Ոտքի՛, ԱԺ Քննիչն է գալիս. ինչի՞ համար է խորհրդարանական վերահսկումը

Ոտքի՛, ԱԺ Քննիչն է գալիս. ինչի՞ համար է խորհրդարանական վերահսկումը

Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում առաջին անգամ ստեղծվեց Քննիչ հանձնաժողով:

Ստորագրահավաքը նախաձեռնել էին ՀՀԿ պատգամավորները, որոնք պահանջում էին քննության առարկա դարձնել արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, արդար դատաքննության իրավունքը և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերը: Արտահերթ նիստում հաստատվեց հանձնաժողովի կազմը. Դրանում ներգրավված կլինեն բոլոր խորհրդարանական ուժերը:

Հանրապետականների նախաձեռնությունը քննադատեցին հիմնականում ԵԼՔ-ի պատգամավորները` պնդելով, որ  հարուցված է երկու քրեական գործ (ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակելուց հետո), և օրենքը թույլ չի տալիս այդ դեպքում ստեղծել Քննիչ հանձնաժողով: ՀՀԿ-ն փոխեց հանձնաժողովի անունը, որպեսզի նախաձեռնությունը չդիտարկվի օրենքի խախտում:


ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորություն տրվում է նոր Կանոնակարգ օրենքով: Այն ընդունվել է 2016-ի դեկտեմբերին և ուժի մեջ է մտել 2017-ի ընտրություններից հետո: Քննիչ հանձնաժողովում կարող է ուսումնասիրվել ու քննարկման առարկա դառնալ հանրությանը մտահոգող ցանկացած հարց: Ընդ որում, սահմանվում է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտներում Քննիչ հանձնաժողովի լիազորություն կարող է իրականացնել միայն ԱԺ մշտական հանձնաժողովը, եթե կա պատգամավորների առնվազն մեկ երրորդի պահանջը:

Քննիչ հանձնաժողովը ձևավորվում է իրավունքի ուժով` պատգամավորների ընդհանուր թվի 1/4-ի պահանջով: Այսինքն, 105 հոգանոց խորհրդարանում 27 պատգամավորի ստորագրություն բավարար է, որպեսզի քննիչ հանձնաժողով ստեղծվի առանց քվեարկության: Այդպիսի հանձնաժողովների ինստիտուտը պառլամենտական վերահսկողության լրացուցիչ գործիք է:

Քննիչ հանձնաժողովը կարող է գրավոր դիմել պաշտոնյաներին` պահանջելով նրա իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:  Կարող է պատվիրել փորձաքննություններ, հրավիրել տեղեկություններ տրամադրած պաշտոնյաների, որոնք պարտավոր են ներկայանալ և բացատրություններ տալ հանձնաժողովի նիստում, պատասխանել հարցերին:

Կա սահմանափակում. քննիչ հանձնաժողովը չի կարող քննել հարցեր, որոնք նախաքննության կամ դատավարության փուլում են: Քննության առարկա չեն կարող դառնալ նաև դատական ակտով հերքված գործերը:  

Վերջում քննիչ հանձնաժողովը ԱԺ նախագահին ներկայացնում է զեկույց` եզրահանգմամբ,  պարզված փաստերով ու այն մասին, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել: Զեկույցը պետք է քննարկվի ԱԺ հերթական նիստում` մեկ ամսվա ընթացքում:

Եթե կլինեն հարցեր, որոնք կպարունակեն հանցակազմ, ապա հանձնաժողովի անդամներն ազատ են իրենց գործողություններում և կարող են հարցն ուղարկել իրավապահներին:  


Կարդացեք նաև.


Մինչև Կանոնակարգ օրենքի այս փոփոխությունը խորհրդարանում ստեղծվում էին ժամանակավոր հանձնաժողովներ

  • 2004-ին ուսումնասիրվել է, թե որքան արդյունավետ են օգտագործվել այլ երկրներից ու միջազգային կառույցներից ստացված վարկերը, դրամաշնորհները, մարդասիրական օգնությունները:
  • 2005-ին ստեղծվել էր Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի հանձնաժողով:
  • Ժամանակավոր մեկ այլ հանձնաժողով ուսումնասիրել է  Հայխնայբանկի ավանդները վերականգնելու, փոխհատուցելու հնարավորությունը: 
  • 2014-ին գործել է, այսպես կոչված` “Գազի հանձնաժողովը”, որն ուսումնասիրում էր վիճահարույց բոլոր հարցերը. 2011-13-ին գազի պարտքի ձևավորման օրինականությունը, Հայռուսգազարդի կանոնադրական կապիտալում Հայաստանի բաժնեմասի գնահատումը, նաև այն, թե որքանով են պաշտպանված սպառողների շահերը (հաշվիչներ, գազի կորուստներ, ներտնային սպասարկում), գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունը, սակագնի հաշվարկումը:
  • 2008-ին ստեղծվեց մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով:

Քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ 2015-ին ի՞նչ էր պնդում էդմոն Մարուքյանը

  • ԱԺ քննիչ հանձնաժողովները պետք է օժտված լինեն իրական լծակներով, որպեսզի կարողանան լուծել իրենց առջև դրված խնդիրները:
  • ՀՀ նախագահի կարգադրությամբ 2008-ի մարտին ստեղծված փաստահավաք խումբն ունեցել է այնպիսի լիազորություն, ինչպիսին պետք է ունենա կառավարման խորհրդարանական մոդելի երկրի խորհրդարանի Քննիչ հանձնաժողովը: Եթե Հայաստանն իրապես խորհրդարանական պետություն դարձնելուցանկություն և քաղաքական կամք կա, առաջարկում եմ Սահմանադրության նախագծի 108-րդ հոդվածի («Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները») 3-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ Քննիչ հանձնաժողովի կանչով ներկայանալ Ազգային ժողով»:

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում


 

Գրել կարծիք