[Իրականում՝ ոչ] Տարոն Մարգարյանը կարո՞ղ էր կանխել ավագանու նիստի կրքերը

[Իրականում՝ ոչ] Տարոն Մարգարյանը կարո՞ղ էր կանխել ավագանու նիստի կրքերը

Ամառային արձակուրդից հետո այս երկուշաբթի Երևանի ավագանին թարմ ուժերով անցկացրեց առաջին աշնանային նիստը, որն աչքի ընկավ յուրահատուկ վիրավորանքներով:

«Հանրապետական» խմբակցության անդամ Արմեն Սահակյանը «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին դիմեց` ասելով. «Պարոն», «Լսի Անո»: Ի պատասխան «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն էլ Արմեն Սահակյանին դիմեց «Արա»-ով և «Ծիտ» մականվամբ: Ոչ մունիցիպիալ կրքերը հանդարտվեցին միայն Տարոն Մարգարյանի հորդորից հետո:

Սա պոստ ֆակտում, երբ ամեն ինչ արդեն ասվել էր և ամեն վիրավորանք գտել էր իր պատասխանը: Մինչդեռ Տարոն Մարգարյանը այն քաղաքական ֆիգուրանտն է, որ կարող էր կրքերը զսպել պրե ֆակտում:

Ի պաշտոնե Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու թիմ-լիդերն է` մայիսին Երևանի բնակիչների մեծ մասն իր ձայնը տվեց Հանրապետական կուսակցության ավագանու ցուցակին, որի անդամները միաձայն ընտրեցին Տարոն Մարգարյանին: Նա այն առաջնորդն է, որը իրականացնելու է ՀՀԿ նախընտրական խոստումներն ու ծրագիրը: Եթե «Հանրապետական» խմբակցությունը քաղաքակիրթ թիմ լիներ, դժվար թե այդ թիմի անդամի մտքով անցներ անպատվել գործընկեր տիկնոջը:

Գուցե ավագանու հանրապետական անդամները թիմային խաղացողներ չեն, և իրենց համար մեկ է, թե ինչպես կանցնի իրենց թիմ-լիդերի վարած նիստը, բայց Տարոն Մարգարյանը պարտավոր էր սահմանել խաղի կանոններ: Քաղաքապետը դա չի արել, ավելին` թիմակցի հանդուգն արարքը դիտվել է իբրև ծառայություն շեֆին:

Բայց Տարոն Մարգարյանը կարո՞ղ էր կանխել կրքերն ավագանու նիստում: Իրականում` ոչ

Ոչ, որովհետև Երևանի ավագանու ընտրությունները ձևով քաղաքական են, բայց բովանդակությամբ` ոչ քաղաքական: Ընտրություններում հաղթում են նրանք, ովքեր գիտեն դրա տեխնիկական նյուանսները: Սովորաբար այդ նյուանսներին տիրապետում են մեր ժամանակների ճարպիկները, ովքեր ամեն ինչ ունեն, բացի կրթությունից ու քաղաքական կուլտուրայից: Գործնականում ավագանու կազմում կարող է հայտնվել ով ասես: Հետևաբար, ի՞նչ կարող է անել քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը չէր կարող կանխել ավագանու ոչ քաղաքական դիսկուրսը, որովհետև հակասոցիալական վարք դրսևորած անդամներն իր հենասյունն են, որի ընտրության հետևանքով է ինքը իշխանության եկել: Ինչպես պահանջես, կամ պատժես, կամ ներողություն խնդրես մի անձի արարքի համար, որին դու պարտական ես:


Իրականում՝ ոչ շարքից կարդացեք նաև․


Քաղաքապետը չէր կարող կանխել, որովհետև եթե կանխելու ցանկություն ունենար, թիմակցին կհեռացներ ավագանու կազմից, կամ կստիպեր ներողություն խնդրել, կամ ինքը ներողություն կխնդրեր թիմակցի փոխարեն: Բայց հայհոյանքը Հայաստանի քաղաքական դաշտում վաղուց ընդունվում է լուռ հանդուժողականութայմբ, թաքուն հպարտությամբ ու կուլիսային քաջալերանքով:

Հիմա` Տարոն Մարգարյանը կարո՞ղ էր կանխել ավագանու նիստի կրքերը:

Իսկ Տարոն Մարգարյանի ինչի՞ն էր պետք կանխել ավագանու անդամների այսպիսի պահվածքը: Չէ որ սա հնարավորություն է տալիս չխոսել քաղաքային տրանսպորտի անմարդկային վիճակի, նույն փողոցը տարին մի քանի անգամ ասֆալտապատելու, մազից կախված վերելակների, քաղաքի աննորմալ թրաֆիքի մասին: Դրանք թրենդային խնդիրներ չեն, փոխարենը լրատվական գլխագրերում «Ծտերի ժողովն» է:

Գրել կարծիք