Ճամփորդական հաճելի անհանգստություններ. նախապես պատվիրե՞լ, թե՞ տեղում կողմնորոշվել
Իտալիա մեկնելուց առաջ, սովորության համաձայն, կարդացի՝ ինչ հնարավոր էր ու ժամանակն էր ներում, թանգարաններն անգիր արեցի՝ իրենց մուտքի ու ելքի ժամերով (հասնել Իտալիա ու չմտնել գոնե մի քանի թանգարան, մեղք է): Օրինակ՝ եթե բաց թողնեի Սիքստինյան կապելլան (Վատիկան) կամ Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» (Ֆլորենցիա, Ուֆիցի պատկերասրահ), կամ էլ Միքելանջելոյի «Դավիթը» (Ֆլորենցիա, Գեղարվեստի ակադեմիա), հաստատ չէի ների ինձ:
Նախնական ուսումնասիրություններս ցույց տվեցին, որ միջնորդ կայքերը տոմսերն առաջարկում են գրեթե կրկնակի գնով: Եթե ուզում եք նախապես ձեռք բերել տոմսն՝ օնլայն եղանակով, գտեք տվյալ թանգարանի կամ պատկերասրահի պաշտոնական կայքն ու այնտեղից գնումն արեք: Այդպես որոշ գումար կխնայեք:
Եթե ձեզ վախեցնում են հերթերով, թե զուր ժամանակի կորուստ է լինելու, մի ամբողջ օր կսպասեք ու այդպես էլ ձեր ուզածը չեք տեսնի, մի հավատացեք: Այո, հերթեր կան (ո՞վ չի ուզում տեսնել արվեստի ամենահայտնի գործերը), բայց դրանք կանոնավոր են ու շատ արագ են անցնում: Չեք էլ նկատի, թե ինչպես կհայտնվեք ձեր ուզած կտավի առաջ: Ի վերջո, գոյություն ունեն նաև «skip the line» («առանց հերթի») կոչված տոմսերը: Ամեն ինչ տեղում և առանց խուճապի:
Թանգարանների հետ կապված ևս մեկ կարևոր կետ, որին արժե հետևել: Նախապես կարդացեք, թե տվյալ թանգարանում ինչպիսի դրեսկոդ է ընդունված: Օրինակ՝ Վատիկանի թանգարաններ և Սիքստինյան կապելլա մուտք գործելու համար պետք է փակ հագուստով լինել: Ու սա ամենևին էլ կատակ չէ: Սիքստինյան կապելլա և Սուրբ Պետրոսի տաճար մուտք գործելուց առաջ ձեզ կմոտենան հսկիչներն ու կխնդրեն ծածկել ուսերն ու ծնկները, չէ՞ որ սուրբ վայր եք մուտք գործում: Ավելին, նրանք կհետևեն, որ ներսում էլ պահպանեք ընդունված դրեսկոդը:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան