«Ինձ քիչ ճանաչողներին խորհուրդ կտամ դիտել իմ խաղը «Արսենալում». Մխիթարյանի առաջին օրը լոնդոնյան ակումբում

«Ինձ քիչ ճանաչողներին խորհուրդ կտամ դիտել իմ խաղը «Արսենալում». Մխիթարյանի առաջին օրը լոնդոնյան ակումբում

Մխիթարյանը կարիերան կշարունակի իր երազանքների թիմում: 2009-ին, Հայաստանի հավաքականի ավագը Արսենալին հենց այդպես էր որակել: Տրանսֆերային ոդիսականն ավարտված է, Մխիթարյանը համալրեց զինագործների շարքը:

Մխիթարյանը երակարաժամկետ պայմանագիր է կնքել Արսենալի հետ: Ոչ պաշտոնական տվյալով, համաձայնագիրը նախատեսված է 3.5 տարվա համար: Հայ ֆուտբոլիստն առաջին ֆոտոսեսիան եւ հարցազրույցն է ունեցել:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Երազանքս կատարվեց. միշտ երազել եմ խաղալ Արսենալում: Կանեմ առավելագույնն այս ակումբի համար եւ կփորձեմ պատմություն ստեղծել: Միշտ հավանել եմ Արսենալի խաղը, թե ինչպես է Արսեն Վենգերը ղեկավարում թիմը: Այստեղ շատ են եղել երիտասարդ խաղացողներ, որոնք առաջադիմել են նրա ղեկավարությամբ: Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ թիմակիցներիս հետ սկսել մարզումներս եւ շատ արագ նրանց հետ լեզու գտնել խաղադաշտում»

Իր առաջին հարցազրույցում հայ ֆուտբոլիստը նշել է Արսենալը սիրելու գուցե ամենաիրական պատճառը. խոսքը Թիերի Անրիի մասին է: Երկրպագուները մեծ ուրախությամբ են ընդունել Մխիթարյանի տեղափոխությունը:

«Ինձ քիչ ճանաչողներին խորհուրդ կտամ դիտել իմ խաղը «Արսենալում»: Ես խաղում եմ ամբողջ խաղադաշտում եւ չեմ սեւեռվում մի դիրքի վրա: Ձգտում եմ տարածություն ստեղծել թիմակիցներիս համար եւ օգնել նրանց»


Կարդացեք նաև.


Արսենալում իր նորամուտին եւ մարզչի հետ աշխատելուն հայ կիսապաշտպանը սպասում է անհամբեր: Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լավատեսորեն է տրամադրված եւ կարծում է, որ այս տրանսֆերը մեծ օգուտ կտա թիմին:

«Մխիթարյանը կատարյալ ֆուտբոլիստ է: Նա շատ պահեր է ստեղծում թիմակիցների համար, միշտ շարժման մեջ է մի քանի դիրքերում: Նա ունի անհրաժեշտ բոլոր որակները: Նա կարող է խաղալ եզրերում կամ կիսապաշտպանության կենտրոնում, եւ լավ համագործակցել Օզիլի հետ: Շատ ուրախ եմ, որ Մխիթարյանի նման ֆուտոլիստ ունեցանք»

 

 

 

Խաղաշապիկի համարը Մխիթարյանը դեռեւս չի ընտրել: Ալեքսիս Սանչեսի եւ Թեո Ուոլքոթի հեռանալուց հետո Արսենալում ազատ են 7 եւ 14, ինչպես նաև 22 համարները, եւ ամենայն հավանականությամբ, հայ ֆուտբոլիստը կընտրի դրանցից մեկը: Արսենալի հաջորդ հանդիպումը հունվարի 25-ին է: Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` Չելիսի հետ պատասխան խաղը, հնարավոր է, Մխիթարյանը բաց թողնի: Զինագործների կազմում նրա նորամուտը կարող է կայանալ հունվարի 30-ին, Պրեմիեր լիգայի Սուոնսիի հետ արտագնա խաղում:

 

Գրել կարծիք