Գլխավոր Հոդվածներ

[lose-lose] Եվրոապտակ ու լեհական վրեժ. Ի՞նչով էր վ

[lose-lose] Եվրոապտակ ու լեհական վրեժ. Ի՞նչով էր վտանգավոր Դոնալդ Տուսկի՝ ԵՄ Եվրախորհրդի ղեկավար վերընտրելը

Դժվար է հիշել, թե Եվրամիությունը վերջին անգամ երբ է այդչափ ցուցադրաբար ստորացրել ԵՄ անդամ որևէ պետության, որչափ Լեհաստանին: Գուցե միայն Ավստրիային, երբ 2000 թվականին այդ պետության գլուխն անցան ուլտրաաջակողմյան ուժերը: Բայց փաստ է, որ դրանից հետո ԵՄ-ն փորձում էր իր կազմում գտնվող պետություններից որևէ մեկին այլևս չստորացնել: Անգամ, երբ Չեխիան արգելափակեց Լիսաբոնյան համաձայնագրի վավերացումը, Բրյուսելը համբերատար բանակցեց չեխերի հետ, որոշ զիջումների գնաց:
Սակայն լեհերին ուղղված հարվածն անգութ էր, դաժան, չմտածեցին անգամ փոքր-ինչ մեղմացնել: Ընդհակառակը, արհամարհեցին լեհական առարկություններն ու գրեթե միաձայն՝ 27 կողմ, մեկ դեմ (դեմ ձայնը Լեհաստանինն էր), Եվրոխորհրդի նախագահ վերընտրեցին Դոնալդ Տուսկին: Սահմանադրական դատարանին վերաբերող բանավեճում պարտվելով Լեհաստանին՝ ԵՄ-ն հաղթական քայլը կատարեց Տուսկի ընտրությամբ:

Liberum veto


Եվրախորհուրդը Եվրամիության ամենակարևոր ինստիտուտն է, որը երկրների ղեկավարների ու նախարարների մենաշնորհն է: ԵՄ բոլոր կարևոր որոշումները ընդունվում են Եվրախորհրդում: Արևելյան Եվրոպային համոզելու համար, որ Եվրամիության լիիրավ մաս է կազմում, Բրյուսելը 2014-ին Եվրախորհրդի նախագահի պաշտոնին նշանակեց Լեհաստանի վարչապետ Տուսկին: Տուսկը հայտնի էր իր եվրոպամետ քաղաքականությամբ, նրան հաջողվել էր հարթել ոչ միայն Լեհաստանի, այլև Արևելյան Եվրոպայի մյուս երկրների ու ԵՄ-ի միջև հակասությունները: Ու այդ պաշտոնը պարգևատրություն էր Տուսկին՝ ներդրած ջանքերի համար:
Այս տարվա գարնանը Տուսկի պաշտոնավարման ժամկետը լրանում էր, ԵՄ-ն պետք է որոշեր Տուսկին վերընտրել, կա՛մ մեկ այլ թեկնածու առաջադրել: Երկու տարբերակն էլ կարող էր ընթանալ առանց ցնցումների, եթե 2015-ին Լեհաստանում կառավարության գլուխ չգային Տուսկի հակառակորդները՝ Յարոսլավ Կաչինսկին ու նրա «Օրենքի և արդարության» կուսակցությունը: Ուստի, և՛ Լեհաստանին, և՛ ԵՄ-ին Եվրախորհրդի նախագահի ընտրությունը գրեթե կանգնեց Polexit-ի վտանգի առաջ:
Տուսկին դեմ կանգնած լեհական կառավարությունը այս կոնֆլիկտում ապացուցեց, որ վերածվել է Կարաբաս-Բարաբասի տիկնիկային թատրոնի: Պարզվում է` Յարոսլավ Կաչինսկին, որը գործադիր իշխանությունում որևէ ազդեցիկ պաշտոն չի զբաղեցնում, հասարակ պատգամավոր է, կարող է ի կատար ածել իր յուրաքանչյուր որոշում, անգամ եթե դա հակասի պետության շահերին կամ վնասի երկրին: Ոչ ԱԳՆ-ում, ոչ կառավարությունում, ոչ նախագահականում, ոչ էլ կառավարող կուսակցությունում չի գտնվի որևէ մեկը, ով դեմ կկանգնի նրա ամենաանհեթեթ որոշումներին, կամ հակառակ կարծիք կհայտնի: Կառավարական մեքենայի ամբողջ ներուժն օգտագործվում է ` նրա յուրաքանչյուր քմահաճ ցանկությունը կատարելու:
2017 թվականի գարնանը քննարկվելու էր Տուսկի վերընտրման հարցը: Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը հստակ ֆիքսված է` 2,5 տարի: Լեհական կառավարությունն ամենևին էլ մտադիր չէր Տուսկի վերընտրվելու հարցը դաձնել կյանքի ու մահվան կռիվ: Բոլորը հստակ գիտակցում էին, որ Բրյուսելի հետ հակադրվելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Լեհերը որոշեցին իրավիճակից օգտվել ու ԵՄ-ի հետ ունեցած որոշ վիճելի հարցեր լուծել ի օգուտ Լեհաստանի: Իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ անգամ բացահայտ հայտարարեցին Տուսկին աջակցելու պատրաստակամության մասին:
Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ ընտրության նախօրեին Կաչինսկին որոշեց` Տուսկին աջակցել չի կարելի, անգամ եթե հարվածի տակ դրվի երկրի հեղինակությունը: Ըստ Կաչինսկու, Տուսկի մեղքերն այնքան շատ են` մաֆիոզական կապիտալիզմի ստեղծում, կոռուպցիա, Բրյուսելում հակալեհական քաղաքականության վարում, որ որևէ պատճառաբանություն չի կարող արդարացնել նրան: Կաչինսկին Լեհաստանի երբեմնի վարչապետ Դոնալդ Տուսկին նաև մեղադրում էր Պուտինի հետ հանցավոր համաձայնության գալու և Լեհաստանի նախագահ, Կաչինսկու երկվորյակ եղբայր Լեհ Կաչինսկու սպանությունը կազմակերպելու մեջ (2010 թվականին Սմոլենսի մոտ ավիավթարի էր ենթարկվել Տու 154 օդանավը, զոհվել էին բոլոր ուղևորները, այդ թվում՝ Լեհաստանի նախագահը):
Լահաստանը Բրյուսելից պահանջեց Եվրախորհրդի աթոռին նստեցնել մեկ այլ լեհի՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկուն: Տպավորությունն այնպիսին էր, որ 28 պետություններից կազմված Եվրամիությունը պարտավոր էր իր գլխավոր պաշտոններից մեկը տրամադրել լեհերին: Դժվար թե Կաչինսկին չհասկանար իր պահանջի անհեթեթությունը: Նա, հավանաբար, հույս ուներ Տուսկի շուրջ հակասություններ ստեղծելով՝ նվազեցնել վերընտրման հնարավորությունը: Կաչինսկին վստահ էր, որ Լեհաստանին կաջակցեն Բրյուսելի հետ կոնֆլիկտի ունեցող Մեծ Բրիտանիան, Հունգարիան:
Սակայն Կաչինսկու հույսերը չարդարացան: ԵՄ 28 պետություններից Տուսկին ձայն տվեցին 27-ը, դեմ էր միայն Լեհաստանը: Տուսկը վերընտրվեց: ԵՄ-ն անգամ հաշվի չառավ Լեհաստանի այն փաստարկը, որ Տուսկի ժամկետը լրանում է մայիսին:

Ինչ կորցրեց ու ինչ ստացավ Լեհաստանը


Միջազգային նվաստացում, ԵՄ մեկուսացում, Եվրախորհրդի նախագահի թշնամանք՝ ահա թե ինչ ստացավ Լեհաստանը: Բայց Բրյուսելն էլ, կարծես թե, Կանչինսկուն թույլ տվեց մանիպուլյացիայի ենթարկել իրեն:
Դեռևս 2016-ին ԵՄ-ն ակտիվ քննարկում էր Եվրախորհրդի նախագահի այլ թեկնածուների անուններ: Ասում էին՝ Տուսկն աջակենտրոն ուժի ներկայացուցիչ է, իսկ այդ ուժի դեմքեր Եվրամիությունն արդեն ունի. Յունկերը՝ Եվրոպական հանձնաժողովում, Տայանին՝ Եվրախորհրդարանում: Անհրաժեշտ է ձախակողմյան ուժ, ասենք, ինչպիսին էր Օլանդը, հատկապես, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդի պաշտոնավարման ժամկետը լրանում էր ամռանը: Եվ գուցե Օլանդին էլ բաժին հասներ Եվրախորհրդի նախագահի բաժինը, եթե Վարշավան վերջին պահին չխառներ խաղաքարտերը: Լեհաստանը Տուսկի դեմ արշավ սկսեց, ԵՄ-ն էլ Լեհաստանին պատժելու պահը չկորցրեց: Չէ՞ որ անհրաժեշտ էր Վարշավային ապտակ հասցնել՝ Բրյուսելի հետ չհամագործակցելու համար:
Իրականում, Տուսկին վերընտրելն իմաստ չուներ, քանի որ պաշտոնավարման 2.5 տարվա ընթացքում նա չէր կարողացել կատարել իր վրա դրված գլխավոր պարտականությունը՝ Արևելյան Եվրոպան դարձնել ԵՄ լիիրան անդամ: Ավելին, այդ պետությունները, հանուն միասնական Եվրոպայի, այդպես էլ չհրաժարվեցին ազգային մտածելակերպից. պատրաստ են իրենց կեղտոտ սպիտակեղենն ի ցույց դնել բոլորին, Բրյուսելն էլ ստիպված է նրանց խիստ պատժել:
Բրյուսելի որոշումը էմոցիոնալ էր, ճիշտ այնպիսին, ինչպիսին Կաչինսկու առարկությունները: Բրյուսելի կարևոր ուղերձը լեհերին այն էր, որ նրանք իրենց երկրում սխալ ընտրություն են կատարել: Ըստ էության, Եվրոպական քաղաքականության մեջ ձևավորվում է նոր կարգ. այն մարդիկ, ովքեր իրենց հայրենիքում տեղ չունեն, սակայն նրանց դիրքորոշումը դուր է գալիս Բրյուսելին, արժանանում են ԵՄ բարեհաճությանը:

Հիասթափվածների վրեժը


Յացեկ Սարիուշ-Վոլսկին իրականում Կաչինսկու մարիոնետը չէ: Նա Լեհաստանում հարգանք վայելող քաղաքական գործիչ է: 90-ականներին հենց նա էր բանակցել Բրյուսելի հետ՝ Լեհաստանը ԵՄ կազմում ընդգրկելու հարցով: Մտածել, թե Սարիուշ-Վոլսկին ակնկալում էր ստանալ Եվրախորհրդի նախագահի պաշտոնը՝ սխալ կլինի, ծիծաղելի է նաև այն կարծիքը, թե Սարիուշ-Վոլսկին մտադիր է դառնալ Լեհաստանի արգործնախարար: Ոչ: Պարզապես նա Եվրամիությունը փառաբանող, ապա նույն Եվրամիությունից հիասթափություն ապրած գործիչ է, ճիշտ այնպիսին, ինչպիսին Կաչինսկին ու Օրբանն են:
Իր հերթին, Կաչինսկին շատ համառ քաղաքական գործիչ է, և հույս ունենալ, որ նա կմոռանա Բրյուսելի ապտակը, անմտություն է: Նա դեռ վրեժխնդիր կլինի:
Կաչինսկին չի մոռանա այն ստորացումը, որը նրան մատուցեց Բրյուսելը՝ Տոսկին վերընտրելով: Նա չի դադարի պայքարը, ու նրա վրեժխնդրությունը ոչ միայն կվնասի Լեհաստանին, այլև լուրջ խնդիրներ կառաջացնի ԵՄ-ի համար: Արդյունքում, ավելի կխորանա Արևմտյան ու Արևելյան Եվրոպայի միջև ճեղքվածքը:

Սկզբնաղբյուր 

Տարածել