Ադրբեջանական կողմի տեղաշարժն ավելի խոցելի է դարձրել Նախիջևանը

Ադրբեջանական կողմի տեղաշարժն ավելի խոցելի է դարձրել Նախիջևանը

Հայ դիրքապահները վերակառուցել են առաջնագիծն ու այժմ հետևում են ոչ միայն ադրբեջանական զինուժի, այլև բնակչության անցուդարձին, գյուղատնտեսությանը:

1450 մետր բարձրության վրա գտնվող դիրք հասնելու համար զինծառայողները հիմնական ճանապարհն անցնում են զինտեխնիկայով, մյուս և ամենաբարդ հատվածը` ոտքով, հաղթահարելով ուղղահայաց ժայռը: Մարտական հերթապահությունն իրականացնում են այստեղ` բլրի գագաթին` ուշադրության կենտրոնում պահելով պետական սահմանի միանգամից մի քանի կիլոմետրը:

Մարտական դիրքում պայմանագրայիններ են` շուրջօրյա հերթապահությամբ ու ձեռքի տակ ունեցած զինատեսակները պատրաստ պահելով, անհրաժեշտության դեպքում հեռվից էլ կարող են ճնշել հակառակորդին:

Ադրբեջանը վերջին օրերին տեսանյութ էր տարածել` նշելով, թե մեծ հաջողություններ ունեն նախիջևանյան հատվածում, կարողանում են դիտարկել հայկական Արենի գյուղն ու այգիների մի մասը: Նրանց համար, այս հատվածում, իսկապես, տեսանելի հատվածներ կան, մինչդեռ գյուղի կամ այգու ուղղությամբ կրակելու դեպքում, հայկական հենակետերը կարող են միանգամից մի քանի դիրքից ու զինատեսակներով ճնշել հակառակորդին: 

Ընդ որում, Ադրբեջանն այս ուղղությունից դժվար թե կարողանա դիվերսիոն ներթափանցման փորձեր ձեռնարկել, տեղանքն անբարենպաստ է: Եվս մեկ հանգամանք, Հայկական գյուղին և այգիներին այս հեռավորությունից հնարավոր չէ խոցել, վնասել փոքր տրամաչափի զինատեսակներից, խոշորները գուցե հասնեն նպատակակետին, սակայն սա արդեն կնշակակի այլ իրավիճակ, այլ գնահատական և այլ պատասխան:

Հակառակորդն իր տեսանյութում հայտարարել էր նաև, թե առաջ են եկել և գերակշռող դիրքերում են: Ադրբեջանը դիրքի տեղաշարժ կատարել է` չեզոք գոտու մի մասի հաշվին առաջ է եկել, թիկունքում թողնելով չօգտագործվող ու լեռնային տարածք, որի հետևանքով էլ անմիջապես հայտնվել ավելի խոցելի թիրախում:


Կարդացեք նաև.


Սա նախիջանյան հատվածի ընդամենը մեկ ուղղությունն էր, որի մասին հակառակորդը բոլոր հնարավոր խողովակներով գործի դրեց իր քարոզչամեքենան, շեշտելով, թե բարձրադիր հատվածում են, գերիշխող են, չխոսելով մեկ այլ ուղղության մասին, որտեղ ադրբեջանական գյուղն ու տարածքներն արդեն հայտնվել են հայ դիրքապահների ափի մեջ: Անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի նաև այստեղից պատասխանել ադրբեջանական արկածախնդրությանն ու ավելի մեծ վնաս հասցնել` հրադադարի խախտման կամ կանոնավոր կրակոցների դեպքում:

Հայկական և ադրբեջանական դիրքերը սահմանին չեն կարող հավասար դիրքերում լինել, առաջին հերթին աշխարհագրական ու լեռնային գործոնը հաշվի առնելով: Սա նշանակում է, որ հակառակորդը կարող է մի հատվածում ունենալ  հենակետեր, որոնք մի քանի մետր ավելի բարձրում են, սակայն ունի նաև հակառակ ու ավելի խոցելի տեղում գտնվող դիրքեր, որտեղ զինծառայողները սնվում, շարժվում ու հերթափոխ են իրականացնում հայ դիրքապահների հսկողությամբ ու նշանառության տակ: Ադրբեջանի դիրքային այս փոփոխությունները ալիևյան վարչակազմի համար ունեն նաև քաղաքական հետևանքներ: Նախիջևանի բնակիչներն այնքան էլ չեն կիսում պաշտոնական Բաքվի դիրքորոշումն ու գործելաոճը, որի հետևանքով նրանք ավելի  խոցելի են դարձել, հետևաբար Ալիևի նպատակն է այս քայլերով ազդել նաև այս հատվածում ապրողների վրա` փորձելով լարվածությունը մի կետից տեղափոխել մեկ այլ ուղղություն:

 


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք