Ինտրիգներ և սաբոտաժ. Ինչո՞ւ տապալվեց Պոլսո հայոց նոր պատրիարքի ընտրության գործընթացը

Ինտրիգներ և սաբոտաժ. Ինչո՞ւ տապալվեց Պոլսո հայոց նոր պատրիարքի ընտրության գործընթացը

Պոլսո Հայոց պատրիարքի արդեն նախկին տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը բացահայտում է, թե վերջին մեկ տարում ինչ է կատարվել Թուրքիայի հայ համայնքում և ինչու Թուրքիայի իշխանությունը կարողացավ տապալել Պոլսո հայոց նոր պատրիարքի ընտրության գործընթացը:

«Թուրքիա գալուս պատճառը 9 տարի շարունակվող անցումային շրջանին վերջ տալն էր: Կարծում էի` այս հարցում բավական կլիներ շարժվել հավատով և խղճով, որ մեր եկեղեցին ու ժողովուրդը պատրիարքի ընտրության գործում հաջողության հասներ: Միայն հիմա եմ հասկանում, թե որքան եմ սխալվել». սա հատված էր արքեպիսկոպոս Բեքչյանի նամակից, որը նա հրապարակել է Թուրքայից հեռանալուց առաջ: Սրբազանը հեռացել է, քանի որ հայոց պատրիարքարանի ներքին գործերին միջամտեց և որոշում կայացրեց Թուրքիայի ներքին գործերի նախարարը:

Սոյլուն հայ համայնքի 20 հոգանոց պատվիրակությանը հրավիրել էր Ստամբուլի նահանգապետարան և ուղիղ տեքստով ասել` Թուրքիան թույլ չի տա նոր պատրիարք ընտրել, քանի չի մահացել պատրիարք Մութաֆյանը, որն իրականում արդեն 9 տարի ծանր հիվանդ է և հանգստի է կոչվել:

Թուրքիան պաշտոնապես ընդունեց միայն պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Աթեշյանին, որը վայելում է նախագահ Էրդողանի մտերմությունը և որի դեմ հայ համայնքում սկանդալային դիմադրություն էր սկսվել:


Կարդացեք նաև.


Նոր պատրիարքի ընտրությունը կազմակերպելու միակ առաքելությամբ տեղապահ Բեքչյանը հրաժեշտի նամակում նշել է` պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից ապշեցնող իրականության է առերեսվել: Սրբազանի ձևակերպմամբ, գործի են դրվել ցավալի ինտրիգներ:

«Վերջին իրադարձությունները մեկ օրվա հետևանք չեն: Սա երկարատև և ծրագրված արշավի արդյունք էր: Այս գործընթացը, որի թիրախում հայտնվել էի ես, նպատակ ուներ սաբոտաժի ենթարկել 85-րդ պատրիարքի ընտրությունը: Մութ ինտրիգները տգեղ չափերի հասան: Վախենում եմ, որ այս ամենն ավելի կմասնատի հայ համայնքը», – գրել է սրբազանը:

Հեռացող տեղապահը նշել է, որ համայնքում զգալի նվազել է այն հոգևորականների ու աշխարհիկ անձանց թիվը, որոնք գործելու կամք ունեն, գիտեն պատմություն և համայնքի արժեքները: Սրբազանը հույս է հայտնել, որ կատարվածը դաս կլինի համայնքի համար:

Գրել կարծիք