BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր - 4] Բանակային սանրվածք, թրաշ, կոշ

[Զինվորի օրագիր - 4] Բանակային սանրվածք, թրաշ, կոշիկներ և տիկին Մալվինան ու մեր պտուկները

КПП-ի տղաները մուտքի մոտ կանգնած մեքենաների սև ու գոլդ համարանիշները տեսել, ազդանշանը (ոստիկանական հատուկ սիգնալը) լսել, շփոթվել, տագնապի կոճակն էին սեղմել: Դարպասը բացվեց, մեքենաները ներս մտան: Դուք նրանց հյուր եք ասում, մենք` վերևներից մարդիկ: Շարվեցինք, կիսատ պռատ պատվի առանք: Կոչումը մուգ ապակիներից տեսանելի չէր, սակայն կնճռոտ դեմքը վստահեցրեց` գնդապետ է, եթե ոչ ավելի բարձր: Փչացած հեռախոսի նման իրար փսփսացինք, կարգի բերեցինք, կեղծ ժպիտով ընդունեցինք ստուգողներին:
Թե ինչ եղավ հետո, չգիտենք, մեզ հասավ միայն գործունյա հայացքը շենք մտնելիս: Հետո հրամանատարի հետ դուրս եկան, հեռացան: Նրանց մասին այդպես էլ չիմացանք, գուցե ստուգողներ էին, կարևորը մեզ չստուգեցին:
Երբեք չեմ սիրել «պադշիվը»: Ենթաօձիք են ասում: Ուղղանկյունաձև կտոր է, որ կարում են վարատնիկին, որ համազգեստը շուտ չաղտոտվի: Հերթական լոգանքից հետո արտահերթ քանդում էինք դրա կարերը, նորն ամրացնում: Հիմա էլ, ատում եմ այդ գործընթացը, պարզապես կարգ է, պիտի հետևես, այլապես … նկատողություն, խիստ նկատողություն և այդպես շարունակ:
Այս ամենը դեռ կուլիսներում: Իրական ներկայացումը սկսվում է ամեն առավոտ: Սպաները գալիս են իրենցից գոհ, հրամանատարի կոչումն ամուր գրկած: Ստուգում են ոտքից գլուխ: Բառացի:
Առաջին հերթին մազերը: Պիտի լինի կարճ, ընդ որում այնքան կարճ, որ սանրվածքդ ձեռքով բռնել չհաջողվի: Իրականում և հիմնականում այդպես էլ ստուգում են: Եթե մազդ երկար է, հումորախառը տեքստերի զոհն ես դառնում: Սխալի կրկնությունը կրկնակի ցավոտ է` կտրում են բոլորի առաջ, իրենց ձեռքով, այդ ընթացքում ապացուցում, որ լավ կլիներ ինքդ սափրեիր գլուխդ, քան 2 սմ-ի համար բոլորը քեզնից խոսեին:
- Ապեր ջան, Սամսոնն ես, ինչ ես, վախենում ես կտրես, ուժդ կորչի:
- Կարողա Մոնսերատ Կաբալյեն ես, բանակն էլ ուրիշ օպերա է:
- Ջակի ջուկիներդ կհիշես ուվալնյատից հետո, էսի բանակա, արևս:
Զավեշտալի էր ինձ համար: Ավելի շատ այն պատճառով, որ գիտեին օպերային իսպանացի երգչուհուն ու մտապահել էին սանրվածքը: Մյուս դեպքում ուրախանալ պետք չէ, երբ զինակցիդ «արևս»-ով են դիմում: Լեյտենանտները պարզապես իրենց նյարդերն ու անձնակազմի կանոնադրային հարաբերությունները պահպանելու համար չեն հայհոյում, նույնիսկ չեն պիտակավորում: Միայն հիմարը չի հասկանա, որ խախտումների համար գուցե միայն հոգևորականը պատասխանի ջերմությամբ, մինչդեռ զինվորականն այդպես փոխանցում է սեռական երևակայության փոխատեղումները: Վատ չէ, ամեն դեպքում  և շատերի համար, երբ ընդունում են դառը փոխաբերությունն ու ամեն ինչ խաղաղ է:
Մազերի կարգի մասին կարելի է խոսել միանգամից մի քանի ճակատով, բառի ամենաուղիղ իմաստով: Ճակատը պետք է բաց լինի, դիմային սանրվածքը չափազանց կոկիկ: Ծոծրակին հասնող մազերը (кантовка) շատ ավելի վեր են: Ավելին, ընկերներս պատմում են, որ տարիներ առաջ եղել են զինծառայողներ, որոնց հրամանատարը պահանջել է մազերի սահմանը ետևում հասցնել ականջների ծայրին, որ տարբերի իր զինվորին: Սա գուցե ծիծաղելի թվա: Իրականում կարգապահությունը վերահսկելու եղանակ է, երբ դրսում զինվոր տեսնեին, դեմքից չէ, բայց ծոծրակից կհասկանային, որ սա N զորամասինն է:
Գլխակարգի շարունակությունը երեսին է, դեմքի մազածածկույթը: Ըստ սահմանված կարգի, զինվորը պետք է պլպլան ծափրված լինի: Ստուգումների ժամանակ` կրտսեր հրամանատարը ձեռքը հպում է դեմքիդ, իջեցնում ու բարձրացնում: Վերջինն ամենակարևորն է, եթե հանկարծ մատները զգացին նույնիսկ աղվամազերի խուտուտը` մաքրվում ես տարածքից, որ մաքրես: Մեր զորամասում մի քիչ հակառակն էր, կեսը բողոքում էր արագ երևացող թրաշից, օրը երկու անգամ կանգնում էինք հայելու առաջ, մինչդեռ մի քանիսը տնից լասյոններ էին խնդրում, որ տղամարդու տեսք ունենան կամ մեզնից հետ չմնան:
Ոչ միշտ ու հազվադեպ, ստիպված էինք լինում գրեթե մերկանալ հրամկազմի առաջ: Ներքնազգեստը ստուգում են ուղնուծուծով: Պիտի կրես զինվորականը, եթե մայրիկի ուղարկածն է, հավաքում են, նետում, քեզ էլ ոտքից գլուխ չափում: Սա իհարկե առաջին անգամ: Բանակում թղթին գրված է, ինչ տույժեր կան: Ավելի լավ է գլուխդ կախ կատարես պահանջները:



[ Զինվորի օրագիր ]



Հագուկապդ պետք է կոկիկ լինի, համազգեստը `լվացված: Սա պարտադրանք չէր, բայց պարտադիր էր, ընդ որում մեկս մյուսիս էինք նայում, խրատում, գլխի գցում:  Տգեղ է, երբ դաշտից գալիս ես` ցեխոտ ու քրտնած, հետո այդպես էլ լուսացնում ես, շտապում դեպի հաջորդ շարայինը: Մի քանիսը փորձել էին համազգեստը մանրակրկիտ ձևափոխումներով հարմարեցնել մարմնին, կիպ, կարճ, նեղ, դրսի ջինսերի պես: Մեր համար էր ծիծաղելի, ուր մնաց հրամանատարության համար: Զորամասում նրանց աղջիկ են ասում կամ ավելի կոպիտ: Պետք չէ այնքան նեղացնել, որ ամեն ինչ ընդգծվի: Եվ հետո, ում համար ընդգծել:
Եվ վերջում կոշիկները: Զինվորական բատինկան պետք է փայլի հայելու պես: Շատ քայլելիս, հատկապես ծառայության բերումով` մարզումներ, վազք, հողոտ տարածքներ, ձնառատ վայրեր, երկարաճիտներդ մաշվում են, գունատվում, աղակալում: Պիտի աչքի լույսի պես պահես` հատուկ տեղ կա, հատուկ նյութ, նույնիսկ հարդարելու հատուկ կարգ: Ոտքդ դնում ես ծնկիդ բարձրության երկաթին, վերցնում ՊՆ վաքսը ու տարուբերում: Փայլում է…մի քանի րոպե, մինչև հաջորդ առաջադրանքը սկսես կատարել: Ընկերներս ելքը գտել էին: Զորացրված տղաները կհաստատեն: Գդալը տաքացնում են վաքսը տաք տաք լղոզում կոշիկի վրա: Բրենդային տեսք է ստանում: Հետո մաքրվում է կտորի մեկ հպումից, լաքապատ կոշիկի պես: Ես նախընտրում էի մաքրել ամեն անգամ, առանց հալեցնելու:
Մաքուր լինելը կարևոր է. հիգիենան բարձրացնում է որակդ, քեզ հետ շփվելու ցանկությունը, պարզապես անսովոր է ու մի քիչ անցանկալի, երբ պարտադրված է: Չնայած, եթե պարտադրված չլինի, հիգիենան էլ կպակասի:
Սա էլ սովորեցինք, սովորեցրինք: Զորանոցում մեր ջոկի լուսանկարն էր` ֆուտբոլի թիմի պես, գավաթն էր պակասում: Մտածել էինք, գումար հավաքել, հեռու մոտիկ ընկերներին խնդրել, որ պատվիրեն, շրջանակի մեջ դնեն, ուղարկեն:
Տիկին Ալվինան զորամասի հավաքարարն է, ամեն առավոտ, իր վերկացի ժամին շենքում է: Շրջում է հատակի փայտով, մի փալաս վրան գցած: 70-ին մոտ է, բայց ներկած մազերով, հանած հունքերով, կիսառուսական ռիթմով: Երբ մտերմացանք, նրան սկսեցի տիկին Մալվինա կոչել, ինքն էլ լավ է զգում, մուլտհերոսուհու պատվին էի արժանացրել: Հումորով տատիկ է, ամեն ինչ գիտի, բոլորին, նույնիսկ եթե չի լսել այդ գործչի մասին, համոզիչ ձայնից կթվա, թե վերջին 20 տարին միասին են աշխատել որևէ հիմնարկում, ավելի ուշ կպարզես բարեկամ է, վերջում կհամոզվես, փոշմանել է, անծանոթ են: Չի խուսափում խոսել նույնիսկ սեքսի մասին:
- Տղային պտուկներն ինչի համար են պետք, տիկին Մալվինա, աղջիկներին հասկացանք, մենք ինչ ենք անելու:
Ծիծաղում է, հոգոց հանում, իբրև, ինչ հարցնելու բան է, մեծ կին եմ, դու ջահել տղա ես: Ավելի ուշ ընկնում էր մտածմունքների մեջ, գալիս, սկսում էր վերլուծել.
Վարկած N1. Հորմոնալ պատճառներ ունի, տղաների սեռական կյանքն է կարգավորում:
Վարկած N2. Որ տեսք տա, թե չէ տեղը դատարկ կմնա:
Վարկած N3. Կարող է և պետք չէ, կարևորը գոտկատեղից ներքև է, եղավ եղավ: Չեղավ մնացածը սուտ է:
Ծառայողական օրվա ամեն մի ժամն ու ակնթարթը հնարավոր է դարձնել հետաքրքիր, այլապես կանցներ շատ չոր, շատերի համար 2 տարին «կթթվեր», մյուսների համար էլ անգիտակից կմոռացվեր: Բանակում ամեն ինչ գրված է թղթին, բարևից բարի գիշեր` շարժուձևով ու խոսակցականով, նույնիսկ հանգստի ժամերը: Զինվորն ինքը պետք է գտնի ժպտալու բանաձևը` մեկը կանոնագրքերը անգիր անելով, մյուսն օրուգիշեր զենք կամ զինմեքենա քանդել հավաքելով: Պիտի սիրես ծառայությունդ, այլապես կդառնաս տարածքի խորթը: Տիգրանը ձեզ օրինակ, 20-ը դիմավորեց զորամասում, տոնեցինք կարծես պապիս 80-ամյակը լիներ, ստիպելով, որ ժպտա:
Ի դեպ, Տիգրանի մասին: Զորամասի հրամանատարին առաջին անգամ տեսա այդչափ կատաղած ու բղավոցից կարմրած: Դուրս թռանք զորանոցից, վերջին պահին գլխարկը դնելով: Հրամանատարի սպիտակ դռներից այս կողմ Տիգրանն էր, եղունգները կրծելով: Գնդապետը պատրաստ էր գուբախտ ուղարկել նրան: Հետո պարզվեց, ինչու…

Տարածել