Հոգեկան խանգարումներ, որ կարելի է բացահայտել խոսքով ու պահվածքով

Հոգեկան խանգարումներ, որ կարելի է բացահայտել խոսքով ու պահվածքով

Եղեք ուշադիր մանրուքների հանդեպ. Երբեմն տարօրինակ պահվածքը լուրջ հիվանդության նշան է

Դեպրեսիա

Թաքնված դեպրեսիան բացահայտելը բարդ է: Դեպրեսիա ունեցողները ցույց են տալիս, որ իրենց կյանքում ամեն  ինչ նորմալ է, պրոբլեմատիկ թեմաները շրջանցում են: Բայց հենց որ խոսեք այն ոլորտների մասին, որտեղ ունեն դժվարություններ, նրանց դեմքին կնկատեք հուսահատություն:

Դեպրեսիան ամենատարածված հոգեբանական հիվանդություններից է: Ամբողջ աշխարհում դեպրեսիա ունի 300 միլիոն մարդ: Դեպրեսիայի ժամանակ նկատվում է տրամադրության կայուն անկում, կյանքի ու նախկին հետաքրքրությունների նկատմամբ անտարբերություն, ինքնագնահատականի իջեցում, վատատեսություն, քնի ու ախորժակի վատթարացում:  

Մարդու խոսքը դեպրեսիայի ժամանակ

  1. Ցածր ձայն
  2. Զրուցելու ցանկության բացակայություն
  3. Պատասխան տալուց առաջ երկար մտածում են,  դադար են տալիս, ու ամեն մի բառը երկար ընտրում են
  4. Հաճախակի օգտագործում են բացասական երանգավորում ունեցող բառեր («միայնակ, տխուր, դժբախտ»), դերանուններից նախընտրում են «ես»-ը, ու օգտագործում տոտալություն արտահայտող բառեր («միշտ, ոչ մի բան, ամբողջությամբ»):

Երկբևեռ աֆեկտիվ խանգարում

Յուրահատկություններն են. Տրամադրության փուլերի փոփոխություն`ընդգծված տրամադրության բարձրացում, առաջ շարժվելու, ինչ-որ բան անելու, ստեղծագործելու  ցանկություն, հետո հաջորդ փուլն է գալիս` դեպրեսիա, ապատիա, հուսահատություն, անկարողություն, անտարբերություն: Պահը, երբ սկսվում է փոփոխությունների էտապը, հնարավոր չէ կանխատեսել:

Երկբևեռ աֆեկտային խանգարումը կամ մանիակալ-դեպրեսիվ պսիխոզը ևս մեկ հիվանդություն է կապված տրամադրության փոփոխությունների հետ: Այդ խանգարումն ունի աշխարհում 60 միլիոն մարդ:  Ամեն մի ժամանակահատվածի տևողությունը անհատական է ու անկանխատեսելի, կարող է մի քանի օր տևել կամ շարունակվել մի քանի ամիս:

Մանիակալ ֆազան տարբերվում է անհավանական տրամադրության ու ուժերի բարձրացմամբ, ընդգծված ակտիվությամբ, այդ թվում նաև` սեքսուալ: Էներգիան այնքան շատ է, որ մարդը դադարում է քնել, ուտել, նա անընդհատ զբաղված է: Մարդն այս ընթացքում դառնում  է չափազանց շատախոս, մի մտքից թռնում է մյուսին.

  1. Ինքնավստահություն, գլուխ գովալու ցանկություն: Մարդը պատմում է, որ ի վիճակի է սարեր շուռ տալ:
  2. Անհեթեթ գաղափարներ: Օրինակ, խանգարումն ունեցողը կարող է ասել, որ բոլորն իրեն նախանձում են ու ուզում են վնասել:

Դեպրեսիվ փուլը ուղեկցվում է ուժերի թուլությամբ, ցածր ինքնագնահատականով, սեքսուալ ցանկությունների պակասով, հետաքրքրությունների կորուստով:  Մարդը ճնշված է, չի ուզում շփվել: Ծանր դեպքերում` ինքնասպանություն գործելու ցանկություն ունի:

Ընդհանրական տագնապալի խանգարում

Այս  խանգարումով տառապում է երկրագնդի մեկ երրորդը: Մարդն անընդհատ  զգում է տագնապ, անհանգստություն, մարմնի վրա տհաճ զգացողություններ է ունենում` դող, քրտնարտադրություն, գլխապտույտ, կրծքավանդակի մոտ դիսկոմֆորտ: Անհանգստություն սովորաբար առաջացնում են ապագայի նկատմամբ վախերը:

Շփման մեջ

  • Պատմում են իրենց վախերի մասին: Վախենում են ինքնաթիռներից, վերելակներից, երբեմն չեն մտնում անծանոթ վայրեր:
  • Անընդհատ դժգոհ են, բողոքում են:
  • Սովորաբար, այս մարդիկ միայնակ են, չեն հասնում հաջողության անձնական կյանքում ու աշխատանքում: Նրանք հիմնականում դժգոհ են ղեկավարությունից, իշխանությունից, ամեն ինչից:

Կարդացեք նաև.


Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում

Եվս մեկ խանգարում, որը կապված է տագնապների հետ: Հիվանդն ունի տարատեսակ չկապակցված վախեցնող մտքեր, որոնց դեմ չի կարողանում պայքարել:  Որպեսզի տագնապներից ազատվի, մարդն ինչ-որ ծիսակարգ է անում` թքում է ուսի վրայից, ստուգում է տան բոլոր դռների կողպեքները, անընդհատ լվանում է ձեռքերը և այդպես շարունակ: Այս գործողությունները կարող են անիմաստ թվալ, բայց դրանք հիվանդին օգնում են որոշ ժամանակով թեթևացնել վիճակը:

Այս խանգարումն ունեցող մարդկանց կարելի է ճանաչել նաև խոսքով: Այս հիվանդներն էլ են անընդհատ բողոքում, դժգոհում, խոսում վախերի մասին: Բայց ավելի լավ կլինի հետևել նրա պահվածքին, ծիսակարգային սովորություններին: Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող դասական օրինակ է ամերիկացի գյուտարար Հովարդ Հյուզը, որի մասին ֆիլմ էլ կա` «Ավիատորը»:  Նա անընդհատ լվանում էր ձեռքերը, որովհետև վախենում էր վիրուսներից: Այս հիվանդներին խոսքով դժվար է բացահայտել, բացառություն են այն մարդիկ, որոնք ուզում են պատմել իրենց վախերի, անհանգստությունների մասին: Նկատել նրանց դժվար չէ, պետք է հետևել նրանց պահվածքին ու արարքներին:

Հետտրավմատիկ սթրեսային խանգարում

Այս խանգարումը կարող է առաջանալ ինչ-որ տրավմատիկ իրավիճակից հետո, հատկապես երբ կյանքին վտանգ է սպառնում: Հիմնականում այս խանգարումն ունենում են սեքսուալ կամ այլ տեսակի բռնության, ահաբեկչությունների զոհերը, պատերազմական գործողությունների մասնակիցները: Նրանք փորձում են խուսափել թեմաներից, խոսակցություններից, վայրերից ու իրավիճակներից, որոնք հիշեցնում են այդ իրադարձությունների մասին, բայց հիշողությունները նրանց անընդհատ վերադարձնում են այդ դեպքերին: Որոշ ծանր դեպքերում հիվանդը կարողանում է մոռանալ այդ իրադարձությունները, կարծես հիշողության միջից ջնջելով այն: Նրանց խոսքում ինչ-որ տարօրինակ բան նկատելը դժվար է, քանի որ նրանք փորձում են ոչ մեկի հետ չշփվել` ապրելով իրենց անհանգստությունների մեջ: Բայց եթե զրույց ամեն դեպքում ստացվի, դուք ոչ մի խոսք չեք լսի երջանկության, ուրախության կամ սիրո մասին: Հիվանդը կամ կլինի քչախոս կամ կպատմի իր հետ կատարված դժբախտության մասին:

Շիզոֆրենիա

Շիզոֆրենիայով տառապում է 23 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: Սա լուրջ հոգեկան խանգարում է, որն ուղեկցվում է մտածողության, իրականության ընկալման, էմոցիաների, խոսքի ու պահվածքի  խանգարումներով: Հիվանդների մոտ բացակայում է իրենց վիճակի մասին իրական պատկերացումը, նրանք վստահ են, որ առողջ են: Տիպիկ օրինակ է, մաթեմատիկոս, Նոբելյան մրցանակակիր Ջոն Նէշը, որի կյանքի մասին նկարահանվել է «Բանականության խաղեր» ֆիլմը:

Շիզոֆրենիան բացահայտելու մի քանի նշաններ

  1. Կասկածամտություն ու պարանոյա: Մարդը կարող է վստահ լինել, որ իրեն հետևում են կամ ուզում են վնասել:
  2. Վիթխարի գաղափարներ ու պլաններ
  3. Զառանցանքային գաղափարներ: Հիվանդը կարող է մտածել, որ աշխարհը վաղուց գրավել են այլմոլորակայինները:
  4. Երկխոսություն սկսելու, մտքերը շարադրելու անկարողություն: Կամ միտքը նախադասության մոտավորապես կեսից կտրվում է (շպերունգ), կամ ունեն անկանոն խոսք (կիսատ-պռատ խոսք):

Շիզոֆրենիայի ամենավառ արտահայտումներից մեկը խոսքն է, դա զառանցանքային սիմպտոմատիկ հետապնդումն է: Հիվանդը վստահ է, որ իրեն վնասում են, հետևում: Նա կշշնջա իր բացահայտումների մասին, կնայի կողքերը, կփնտրի դավադիրների:

Հիշեք. Միայն խոսքով ու պահվածքով ախտորոշել չի կարելի: Բայց եթե կարծում եք, որ հարազատ մարդու պահվածքը փոխվել է, ավելի հետևողական եղեք: Եթե կան նախանշաններ, լավ կլինի դիմել բժիշկի:

lifehacker


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք