ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը` գրքում] Ողբերգություններ. Էդիպո

[Շարունակությունը` գրքում] Ողբերգություններ. Էդիպուս արքա

ՍՏԱՍԻՄՈՆ ՉՈՐՐՈՐԴ
ՊԱՐԵՐԳԱԿՆԵՐ
 
Ստրոֆե  1
 
Օ ՜ մարդկային դուք սերունդներ,
Ի ՜նչ ունայն եմ ես համարում ողջ կյանքը ձեր:
Ո՞վ է արդյոք, որ ավելի կերջանկանա,
Քան թվում է և թվալով` գահավիժում:
Քո օրինակն ունենալով
Եվ տեսելով քո, քո՜ μախտը`
Հե՜գ Էդիպուս,
էլ ո՞ր մարդուն
Ես կկոչեմ երանելի:
 
Անտիստրոֆե 1
 
Նա շատ դիպուկ նետահարեց
Եվ մեծագույն բախտի հասավ, օ՜ Զևս, մեռցրեց
Կորամագիլ գուշակ Կույսին և պարսպի
Նման կանգնեց մեր եզերքում ընդդեմ մահվան,
Ինչի համար անվանեցին
Նրան արքա, և իշխելիս
Բարձր պատվի արժանացավ
Նա փառավոր մեր Թեբեում:
 
Ստրոֆե 2
 
Մինչդեռ ո՞վ է լսել այժմ
Քեզնից թշվառ մեկի մասին,
Ո՞վ է քեզ պես դարձել ցավի, դաժան վշտի
Ընկեր և ո՞ւմ կյանքն է շրջվել:
Ա՜խ, պանծալի դու Էդիպո′ւս,
Նավահանգիստն այնքան մեծ էր,
Որ ընդունեց զույգ ամուսին` հայր ու որդի:
Ինչպե՞ս, ինչպե՞ս այդ հողը նույն,
Ուր ցանել էր հայրդ, թշվա՜ռ,
Քեզ հանդուրժեց երկար ու լուռ:
 
Անտիստրոֆե 2
 
Բայց ժամանակն ամենատես
Պարզել է դա ընդդեմ կամքիդ
Եվ դատում է ամուսնությունն անկարելի`
Քեզ ծնած մոր ու քո միջև: Ավա՜ղ, ավա՜ղ, Լայոսի զա′րմ,
Էդիպուս արքա
Երանի՜ քեզ չտեսնեի,
Ողբ եմ անում, եղերերգ է ասես հնչում
Իմ բերանից, և ճիշտն ասեմ`
Ինձ կյանք տվիր, սակայն հիմա Խավար բերիր իմ աչքերին:
                           Գալիս է Էդիպուսի Տան Ծառան:
 
ԷՔՍՈԴՈՍ
 
ԾԱՌԱ
Դո′ւք, որ երկրում միշտ բոլորից շատ եք հարգված,
Ինչե՜ր պիտի լսեք հիմա, ինչե՜ր տեսնեք,
Որքա՜ն տրտմեք, եթե միայն դեռ չի մարել
Լաբդակյան տան հանդեպ սերը ձեր բնատուր:
Ինձ թվում է` ո′չ Իստրոսը, ո′չ Փասիսը
Այս տունը չեն մաքրագործի, քանզի ահեղ,
Միտումնավոր հանցանքներ է այն քողարկում,
Որոնք շուտով ի հայտ կգան:
Ցավն առավել
Տանջալից է, երբ կրում ենք այն կամովին:
 
ՊԱՐԵՐԳԱԿՆԵՐ
Ի՞նչն է, որ մեզ ավելի է վշտացնելու,
Քան եղածը: Եթե նոր բան գիտես, ասա′:
 
ԾԱՌԱ
Շատ բան չկա ո′չ ասելու, ո′չ լսելու.
Վախճանվել է աստվածային Իոկաստեն:
 
ՊԱՐԵՐԳԱԿՆԵՐ
Ավա՜ղ, դժբա՜խտ, ինչո՞ւ մեռավ, ի՞նչ պատճառով:
 
ԾԱՌԱ
Ինքն իր ձեռքով: Դու չես ցավի, ինչպես որ ես.
Հեռու էիր, չվիճակվեց քեզ դա տեսնել:
Բայց կպատմեմ, որքան հիշել կարողանամ,
Թե ինչպիսի բախտ ունեցավ թշվառը այդ:
Երբ խելահեղ նա ներս անցավ նախամուտքից,
Փութաց իսկույն դեպի մահիճն ամուսնական
Եվ մազերը սկսեց փետել երկու ձեռքով:
Նա սենյակի դռներն ապա շրխկացրեց.
Վաղուց մեռած Լայոսին էր ոգեկոչում,
Մտաբերում մայրությունը իր վաղեմի,
Որդուն, որը սպանեց նրան, և որի հետ
Ինքն ունեցավ զավակներին իր անիծյալ:
Ողբաց դժբախտն իր մահիճը, ուր ամուսնուց
Ամուսին էր աշխարհ բերել, որդուց` որդիք:
Իսկ թե ինչպես նա վախճանվեց` անտեղյակ եմ.
Աղաղակով վրա հասավ Էդիպուսը,
Որից հետո կնոջ մահը մենք չտեսանք,
Նայում էինք այս ու այն կողմ նետվող այրին:
Վազ էր տալիս նա մեր առաջ և սուր խնդրում,
Փնտրում նրան, ով իր կինն էր ու կինը չէր,
Ում արգանդից ծնվել էր ինքն իր զարմերով:
Մոլեգնած էր, մի գերբնական ուժ էր նրան
Առաջ մղում, քանզի մարդիկ հեռու էին:
Ահեղ ճիչով, ասես մեկը հրահրեր,
Սուրաց դեպի դռները զույգ, զարկեց, ծռեց
Նիգը պահող կեռերը և խուժեց սենյակ:
Ապա ներսից մեզ երևաց կինը նրա,
Որ կախված էր, խեղդված հյուսկեն մի պարանով:
Այդ տեսնելով` տարաբախտը ոռնաց սաստիկ
Եվ հանգույցը քանդեց, իսկ երբ կինը թշվառ
Մեկնված էր գետնին, դաժան պատկեր եղավ.
Էդիպուսը կնոջ մարմնից պոկեց ոսկե
Քորոցները, որ կրում էր նա իր զգեստին,
Վրա բերեց, իր աչքերը խրեց դրանք
Այս խոսքերով. «Էլ չե՜ք տեսնի դուք այնպիսի
Արհավիրքներ, որ գործել եմ ու հանդուրժել,
Այսուհետև խավարի մե′ջ տեսեք նրանց`
Ում պետք չէ, իսկ ում պետք է` մի′ ճանաչեք»:
Ու բազմիցս, ոչ մեկ անգամ, այսպես ողբում,
Վեր էր տանում նա ձեռքերը և խոցոտում
Աչքերը իր. թրջում էին մորուքն արնոտ
Ակնագնդերն առատորեն, մուգ արյունի
Հորդ շիթերով, ոչ թե ծորուն կաթիլներով...
Բխել են այս աղետները զույգ աղբյուրից,
Եվ այր ու կին միացել են փորձանքի մեջ:
Նրանց բախտը հին օրերում բախտ էր իրոք,
Մինչդեռ այսօր` ո՜ղբ, պատուհա՜ս, մա՜հ ու ամո՜թ,
Ամեն չարիք, որ կոչում ենք մենք անունով,
Այս տան մեջ է, և ոչ մեկը չի հեռանա:
 
ՊԱՐԵՐԳԱԿՆԵՐ
Այժմ փոքր-ինչ խաղաղվե՞լ է այդ դժբախտը:
 
ԾԱՌԱ
Նա գոռում է, որ բաց անեն դարպասները,
Ցույց տան բոլոր կադմյաններին հայրասպանին,
Նաև իր մոր...– ո′չ, չեմ ասի այդ խոսքը պիղծ.–
Որ մեր երկրից վտարում է նա ինքն իրեն`
Անիծյալին, տունն անեծքից ազատելով:
Բայց ուժ չունի, պետք է նրան մի ուղեկից.
Այդպիսի ցավ անկարող է մարդը տանել,
Եվ դա ինքը քեզ ցույց կտա, քանզի բաց են
Դարպասները, ու կլինի մի տեսարան,
Որ կստիպի գթալ անգամ չարակամին:
 
Ծառան գնում է: Գալիս է Էդիպուսը:
 
ՊԱՐԵՐԳԱԿՆԵՐ
Օ՜ ահեղատես տանջանք մարդկային,
Օ՜, չի հանդիպել ինձ երբեք ոչինչ Ավելի դժնի. ի՞նչ ցնորք է քեզ
Համակել, դժբա՜խտ, ի՞նչ աստվածություն,
Մի գերմարդկային ոստյուն գործելով,
Խոյացավ ընդդեմ քո թշվառ կյանքի:
Ավա՜ղ, տարաբախտ, չեմ կարողանում
Նայել քեզ վրա, մինչդեռ կուզեի
Շատ բան իմանալ, հարցնել, մտածել.
Դու ինձ այնպիսի՜ սարսուռ ես ազդում:
 
ԷԴԻՊՈՒՍ
Ավա՜ղ, ավա՜ղ, վա՜յ թշվառիս,
Երկրի վրա ո՞ւր է քշվել տարաբախտս,
Եվ սրընթաց դեպի ո՞ւր է ձայնս թռչում,
Ո՜վ իմ չար բախտ, ո՞ւր ես հասել:
 
ՊԱՐԵՐԳԱԿՆԵՐ
Մի տեղ, որից զարհուրում են աչք ու ականջ:

Հին Հունարենից թարգմանեց Արամ Թոփչյանը


www.zangak.am

Տարածել