BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը՝ գրքում] Ֆլյոր Եգգի․ Ես XX-ի եղբ

[Շարունակությունը՝ գրքում] Ֆլյոր Եգգի․ Ես XX-ի եղբայրն եմ

ԱԴԵԼԱԻԴԵ


Ադելաիդեն նստած է խոհանոցում։ Մի գավաթ գարեջրի ու կեղտոտ ափսեի առաջ։ Լույսը չի վա­ռել. գրեթե մութ է, ծորակը կաթկթում է։ «Հերիք եղավ»։ Կաթկթոցը դադարում է մի պահ։ Տարօրի­նակ է, մտածում է Ադելաիդեն, ինչպես են երբեմն իրերը ստիպում ուշադրություն դարձնել իրենց։ Փչում է ուժեղ քամի, շերտավարագույրներն իրար են խփվում, ու նա էլի ասում է՝ հերի՛ք եղավ: Ու դա­դարում է։ Խոհանոցում իսկական իրարանցում էր։ Ձայներ, այո՛, ձայներ, որոնք նա հիանալի էր ճա­նաչում՝ իրենն էին։ Բայց դուրս չէին գալիս իրե­նից։ Մտածում էր իր զավակի մասին։ Օրորոցում։ Օրորոցի համար արդեն չափազանց մեծ էր, բայց երբ ճաղերով անկողին էին դնում, ձայնը գլուխն էր գցում։ Օրորոցում խաչում էր ոտքերը, որոնք ասես առաձգական լինեին, միացնում թաթիկները, ասես աղոթում։ Աղոթո՞ւմ էր։ Այդ մասին հարցրել էր քա­հանային։ Որը հրաժարվել էր կնքել մանկանը։ Ին­չո՞ւ հրաժարվեցիք կնքել իմ որդուն։ Ես, ասում էր քահանան զգուշավոր մի ատելությամբ, փոքրիկին կնքելուց չեմ հրաժարվում, որդուն կնքելու մոր ցան­կությունն եմ մերժում։ Մայրը մի գավաթ գարեջուր էլ դատարկեց։ Վերհիշում էր ծնողներին, վերջերս մահացած քրոջը, նրա ճիչերը, դուրսը գտնվող քա­հանային, որը սենյակ էր սողոսկել հրաժեշտի ծեսն իրականացնելու համար։ Իրենց ընտանիքում միշտ էլ կապ է եղել քահանաների հետ։ Այս կամ այն կերպ։ Նրանք՝ քահանաները, նախորդում են մահ­վանը։ Ասես դարան մտած լինեն։ Այդքան էլ հեշտ չէ խաղաղությամբ հեռանալ։ Չհետապնդվել։ Բայց հիմա լավ է հիշում, ինչպես էր սքեմավորն ասել՝ ո՛չ։ Ո՛չ, չե՛մ կարող կնքել քո որդուն։ Դե գնա էդ զզվելի մատներդ սուրբ ջո՛ւրը մտցրու, մտածում էր մայրը: Ու ծունկի՛ արի իմ առաջ, որ մի լավ մտրակեմ քեզ։ Գիշեր–ցերեկ այդ մասին էր խորհում։ Պատժել։ Տարբեր պատիժներ էր հորինում։ Թո՛ւյն։ Ավտո­վթա՛ր։ Կրա՛կ: Ցավերի մեջ տապակող հրդեհ։ Կամ էլ ատրճանակի մի պարզ ու սովորական կրակոց։ Թեև հետո, մի օր, գուցե դատապարտեն իրեն։ Եվ իրեն արդեն տեսնում էր բանտում, խցի անկյունում՝ թոկով շան նման կապված, պարանը վզին։ Ջուր էր աղերսում։ Սոսկալի ծարավ էր զգում։ Պնակի կերակրից սիրտը խառնում էր։ Ճաղերից ներս ըն­կած թույլ լույս։ Ոչ մի դիտարժան բան։ Նույնիսկ երկինքն էր մթնած թվում։ Եվ հետո մեզ ավելի ու ավելի վատ էր տեսնում։ Ասել էր, թե տեսողական խնդիրներ ունի։ Իսկ նրանք՝ բանտապահ, բժիշկ ու քահանա, ծիծաղել էին։ Նրանց ծիծաղի ձայնը լսվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ լուրջ էին։ Նրա կուրծքը ձգվել էր, ու այլևս ոչինչ չէր հասկա­նում սեփական մարմնից։ Որ դուր էր գալիս, որ դուր էր եկել Հերբերթին։ Ժանիսին և մնացած քչե­րին, որովհետև մաքուր ու տաքարյուն կին էր։ Հիմա ճչում է։ Եվ կուզեր, որ ճիչն այդ ելներ երկինք։


Կարդացեք նաև․



Բոլորից շատ ինքն էր, որ դեռ մանկուց մեծ հե­տաքրքրություն ուներ երկնքի հանդեպ։ Երկինք համբառնալու հանդեպ։ Երբ երեխա էր մահանում, իսկ գյուղում բոլոր թաղումներին գնալն ընդունված կարգ էր, ինքն իր մահվանն էր սպասում։ Որ փայ­տե նեղ արկղի մեջ մտնի։ Ու փորձեր էր անում։ Ի՞նչ ես անում, հարցնում էին տանը։ Ասում էր՝ փորձ։ Մի անգամ ցելոֆանե տոպրակ էր գլուխն անցկացրել ու պարանով փաթաթել վզին։ Կարմրել էր, սիրտը սկսել էր արագ–արագ տրոփել, ու խուճապից հա­նել էր տոպրակը։ Չէ՛, այսպես լավ չէ, որոշել էր։ Բայց գոնե փորձել էր։ Ու հիմա գիտակցում էր, որ իր ուզածն ամենևին էլ վերջը չէր։ Եվ հետո իսկա­պես այդ վերջը չէր էլ ցանկանում։ Ուզում էր, որ այդ վերջը քահանայի համար գա։ Այնքան էր խորացել, որ իր վերջը քահանայի վերջի հետ էր շփոթում։ Հիմա պիտի մտածեր, թե ինչպես այդ քահանայի վերջը տա։ Որ համարձակվել էր որդու կնունքը մեր­ժել։ Գյուղում բոլորին ասել էր, թե նա հավիտենա­կան անեծքի պիտի մատնվի։ Ու բոլորը սկսել էին վախենալ իրենից։ Այդ իսկ պատճառով իր հանդեպ սիրալիր էին։ Իսկ երբ քահանային էին տեսնում, նույնիսկ բարև չէին տալիս։ Երեխայի մորից վա­խենում էին։ Ավելի ուշ փոքրիկից էլ էին վախենում։ Որ արագ մեծանում էր։ Բժիշկը զարմացած էր։ Կնքված չէ, ասում էր մայրը։ Ու այդ պատճառով է այսպես արագ աճում։ Կնունքը դանդաղեցնում է ընթացքը, մաքրությունը, որ խոստանում է, և ընդ­հանրապես բոլոր խոստումները դանդաղեցնում են զարգացման բնական ընթացքը։ Որոշ դեպքերում։ Երեխան ժամ ժամի էր աճում։ Նույնիսկ եղունգները։ Մի օր Հերբերթը, որ իրենից փախել էր, ուզում էր ծանոթանալ որդու հետ։ Մտավ խոհանոց։ Դուռը միշտ բաց էր լինում։ Նույն հոտն էր գալիս։ Ախտահանիչների հոտ՝ ուտելիքի ու կեղտաջրի հո­տին խառնված։ Լամպն օրորվում էր։ Սեղանը եր­կու հոգու համար էր պատրաստված։ Մյուսն ո՞վ է, հարցրեց Հերբերթը։ Հետո ոտնաձայն լսեց, թաքն­վեց։ Մի կին ներս մտավ՝ հպարտ քայլվածքով, նրբագեղ, երկար զգեստով՝ կուրծքը բաց։ Ձեռքը մեկնել էր երկար մազերով մի գեղեցիկ տղայի՝ ճեր­մակ մաշկով ու այնքան գեղեցիկ շրթունքներով, որ նկարված էին թվում։ Հնարավոր չէր ինչ–որ բան թաքցնել այդ կնոջից։ Որը հոտոտեց օդն ու ասաց. «Դո՛ւրս արի, ա՛յ ավազակ, գիտեմ, որ էդտեղ ես։ Սա քո որդին է։ Բայց նա երբեք քեզ մոտ չի լինի»։ Հայրն ամոթխած մոտեցավ որդուն, փորձեց գրկել, բայց նրանք հետ քաշվեցին՝ ասես թունավոր խայ­թոց ստացած։ Հայրդ եմ, ասաց։ Եվ տղան մի ցատ­կով հափշտակեց դանակն ու խրեց ուղիղ սրտի մեջ։ Մոր հետ լցրին գարեջրի գավաթներն ու զրուցեցին մինչև ուշ գիշեր, իսկ հետո վերցրին մարմինը, իջեց­րին ներքև՝ ինչ–որ տեղ, ու անհետացրին այն։ Այդ­պես էլ մարմինը չգտնվեց։ Ոստիկանությունը ոչինչ չձեռնարկեց, անգամ չփորձեց որոնել Հերբերթին։ Նրան անհայտ կորած համարեցին, ու գործը փակ­վեց։ Բայց այժմ քահանայի հերթն էր։ Արդեն չափա­զանց շատ էին սպասել։
Այս գործերը, սպանություններն ու թաղումները դիտավորություններ չեն։ Զուտ բնազդ, իսկ բնազդն ասում է, որ դիակներից հարկավոր է ազատվել։ Աստված է կամենում այդպես, որդին է ասում։ Ազատվել, ասում է մայրը, ու երկուսով գործի են անցնում։
 

Իտալերենից թարգմանեցին Քրիստինա Հակոբյանը և Գոհար Հովակիմյանը


ZANGAK

Տարածել