[Արևելյան խոհանոց] Նոր սկանդալ է հասունանում Թուրքիայի և Իսրայելի միջև «Մավի-Մարմարա»-ի գործով
Թուրքիայում Մավի Մարմարայի միջադեպի շուրջ նոր սկանդալային իրավիճակ է: Այս անգամ ոչ թե Իսրայել-Թուրքիա, այլ ներթուրքական ձևաչափով: 9 զոհերի հարազատներն ու նրանց աջակիցները Թուրքիայի կառավարությանը մեղադրում են Իսրայելի վճարած 20 միլիոն դոլարը շորթելու մեջ: 2016-ի սեպտեմբերի 30-ին Իսրայելը Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվին «Մավի Մարմարա»-ի գործով որպես փոխհատուցում նստեցրել է 20 միլիոն դոլար: Սակայն զոհերի ընտանիքների համար նախատեսված այդ փոխհատուցումը զոհերի ընտանիքներից ոչ մեկը մինչև այսօր չի ստացել:
Ամեն ինչ սկսվել է 2010-ի մայիսի 31-ին. սա թուրք-իսրայելական հարաբերությունների փորձության օրն է: Այդ օրը «Ազատության տորմիղի» 6 նավերը հումանիտար օգնություն էին տանում Իսրայելի կողմից շրջափակված Գազայի հատված, երբ բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջին չենթարկվելուց հետո իսրայելցի հատուկջոկատայինները թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա գործողություն սկսեցին: 9 թուրք սպանվեց, ինչին հետևեց դիվանագիտական կոլապս: «Մավի Մարմարան» դարձավ Թուրքիային և Իսրայելին վերաբերող անդրադարձերի կարմիր գիծը:
[Արևելյան խոհանոց]
- Քրդերի անկախության առաջին քայլերը. դրոշ Քիրքուքում և հանրաքվեի որոշում
- Դեմոկրատիայի վերջին շանսը Թուրքիայի համար
- Ներկուսակցական աննախադեպ գզվռտոց Թուրքիայի գորշ գայլերի թիմում
Այս միջադեպից հետո տարիներ շարունակ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման ոչ մի հնարավորություն չկար: Թուրքիան Իսրայելին 3 նախապայման էր ներկայացրել` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ ընդգծելով, որ առանց այդ 3 կետերի իրագործման Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել: 3 տարի Թել Ավիվը հրաժարվում էր կատարել թուրքական նախապայմանները: Միայն 2013-ի մարտի 22-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարեց Էրդողանին և ներողություն խնդրեց: Նեթանյահուն իր որոշումը հիմնավորեց տարածաշրջանում և մասնավորապես Սիրիայում ստեղծված նոր իրավիճակով՝ կարևորելով Սիրիայի հարևաններ Իսրայելի և Թուրքիայի գործակցությունը: Սակայն նույնիսկ ներողությունից հետո հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց չեղավ:
Մեկ տարի անց՝ 2014-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Իսրայելը պատրաստ է կատարել նաև երկրորդ նախապայմանը՝ միջադեպի համար Թուրքիային առաջարկել է $20 մլն-ի փոխհատուցում: Ու գրեթե միաժամանակ պարզվեց, որ Թուրքիան համաձյան չէ՝ պահանջում է $30 մլն: Օրեր անց, այնուամենայնիվ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց՝ տևական բանակցություններից հետո կարողացել են պայմանավորվել փոխհատուցման չափի շուրջ:
Այժմ զոհերի ընտանիքներին վճարումներ չկատարելը թուրքական իշխանությունը բացատրում է նրանց ունեցած տարբեր պահանջներով: Ըստ թուրք չինովնկների, որոշ ընտանիքների հավակնությունները չափազանց մեծ են և պետք է համաձայնության հասնել, որպեսզի գումարն արդարացի բաժանվի: Հետագա ուշացումը սպառնում է Թուրքիայում նոր՝ անհավանական մեծ մասշտաբով հակակառավարական բողոքի ալիքի պատճառ դառնալ: