[walking dead] Զիմբաբվեի 93-ամյա նախագահը նորից աշխարհի ուշադրության կենտրոնում. Նա կմասնակցի 2018-ի ընտրություններին
Ռոբերտ Մուգաբեն մտադիր է 8-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում: Այս մասին նա հայտարարել է իր 93-րդ տարեդարձի նախօրեին՝ պնդելով, թե նախագահում է Աստծո կամքով ու ցանկանում է երկիրը ղեկավարել մինչև լրանա իր 100-ամյակը: Մուգաբեն ընդգծել է, որ ժողովուրդը իրեն փոխարինող չի տեսնում, հետևաբար այլ ելք չկա:
Մուգաբեն Զիմբաբվեն փաստացի ղեկավարում է արդեն 36 տարի՝ սկսած այդ երկրի անկախության 1-ին օրից, չնայած նախագահ է միայն 29 տարի: Այդ ընթացքում երբեմնի բրիտանական գաղութը հասցրել է վերածվել աշխարհի ամենաաղքատ երկրի: 2009 թվականին ազգային արժույթն այնքան էր արժեզրկվել, որ հաց գնելու համար անհրաժեշտ թղթադրամները տեղափոխում էին բեռնատարով: 350 տրիլիոն զիմբաբվեական դոլարը 5 դրամ էր:
Բայց նախագահ Մուգաբեին դա երբեք չի մտահոգել: Նա զբաղված էր այլ հարցերով: Օրինակ, երբ ԱՄՆ-ում քննարկում էին միասեռականների ամուսնությունն օրինականացնելու հարցը, Մուգաբեն բանտարկեց մի քանի միասեռականի ու հայտարարեց, որ բոլորին ազատ կարձակի, եթե նրանցից մեկը հղիանա: Ավելին, Մուգաբեն, Օբամայի քաղաքականությունը դատապարելիս, նրան ամուսնության առաջարկ էր արել:
ՁԻԱՎ-ի դեմ պայքարող ամերիկյան Aids-Free World կազմակերպությունը Մուգաբեին մեղադրել է քաղաքական նկատառումներով 340 բռնաբարությունների համար: Բայց, Մուգաբեի արկածները սրանով չեն ավարտվում: Մի անգամ նա խլել է մարդատար օդանավ ինչ-որ տեղ մեկնելու համար: Թե ուր, ոչ ոք այդպես էլ չիմացավ: Զիմբաբվեից Մոզամբիկ մեկնող օդանավի ուղևորները ստիպված սպասել են նրա վերադարձին:
Զիմբաբվեի նախագահին արգելված է մուտքը ԱՄՆ և ԵՄ: Բացառություն են միայն ՄԱԿ-ի միջոցառումները: Օգտվելով դրանից՝ մի անգամ նրան հաջողվել է հայտնվել Հռոմում՝ ՄԱԿ-ի միջոցառմանը, որին, սակայն, նրան ոչ ոք չէր հրավիրել:
Զիմբաբվեի անփոխարինելի նախագահը լրատվամիջոցների հետ հանդիպմանը սատարել է Դոնալդ Թրամփին՝ ընդգծելով, որ կողմ է «Ամերիկան ամերիկացիներին» կարգախոսի հետ ու առաջարկել է իրենը՝ «Զիմբաբվեն զիմբաբվեցիներին»:
Մուգաբեն հավատում է, որ նախագահական պալատում իրեն հետապնդում են հոգիները: 93-ամյա ու խիստ անհավասարակշիռ հոգեվիճակով բռնապետն այժմ պատրաստվում է 2018-ի նախագահական քարոզարշավին:
Մուգաբեի ամենահավատարիմ աջակիցն իր կինն է: Նա հայտարարել է. «Երբ Աստծո կամքով Մուգաբեն մահանա, մենք կառաջադրենք նրա դին որպես նախագահի թեկնածու: Կտեսնեք, թե ինչպես են մարդիկ քվեարկում նրա դիակի օգտին: Ես սա ասում եմ շատ լուրջ, որպեսզի հասկանաք, թե մարդիկ որքան են սիրում իրենց նախագահին»: