Հայաստան է գալիս հետխորհրդային կինոյի ամենահայտնի աստղը. ինչո՞վ է արտասովոր Ինգեբորգա Դապկունայտեն (բացի դժվար հիշվող անուն ազգանունից)

Հայաստան է գալիս հետխորհրդային կինոյի ամենահայտնի աստղը. ինչո՞վ է արտասովոր Ինգեբորգա Դապկունայտեն (բացի դժվար հիշվող անուն ազգանունից)

Փետրվարի 9-ին «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկո» շարքի 3-րդ հանդիպման հյուրը կլինի միջազգային հարթակներում բացառիկ հարգանք վայելող հանրահայտ դերասանուհի Ինգեբորգա Դապկունայտեն: Այդ առիթով newmag-ի կինոքննադատը պատմում է նրա կարիերայի ամենահետաքրքիր մանրամասները:

Ինգեբորգա Դապկունայտեն համարվում է ռուսական, լիտվական և բրիտանական կինոյի և թատրոնի դերասանուհի, նրա խաղընկերների և ռեժիսորների թվում են Ջոն Մալկովիչը, Բրեդ Փիթը, Ուիլյամ Դեֆոն, Քևին Սփեյսին, Րենատա Լիտվինովան, Ալեքսեյ Բալաբանովը և այլ մեծանուն համաշխարհային և ռուսական  կինոյի ու թատրոնի գործիչներ: Նման միջազգային ճանաչման հասնելու համար դերասանուհին անցել է ահռելի երկար և բարդ ճանապարհ։

Նրա կարիերան սկսվել է 4 տարեկանում, տատիկի՝ Գենովայտե Սաբալենեի շնորհիվ, որը Վիլնյուսի օպերայի և բալետի թատրոնի ադմինիստրատորն էր։ Դապկունայտեն առաջին անգամ բարձրացավ բեմ՝ կատարելու մադամ Բատերֆլյայի որդու դերը «Չիո-Չիո-սան»-ում՝ բեմադրված ըստ  Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլյայի»։

Տարիներ անց, ավարտելով Լիտվայի երաժշտական և թատերական ակադեմիան, Դապկունայտեն սկսում է խաղալ Կաոնասի դրամատիկ թատրոնում, 1991-ից՝ Լոնդոնում։ «Խոսքի վրիպակը» ներկայացումը սկիզբ է դնում ոչ միայն դերասան Ջոն Մալկովիչի հետ համագործակցությանն ու ընկերությանը, այլև բացում է անգլալեզու նախագծերի դռները։ Եթե թատրոնում Դապկունայտեի համար ճակատագրական էր «Խոսքի վրիպակը», ապա կինոյում այդպիսին դարձավ Նիկիտա Միխալկովի «Արևից կիզվածներ» ֆիլմը։  

Օսկարակիր ռուսական կինոֆիլմում Մարուսյայի դերով Դապկունայտեն արթնացավ հետխորհրդային տարածաշրջանի նոր աստղ, որին նկատեցին նաև Հոլիվուդում և Եվրոպայում։

Եթե թատրոնում Դապկունայտեի համար ճակատագրական էր «Խոսքի վրիպակը», ապա կինոյում այդպիսին դարձավ Նիկիտա Միխալկովի «Արևից կիզվածներ» ֆիլմը։

1996-ին Դապկունայտեն եվրոպական կինեմատոգրաֆի աստղերի՝ Էմանուել Բեարի, Ժան Ռենոյի, Քրիսթին Սքոթ Թոմասի, Վանեսա Ռեդգրեյվի և 90-ականների ամենապահանջված համաշխարհային դերասաններից մեկի՝ Թոմ Քրուզի  հետ նկարահանվում է հոլիվուդյան «Առաքելությունն անիրագործելի է» դետեկտիվ-մարտաֆիլմում, իսկ 1997-ին՝ Ժան-Ժակ Աննոյի «Յոթ տարի Տիբեթում»  ֆիլմում։


Կարդացեք նաև.


Հասցնելով մասնակցել և՛ ռուսական, և՛ ամերիկյան, և՛ եվրոպական, որոշ դեպքերում աննկատ կամ հեղինակային, որակյալ և մեյնսթրիմային բլոքբասթերներում՝ Դապկունայտեն ստեղծեց Արևմուտքում հետխորհրդային դերասանուհու, իսկ Ռուսաստանի տարածքում եվրոպական և ամերիկյան փորձառություն ունեցող կինոդիվայի իմիջ, ում առիթով հպարտությամբ են լցվում  ռուսների ու լիտվացիների հայրենասիրական սրտերը։

Դապկունայտեն բազմիցս հանդես է եկել  կինոփառատոնների ժյուրիի կազմում. Ամենամեծերից՝ Բեռլինալե, Կանն, Վենետիկի միջազգային կինոփառատոն։ 2017-ին դերասանուհին նկարահանվել է հայազգի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Սիրո մասին. միայն մեծերի համար» նախագծում։

Ինգեբորգա Դապկունայտեի այցը Հայաստանը հատկանշական է այն առումով, որ սա հետխորհրդային կինոարտադրության, «A» կարգի և համաշխարհային կինոկարիերա ունեցող դերասանուհու այցն է Երևան, որտեղ նա կարող է խոսել ինչպես ժամանակակից կինոյից, միջազգային կինոմրցույթներից, կանանց իրավունքներից, դերասանի հանրային ընկալման ու կինովարձույթի փոխկապակցվածության մասին, այնպես էլ տղամարդկանց և կանանց հարաբերություններից։ Առավել ևս, որ յուրահատուկ դիմագծերով հետխորհրդային կինոգեղեցկուհին անտարբեր չի թողնում և ոչ մի տղամարդու։ Եվ հետո, երեք անգամ ամուսնացած Դապկունայտեն հաստատ կունենա սիրո և ընտանիքի իր բանաձևը։

Գրել կարծիք