[Իրականում՝ ոչ] Արդյո՞ք ավագանու ընտրությունը կենաց ու մահու պայքար է

[Իրականում՝ ոչ] Արդյո՞ք ավագանու ընտրությունը կենաց ու մահու պայքար է

Սա յուրահատուկ ընտրություն է` առաջինը գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, որը յուրօրինակ սոցիոլոգիական հարցում է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:

Հենց այս ընտրություններն են, որ քաղաքական դաշտը վերադասավորելու են եւ պատրաստեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հենց այդ պատճառով` սա իր նշանակությամբ այս փուլում ավելի կարեւոր են, քան արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Նիկոլ Փաշինյանի թիմի համար սա չափազանց կարեւոր ընտրություն է: Եթե Երեւանի ավագանու ընտրություններում պարտվի, ապա դրանով սկիզբ կդրվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանձնելու գործընթացին: Երեւանը երկրի ուղիղ կեսն է բնակչությամբ և հիմնական քաղաքական թրենդը թելադրողը: Այստեղ պարտվելուց հետո իշխող ուժն այլեւս ոտքի չի կարող կանգնել: Հավանաբար, հենց սա հաշվի առնելով է, որ վարչապետն անձամբ է մասնակցում քարոզարշավին:

ԲՀԿ-ի համար այս ընտրությունները նույնպես կենաց ու մահու պայքար են: Եթե այս ընտրություններում կարողանա հաղթել «Իմ քայլը» դաշինքին, ապա ազգային ժողովն իրենն է: Այսինքն` սա ԲՀԿ-ի համար հնարավորություն է, իշխանությունը վերցնելու: Հենց դա է պատճառը, որ նախընտրական հարթակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ոչ մեկին թույլ չի տա ժողովրդի հաղթանակը խլեն: Մյուս կողմից` ԲՀԿ-ն էլ սպառնում է առաջիկայում գործող իշխանությանը չի աջակցելու խորհրդարանում:

Սա կենաց ու մահու պայքար է նաեւ «Լույս» դաշինքի համար, որովհետեւ եթե այս ընտրություններում հաջողության չհասնեն, ապա դուրս կմնան քաղաքական գործընթացներից: Քանի որ գարնանը տեղի ունեցած զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի թիմը նրանց այդպես էլ չընդունեց, ապա պարտության դեպքում, այլեւս չի ընդունի:


Կարդացեք նաև.

  • Որքանո՞վ է կարևոր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության բովանդակությունը

  • Գնաճը սարսափելի՞ է

  • Տարազով կովը վիրավորո՞ւմ է հայ կնոջ ինքնասիրությունը


Բայց` արդյո՞ք ավագանու ընտրությունը կենաց ու մահու պայքար է: Իրականում` ոչ

Իրականում ոչ մի ընտրություն կենաց ու մահու պայքար չէ: Անկախ նրանից, որ քաղաքական իրադարձությունները զարգանում են այս փուլում սրընթաց, երբեմն էմոցիոնալ դրսեւորումներով, միեւնույնն է`ընտրությունը կենաց ու մահու պայքար չէ: Եթե որեւէ քաղաքական ուժ այս ընտրություններում չհաջողի, ապա դրանից հետո կյանքը չի ավարտվում:

Սա կենաց ու մահու պայքար չէ, որովհետեւ գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո ամիսներ շարունակ Երեւանի ավագանին ու քաղաքապետը ՀՀԿ-ից էին եւ քաղաքն ապրում էր իր կյանքով: Այդ ընթացքում ակնհայտ բախումներ տեղի չունեցան կառավարության ու քաղաքային իշխանության միջեւ: Կենաց ու մահու պայքար չէ, որովհետեւ ոչ մի ողբերգություն չկա այն բանում, որ քաղաքային իշխանությունն ու կառավարությունը տարբեր ուժեր լինեն:

Սա կենաց ու մահու պայքար չէ, որովհետեւ ընտրությունների արդյունքները չեն, որ որոշում են քաղաքական ուժերի գոյությունը:  Քաղաքական ուժի համար ընտրությունը ընդամենը կարգավիճակի ճշտում է` լինել ընդդիմությունը, թե իշխանություն:

Հիմա` արդյո՞ք ավագանու ընտրությունը կենաց ու մահու պայքար է:

Իրականում` այս ընտրությունը բացառիկ է, որովհետեւ այս անգամ ընդդիմություն չկա և միակ քաղաքական թիրախը նախկին իշխանությունն է: Այդ քաղաքական ուժը ինքնակամ չի մասնակցել այս ընտրություններին, հետեւաբար ընդդիմության ամբիոնը դատարկ է: Այսօր պարտված քաղաքական ուժը պատրաստվելու եւ լավ աշխատելու դեպքում կարող է պատրաստվել հաջորդ ընտրություններին: Հետեւաբար` քաղաքականությունը երբեք չի եղել եւ չի կարող լինել կենաց ու մահու պայքար:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում


 

Գրել կարծիք