BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր] Սափրագլուխը` հայելու առաջ և ծխարա

[Զինվորի օրագիր] Սափրագլուխը` հայելու առաջ և ծխարանի մոտ

Առաջին անգամ էի այդ տեսքով հայելու առաջ. սափրագլուխ, կարծես ճաղատ, նոսր մազերով:
- Բարով գնաս-գաս, - մաղթեց իմ առաջին ու միակ, վերջին 15 տարիների վարսավիր Արմենը` հավաքելով սափրելու ապարատը (մկրատ չէր օգտագործել) և գրպանը դնելով 1000 դրամը:
Դա նախօրեին: Առավոտյան եկավ ընկերս` նա էր ուղեկցելու զինկոմիսարիատ: Առավոտից մայրս արտասվում էր: Նրան ասել էի` հրաժեշտ կտանք տանը: Միջանցքում գրկախառնվեցինք, մուտքի մոտ բաժանվեցինք: Մորս ձեռքին ջրով բաժակ կար: Մայրս շարունակում էր արտասվել: Ես էլ էի հուզվել: Հրաժեշտ տվեցի ու ճամփա ընկա:
Զինկոմիսարիատի մուտքի առաջ ծխամաններ էին` ընդ որում շատ: Զինվորականները, կարծես, փորձից ու տարիների ավանդույթից համոզվել էին. այստեղ հավաքվում են ու շատ են ծխում` գուցե լարվածությունից, գուցե սպասումից: Ընկերներս ծիծաղում էին, կատակում: Անեկդոտները չէի էլ լսում, բանակային էին, իրենց համար զվարճալի, ինձ համար անհետաքրքիր: Ոմանք արդեն վերադարձել էին ծառայությունից, ոմանք «ազատվել», մյուսները պարզապես ուրախ էին, որովհետև միշտ է այդպես եղել. ճանապարհելիս չպետք է տխրել: Ու ասել խորհուրդներ, որ արդեն տասնամյակներ չեն փոխվում.


  • դուխդ տեղը կպահես, մեծ տղա ես,

  • մենակ թե ծեծկռտուքի մեջ չմտնես, կդատվես,

  • պրոբլեմ լինի, տեղյակ կպահես:


Ու այսպես երեք ժամ:
Մոտ 25 հոգի էինք: Ամենամեծը ես էի` 23 տարեկան, բարձրագույն կրթությամբ, մագիստրատուրայի դիպլոմով, աշխատանքային փորձով: Մյուսների 18-ը օրեր առաջ էր լրացել: Բժշկական սենյակներում հետազոտվեցինք: Ես մենակ էի: Մյուսները եկել էին մայրիկների հետ, կիսաթաց աչքերով, վախով ու անորոշ հայացքներով:
Զինկոմիսարիատի միջին տարիքի լեյտենանտը կիսախռպոտ, մի փոքր բարկացած տոնով բոլորին աջ ու ձախ էր ուղարկում` այս կամ այն բժշկի մոտ: Տարիների համբերատարությամբ և արդեն սովոր նորակոչիկների անուշադրությանը, նա յուրաքանչյուրին բացատրում էր բուժզննման սենյակների հաջորդականությունը: Ամեն մեկին: Ամեն անգամ: Երևի այդ ընթացքում էր մազերը սպիտակել, կնճիռներն ավելացել, հայացքին հոգնածություն իջել:
11:40 ավտոբուսը եկավ, աղմուկի մեծ ալիք բարձրացավ: Շատերը սկսեցին հարվածել մարդատարին, իբր մեր ընկերոջը բանակ չտանեք:  Հետո ձու շպրտեցին, դուռը վնասեցին` ինչ եղավ, վարորդին եղավ:
Ավտոբուսը շարժվեց, երբ բոլորս, մեր անունները լսելիս, բարձրաձայնեցինք` ես եմ: Մինչև մեկնելը` ընկերներիս խնդրել էի ավտոբուսի ետևից չգալ, կեղծ ու ցուցադրական քայլեր չանել, գուցե մյուսներին հաճելի էր, ինձ` հակառակը: Մինչև հանրապետական կենտրոնական հավաքակայան հասնելը, մեզ ուղեկցեցին տղաներից մի քանիսի ընկերները` ազդանշաններով ու արկածներով` ՊՆ ավտոբուսի առաջը կտրելով, իրենց «Նիվաների» և «06» - երի ապակիներից դուրս կախվելով ու շամպայններ բացելով: Վարորդը, տարեց մարդ, նյարդայնանում էր, երբեմն հայհոյում` դե կին չկար, բոլորը տղաներ էին, թեև գիտեր, որ արկածախնդիրները ուղևորներից մեկի ընկերներն էին:
Հավաքակայանում բոլորը լռեցին, լրջացան, հիշեցին, որ մենակ են: Այստեղ բոլորը դարձան համեստ պատանիներ: Գրեթե բոլորը: Նրանք, ովքեր դեռ քաղաքացիական ակտիվություն էին ցուցաբերում, լռեցին սևազգեստ զինվորականների հայտնվելուն պես: Նրանք Ռազմական ոստիկանության աշխատակիցներն էին: Ռազմականի տղերքը զգուշացրին.
- Ում ձեռքին հեռախոս գտանք, կվերցնենք…:
Զինակոչիկների սենյակում այլևս միայնակ չէինք, մարզերի ու մայրաքաղաքի զինկոմիսարիատներից մի քանի հարյուր տղաներ կային: Ու սկսվեց: Յուրաքանչյուրի մեծ եղբոր, հորեղբոր, թաղային հեղինակություն վայելող ընկերոջ մեսիջները փոխանցեցին մեկը մյուսին. «մենք սպայկա ենք, իրար հետ եղեք, հարց ունեք, եկեք ինձ ասեք»: Զրույցի հերթը ինձ հասավ: 18-ամյա «հարց լուծողները» կանչեցին իրենց ժողովին: Մերժեցի: Դժվար էր իրենց բացատրել, որ այստեղ ամեն ինչ չի վերջանում, սկսվում է:
5 րոպե: Կրտսեր սպաներն այդքան ժամանակ էին տալիս շինության կողքին առանձացված ծխարան գնալու և վերադառնալու համար, մինչև մոտեցավ վիճակահանության պահը: Այդ ընթացքում մտածում էի մերոնց մասին, որ թողել էի տանը: Տանը մայրս էր, տատս ու վերջ: Կես ժամն ինձ համար դարձավ մեկ տարի և երկու տուփ սիգարետ: Մտքով արդեն ինձ ուղարկել էի ամենահեռու զորամաս, ամենաբարդ պայմաններ, նույնիսկ պատկերացնում էի օրեր, երբ չէի կարողանա կապ հաստատել մորս հետ:
Դպրոցը նոր ավարտածներից մեկին մոռանալ չեմ կարող: Զգաց, որ ավելի մեծ եմ, մոտեցավ, մի քանի հումոր արեց, որ մտերմություն անի, հետո աչքերը լցրեց, խորհուրդ հարցրեց.
Ինձ մոտ 15000 դրամ է, կարող է չթողնեն ինձ հետ տանեմ:
- Գրպանում պահի ու ոչ մեկին էլ չասես այդ մասին, չեն վերցնի: Ու մեկ էլ, առաջին երկու ամիսը չծիծաղես, չկատակես մյուսների հետ, ճիշտ չեն հասկանա:
Ռուբեն էր անունը, տեսնես` ուր ընկավ: Հիմա ինչպես է:
Վիճակահանությունը սկսվեց, հերթի կեսում կանգնած էի: Արցախ, Սյունիք, Տավուշ, Վայոց Ձոր, հիմնականում այստեղ ընկան տղաները: Վերջապես իմ անունն էլ կարդացին: Ամեն ինչ որոշվեց, երեկոյան 7-ին:

Տարածել