Ադրբեջանցիները կրակում են, տավուշցիները դույլերով փամփուշտներ հավաքում. կյանքը` կրակահերթի տակ

Ադրբեջանցիները կրակում են, տավուշցիները դույլերով փամփուշտներ հավաքում. կյանքը` կրակահերթի տակ

newmag-ն այցելել է ադրբեջանական զինված ուժերի կրակահերթերից տուժած Բաղանիս, Ոսկեպար, Ոսկևան, Կոթի համայնքներ և հանդիպել գնդակոծությունից տուժած բնակիչներին:

Հունիսյան գնդակոծություններից ավելի շատ Բաղանիսն է տուժել: Մինչև օրս սահմանամերձ համայնքում խոսում են Բեգլարյանների տան գնդակոծության մասին: Ադրբեջանական դիրքերից արձակած փամփուշտներից մեկը կոտրել էր փոքրիկ Հովհաննեսի սենյակի փատուհանն ու ներս մտել: Հովհաննեսը հենց այդ սենյակում է քնում: «Փամփուշտը ծակել էր պատուհանը ու մտել վարագույրի մեջ, տաքությունից վարագույրը կոլոլվել է», պատմում է Հովհաննեսի հայրը:

Բեգլարյանների տնամերձ հողամասում սաղարթախիտ ծառերն են փակում հակառակորդի տեսադաշտը` թե չէ վնասները ավելի շատ կլինեին: Սեդա Բեգլարյանը տան վրա կրակած փամփուշտներից մեկն է ցույց տալիս: Մի քանի փամփուշտ էլ` Բեգլարյանի տան ավտոտնակի տանիքն է ծակել ու ներս սողոսկել:

Բաղանիսցիներն ու Ոսկևանցիները մարդու իրավունքների պաշտպանին էլ պատմեցին, որ Տավուշի սահմանամերձ շրջաններում տուն չկա, որ գնդակոծված չլինի: Ոսկևանցի Լևոնի տունը`գրեթե բոլոր կողմերից է գնդակոծվել: Սենյակը, որտեղ ադրբեջանցու կրակած փամփուշտն է հասել` դատարկ է: Հիմա ոչ ոք այդ սենյակում չի քնում:

Ադրբեջանցիները կրակում են` Լևոն պապն էլ տարբեր տրամաչափի հասնող փամփուշտները հավաքում ու իրենց տուն եկողներին ցույց տալիս: Մեկ դույլ միայն մի քանի օրում է հավաքել:

Ոսկեպարն ամենամոտն է սահմանին`8-900 մետր կլինի հեռավորությունը: Բաղանիսի վրա կրակում են` փամփուշտները Ոսկեպար էլ են հասնում: Միջպետական ճանապարհի վրա էր այս անգամ ավելի շատ սևեռվել ադրբեջանական զինուժը: Համայնքի վրա մոտ երկու ժամ կրակել են: Կոթիում հենապատ են կառուցում, որ գոնե մանկապարտեզում երեխաներին կրակահերթերից պաշտպանեն: Հակառակորդը Կոթիի վրա հատկապես` օրվա երկրորդ կեսին է կրակում:

Ադրբեջանական զինուժը թիրախավորում է հենց քաղաքացիական բնակավայրերը: Կրակում են սահմանամերձ գյուղերի վրա` երբ ակտիվ շարժ է նկատվում: Արման Թաթոյանը տավուշցիներին հայտնել է, որ ինքն ու իր աշխատակազմի ներկայացուցիչները սահմանամերձ, հակառակորդի կրակահերթերից տուժած համայնքներից հավաքած փաստերը կթարգմանվեն անգլերեն և կհանձնվեն միջազգային կառույցներին: Գուգլ քարտեզի վրա էլ կներկայացվի բոլոր վնասված օբյեկտները:

Գրել կարծիք