ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր - 6] Առաջին թունավորումը, առաջին ս

[Զինվորի օրագիր - 6] Առաջին թունավորումը, առաջին սուտը և առաջին ձերբակալությունը

Առաջին ամիսներին տնական կոտլետները ստանում ու խժռում էինք չտեսի պես, հրամկազմից հեռու, գաղտնի: Մինչև այն պահը, երբ տղերքից մեկը երեկոյան, ինքնաբուխ հացկերույթից հետո թունավորվեց և կեսգիշերին սկսվեցին ցավերը…:
Բուժկետ տանել չէինք կարող, ավելի ստույգ, չէինք ուզում, մեր «կերած» -ը կբացվեր, ամբողջ զորամասում կիմանային, սպաներն էլ լուրն անմիջապես կհասցնեին գլխավորին: Այդպիսի դեպքերում զինծառայողին բուժում են, հետո ուղարկում «ապաշխարելու»` չտեսած, բայց պատկերացրած ամենադաժան տեղը: Որոշեցինք մենք մեզանով զինվորին ոտքի կանգնեցնել:
Պառկեցրինք մահճակալին: Տղաներին խնդրեցի ջուր տաքացնել: Մի քանիսի սրբիչները հավաքեցի ու թրջոցներ դրեցի ոտքերին, ձեռքերին, ճակատին, ծոծրակին, մեջքին: Եվ այսպես կես ժամից ավելի: Բժշկությունից հեռու էի, բայց մայրս բժշկական կրթություն ունի, չգիտեմ որ դեպքում էր այդպես անում, բայց անում էր: Աղոտ հիշում էի: Ինչպես փորձեցի մեր Նարեկն, այդպես էլ կարգի չեկավ, հակառակը:
Բոլորս շփոթված էինք: Օրենքը խախտելով սնվելը, թունավորվելը, եռացող ճակատը հերիք չէր, դրան գումարած իմ արկածները զառանցողի գլխավերևում: Անփորձ պրակտիկանտի պես Նարեկին մանեկենի տեղ դրած փորձեր էի անում: Հետո կանգ առա, որոշեցի ավելի այդ պահին լուսավոր թվացող, իրականում վտանգավոր քայլի գնալ: Այդ պահին պետք էր և նրան ուշքի բերել և իմ սխալները վերացնել:



[Զինվորի օրագիր]



1-03: Շտապօգնություն զանգեցի, բայց չհամարձակվեցի խոսել: Օպերատորի առաջին բառից հետո անջատեցի հեռախոսը, չգիտեի ինչ ասել: Կեսգիշերն անց նույնիսկ խուսափում էի զորամասի հերթապահին ձայն տալ: Զորանոցից դուրս եկա, ատամներս կռճտացնելով քայլեցի դեպի կապտյորկա: Մինչև հասա տեղ, արդեն համար էի հավաքել, զանգել: 911: Ափսոս չեմ ձայնագրել իմ հանպատրաստից հարցերն ու փրկարարի ազնիվ պատասխանները:
- Բարև Ձեզ, եղբայրս իրեն լավ չի զգում, ճաշել ենք, մի փոքր մրսել է: Տանը մենակ ենք, ինչ կարող եմ անել:
- Հիմա շտապօգնություն կուղարկենք:
- Եթե դժվար չէ, ինձ առաջին օգնության խորհուրդներ տվեք, չեմ ցանկանում ամբողջ շենքով մեկ աղմուկ  բարձրանա, սկսեն զանգել, գալ: Տանը ծեր կին ունենք (ասել էի մենակ ենք, ես էլ մոռացա, ինքն էլ չնկատեց):   
Կարծեմ անունն Աննա էր, համբերատար լսեց, մի քանի խորհուրդ տվեց, բայց վերջում հեշտ չպրծա: Սկսվեց գրանցելու պրոցեսը: Հարցնում է, ես լռում եմ, հետո կիսատ պռատ ինչ որ անուններ եմ արտասանում:
- Ձեր հասցեն կասեք, գրանցեմ:
- Ըըըըը քաղաք Երևան, Արզումանյան 48 շենք, 15 բնակարան:
- Ձեր և Ձեր եղբոր անուն ազգանունները և տարիքը:
- Նարեկ Գրիիի…Դավթյան, ես` Դավիթ Դավթյան, 24-ս նոր է լրացել, Նարեկն արդեն 19-ն է:
Էլ չեմ հիշում, ինչ խոսեցի, ինչ գրանցեց: Հարցերից առաջ ընկնելով՝ ասացի «շնորհակալություն», անջատեցի: Նարեկին հետ բերեցինք, ինձ ոչ: Ամբողջ գիշեր մեղքի զգացումով անցկացրի: Ստեցի, այն էլ քաղծառայողի, այն էլ զինծառայողը, այն էլ ժամկետային ու զորամասից:
Մեկ տարի է անցել, էլի փետրվարն էր: Ամիսը կարճ է, բայց հունվարից երկար էր թվում: Ամանորի առաջին օրերին հանգստանում էինք, հիմա` ոչ: Ինձ համար միշտ էլ տարվա առաջին կեսը դժվար է անցել, մինչև ապրիլ, մայիս: Օրերը երկարում էին, գործն ավելանում, էներգիան սպառվում ավելի արագ: Հատկապես, երբ ցուրտ է, եղանակն` անկանխատեսելի, ծառայողական շաբաթները՝ ավազի պես կանգ առած:
Ցերեկային աշխուժությունը, երեկոյան ճաշից հետո կիսվում է, զգում ես հոգնածությունն ու լսում ավանդական բղավոցը «отбой»: Չէինք քնում, խաղում էինք: Խաղաթղթերն արգելված են: Մյուս կողմից էլ բլոտով գիշերը սպանելն արդար չէ, դասակից չորս հոգով մի կողմ քաշվեինք, մյուսները կնեղսրտեյին: Բոլորով էինք խաղում, առաջին շաբաթներին մաֆիա: Նախ բոլորը խաղին ծանոթ էին, և հետո խաղում էինք պառկած, մեր տեղերում: Եթե ստուգող գար, ոչինչ չէր նկատի:

Մեկ ամիս անց մաֆիան էլ ձանձրացրեց: Մանկության տարիներից մնացած ինչքան խաղ կար փորձեցինք, նույնիսկ մի ամբողջ գիշեր «городки» ենք խաղացել: Հիշում եք չէ այդ խաղը` երբ քաղաքի անուն ես տալիս, կողքինդ պիտի դրա վերջին տառով տեղանուն նշի: Հաջորդ «level»-ում ինտելեկտուալ զրույցներն էին: Ով ինչ գիտեր` պատմությունից, սպորտից, մշակույթից: Քաղաքականությունից գրեթե չէինք խոսում: Աշխատանքի բերումով` պոլիտդաշտին ծանոթ էի միայն ես, պաշտոններ, անուններ, մյուսները լսել էին էկրանից` պատահաբար կամ պատառիկներով: Ընդհանուր թեմաներից էր մշակութայինը: Քիչ թե շատ բոլորս էինք տեղյակ:
Ամեն ինչ թողնեիր, Միքայելին լսեիր: Թավջութակի վարպետ էր, ամենաբարձր մակարդակով պարգևատրված, մրցույթների հաղթող, դափնեկիր: Ընդ որում, գործիքն այնքան էր սիրում, որ թույլտվություն էր խնդրել զորամաս բերել: Նվագում էր, լսում էինք, ավելի ճիշտ նայում: Լարերի հետ ձգվում էր, աղեղի հորիզոնական քայլքի հետ շնչում, արտաշնչում: Մեղեդային րոպեներին զորամասում չէինք, Միկան էլ, մենք էլ: Մտովի տեղափոխվում էինք ազգային ակադեմիական թատրոն: Նվագում էր, հետո պատմում կոմպոզիտորների մասին, ընդ որում ոչ կենսագրական, ոչ էլ ստեղծագործական ու ոչ էլ ավանդական տեղեկություններ.
- Բեթհովենը չէր կարողանում բազմապատկել:
- Նախքան ինչ որ ստեղծագործություն գրելը, Բեթհովենն իր գլուխը մտցնում էր սառցե ջրի մեջ:
- Տաղանդավոր կոմպոզիտորը սուրճ էր պատրաստում միշտ 64 հատիկից:
Բոլորս էլ հատուկ էինք, հասարակ, մեր գիտելիքով ու մասնագիտությամբ, պարզապես հավասար էինք զինվորի կարգավիճակում: Հիմա էլ վստահ եմ, ծառայությունն ավարտենք, շաբաթը մեկին մի բեմում կտեսնեմ: Ընդ որում սա նկատում էին նաև մեր սպաները: Մեր պայմանական ու արհեստական հակառակորդն էին: Սա առաջին հայացքից. Մենք նրանց «офицер» էինք համարում, իրենք մեզ` ենթակա: Երբեմն շատ ընկերական էինք` «устав»-ից դուրս, off the record շփումներում: Հաճախ նույնիսկ անունով էի դիմում, հրամանատարի ու «молодой»-ների ականջից հեռու: Առաջին դեպքում «чп»-էր, մեկի ականջն ընկներ, ինձ էլ, իրենց էլ կպատժեին: Եվ հետո, պետք չէր, նորակոչիկները լսեին, թևեր առնեին:
Ռուսական բառերն իմ օրագրում հաճախ կհանդիպեք: Շատ են: Բանակում էլ են շատ: Հիմնական տերմինները գրված են հայերեն, սակայն հնչում են ռուսական տարբերակով: Սա խորհրդային բանակից, հետխորհրդային ու արդեն հայկական զինուժին բանավոր փոխանցվելու հետևանք է: Բանակի ավագ սերունդը` ԽՍՀՄ զորքերում է ծառայել, ընդ որում և հիմնականում Հայաստանից դուրս: Ձեր բարեկամներին հարցրեք` Չիտայից մինչև Գերմանիա ծառայություն են անցկացրել: Գնացքով մեկնել, ռուս գեղեցկուհիների սիրահարվել, մի կերպ տուն են հասել: Սա է գլխավոր պատճառը, որ ռուսական լեքսիկոնը դեռ չի վերացել բանակից:


[ Զինվորի օրագիր ]



«Блядь»: Հրամանատարներից շատերը մինչև այսօր, երբեմն հասցեական, երբեմն էլ դժվար իրավիճակներում, այսպես են թեթևանում: Զավեշտալի է, երբ գնդապետներն այս արտահայտությունը րոպեում անում են 4-5 անգամ, յուրաքանչյուր կարճ նախադասության սկզբում և ավարտին: Կամ երկուսը մեկում: Google-ն այն թարգմանում է` պոռնիկ, թեթևաբարո կին, մինչդեռ զինվորականները կարող են այն գործածել ցանկացած սխալի` դավաճանության, թերացման, խախտումների, նույնիսկ ծխելու համար: Իրենք չեն ծխում, չեն էլ սիրում ծխողների: Զինվորները չեն նեղանում այդ բառից, մանավանդ երբ հեղինակի ուսադիրների վրա մեծ աստղեր են, երկուս և ավելի:
Նախընտրելի է այդ պիտակը, քան գրական ձևակերպված զեկուցագիրը, որը կարող է ծառայությունդ երկարացնել տասը օրով, ծերացնել մեկ տարով, թուլացնել հիմնովին:
Իրականում զինվորների մոտ բռնվելու, պատժվելու վախն ու պատկերացումն ավելի գունավոր է, քան այդ ամբողջ գործընթացը: Զինակիցներով որոշել էինք ծառայությանս մեկ երկրորդը նշել: Մի քանիսի բանակի քեֆն էր, մի երկուսի կամուֆլյաժի ստարտը` զինընտանիքում: ԵՎ կարևորը. Մեր դասակի չորս տղաների համար հուլիսի 30-ը կիսում էր 2 տարին` «Дед» էինք դառնում: Ի դեպ, ծառայողական երկամյակը 4 մասի է բաժանվում` 6 ամիսներով:

1-ից 6-րդ ամիսը – молодой


7-ից – 12-րդ ամիսը – черпак


13-ից – 18-րդ ամիսը – дед


19-ից - 24-րդ ամիսը – дембель


Մագնիտոֆոն էինք ճարել, երգերով կրիչ ստացել, արդեն տոնական մենյուն կազմած սպասում էինք, նույնիսկ կենացներ էինք փորձում…:
Իմ նախավերջին 6-ամսյակը, սպասված ու երազած ուրբաթը դիմավորեցինք ռազմական ոստիկանությունում: Վաղ առավոտյան, զորամասի դարպասների մոտ, մի բարձրահասակ մայոր, ցմփոր կապիտանն ու շարքայինը, որ ինձանից կոչումով ցածր էր, բայց պաթոսով վստահ, բոլորիս մեկ առ մեկ նստեցրին ավտոբուս:  Զինգրքույկները հավաքեցին, առանց բառ փոխանակելու տարան ՌՈ կարգապահական վաշտ: Ամբողջ օրվա ընթացքում զինվորներից որևէ մեկը չդժգոհեց ու չհրաժարվեց անդադար շարայինից, ճռճռան արևի տակ վազելուց, ծխելու արգելքից, նույն հրամանն առնվազն 32 անգամ կատարելուց: Բոլորիս հարցական հայացքները` մեկ պատասխան էին փնտրում…Ինչու:

Տարածել