BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր - 8] Զինքոմեդին ու նրա հետևանքները

[Զինվորի օրագիր - 8] Զինքոմեդին ու նրա հետևանքները և ինչո՞ւ հրաժարվեցի 10-օրյա արձակուրդից

Մինչև չարաբաստիկ օգոստոսը, մազերս մի քիչ երկարացրել էի` երազած արձակուրդիս համար: Ռազմականում բոլորիս մազերը զրոյով զրոյին հավասարեցրին: Մեկ շաբաթում այնքան էինք սովորել օրակարգին, որ թվում էր մինչև վերջին օրն էլ այստեղ ենք ծառայելու: Ամեն ինչ հունի մեջ էր ընկել, մինչև չեկավ երեքշաբթին` նոր պրոբլեմներով ու նոր մղձավանջով:
Տիգրանին տղաներից մի քանիսը չէին սիրում: Երևանցի տղա էր, բայց աչքափակ էր, հեռու նույնիսկ զինվորական, տղայական ու տարրական էթիկետից: Կարճահասակ, բայց ամրակազմ տղա էր, ակնոց էր կրում, շրջում էր գլուխը կախ: Թե ինչպես հայտնվեց «խառոշիների» տեսադաշտում որևէ մեկը չնկատեց: Ամեն ինչ սկսվեց սովորական զրույցներից, ծխարանից: Զգացին, որ խեղճ է, գոնե նիստուկացով: Ասկետիկ երիտասարդի մղձավանջը սկսվեց գլուխը բարձին դնելուն պես, քուն չմտած:
- Տիկո մեկ-մեկ լողացի, վրայիցդ հոտա գալիս, հո դու թթվի քար չես:
Սա ընդամենը սկիզբն էր: Նկատողությունն ընդունեց քթի տակ պատասխանելով` եղավ, ձեր ասածն է: Համարձակություն չուներ, որ մեկին ապտակեր, մյուսին հայհոյեր, քներ: Զինվորները ռեպլիկն ընդունեցին որպես արդարացում, շարունակեցին անմիջապես, զրույցը թեժացրին թեման զարգացնելով, «Կարգին հաղորդում»-ից մեջբերումներով, ապարանցիների անեկդոտները կողք կողքի շարելով: Տիգրանը չէր քնել, բայց աչքերը փակել էր, հույս ուներ, որ նրանք էլ շուտով կլռեն: Չլռեցին:
Բոլոր զորամասերում է այդպես, զինվորները գալիս են ծառայության հիմնականում առանց միմյանց ճանաչելու: Ընկերանում են մի պատի տակ իրար լավ ծեծելուց հետո, երբ համոզվում են, որ երկուսն էլ «լավ» տղա են, «задни» չեն դնում: Կամ ընդհանուր ծանոթներ գտնելով են եղբայրանում, թաղային հեղինակությունների անունները շրջանառելով, նույնիսկ եթե ծանոթ չեն, լսել են ուրիշից, տեսել` մեկ անգամ, շփվել` երբեք:
Ովքեր այս շրջանակից դուրս են մնում, մեկ այլ խմբի պարագլուխ են դառնում կամ տաքսի (բացատրությունը` տես օրագրի 7-րդ համարում): Երբ ձևավորվում են զորամասային «խմբեր» առաջին շաբաթներին բախվում են իրար, ինքնահաստատվում, հետո կոալիցիա են կազմում կամ խուսափում նույնիսկ բարևից:
Տիգրանը որևէ մեկի թիմից չէր: Չէր կարող լինել, չէր էլ ցանկանում: Բայց քնում էր խմբի անդամներից մեկի գլխավերևում, երկրորդ հարկում: Ի դեպ 2-րդ «ярус»-ում ննջելը ձեռքբերում չէ, հակառակը: Վերևում նորերն են, թույլերը, փոքրերը կամ պարզապես հանդուրժողներն ու հարկերի տարբերությունն անտեսողները:  
Ուժեղները, զորանոցի հնաբնակ լիդերները` քնում են անկյունում: Սա արքայական տեղ է համարվում, որովհետև որևէ մեկի կողքին չես, մենակ ես քնում: Մյուսների մահճակալները զույգերով են: Անկյունի մահճակալը անմիջապես ջեռուցման համակարգի կողքին է: Նախանձելի է հատկապես ձմռանը, փաթաթվում, տաք տաք քնում ես: Անկյունում նաև ձեռնտու է և անվտանգ` սենյակի վերջում ես` անսպասելի ու անցանկալի հյուրերի գալուն պես, կհասցնես կարգի բերես անկողինդ, սուտ քուն մտնես:  
Նույնիսկ կարգապահական վաշտում խորհրդային քնատեղի ու ննջակարգի չգրված օրենքը շարունակվեց: Տիգրանը պատահմամբ վերևում էր, մյուսների պատահական երկրորդ հարկը վայրկյանների ընթացքում դարձավ առաջին, հետո «угол»: Ընդ որում շատերի մոտեցումը կեղծ եղբայրական էր, ամեն ինչի պատրաստ էին, միայն թե հայտնվեին առաջին հորիզոնականում:
- Մեջքս ցավում է, չեմ կարող բարձրանալ, իջնել:
- Քաշս չի ներում, ընկնեմ, կջարդվեմ:
- Բա դու կթողնես, որ իմ նման տղեն էդքան տանջվի:
Ես անկյունում չէի, բայց առաջին հարկում էի: Չէի չարչարվել տեղիս համար, չէի համոզել որևէ մեկին, պարզապես ասել էի տեղավորվել վերևում` 25 տարեկանի առաջ 18-ամյա զինվորները երեխայի պես են, հլու և հնազանդ: Տիգրանը հնազանդ չէր, բայց ճար չուներ, պիտի լուսացներ ևս մեկ գիշեր, գուցե ազատվի մղձավանջից: Չստացվեց:
Մեկ ժամ խոսեցրին, հարցրին, ծիծաղեցին: Չարձագանքեց, պարզապես երբեմն ստիպված պոռթկած: Կարմրում էր ամոթից` բոլորն արթուն լսում էին զինվորին հասցեագրված «բոցերը»: Մեկ ժամ բոլորը լռեցին, զինքոմեդին կարող էր մինչև լույս տևել: Սպասեցի: Ուզում էի ամեն ինչ արագ վերջանար, հատկապես, երբ վստահ էի, որ Տիգրանին վերագրվող մեղադրանքները սուտ էին: 0 ժամ 20-ին վեր թռա:
Մինչև խրախճանքների էպիկենտրոնը 50 ոտնաքայլ կլիներ, այդքան էլ զինվոր կար իմ և Տիգրանի մեջտեղում: Որևէ մեկը չէր պատրաստվում նույնիսկ քնելու կոչ անել, հորդորել հանգիստ թողնել Տիգրանին էլ, իրենց էլ, մեզ էլ: Մոտեցա ու մթության մեջ ատամների սպիտակն աջուձախ տարածողներին խնդրեցի փակել թեման:
- Տիգրանը լողացել է մի քանի ժամ առաջ, նրանից հետո ես եմ լոգանք ընդունել, մի նեղեք, թողեք քնենք:
Ամեն ինչ մի պահ կանգ առավ, կատակն էլ, զրույցն էլ, նույնիսկ ժպիտները սառեցին: Հայացքներն ուղղեցին ինձ, զարմացած ու կարծես լռության մեջ ժամանակ էին փնտրում պատասխանելու համար: Պատասխանի չսպասեցի: Տիգրանին ասացի, որ հավաքի սպիտակեղենը, համազգեստն ու հիգիենայի պարագաները, տեղափոխվի այլ մահճակալ: Ցույց տվեցի տեղը: Գնաց, պառկեց, քնեց:
Մյուսների գոհ հայացքից հասկացա, որ իրենց սրտով էր, բայց իրենց քաշով չէր Տիգրանին պաշտպանելը, համարձակներին դեմ գնալը: Քաշի խնդիր էլ չկար, տղերքից որևէ մեկն այդպես էլ ինձ հետ չխոսեց այդ մասին: Զգացին, որ ճիշտ եմ, ավելին չեմ պահաջնում, ընդամենը պաշտպանում եմ իմ իրավունքը: Իհարկե այս ամենը հենց այնպես չանցավ, հաջորդ օրերին «հրաշալի» քառյակն ամեն ինչ անում էր, որ կոնֆլիկտի մեջ մտնեինք, սխալվեի, իրենք էլ ստացած ամոթանքի տեղը հանեին: Առիթը չգտան, չտվեցի:



[Զինվորի օրագիր]



Մինչև կարգապահական վերջին օրը Տիգրանին պահեցի կողքիս, մեզ հետ էր շրջում, մեզ հետ` ճաշում, վերադառնում զորանոց: Նրա նկատմամբ մյուսների հեգնական ու արհամարական վերաբերմունքն էլ փոխվեց: Տիգրանին մոռացան, երևույթն էլ, սովորությունն էլ: Տիգրանն ինձ նայում էր երախտապարտ հայացքով, զուսպ ու գրագետ պահվածքին համեմելով զգուշությունն ու համարձակությունը: Խորհուրդներ էի տվել, գործի դրեց, անխոցելի դարձավ:
7-րդ օրը…: Հին կտակարանի այս պարբերությունն ինձ համար դարձավ ոչ միայն Աստվածաշնչյան ճշմարտություն, այլ նաև ծառայության վերածնունդը: Ընկերներով կես կատակ, կես լուրջ հիշեցինք: Սուրբ գրքում Աստված ամեն ինչ ստեղծեց 6 օրում և 7-րդ օրը հանգստացավ: Մենք էլ: Վերջապես, վերջնականապես: Պահպանողական հայացքով սպաները եկան, մեզ շարեցին, ողջունեցին նոթերը կիտած: Բոլորիս թվաց` ավելի դաժան օրերն են մոտենում, ծանր տույժերն առջևում են, գուցե այսօր: Մի քանի րոպե խոսեցին բարձր տոնով, բաղաձայնով, հետո ժպտացին` զորամաս եք գնում:
Ուրախացանք, շնորհավորեցինք միմյանց, կարծես ազատ ենք արձակվում ճաղերի ետևում տասնամյակը բոլորելով: Նույնսիկ Տիգրանն ու «խառոշիներն» իրար ժպտացին: Պարզվեց սպաներն ավելի ուրախ են: Հոգնել էին, մի քանի օր արթուն մնալով, այդքան զինվորի հետևելով, դիտողություն անելով, նույնը մի քանի անգամ կրկնելով: Ամենադաժան ուղեկցորդներն ամենամտերիմ բարեկամի նման ձեռք սեղմեցին, բարի ծառայություն մաղթեցին, ճանապարհեցին.
- Իրար դրսում հանդիպենք, տղերք, աշխատեք էստեղ էլ չհայտնվել:
Վերադարձանք, զորամաս մտնելով ինչպես տուն, նույնիսկ ամենաոխերիմներին բարևելով ջերմորեն: Հրամանատարն ընդունեց ծնողի նման, հետո զինվորականի պես բարկացավ, վերադասի նման պահանջեց այսուհետև կրկնապատիկ զգույշ և ուշադիր լինել, հետևել մյուսներին, ուղղել սխալները, վերացնել թերությունները: Յուրաքանչյուր զինվորի պատիժն անպատիժ չէ նաև հրամանատարների համար` լեյտենանտից գնդապետ: Բոլորին են նկատողություն անում, ուշադրության կենտրոնում պահում, երբեմն զրկում խրախուսանքից:

Մերոնց հետ խոսեցի, ծնողներիս հանգստացրի, Հռիփսիմեին ներկայացրի իրականությունը: Տխրեց, բայց մխիթարվեց, որ ամեն ինչ անցյալում է: Երկար խոսեցինք: Ռազմական ոստիկանությունում կալանավորի կնիքը ուղիղ դեմքիդ ես զգում, հալածյալի նման երբեմն ծոցագրպանիս նկարներն էի հանում, շոշափում, խնամքով տեղը դնում, կարծես էլ չեմ տեսնի: Հիմա ժպիտով եմ հիշում այդ օրերը, մինչդեռ «բանտարկության» օրերին հյուծվեցի, նիհարեցի` համարելով ինձ անհաջողակ, դժբախտ, անիծված: Նույնիսկ մի երեկո ինձ համոզել էի, որ թուղթ ու գիր են արել: Մայր զորամասում ամեն ինչ մոռացվեց, մնացին կատակները:
Կարգապահականի օրակարգին այնքան էի վարժվել, որ զորամասային առաջին օրերին եռանդս չէր սպառվում: Մեկ ժամ շարայինի փոխարեն պատրաստ էի երկուսն անել, ֆիզիկական վարժություններին սպասում էի ավանդույթի պես: Մեկ շաբաթում ընկա մինչգուբախտային ռիթմի մեջ: Ստրեսը մարեց, կարոտը մեղմելով օգոստոսն էլ անցկացրի, սեպտեմբերին ընդառաջ գաղտագողի զանգեր կատարելով, ճակատագրական իվենթը նախաձեռնելով:
Սովորաբար ժամկետայիններին արձակուրդ են ուղարկում առաջին 6-ամսյակը լրանալուն պես: Երբ նորակոչային շրջանն ավարտվում է, երիտասարդին տուն են ճանապարհում, որ շունչ քաշի, լիցքաթափվի, վերադառնա ու սկսի հիմնական ծառայությունը: Տասն օր տանն անցկացնելը շատերը քիչ են համարում, ասում են աչքդ բացում փակում ես` ետդարձի ժամը գալիս է: Ընկերներս հակառակն էին պնդում: Երբ «отпуск» էին գալիս, երրորդ օրը հոգնում էին թաղից, պարապությունից: Փնթփնթում էին, թե զորամասն են կարոտել:


[ Զինվորի օրագիր ]



Արձակուրդս պահել էի: Վեցերորդ ամսում առաջարկել էին տուն գնալ, մերժել էի, աննպատակ էր: Նպատակս ավելի հեռանկարային էր: Որևէ մեկին չէի ասել, գիտեին միայն Նարեկը, Տիգրանը, Աբրահամը, մտերիմ ընկերներս: Ի դեպ, Աբրահամ Խուբլարյանին կարծում եմ արդեն ճանաչում եք, տեսել կամ լսել եք: Զորացրվել է ու արդեն հեռուստաեթերում է: Երգի մրցույթի է մասնակցում: Հիմա զորքով քաջալերում ենք, ուզում ենք հաղթի, քվեարկում ենք, մյուսներին էլ նույնպես կոչ ենք անում, մեր զինվորը պիտի առաջինը լինի:
Օգոստոսն արձակուրդների ամիս է, հրամկազմից շատերը մեկնեցին հանգստի, մենք էլ պահը բաց չթողեցինք, շունչ քաշեցինք: Ամառային արձակուրդն ավարտվեց սպաների համար, սկսվեց ինձ համար: Սեպտեմբերի 1-ին սերժանտ Դավթյանը ստացավ արձակուրդային թերթիկը` 15 օր: Շարքայիններին տուն են ուղարկում 10 օրով, կոչումով բարձր ժամկետայիններին ավելին է հասնում` լրացուցիչ պարտականություններ ու խնդիրներ կատարելու, անձնակազմին ղեկավարելու համար:
Բանակում քչերն են այդ քայլին գնում, դժվար է հեռվից հեռու ծրագրել, գրաֆիկ կազմել, կոորդինացնել արարողակարգը, որ ամեն ինչ պատշաճ անցնի: Մանավանդ, երբ ռազմականի հետքն ամենից շատ նկատելի էր գլխիս, կարճ մազերով, սևացած դեմքով, մաշված մարմնով: Այսուհանդերձ քաղաքացիական կյանքում գրեթե ամեն ինչ պատրաստ էր…
Հարսանիք էի գնում: Իմ հարսանիքին:

Տարածել