքրության իր մենաշնորհի մասին բարձրաձայնեց նաև մեր նորակոչիկը: Մյուսները, լսեցին, կանգնեցին ու միաձայն ըմբոստացան՝ արել է, պիտի անի: Նրանք և ճիշտ էին, և սխալ: Սա դասագրքային չէ, բայց բանակային ճշմարտություն է.
- Մի անգամ արել է, էլի թող անի:
- Բա ինչի էր էսքան ժամանակ անում:
- Լեզու չունի, ինքը ասի:
Եվ այսպես մի ամբողջ գիշեր: Համեստորեն, հանդուրժելով զորանոցի յուրաքանչյուր բնակչի ու ապստամբի ելույթը, պատասխանեցինք, մեր զինակցին արդարացրինք ու ամեն ինչ տեղն ընկավ: Երկար ժամանակ շատերը կիտած հոնքերով էին շրջում, հետո հասկացան: Եթե պատրաստվում ես զորակոչվել թեկուզ այս հուլիսին, ապա պատրաստվիր կիսել յուրաքանչյուր առաջադրանք` պահելով հավասարությունը:
- Աջից՝ մեկական, լվացարան, հետո սեղանների շուրջ:
- Գլխարկները ներքևում, եզրայիններն անցնեն հյուրասիրության:
Ճաշարանի նախերգանքն է: Վաշտի հրամանատարը չի սովորեցնում, բայց լանչի ցուցումներն ինքն է տալիս, որ 30 րոպեն անցնի միանման և օգտակար: Հիշում եք, երաժշտական գործիքի մասին էի գրել՝ մետաղյա կոնստրուկցիայով: Այդպես է ճաշն էլ, մարշն էլ: Մետաղյա դետալներն այն ժամերն ու աշխատանքն են, որը հոգնեցնում է զինվորին, ձանձրացնում, նվազեցնում ժամկետայինի ՕԳԳ-ն: Օրինակ՝ վազել 10 կմ, զենքը ուսին, ճռռան արևի տակ, սնվել կրկնվող սեղանից, պատվի առնել՝ օրը150 անգամ: Բանակային կանոնադրությունները նյարդայնացնում են, հոգնեցնում:
- Հաղթահարել արգելագոտիները, ծանր զրահատեխնիկան բերել մարտական վիճակի:
Առաջին հայացքից սա հրաման է, մինչդեռ լսել այս բառերը՝ շատերի երազանքն է: Ովքեր սեր ունեն մեխանիզացիաների, ֆիզիկայի, նոր լուծումներ փնտրելու, գտնելու, առաջարկելու հետ, սա նրանց համար է: Այդ զինվորների համար տանկը դառնում է երաժշտական գործիք, նորոգում են, նվագում, վայելում, արժանանում ծափերի: Ինձ համար էլ, զինվորական կյանքը հետաքրքիր է ու նպատակային: Հրամկազմն էլ նկատել է, պարգևատրել, մի ամբողջ դասակ վստահել:
 
Ծառայությունը տեխնիկական ու ստեղծագործական կողմեր ունի. պարտադրված են բոլոր դասերը, վարժանքները, մեզ համար նախընտրելի ու ցանկալի են մի քանիսը: Զինվորը գուցե այնքան էլ տեսականը չսիրի և չհետևի սիրով ու պատրաստակամությամբ, մինչդեռ գործնականն իսկական հաճույք է: Զորավարժարաններում նույնիսկ րոպեներն են մրցակցային: Ամենապասիվ զինվորն էլ ձգտում է կրակել, անվրեպ խոցել թիրախը, դիմադրել պայմանական հակառակորդին, առաջինը հակահարված տալ: Ադրենալինի մեծ չափաբաժինը գրավում է պատանիներին: Լսարանում հոգնում են, դաշտում՝ երկրորդ շնչառություն ստանում, վազում ավելի շատ ու գործում ավելի արդյունավետ:
Տեխնիկական է միանման համազգեստ կրելը, որովհետև կարգն է այդպիսին, մինչդեռ պարտադիր չէ՝ այն արդուկելը, քանի որ գրեթե ամեն օր ֆիզիկական աշխատանք ես կատարում: Այդուհանդերձ զինվորներ կան, որ ստեղծագործաբար են անում այդ ամենը՝ անկախ օրվա գրաֆիկից՝ հարդարում են համազգեստը, մանրակրկիտ կարգի բերում, ուղղում, ոտքից գլուխ իրենց հարմարեցնում: Տեխնիկական է ճաշը՝ սահմանված չափով, ժամանակացույցով, ստեղծագործական է սնվելը, էթիկան, ջերմությունը, հումորը:
Նույնն էլ երեկոներն են, ազատ ժամերին տեխնիկական ծառայությունը նրանց համար է, ովքեր սահմանափակվում են ջիպերի ու անվահեծերի, աղջիկների ու բոտեքսի թեմաները քննարկելով, դաջվածքի նշանակությունը բարձրացնելով, զարմացնելով քրեական անցյալով: Ստեղծագործներն այլ նախասիրություններ ունեն՝ կարդում են, ֆիլմեր դիտում, ինտելեկտուալ խաղեր անցկացնում, լրացուցիչ մարզվում՝ սեփական նախաձեռնությամբ: Այդպես ժամանակն արագ ու արդյունավետ է անցնում: Սա օգնում է մտերմանալ, չծանրացնել զինվորական երկամյակը, պարապությունը՝ չվերածել վեճի, անգործությունը՝ մյուսներին վնասելու առիթ չդարձնել: Մեր տղերքից մի քանիսը նույնիսկ երաժշտություն են գրում, պար են բեմադրում, նոթերը՝ հավերժացնում, ինչպես ես և ինչպես հիմա: Ի դեպ, եթե մոռացաք ինձ շնորհավորել, մի հապաղեք, մեկնաբանություններում կարող եք: Դրանց ու հոբելյանական երեկոյի մասին կպատմեմ օրագրի հաջորդ էջում, հաջորդ շաբաթ: Отбой:

Տարածել