[Bloomberg] Հոռետեսության գիդը․ Իրականացա՞ն 2017-ի կանխատեսումները
Bloomberg-ի կանխատեսումները հաճախ են իրականանում. օրինակ, 2015-ի վերջին արված կանխատեսմամբ` 2016-ին պետք էր զգուշանալ Դոնալդ Թրամփի ընտրվելուց և ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց (թեև սոց. հետազոտությունները հակառակն էին պնդում):
Ի՞նչն է իրականացել 2016-ին
ԲՐԵՔԶԻԹ. 2015-ի ավարտին Bloomberg-ը տարվա գլխավոր սպառնալիք անվանեց Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից: Փորձագետները պնդում էին, որ հանրաքվեից հետո կառավարությունը կղեկավարի Բորիս Ջոնսոնը. կանխատեսումը չի իրականացել միայն այդ մասով: Մնացածը իրականություն դարձավ բառ առ բառ` և Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալը, և բրիտանական շուկաների ու ֆունտի փլուզումը:
ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՈՒՄ. Կլիմայի փարիզյան գագաթնաժողովը չկարողացավ այնպիսի որոշում կայացնել, որը հնարավորություն կտար կանխել գլոբալ տաքացումը: 2016-ն անվանում են ամենատաքը: Այդ մասով Bloomberg-ի կանխատեսման հետևանքներն ավելի դրամատիկ էին. խոսվում էր Կալիֆորնիայում արտակարգ իրավիճակի մասին: Ընդհանուր առմամբ կանխատեսումն իրականացավ:
Դոնալդ Թրամփն` ԱՄՆ նախագահ. Էքսցենտրիկ միլիարդատերը ոչ միայն հաղթեց ընտրություններում, այլև դարձավ տարվա մարդ: Բլումբերգը Թրամփին անվանել էր «Ամերիկայի բաժանված նահանգների» նախագահ:
Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՆԽԱՏԵՍՎԵԼ 2017-Ի ՀԱՄԱՐ
Ընտրություններ Եվրոպայում.
Կանխատեսվում էր, որ Բրեքզիթից հետո պոպուլիստները եվրոպական երկրների ընտրութուններում (Հունաստանում, Լեհաստանում, Գերմանիայում և Ֆրանսիայում) հաղթելու մեծ շանս կունենան: Չէին բացառվում արտահերթ ընտրությունները Մեծ Բրիտանիայում: Եվրոպայում հնարավոր քաղաքական վերադասավորումները Bloomberg-ը համարում էր համաշխարհային կայունության գլխավոր սպառնալիքը 2017-ին:
Բողոքի ալիք ԱՄՆ-ում.
Կանխատեսվում էր, որ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ակցիաներ կլինեն նրա վարած քաղաքականության դեմ: Երկիրը կկիսվի երկու ճամբարի, ընդդիմության կենտրոնն էլ կլինի Կալիֆորնիայում: Դրա լիդերներից մեկը կլինի ձեռնարկատեր Իլոն Մասկը:
Աշխարհն առանց ԱՄՆ օգնության.
Թրամփի դիվանագիտական փորձի պակասը կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել աշխարհում: Նրա ղեկավարությամբ, ԱՄՆ-ն կարող է դադարել լուրջ զսպող ուժ լինել և կկորցնի «համաշխարհային ժանդարմի» դերը` ճանապարհ բացելով Ռուսաստանի ու Չինաստանի համար: Այդ պայմաններում դիրքերը կամրապնդի ԻՊ-ը, Ճապոնիան ու Սաուդյան Արաբիան կզբաղվեն միջուկային ծրագրերով, իսկ Հյուսիսային Կորեան կապացուցի, որ միջուկային ռումբ ունի, որն ունակ է խոցել ԱՄՆ տարածքը:
Կիբերպատերազմներ.
ԱՄՆ-ում հաքերային հարձակումների մի ամբողջ շարք կլինի` առանցքային օբյեկտների, ենթակառույցների վրա: Հաքերների թիրախում կլինեն համակարգիչներին միացված բուժսարքավորումները և ինքնակառավարվող ավտոմեքենաները: Հարձակումների հետևում խոշոր պետությունները կլինեն` ՌԴ-ն և ՉԺՀ-ն:
Կարդացեք նաև․
- 18 տարի՝ 4 նախագահ. ԱՄՆ փոխվող նախագահներն ու չփոխվող արտաքին քաղաքականությունը
- Քրդական երազանքի ամենամեծ բեկորը. ինչպե՞ս Քրդստանը կորցրեց Քիրքուքը
- Ավստրիական վունդեռ-կանցլերը. Եվրոպան իր ձեռքն է վերցնում երիտասարդությունը
- [Bloomberg] Հոռետեսության գիդը․ Ինչի՞ց պետք է վախենալ առաջիկա 10 տարում
Կարիբյան ճգնաժամ 2.
Նախագահի պաշտոնում Թրամփը կփոխի Օբամայի կուրսը` Կուբայի հետ մերձեցման հարցում: Սոցիալիստական պետությունը կվերականգնի սերտ կապերը Պեկինի ու Մոսկվայի հետ և Մոսկվային թույլ կտա հետախուզական բազա բացել Հավանայում: Դրա պատճառով ՌԴ-ԱՄՆ հարաբերություններն այն աստիճան կվատանան, որ կհիշեցնեն 1962-ի Կարիբյան ճգնաժամը:
Մեքսիկայի անկումը.
Թրամփը կկատարի խոստումը և կխզի հարաբերությւոնները Մեքսիկայի հետ ու կսկսի արտաքսել անօրինական միգրանտներին: Մեքսիկայի տնտեսությունը կփլուզվի, իշխանությունը կզավթեն ԱՄՆ դեմ տրամադրված պոպուլիստները, երկրում կծաղկի նարկոբիզնեսը:
Իրանի և Սաուդյան Արաբիայի պատերազմ.
Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու`Սաուդյան Արաբիայի փորձը ոչնչի չի հանգեցնի, թագավորությունում պալատական հեղաշրջում կլինի: Մերձավոր Արևելքում ուժերի բալանսը կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի վաղեմի թշնամի Իրանի կողմը: Առանց ԱՄՆ զսպող ուժի պատերազմ կսկսվի Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև: Խոշորագույն նավթարտադրողների բախումը կհանգեցնի նավթային շուկայի ճգնաժամի:
ՌԴ
ՌԴ համար կանխատեսվել էր վերելք` 2017-ին: Միջազգային ասպարեզում Ռուսաստանի վարկանիշը կվերականգնվի, ռուբլին կարժեվորվի, Պուտինն իր առաքելությունը կհամարի կատարված և կսկսի մտորել հանգստի մասին: