ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Սեղանի հակառակ կողմում] Ուիլյամ Ֆոլքներ. ավելի ան

[Սեղանի հակառակ կողմում] Ուիլյամ Ֆոլքներ. ավելի անտանելի են անգործ երեկոները, երբ րոպեները կարծես չեն պտտվում

Ուիլյամ Ֆոլքներ

Երբեմն թվում է, թե անտանելի են հարբած ամբոխների շրջապատում անցկացրած երեկոները, որոնք աստիճանաբար դառնում են խորը գիշեր, որն էլ իր հերթին վերածվում է ամպերի հետևից ծուլորեն բարձրացող լուսաբացի։ Հավատացե՛ք ինձ, ավելի անտանելի են անգործ երեկոները, երբ րոպեները կարծես չեն պտտվում։ Վայրկյանը մեկ նայել դռանը աննշան հույսով, որ ակնդետ հայացքի ներքո այն ի վերջո կբացվի ու ներս կթողնի այդքա՜ն ցանկալի հյուրերին։ Նույնիսկ շշերն են տխրում, որ կազմ ու պատրաստ կանգնել են՝ դիմավորելու ալկոհոլին ծարավ հաճախորդներին։
Նման օրերին ուզում ես երեկոն անցկացնել՝ մի բաժակ մի բան խմելով, բայց պետք է լինես սթափ, առույգ, պատրաստ` հյուրերին առաջարկելու լավագույն ժամանցը, երբ կամ եթե նրանք ի վերջո գան։ Գուցե մի «դանդաղ» խմիչք ընտրեմ, որ չի հարբեցնի, բայց կօգնի սպանել ժամանակը։

Կարելի է վստահաբար ասել, որ երբ Հեմինգուեյը որևէ մեկին անվանում է հարբեցող, գործերը, իրոք, շատ վատ են։ 1950-ականներին տված իր հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե նա գրելիս խմո՞ւմ է, մարտինիների և դայկիրիների մեծ սիրահարը չի զսպել փռթկոցն ու ասել է. «Եթե Դուք նկարագրում եք մի խելագարի, որը հարբեցողությամբ է զբաղվում աշխատելու ընթացքում, հաստատ նկատի ունեք Ֆոլքներին»։ Նույնիսկ հաշվի առնելով «Պապայի» (գրողն ինքն իրեն այսպես էր կոչել նույնիսկ նախքան 30 տարին բոլորելը) բուռն խառնըվածքը՝ դժվար է նրան մեղադրել չափազանցելու մեջ։

ԱՄՆ հարավից սերող Ֆոլքները գրեթե երբեք չէր բաժանվում իր սիրելի վիսկիի շշից։ Այնուամենայնիվ, ի տարբերություն իր կոլեգաների, դժվար էր Ֆոլքներին հարբեցող կոչել հենց նույն` հարավային նահանգներից ծագման շնորհիվ։ Իր մանկության և երիտասարդության տարիներին Միսիսիպիում բոլոր տղամարդիկ իրենց աշխատանքային առօրյան և ազատ ժամանակն անկացնում էին խմիչքի շուրջ։ Բուրբոնի շիշը դատարկելով էին նրանք դրոշմում իրենց եղբայրության կնիքն ու խմիչքի մեջ էին գտնում իրենց անդորրը։ Համատեղ գինարբուքների միջոցով նրանք կարողանում էին փախչել տան կանանց շաղակրատանքից ու պատասխանատվություններից և թեկուզ մի քանի ժամով մինչև տուն գնալը ներբողում էին իրենց անսանձ անկախությունը։

Քաղաքակրթությունը սկսվել է թորումից
Բուրբոնի շիշը Ֆոլքների գրասեղանի անբաժան մասնիկն էր անհամար թղթերի, տետրերի ու գրամեքենայի կողքին։ Ինչքան շատ էր նա խմում, այնքան շատ էր բացվում նրա միտքը՝ ծնելով հանճարեղ գաղափարներ, որոնք հեղինակը շտապում էր գրի առնել։ Ցավոք, ինչպես հաճախ պատահում էր, առավոտյան ոչ ոք, նույնիսկ ինքը՝ Ֆոլքները, ի վիճակի չէր վերծանել գիշերն իր գրած բառերը. բուրբոնի պատճառով այդքան աղավաղված էր նրա ձեռագիրը։
Ճակատագրի հեգնանքով Ֆոլքներն իր սերնդի «ամենաարագ հարբեցողն էր». չնայած տարիների փորձին ու ջանասիրությանը՝ մեկ-երկու բաժակը բավական էր, որ գրողը հասներ ստեղծագործելու համար անհրաժեշտ վիճակին։ Չնայած դրան՝ Ֆոլքները, լինելով նպատակասլաց հարբեցող, պարտաճանաչ պտտվում էր մի բարից մյուսը՝ կուլ տալով կոկորդն այրող բուրբոնն ու սպասելով, որ միտքը բացվի աննախադեպ սյուժեների համար։ Մուսայի հետևից վազքը նրան երբեմն ստիպում էր օրերով կորչել բոլորի տեսադաշտից, փակվել որևէ խղճուկ հյուրանոցի համարում և իր «Ջեք Դենիելսը» խմել՝ լոգասենյակի հախճասալիկին նստած, որն իր լավագույն տարիներին սպիտակ էր, իսկ այժմ ձեռք էր բերել շատ կասկածելի գույն։
Նման մի բան տեղի ունեցավ1937 թվականին, երբ Նյու Յորք եկած Ֆոլքներն արթնացավ «Algonquin» հյուրանոցում: Այնպես էր մոլորվել ժամանակի ու տարածության մեջ, որ սկզբում նույնիսկ չհասկացավ, որ հենված է ջեռուցիչին։ Իհարկե, նա այս դեպքն էլ մեկնաբանեց իրեն բնորոշ թեթևությամբ ու հումորով, սակայն երրորդ աստիճանի այրվածքների բուժումը տևեց երկար ամիսներ և պահանջեց բազմաթիվ վիրահատություններ։ Չնայած բոլոր ջանքերին՝ մաշկի փոխպատվաստման բոլոր փորձերը պսակվեցին անհաջողությամբ, և նրա մեջքին ընդմիշտ մնացին մինչև վերջ չլավացած վերքերի սպիները։
Երբեմն Ֆոլքները խմում էր շատ ավելի պրոզայիկ պատճառներով, օրինակ` փորձելով ուղեղից դուրս շպրտել Մեթային։ Մեթա Քարփենթերը ժամանակի հայտնի կինոռեժիսոր Հովարդ Հոուքսի քարտուղարուհին էր, որի հետ Բիլի Ֆոլքները 30-ականների կեսերին սեր էր խաղում։ Այդ տարիներին նա հաճախ գրում է Հոուքսի ֆիլմերի համար՝ փորձելով հոգալ իր՝ շվայտ կյանքով ապրող կնոջ՝ առևտրի հանդեպ անզուսպ սերը։ Այս կապը, սակայն, շատ տխուր ավարտվեց Ֆոլքների համար, երբ Մեթան օրերից մի օր նրան թողեց և անհոգ թիթեռի պես հավերժ սեր ու հավատարմություն խոստացավ մեկ ուրիշ տղամարդու։ Իհարկե, Մեթան միայն մեկն էր Ֆոլքների երեք արտաամուսնական սիրավեպերից, բայց նաև ամենացավոտն էր, հետևաբար շատ լավ առիթ` օրերով փակվելու, միայնակ խմելու ու հերթական հանճարեղ նովելի սյուժեն տասնյակ թերթիկների վրա գրանցելու համար։
Ուիլյամ Ֆոլքները 20 տարեկան էր, երբ ընդհանուր ընկերոջ միջոցով ծանոթացավ Ջեյմս Ջոյսի հետ։ Այս հանդիպումն անջնջելի տպավորություն թողեց ապագա հեղինակի վրա և հետագայում զգալիորեն նպաստեց նրա սեփական գրական ոճի զարգացմանը։ Այնուամենայնիվ, այս ոգեշընչող ծանոթությունից հետո ծնված պոեմներից և ոչ մեկն այդպես էլ չտպագրվեց։ Ֆոլքները համառորեն շարունակեց պոեմներ գրել մինչև 1925 թ., երբ առաջին անգամ փորձեց նովել գրել։ «Զինվորի պարգևի» և մյուս նովելների գործողությունները ծավալվում են հարավային նահանգներում ու զգալիորեն ազդված են տեղի բարքերով ու Բիլիի մանկության հիշողություններով։ Ֆոլքներների ընտանիքում հարբեցողությունը նույնքան սովորական էր, ինչպես կարմիր թանձրուկով միսն ու եգիպտացորենը՝ ընթրիքին։ Ֆոլքների նախապապի հարբեցողության մասին լեգենդներ էին պտտվում ամբողջ նահանգում։ Գրողի մայրը՝ Մոդը, նկարիչ էր ու բանաստեղծ: Նա որդուն սովորեցրել էր գործադրել երևակայությունը և մտածել վիզուալ պատկերներով, չորս որդիներին ստիպում էր ուսումնասիրել իրենց հարբած հոր պահվածքը։ Մոդը փորձում էր այդ կերպ նրանց ցույց տալ, թե ինչ չարիք է ալկոհոլը, և մեկընդմիշտ փրկել հարբեցողությունից։ Չնայած Մոդի վճռականությանը՝ նրա ծրագիրն ակնհայտորեն ձախողվեց։
 
Ուիլյամ Ֆոլքները գերադասում էր հնացված բուրբոն, բայց ժամանակ առ ժամանակ համաձայն էր խմել նույնիսկ տանը թորած էժան «եգիպտացորենի թուրմ»։ Բացի այդ՝ նա միշտ գիտեր, թե որտեղից կարելի է այն գտնել։ Երբ գրող Շելբի Ֆութը նրան հրավիրեց Շիլոյի ճակատամարտի 90-ամյակի հիշատակի երեկոյին, Ֆոլքները, բնականաբար, չէր կարող գնալ դատարկ ձեռքով։ Հանգստյան օրերին քաղաքում բուրբոն գտնելն այնքան էլ հեշտ չէր, սակայն Ֆոլքների աչքին ընկավ կոշիկները փայլեցնող մի տղամարդ, և նա արդարացիորեն ենթադրեց, որ կիրակի առավոտյան կոշիկները փայլեցնող մարդը, անշուշտ, կիմանա՝ որտեղից կարելի է խմիչք գտնել։ Այս պատմությունը, իհարկե, անիմաստ կլիներ, եթե չավարտվեր մի քանի շիշ լավ բուրբոնով։
Կարելի է կիրառել հոգեթերապիայի մեթոդն ու գտնել տասնյակ պատճառներ, թե ինչու էր Ուիլյամ Ֆոլքներն այդքան շատ խմում։ Իսկ գուցե պետք է ընդունել և համակերպվել այն փաստի հետ, որ Բիլին պարզապես հաճույք էր ստանում դրանից։ Նյու Յորքի դեպքերից հետո, երբ նրա գրական գործակալն ապշահար հարցրեց, թե ինչու է գրողն իրեն այդ վիճակին հասցնում երկար տարիների ընթացքում իր առաջին արձակուրդին, Ֆոլքներն անվրդով ժպիտով պատասխանեց. «Որովհետև սա իմ արձակուրդն է, և որովհետև ես կարող եմ»։
Իսկ իմ հույսերը թերևս ապարդյուն էին. ծլեցրած ածիկն ի վերջո արեց իր գործը, և այն պահին, երբ գոռգոռացող ամբոխը ներս մտավ, ես լիովին պատրաստ էի նրանց համար կազմակերպել խմիչքի տոն և ծանոթացնել թորման մշակույթի լավագույն նմուշներին։

Հեղինակ՝ Սոնա Գասպարյան:

Տարածել