Վարդան Մինասյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն. Բացատրում ենք` ինչ լիազորություններ ունի և ինչով է զբաղվելու
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն։ Մինչև այս պահը տեխնիկական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը բելգիացի Մարկ Լելևրն էր:
- Վարդան Մինասյանն իր մարզչական կարիերան սկսել է Փյունիկում, որպես մարզչի օգնական։
- 2008 թվականին Վարդան Մինասյանը դարձավ Փյունիկի մարզիչ:
- 2009-ից 2013 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:
- 2014 թ-ից աշխատել է Ղազախական Տոպոլ Ֆուտբոլային Ակումբում, որպես գլխավոր մարզիչ։
- 2017 թվականի փետրվարի 28-ից Վարդան Մինասյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնում:
Ի՞նչ է նշանակում տեխնիկական տնօրեն
Վարդան Մինասյանն իրականացնելու է Հայաստանի մինչև14 տարեկանների և մինչև19 տարեկանների հավաքականների հետ կապված աշխատանքների համակարգումը: Նա համակարգելու է մարզչական կրթության B, A, Pro մակարդակներով մարզումները և վերահսկելու է տեխնիկական բովանդակության պատշաճ ապահովումը:
Ըստ էության, Վարդան Մինասյանը պատասխանատու է երիտասարդական հավաքականների համար: Նա կարող է նշանակել մարզիչներ, որոշել ուսումնական պլանը:Տեխնիկական տնօրենը, ՀՖՖ նախագահից հետո, երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան է ֆեդերացիայում:Այդ պատճառով հնարավոր է նաև պաշտոնի լիազորությունների ընդլայնում:
Նախատեսվում է, որ Վարդան Մինասյանը կզբաղվի նաև ֆուտբոլի ակադեմիայի համակարգմամբ: Պատահական չէ, որ հենց առաջին օրը Վարդան Մինասյանը արդեն կայացրել է կարևոր որոշումներ:
Որոշում 1.
Վարդան Մինասյանի որոշմամբ՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Առաքելյանը, որին կօգնի Տիգրան Պետրոսյանցը: Այս մարզիչները կշարունակեն աշխատել այս հավաքականի հետ նաև հաջորդ շրջափուլում, երբ թիմը կմասնակցի Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017-2018 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներին:
Որոշում 2
Էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճած Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը: Հայաստանի մինչև19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը կնշանակվի մոտ օրերս: