[Արևելյան խոհանոց] Նոր սկանդալ է հասունանում Թուրքիայի և Իսրայելի միջև «Մավի-Մարմարա»-ի գործով

[Արևելյան խոհանոց] Նոր սկանդալ է հասունանում Թուրքիայի և Իսրայելի միջև «Մավի-Մարմարա»-ի գործով

«Մավի Մարմարա»-ի գործով Իսրայելը փոխհատուցում է արել 20 միլիոն դոլար: Սակայն զոհերի ընտանիքների համար նախատեսված այդ գումարը տեղ չի հասել: Թուրքական կառավարությանը մեղարդում են այն շորթելու մեջ:

Թուրքիայում Մավի Մարմարայի միջադեպի շուրջ նոր սկանդալային իրավիճակ է: Այս անգամ ոչ թե ԻսրայելԹուրքիա, այլ ներթուրքական ձևաչափով: 9 զոհերի հարազատներն ու նրանց աջակիցները Թուրքիայի կառավարությանը մեղադրում են Իսրայելի վճարած 20 միլիոն դոլարը շորթելու մեջ: 2016-ի սեպտեմբերի 30-ին Իսրայելը Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվին «Մավի Մարմարա»-ի գործով որպես փոխհատուցում նստեցրել է 20 միլիոն դոլար: Սակայն զոհերի ընտանիքների համար նախատեսված այդ փոխհատուցումը զոհերի ընտանիքներից ոչ մեկը մինչև այսօր չի ստացել:

Ամեն ինչ սկսվել է 2010-ի մայիսի 31-ին. սա թուրքիսրայելական հարաբերությունների փորձության օրն է: Այդ օրը «Ազատության տորմիղի» 6  նավերը հումանիտար օգնություն էին տանում Իսրայելի կողմից շրջափակված Գազայի հատված, երբ բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջին չենթարկվելուց հետո իսրայելցի հատուկջոկատայինները թուրքական  «Մավի Մարմարա» նավի վրա գործողություն սկսեցին:  9 թուրք սպանվեց, ինչին հետևեց դիվանագիտական կոլապս: «Մավի Մարմարան» դարձավ Թուրքիային և Իսրայելին վերաբերող անդրադարձերի կարմիր գիծը:


[Արևելյան խոհանոց]


Այս միջադեպից հետո տարիներ շարունակ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման ոչ մի հնարավորություն չկար: Թուրքիան Իսրայելին 3 նախապայման էր ներկայացրել` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ ընդգծելով, որ առանց այդ 3 կետերի իրագործման Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել: 3 տարի Թել Ավիվը հրաժարվում էր կատարել թուրքական նախապայմանները: Միայն 2013-ի մարտի 22-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարեց Էրդողանին և ներողություն խնդրեց: Նեթանյահուն իր որոշումը հիմնավորեց տարածաշրջանում և մասնավորապես Սիրիայում ստեղծված նոր իրավիճակով՝ կարևորելով Սիրիայի հարևաններ Իսրայելի և Թուրքիայի գործակցությունը: Սակայն նույնիսկ ներողությունից հետո հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց չեղավ:  

Մեկ տարի անց՝ 2014-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Իսրայելը պատրաստ է կատարել նաև երկրորդ նախապայմանը՝  միջադեպի համար Թուրքիային առաջարկել է $20 մլն-ի փոխհատուցում: Ու գրեթե միաժամանակ պարզվեց, որ Թուրքիան համաձյան չէ՝ պահանջում է $30 մլն: Օրեր անց, այնուամենայնիվ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց՝ տևական բանակցություններից հետո կարողացել են պայմանավորվել փոխհատուցման չափի շուրջ:  

Այժմ զոհերի ընտանիքներին վճարումներ չկատարելը թուրքական իշխանությունը բացատրում է նրանց ունեցած տարբեր պահանջներով: Ըստ թուրք չինովնկների, որոշ ընտանիքների հավակնությունները չափազանց մեծ են և պետք է համաձայնության հասնել, որպեսզի գումարն արդարացի բաժանվի: Հետագա ուշացումը սպառնում է Թուրքիայում նոր՝ անհավանական մեծ մասշտաբով հակակառավարական բողոքի ալիքի պատճառ դառնալ:

Գրել կարծիք