Զոհրաբ Հարոյան. Ինչ անել, երբ կորցնում ես ուղեբեռդ օտար քաղաքում. ինձ օգնեց հայկական գենը
Պատկերացնում եք որքան ձանձրալի կլինեին ճամփորդությունները, եթե ամեն ինչ լիներ մեր պլանավորածով։ Մոտ քսան ժամ օդակայաններ ու ինքնաթիռներ փոխելուց հետո, հայտնվեցի Վաշինգթոնի Դալլաս օդակայանում։ Պտտվող շարժասանդուղքի մոտ Ֆրանկֆուրտի օդանավի ուղևորները մեկը մյուսի հետևից վերցնում են ծանր ճամպրուկներն ու դմփոցով մի կողմ դնում։ Այնքան, մինչև մնացի մենակ ես ու դատարկ պտտվող շարժասանդուղքը։ Ճիշտ է՝ ինձ հետ ինչ ասես կարող է լինել, բայց որ նույն օրը ինքնաթիռից ուշանամ, ուրիշ օդանավով, ուրիշ քաղաք գնամ ու միևնույն ժամանակ ուղեբեռս կորցնեմ, մի քիչ խելքին մոտ չէ։ Բայց ով էր ասել, որ ինձ հետ պետք է միայն խելքին մոտ բաներ կատարվեն՝ ընդհակառակը։
Հասկանալով, որ դատարկ պտտվող շարժասանդուղքը միևնույնն է միտք չունի ուղեբեռս բերել, մոտեցա ուղեբեռների հարցերով զբաղվող «ծյոծյային», որին ուղեկտրոններս նայելուց հետո միանգամից պարզ դարձավ, որ ուղեբեռս հաստատ կորած կլինի։ Հենց այդ պատճառով ինձ ուղղորդեց մի 7 գեյթ էն կողմում աշխատող մեկ ուրիշ «ծյոծյայի» մոտ, որտեղ երկար բարակ պատմեցի իմ ճամպրուկի գույնի, պարունակության, բնավորության, ներքին ապրումների մասին, հետո մի հայտարարություն ստորագրեցի, որ ճամպրուկս չկա։ Թողեցի նաև հյուրանոցիս հասցեն, որ գտնեն բերեն հյուրանոց։
Զոհրաբ Հարոյան. Ինչ անել, երբ ուշացել ես թռիչքից. ես ծխում եմ
Պատկերացրեք առավոտյան արթնանում եք օտար քաղաքում ու բացի Ձեր հագած հագուստից, ուրիշ ոչ մի բան չունեք, իսկ ճամպրուկից լուր չկա։ Զանգեցի հյուրանոցի ընդունարան, գուցե բերե՞լ են։
⁃ Հայ, մայ նեյմ իս...
⁃ Բարև ձեզ, Լիաննան ձեզ լսում է։
⁃ աաաա, հն՞:
Ու ինձ թվում է սխալ եմ զանգել, բայց մտածում եմ՝ էտ ինչքան սխալ պետք է զանգած լինեմ, որ Հայաստան ընկնեմ։ Իմ խառնաշփոթից Լիանան նույն բանն անգլերեն կրկնեց։
-Չէ, չէ, մի րոպե՝ Լիանա՞ն:
-Ահա, տեսա հայկական անուն ազգանուն էր, հայերեն պատասխանեցի։
Քիչ հետո Լիանան դարձավ իմ ճամփորդական դրամայի վկա և գործող անձ։ Պարզվեց ուղեբեռս դեռ չեն բերել, միասին զանգեցինք օդակայան, պարզվեց չեն գտել դեռ, բայց հորդորեցին սպասել, կամ հետևել էլեկտրոնային եղանակով։
5 խորհուրդ, որոնք օգտակար կլինեն ուղեբեռը կորցնելիս.
- Ձեռքի պայուսակի մեջ ունեցեք առաջին անհրաժեշտության իրեր, որպեսզի ուղեբեռը տեղ չհասնելու դեպքում խնդրի առաջ չկանգնեք։
- Ուղեբեռը կորելու դեպքում օդակայաններում կան պատասխանատուներ՝ պետք է մոտենալ և հայտարարություն գրել, հակառակ դեպքում ուղեբեռդ կգնա անվերադարձ։
- Ուղեբեռի պատասխանատուն ավիաընկերությունն է՝ եթե կորել է մեղավորը իրենք են ու գտնելուց հետո պարտավոր են անվճար տեղափոխեն ձեր նշած հասցե։
- Ավիաընկերությունները ունեն կորած ուղեբեռի վերաբերյալ ինֆորմացիա տրամադրող էլեկտրոնային ռեսուրս։ Այսինքն՝ քո գրած հայտարարության կոդով կարող ես մտնել ու տեսնել, արդեն գտել են, որտեղ է, երբ կհասնի։
- Եթե ուղեբեռը այդպես էլ չի հասնում տեղ, ապա ավիաընկերությունը պարտավոր է փոխհատուցել համապատասխան գումարով։
Իհարկե, մինչև կեսօր իմ ուղեբեռը չեկավ ու ստիպված գնումների գնացի։ Այդ հարցում ինձ օգնեց Լիանան, որը ոչ միայն ցույց տվեց գնումների համար ամենահարմար խանութները, այլև ինքն անձամբ ուղեկցեց։ Հետո միասին անցանք քաղաքի ամենասիրուն տեղերով ու ընթրեցինք։ Չնայած ուղեբեռս կորցրել էի, բայց արդյունքում ձեռք բերեցի լավ ընկեր։ Սովորաբար այդպես է, երբ հեռավոր ճանապարհներին անելանելի վիճակում ես հայտվում, օգնության է հասնում քո հայկական կոդը ու փրկված ես։ Ի դեպ՝ ուղեբեռս տեղ հասավ երեք օր անց՝ ամեն ինչ տեղում ու անվնաս։